Տնտեսագիտություն փոքրերի համար

Շարունակվում են արջի պատմությունները: Հիշեք նախորդ 8-ը.

Հիշեք`1-ին պատմություն
2-րդ պատմություն
3-րդ պատմություն
4-րդ պատմություն
5-րդ պատմություն
6-րդ պատմություն
7-րդ պատմություն
8-րդ պատմություն

Ներկայացնում ենք 9-րդ և 10-րդ պատմությունները
Սա 9-րդ պատմությունն է:
Ինչպես էր Միշան սովորում բաժանել փողերը
(Ինչպես ճիշտ կառավարել գումարը, որ գործը չտուժի)

 Խանութում առևտրից շահույթը շատ մեծ էր ստացվում, դրամներն անգամ գանձատուփում չէին տեղավորվում: Միշան ուրախ էր: Մտածում է. «Գնամ, սարդերից մեծ գորգ գնեմ հատակի համար և հայելիներ, զարդարեմ խանութս»:
Այդպես էլ արեց: Բացի դրանցից ճանապարհին եղջերուից էլ եղջյուր գնեց, որը եղջերուն որոշել էր նետել:
Վերադարձավ տուն ու անցավ գործի: Փռեց գորգը, կախեց հայելիները, եղջյուրները մուտքի դռան վերևում մեխեց և հիանում էր. հատակին փափուկ գորգն ասես կանաչ խոտ լիներ, հայելիներում ամբողջ որջն է երևում, կարծես խանութն ավելի մեծացավ, ապրանքներն էլ ավելացան: Միշան այս մասին վաղուց էր երազում, բայց միշտ փողը չէր բավականացնում:

Իսկ հիմա առևտուրը կարգավորվել էր, և Միշան թանկարժեք գնումներ էր արել: Աղվեսը եկավ հիանալու գեղեցիկ նորություններով, բայց գործերն էլ չմոռացավ:
– Հիշո՞ւմ ես, Միշա՛, ինձ խոստացել էիր շատ ընկույզ վաճառել մեծածախ գնով, որ պահեմ ձմեռվա համար: Ես ինքս էլ սկյուռներից ընկույզ կգնեի, բայց մենք վիճել ենք:
– Վա՜յ, – հիշեց Միշան, – ես էլ մոռացել էի, բոլոր ընկույզները վաճառել եմ ու  գումարն էլ արդեն ծախսել եմ: Ներիր ինձ, աղվե՛ս: Մի՛ նեղացիր: Հաջորդ տարի անպայման խոստումս կկատարեմ: Ես հիմա բոլոր առևտրական գործերը հատուկ տետրի մեջ եմ գրելու, չեմ մոռանա, թե քեզ հետ ինչ եմ պայմանավորվել:
Աղվեսն անվստահությամբ նայեց Միշային և ասաց.
– Դե լավ, Միշա: Ես ինչ-որ ընկույզների պատճառով մեր ընկերությունը չեմ խախտի: Բայց դու այսուհետև ամենից առաջ գործի մասին մտածի՛ր: Ամբողջ գումարը գորգերի, հայելիների և այլ զարդերի վրա մի՛ ծախսիր: Ապրանքներ առնելու և խանութը կահավորելու համար էլ գումար պահիր, ամբողջը մի՛ ծախսիր:  Միշան այդպես էլ վարվեց: Գումարի մի մասը նա ծախսում էր ՊԱՀԱՆՋՄՈՒՆՔՆԵՐԻ համար՝ իրեն չէր մոռանում, քաղցրեղեն էր գնում, հին վերարկուն վերանորոգեց, ննջարանում նոր վարագույներ կախեց: Կարելի էր էլի որոշ բաներ գնել իր համար, սակայն Միշան գնորդների համար էլ հոգ էր տանում, այսինքն՝ մտածում էր ընդլայնել իր գործը, չէր մոռանում, նոր ապրանքներ էր գնում, նոր դրամարկղ դրեց, փաթեթավորման համար գեղեցիկ թուղթ գնեց:
Մնացած գումարը Միշան պահպանեց: Հանկարծ անտառում ընկուզեղենը քիչ լինի, հարևան անտառից էժան չես կարողանա գնել: Կամ էլ հանկարծ գանձման սարքը փչացավ, վերանորոգելու համար գումար հարկավոր կլինի: Միշան նաև ծրագրում է հաջորդ տարի իր խանութին նկուղ ավելացնել, նկարիչների հրավիրել, որպեսզի խանութի ցուցափեղկերը ձևավորեն: Միշան ուզում է նաև գումար կուտակել և գնալ արտասահմայնան անտառներ, այնտեղի գործարարների հետ փորձի փոխանակում անելու: Իսկ այդպիսի ճամփորդությունը թանկ կարժենա: Դրա համար էլ Միշան մի կողմ է դնում յուրաքանչյուր չօգտագործված մանրադրամը, հավաքում է, ապագայի մասին է մտածում:
Միշան հասկացավ, որ կուտակումն (դրամը պահպանելը) ու սպառումը (ծախսելը)  կապված են իրար. ինչքան շատ գումար ծախսես պահանջմունքերի վրա, այնքան քիչ կմնա գործն ընդլայնելու համար: Այդ պատճառով  Միշան զգուշորեն էր գումար էր ծախսում, հարկավոր է միշտ կարգավորել «ախորժակը», նկատի ունենալով ոչ միայն այն, ինչի կարիքն ունես այսօր, այլև այն՝ ինչ վաղն է հարկավոր լինելու:

ԻՄԱՍՏՈՒՆ ԲՈՒԻ ԽՆԴՐԱԳԻՐՔԸ
1.    Լինում են, չեն լինում  տատիկ ու պապիկ են լինում: Նրանք մի հավիկ ունեին, անունը Դան: Հավիկը ձու ածեց… Շարունակիր հեքիաթը:
ա) Ե՞րբ ձուն կդառնա սպառում (կսպառվի)
բ) Ի՞նչ պետք է պատահի, որպեսզի ձուն սկսի կուտակվել:
2.  Հիշիր   «Ճպուռն ու մրջյունը» առակը: Ի՞նչ ես կարծում, Ճպուռն ի՞նչ էր անում այդքան նեկտարն ու ծաղկափոշին: Ճիշտ է, ամբողջն ուտում էր: Իսկ Մրջյո՞ւնը: Կուտակում էր, պաշար էր հավաքում: Իսկ դա ինչպե՞ս անվանել տնտեսագիտության լեզվով:
3.  Քեզ ծանոթ ո՞ր կենդանիներն են ձմռան պաշար հավաքում:
4.  Փորձիր դրամ կուտակել. ինչպե՞ս կարող ես դա անել:

Սա էլ 10-րդ պատմությունն է
Միշան՝ միջնորդ

 (Այն մասին, թե ով է միջնորդը և ինչով է նա զբաղվում) 

Համա թե Միշայի բախտը բերեց այդ ամառ: Ասենք անտառի բոլոր բնակիչների բախտն էլ բերեց: Անտառում աճել էին ամեն տեսակ հայտնի ու անհայտ պտուղներ. և՛ սնկեր, և՛ հատապտուղներ, և՛ դեղաբույսեր: Մեղուներն էլ շատ մեղր ունեին: Միշայի խանութը լցվել էր տարբեր ապրանքներով:
Միայն թե, ա՜յ քեզ դժբախտություն, ապրանքը շատ է, իսկ գնորդներ չկան: Ո՞ւմ մտքով կանցնի Միշայից մորի գնել, եթե մարգագետիններում ինչքան սիրտդ ուզի կարող ես հավաքել: Միշան մտորումների մեջ ընկավ՝ այսպես ախր ապրանքն էլ կփչանա, խանութն էլ ԿՍՆԱՆԿԱՆԱ: Եվ Միշան որոշեց   քաղաք գնալ, գուցե այնտեղ կարողանար գնորդ գտնել:
Ահա նա եկավ քաղաք, կանգ առավ իր ընկեր Բողարի կրպակի մոտ, սկսեց հարց ու փորձ անել՝ ինչպես են քաղաքում վաճառում սունկն ու հատապտուղները:
Բողարն ասաց.
-Գնա շուկա, այնտեղ փորձիր վաճառել:
Սակայն Միշային այս պատասխանը դուր չեկավ. շուկայում օրականն ինչքա՞ն հատապտուղ  կվաճառես: 5-7 կիլոգրամ: Իսկ ինքն ամեն ինչից գրեթե 100 կիլոգրամ ունի: Շուկայում էլ ամբողջ օրը կանգնել Միշան չի կարող: Տանը, անտառային խանութում շատ գործ կա անելու: Այդ ժամանակ Բողարը Միշային խորհուրդ տվեց բորսա գնալ: Միշան անգամ չգիտեր, թե դա ինչ է: Եվ  ընկերը նրան բացատրեց.
– ԲՈՐՍԱՆ այնպիսի տեղ է, որտեղ շատ ապրանք են վաճառում, այսինքն վաճառքը մեծածախ է: Այնտեղ կարելի է միանգամից 100 կգ մորի վաճառել կամ 100 տակառ մեղր: Իսկ այդպիսի բորսայում վաճառողն էլ հատուկ անունով է կոչվում՝ ՄԻՋՆՈՐԴ:
Միշան գնաց բորսա, որի շենքը մեծ հրապարակում էր: Դեռ դռներին մոտենալիս Միշան ուժեղ աղմուկ լսեց: Իսկ երբ ներս մտավ, քիչ մնաց անմիջապես դուրս փախչեր, թեկուզ բոլորովին էլ վախկոտ արջ չէր: Բորսայում ինչ-որ անհասկանալի բան էր կատարվում. ճչում էին, գոռում, սուլում, մուրճերով հարվածում, հեռախոսներով զանգահարում: Վեր էին բարձրացնում թաթերը, ճանկերը, ձեռքերը, թևերը՝ դրանցով ինչ-որ խորհրդավոր նշաններ անելով: Փայլատակում էին թղթերը, կտրոնները, ապրանքագրերը, կնիքները: Առաստաղից կախված ցուցատախտակին ինչ-որ թվեր էին լուսավորվում: Սկզբում Միշան ոչինչ չհասկացավ, բայց հետո ուշադիր զննեց ու գլխի ընկավ: Նա իմացավ, թե մոտավորապես որքան արժե իր ապրանքը բորսայում, գին որոշեց և հատապտուղների, և՛ սնկերի, և՛ մեղրի համար: Նրա որոշած գները բարձր չէին, այդ պատճառով էլ արագ գնորդ գտնվեց՝ կարևոր տեսքով շեկ Կատուն:
Նույն օրը Միշան նստեց Կատվի բեռնատարն ու միասին եկան անտառ՝ ապրանքի հետևից: Ճանապարհին Միշան հետաքրքրվեց, մի՞թե Կատուն ինքն է ուտելու ամեն-ամենը, ինչ գնել է: Միշայի հարցը զվարճացրեց Կատվին: Պարզվեց, որ նա խանութ ունի քաղաքում և ապրանքը խանութի համար է:
Այդ ժամանակվանից Միշան գիտի, որ եթե հարկավոր է շատ ապրանք գնել կամ վաճառել, պետք է անմիջապես բորսա գնալ: 

ԻՄԱՍՏՈՒՆ ԲՈՒԻ ԽՆԴՐԱԳԻՐՔԸ
Ի՞նչն է հարկավոր գնել բորսայից, իսկ ի՞նչը՝ խանութից.
5 կգ  շաքարավազ
1000 հատ  տիկնիկ
1000 կգ կոնֆետ
1 կոմպլեկտ կահույք
Որտե՞ղ են ավելի բարձր գներ նույն ապրանքի համար, խանութո՞ւմ, թե՞ բորսայում:  

Թարգմանություն ռուսերենից
Դիանա  Գևորգյան  Գեղարվեստի կրտսեր դպրոց 

 

 


Կարծիք գրել