Տնտեսագիտություն փոքրերի համար

Շարունակվում են արջի պատմությունները: Հիշեք նախորդ 7-ը.

Հիշեք`

1-ին պատմություն
2-րդ պատմություն
3-րդ պատմություն
4-րդ պատմություն
5-րդ պատմություն
6-րդ պատմություն
7-րդ պատմություն 

Ութերորդ պատմություն

Ինչպես Միշան հասկացավ, որ դրամը «հաշիվ է սիրում»

 (Այն մասին, թե ինչպես հաշվել ծախսերը և

շահույթով առևտուր անել)

 

Խանութում գործերը սկսեցին լավանալ այն օրվանից, ինչ հայտնվեց Միշայի օգնականը՝ փայտփորիկը: Համերաշխ և ուրախ աշխատում են, հասցնում են ամեն բան: Փայտփորիկը շատ արագ հարմարվեց իր աշխատատեղին: Խանութ էր գալիս ճիշտ նշանակված ժամին և չէր գնում մինչև արևի մայր մտնելը: Անգամ  երբեմն երկար էր մնում, եթե որևէ բան պետք էր ավարտին հասցնել: Նրա ձեռքից ամեն ինչ գալիս էր, և ինչ էլ ձեռնարկեր, ստացվում էր: Իսկ այդ ամենը այն պատճառով, որ աշխատանքին պարտաճանաչ էր վերաբերվում, չէր ծուլանում, գնորդներին բարեհամբույր էր սպասարկում: Նա հասկացել էր, որ իր ջանքերն իզուր չեն անցնի, Միշան դրանք կգնահատի ըստ արժանվույն:

Միշան այժմ ավելի շատ ազատ ժամանակ ուներ  և կարող էր մտածել աշխատանքի բարելավման մասին, նոր ապրանք հայթայթելու մասին, որպեսզի անտառի բնակիչներին գրավի դեպի իր խանութը: Նա արդեն շատ բան էր հասցրել սովորել: Հիմա   միշտ ճիշտ գին է որոշում իր ապրանքների համար, երբեք չի սխալվում: Եթե մորին շատ համեղ ու օգտակար է, Միշան հասկանում է, որ այն յուրաքանչյուրն էլ հաճույքով կգնի և գումար չի խնայի: Իսկ եթե դա զվարճալիք է, ասենք, փուչիկի նման, ապա ամեն մեկը չէ, որ կուզենա գնել: Դրանից ուրախանում և օգտվում են միայն փոքրիկները:  Եվ այս փուչիկի գինը չես համեմատի մորու գների հետ: Միշան հիշում է, որ գնորդների տված գումարներից նա դեռ պետք է իր ծախսերը հոգա: Այդ պատճառով ապրանքի գինը որոշելիս դա էլ պետք է հաշվի առնել: Միշան դեռ չէր մոռացել, ինչպես ինքնուրույն մորի աճեցրեց, հետո էլ ստիպված էր պարտքերը վճարել: Միշայի դրամապանակը լցվեց: Սակայն նա դեռ չէր հասցրել հաշվել իր դրամները, երբ արդեն մեղուները հայտնվեցին խանութում.

– Միշա, մեղրի համար վճարելու ժամանակն է:

Միշան հաշվեց դրամները և, ինչպես պետք էր, ամբողջությամբ վերադարձրեց ամբողջ պարտքը: Չէր հասցրել փակել դրամապանակը, երբ վրա հասավ   սկյուռը.

– Ինձ էլ ընկույզների գումար ես պարտք: Միշա, ես որոշել եմ սկյուռիկներիս համար զգեստներ գնել:

Սկյուռին էլ Միշան վճարեց: Նրան շնորհակալություն հայտնեց, խոնարհվեց:  Պայմանավորվեց, որ հաջորդ տարի նույնպես սկյուռն իր համար ընկույզներ առանձնացնի: Միշան հասկացավ, որ եթե սկյուռի ու մյուս հարևանների հետ ընկերությունը չկորցնի, և՛ ապրանք կունենա, և՛ դժվար պահին միայնակ չի մնա, եթե հանկարծ որևէ դժբախտություն պատահի: Դրանից հետո Միշան հիշեց, որ հարկավոր է վճարել փայտփորիկի աշխատավարձը: Հաշվեց նախատեսված գումարը, փաթեթավորեց գեղեցիկ տերևի մեջ, կանչեց փայտփորիկին և  հանձնեց  նրա վաստակած գումարով «ծրարը»՝ ասելով, որ շատ գոհ է նրա աշխատանքից և կուզենար հետագայում էլ նրա հետ աշխատել:

Փայտփորիկին շատ հաճելի էր այսպիսի խոսքեր լսելը, և նա, իհարկե, համաձայնվեց շարունակել աշխատանքը Միշայի խանութում: Նա չէր էլ թաքցնում, որ այդ աշխատանքն իրեն  է դուր գալիս:

Երեկոյան եկավ գորշուկը. նա Միշայի համար զամբյուղներ, արկղեր և դույլեր էր պատրաստում, որոնցում պահվում էր ապրանքը: Միշան նրան էլ վճարեց: Նոր էր նստել, որ մի փոքր շունչ առնի, հանկարծ լսեց, որ ինչ-որ մեկը խրթխրթացնում է.

– Միշա, մենք ենք՝ մկները:

Միշան ցատկեց տեղից:

– Ա՜խ, իմ թանկագին օգնականներ: Առանց ձեզ ես գլուխ չէի հանի:

Մկները սկյուռների բերած ընկույզները տեսակավորել էին խոշորների և փոքրերի, դրել էին իրենց տեղերում: Նրանցից բացի այդ աշխատանքը որևէ մեկն այդքան արագ չէր անի:

Միշան ամենամեծ մկանը տվեց վարձատրությունը և խնդրեց բաժանել բոլորին արդարությամբ: Միշան բոլորին վճարեց, հետագա առևտրի համար անհրաժեշտ ամեն բան գնեց, իսկ դրամապանակում դեռ գումար էր մնացել: Միշան ուրախ էր. նշանակում է, իզուր չէր նա այդքան տանջվում ու ջանք թափում՝ ՇԱՀՈՒՅԹ է ստացել:

Միայն թե շատ էր անհանգստանում, որ հանկարծ չմոռանա որևէ մեկին վճարել, ժամանակին բոլորի գումարները տա: Նույնիսկ հոգնեց այդ լարվածությունից: Եվ Միշան որոշեց այդ օրվանից իր բոլոր պարտքերն ու ծախսերը հատուկ տետրում գրանցել: Նախ, որպեսզի հիշի ամեն բան, և հետո՝ որ յուրաքանչյուր պահի կարողանա հաշվել, աշխատանքը շահույթ է բերում, թե վնաս: Դա հնարավոր է անել, եթե նույն տետրում գրանցվեն ոչ միայն ծախսերը, այլ նաև եկամուտները՝ խանութում ինչքան գումարի ապրանք է վաճառվել, ինչքան գումար է դրանից ստացվել, այսինքն ապրանքների վաճառքից ստացված եկամուտը: Միշան նախկինում մտքում էր անում այդ հաշվարկները, սակայն երբ ապրանքաշրջանառությունը մեծացավ, սկսեց դժվարանալ թվերը մտքում պահել: Իսկ թղթի վրա ամեն բան պարզ է՝ մաքուր և հստակ, կարևորը՝ երևացող: Հարկավոր է պարզապես չծուլանալ, ամեն բան կոկիկ գրի առնել: Ասածն արած է: Միշան պահարանից մի հաստ տետր վերցրեց և կազմի վրա մեծ տառերով գրեց «ՀԱՇՎԱՐԿ»: Նա տետրը դրեց իր աշխատասեղանի վերին դարակում և իրենից գոհ գնաց խանութը փակելու:

Հանկարծ հայտնվեց Միշայի ընկեր կաչաղակը:

– Շնորհակալ եմ, թանկագինս:

– Իսկ ի՞նչ ես անելու այդ եկամուտով,- շարունակեց կաչաղակը:

– Միայն թե գումար լինի, իսկ  այն ծախսելը խնդիր չէ:

– Այդպես մի ասա, _ խորամանկորեն ասած կաչաղակը և թռավ-գնաց:

Իսկ այն մասին, թե Միշան ինչ դժվարությունների հանդիպեց, երբ ծախսում էր իր առաջին եկամուտը, կիմանաս հաջորդ պատմությունից:

 

Իմաստուն Բուի խնդրագիրքը

 

  1. Երկու գործարար գրազ եկան. ո՞վ ավելի մեծ եկամուտ կստանա: Արդյունքում նրանցից մեկը իր ապրանքի վաճառքից ստացավ 5000 դրամ, իսկ նրա ծախսերը 3000 դրամ կազմեցին:  Մյուսը վաճառեց 1000 դրամով  պակաս, բայց և ծախսեց 1500 դրամ իր եկամուտից: Ո՞վ հաղթեց այդ գրազը:
  2. 2.        Նապաստակները երկու մարգ գազար տնկեցին՝ ընդամենը 50կգ: Մի մարգը նրանք ինքնուրույն մշակեցին, իսկ մյուսում փորսուղն էր աշխատում և իր աշխատանքի համար 1000 դրամ էր պահանջել: Բացի այդ սերմերի և պարարտանյութերի համար 250 դրամ էր ծախսվել: Գազարի կեսը նապաստակները պահել էին մառանում: Իսկ մյուսը որոշել էին վաճառել, բայց չգիտեն, թե ինչ գնով վաճառեն, որպեսզի վնաս չկրեն: Օգնի՛ր նրանց:Թարգմանություն ռուսերենից
    Դիանա Գևորգյան 

 

 

 

 


Կարծիք գրել