Տնտեսագիտություն փոքրերի համար

 

Չորրորդ պատմություն
Թարգմանություն՝ Դիանա Գևորգյան
Ինչպես էր Միշան գին որոշում
(Այն մասին, թե ինչու նույն ապրանքը կարող է ավելի էժան կամ թանկ լինել, և ինչից է դա կախված)

Ամառվա կեսերից Միշայի խանութում գործերը հիանալի էին ընթանում: Բայց Միշան   նկատում էր, որ անտառի բնակիչներն ավելի հազվադեպ էին հետաքրքրվում մեղրով, իսկ հատապտուղների մասին հաճախ են հարցնում: Ի՞նչ անել: Նա խորը մտածեց և կիրակի օրը գնաց թավուտ՝ նոր հասած մորին հավաքելու: Ստիպված եղավ շատ հեռու գնալ, մորին դեռ ամեն տեղ չէր հասել: Միշան շատ երկար աշխատեց, գրեթե ամբողջ օրը: Փոխարենը, սակայն, հավաքեց մոտ 2 զամբյուղ ամենահասած և ամենահամեղ մորու հատապտուղները:
Միշայի խանութում մորու բուրմունք է լցվել. վազեցին-եկան գնորդները՝ և՛ ճանճը, և՛ մեղուները, և՛ նապաստակները, և՛ կուղբը: «Այսպես, – մտածում է Միշան, – մորի շատերն են սիրում, պահանջարկ ունի: Չորձե՞մ այն ավելի թանկ վաճառել»: Բարձր ԳԻՆ որոշեց, թե՛ մորին էր շատ լավը, թե՛ անտառի բնակիչներն էին մորի սիրում: Գետնասկյուռը   մի ամբողջ զամբյուղ գնեց, թանկությանը չնայեց, իր դստերն   էր ուզում ուրախացնել:

Շուտ վերջացավ ապրանքը: Միշան ստիպված նորից անտառ գնաց՝ մորի հավաքելու: Այս անգամ ավելին հավաքեց, չծուլացավ, բարձրացավ թփերի վրա: Հատիկը հատիկին դրեց, դասավորեց զամբյուղի մեջ և տեղավորեց դույլերի մեջ, խնամքով հասցրեց մինչև որջը, որպեսզի չճխլի, չփչացնի: Եվ սկսեց երազել Միշան, թե ինչպես իր խանութը լեփ-լեցուն կլինի գնորդներով, սկսեց անհանգստանալ, թե գուցե տեղը չբավականացնի բոլորին: Սակայն ահա թե ինչ տեղի ունեցավ այս անգամ: Միշան մորին դրեց վաճառասեղանին՝ և՛ զամբյուղներով, և՛ գեղեցիկ փաթեթներով, և՛ հատուկ պատրաստած տուփերում երեխաների համար փոքրիկ չափաբաժիններով ու դրեց ուղիղ կշեռքի կողքին, որպեսզի հարմար լինի կշռելը: Նայում է ու ուրախանում: Լա՜վն է մորին: Ասես աչքով է անում:

Միշան պատրաստվեց առևտրին ինչպես հարկն է, հագավ սպիտակ գոգնոցը, սկսեց սպասել առաջին գնորդին: Խանութ թռավ-եկավ ճնճղուկը, նայեց տաղավարին, հետո իր դրամապանակը բացեց ու տնտղեց, ինչ-որ բան ծլվլաց քթի տակ և դուրս թռավ: Մրջյունները եկան, խանութի անկյունում ինչ-որ բան էին երկար փսփսում իրար հետ, հետո ասացին, որ երեկոյան կգան, բայց այդպես էլ չեկան:

Միշան փակեց իր խանութը. ոչ մի կերպ չէր կարողանում հասկանալ, թե հաճախորդներն այսօր ինչու էին իրենց այդպես տարօրինակ պահում: Միայն հաջորդ օրը պարզվեց ամեն բան: Խանութ սողացին երկու որդր, շուրջը նայեցին և ասացին.

– Օ՜յ, Միշկա, շատ թանկ է մորին քեզ մոտ: Հիմա անտառում էլ այն շատ է: Ավելի լավ է մենք մարգագետինն անցնենք ու ինքներս ուտենք թփերից:

Այդպես էլ արեցին, դեռ մյուսներին էլ խորհուրդ տվեցին: Իսկ Միշան մնաց առանց հաճախորդների: Ճիշտ է, այդ ժամանակ խլուրդը խանութ եկավ ուղիղ հատակի մեջից.

-Ո՜ւֆ-ո՜ւֆ, մորու հոտ եմ առնում:
Զայրացած – նստած Միշան պատասխանեց.
-Գնա թավուտները, այնտեղ էլ կուտես:
-Է՜լ ինչպես, ես գումար ունեմ, իսկ ամբողջ մարգագետնի տակով ճանապարհ փորել ծուլանում եմ:
Միշան ուրախացավ, կշռեց և վաճառեց մորին: Սակայն ծույլ խլուրդից բացի այդ օրը Միշայի խանութ մորու համար ոչ մի կենդանի չմտավ: Անտառի բնակիչները երևի մտածել էին՝ ինչո՞ւ այդքան գումար ծախսել, ավելի լավ է չծուլանալ, գնալ ինքնուրույն հավաքել և ուտել: Քիչ էր մնացել Միշայի ամբողջ հավաքած մորին կորչեր: Սակայն հաջորդ առավոտ նա գլխի ընկավ, որ քանի որ ապրանքն առաջվա պես չեն գնում, գինը հարկավոր է իջեցնել: Նա այդպես էլ վարվեց, և առևտուրը նորից շարունակվեց նույն առույգությամբ: Այդպես Միշան սեփական փորձով համոզվեց, որ ապրանքի գին որոշելը դժվար գործ է: Գինը շատ բանից է կախված՝ և՛ նրանից, թե որքան բերք կա անտառում, և՛ նրանից, ադրյոք դրանք դժվար է ձեռք բերել, թե հեշտ, և՛ նրանից, թե ինչ որակ ունի ապրանքը:
Իմաստուն Բուի խնդրագրքից   

  1. Անտառային երկու հարևան խանութում.  հատապտուղների ամենաառատ շրջանում ելակ էին վաճառում: Մի խանութում 1 կգ-ը արժեր 500 անտառային դրամ, մյուսում 600 դրամ: Ի՞նչ ես կարծում, որ խանութում ավելի արագ կգնեն հատապտուղները:
  2. Նույն թխվածքաբլիթը վաճառվում է տարբեր չափերի փաթեթավորումներով: Մեկի տուփն արժի 400 անտառային դրամ, երկրորդինը՝ 500 անտառային դրամ: Ինչո՞ւ միևնույն թխվածքաբլիթը տարբեր փաթեթավորումներում տարբեր գներ կարող է ունենալ:
  3. Երբ մայրիկի հետ խանութ գնաս, ուշադիր նայիր խաղալիքներին և դրանց գները: Ինչո՞ւ մի ավտոմեքենան կամ տիկնիկը ավելի թանկ արժի, քան մյուսները: Բացատրիր մայրիկին:

 

 

 


Կարծիք գրել