անգլիացի մանկագիր
Մոռացված ծննդյան օրը
Կար-չկար մի մե՜ծ փիղ կար: Նա կին ուներ և մի տղա: Տղայի անունը Յալմար էր: Նրանք ապրում էին գազանանոցում:
Հայր փիղը շատ մեծ էր: Մայր փիղն էլ էր մեծ: Դե, Յալմարն էլ շատ փոքր չէր: Փղերն ընդհանրապես փոքր լինո՞ւմ են:
Մի սիրուն օր փիղ մայրիկն ու Յալմար փղիկր տեսան, որ փիղ հայրիկը կանգնել է գլխի վրա:
_ Ի°նչ ես անում,- հարցրեց փիղ- մայրիկը:
_ Մի բան եմ ուզում հիշել,- պատասխանեց փիղ-հայրիկը:
_ Ի՞նչ ես ուզում հիշել:
_ Որ իմանայի, էլ ինչո՞ւ էի չարչարվում,- պատասխանեց փիղ հայրիկը: – ճիշտ չե՞մ ասում:
_ Յալմա՛ր,- ասաց փիղ – մայրիկը տղային,- շուտ վազի՛ր ու իմացի՛ր՝ ի՞նչ է մոռացել հայրդ:
Ու Յալմարը ճամփով վազեց: Հետո եղեգնուտի կողքի փոքր բլուրը բարձրացավ ու նստեց, որ հանգստանա, հետն էլ նայի, թե ոնց են ամպերը երկնքում խաղում:
Հանկարծ լսեց, որ մեկը լաց է լինում: Հենց իր կողքին է լաց լինում, բայց Յալմարը չէր տեսնում, թե ով է ու ասաց.
_ Լաց մի՛ լինիր, ուզո՞ւմ ես օգնեմ քեզ:
Լացը դադարեց:
_ Դու ո՞վ ես,- հարցրեց Յալմարը:
_ Մոռացված Ծննդյան օրն եմ: Չգիտեմ էլ, թե ո՞ւմն եմ:
_ Վա՜յ,- ասաց Յալմարը,- ա՜յ քեզ բան. Իսկ տորթ ունե՞ս:
_ Բա ո՜նց: Առանց տորթի՝ ի՞նչ ծնունդ: Իմ տորթի վրա վեց մոմ կա, ուրեմն ինչ-որ մեկն այսօր վեց տարեկան է դառնում:
«Ի՜նչ լավ է,- մտածեց Յալմարր,- շա՛տ լավ է: Համարյա յոթ տարեկան դառնալու չափ լավ: Հինգ տարեկանն էլ վատ չէ, դե, չորսն էլ ոչինչ: Ա՛ յ, ուրի՜շ է ութ տարեկան որ լինես, արդեն հենց այդքան կմնա, որ չափահաս դառնաս»:
_ Ափսո՛ս, շատ ափսոս, որ չեմ կարող քեզ օգնել,- ասաց նա: – Ուղղակի չգիտեմ, թե ո՞վ է իր ծննդյան օրը մոռացել:
Ու Յալմարը տուն վազեց: Եկավ տեսավ հայրն արդեն գլխի վրա կանգնած չէ, այլ նստել է սեղանի մոտ ու ճաշ է ուտում:
_ Հիշել եմ,- ասաց փիղ հայրիկը,- ես այդպես էլ գիտեի, որ դա երեկ էր, կամ վաղը, կամ էլ այսօր: Ես հաստատ գիտեի:
_ Ի՞նչն է այսօր,- հարցրեց Յալմարը:
_ Այսօր քո ծննդյան օրն է,- սենյակ մտնելով՝ ասաց փիղ մայրիկը: – Այսօր քո վեց տարին լրացավ:
Յալմարը ուրախացավ, հուզվեց ու շուտ հետ վազեց եղեգնուտի մոտի փոքր բլուրը:
_Լսի՜ր,- գոռաց նա,- պարզվեց, որ դու ի՛մ Ծննդյան օրն ես: Այսօր ե՛ս եմ վեց տարեկան դառնում:
Ո՜ւխ,- ուրախացավ մոռացված Ծննդյան օրը,- ջա՜ն, ջա՜ն, ջա՜ն:
Երեկոյան թեյի հետ Յալմարն ստացավ իր տոնական տորթը՝ վրան էլ վեց մոմ: Նա կնճիթը ձգե՛ց, վեցն էլ միանգամից հանգցրեց:
«Ի՜նչ լավ է,- մտածեց նա: – Շա՜տ լավ է վեց տարեկան դառնալը»:
Անձրևը
Վտվտիկն ու Կտկտիկը ամպեր էին և երկնքում էին ապրում: Նրանք ամբողջ օրը իրենց համար էս ու էն կողմ էին թռչում ու ոչ մեկին չէին խանգարում: Արևն էլ իր համար էր շողում, թռչունները երգում էին, երեխաները խաղում:
_ Վտվտի՛կ, – ասում է Կտկտիկը, – չիջնե՞նք ներքև և բոլորին մի լավ ջրենք:
_ Իջնենք, թե չէ պարապ-սարապ թռչելը ձանձրալի է:
Նրանք իջան և թրջեցին գետինը: Իսկ մարդիկ դժգոհ էին.
_ Ի ՞նչ թարս եղանակ է, – փնթփնթում էին նրանք:
_ Կարծես դույլերով ջուր թափեն, ա ՜յ քեզ տխուր օր:
_ է՜, արի գնանք այստեղից,- հուսահատվում է Կտկտիկը:
Նրանք թռչում – գնում են, և անձրևը կտրվում է: Բոլորը գոհ էին: Ամեն օր արևը շողում էր, շոգն էլ օրեցօր ուժեղանում: Երկար ժամանակ ոչ էլ անձրև էր գալիս: Խոտերը դեղնում և չորանում են, ծաղիկները` թոռոմում: Կովերը մնում են առանց խոտի և կաթ չեն տալիս: Պաղպաղակ պատրաստողը չի կարողանում կաթ գնել, որ պաղպաղակ պատրաստի: Երեխաները լաց են լինում և պաղպաղակ ուզում: Նրանք հագնում են բաճկոնները, բացում հովանոցները և դուրս գալիս փողոց: Ամպերը տեսնում են ու զարմանում.
_ Տեսնես՝ ի՞նչ է եղել:
Նրանք իջնում են ներքև, ու նորից հորդ անձրև է գալիս:
_ Ի՜նչ հաճելի անձրև է, – ուրախանում են բոլորը:
_ Վերջապես, ա ՛յ լավ օր:
Բոլորը գոհ են` և՛ Վտվտիկն ու Կտկտիկը, և՛ երեխաներն ու մեծերը:
Շնորհակալությունը, Ներեցեքը, Խնդրեմը
Մի օր Խնդրեմն ու Շնորհակալությունը հանդիպեցին, և ամեն մեկն սկսեց դժգոհել իր բախտից:
_ Ոչ մեկը մեզ չի գնահատում և չի հարգում:
Այդ ժամանակ նրանց է միանում Ներեցեքը:
_ Ներեցե՛ք, որտե՞ղ է արդարությունը, մյուս բոլոր բառերն հանգիստ ապրում են, իսկ մենք անդադար աշխատում ենք: Մեզ միշտ հիշում են՝ է՛լ շնորհակալություն, է՛լ խնդրեմ, է՛լ ներեցեք, նույնիսկ չեն թողնում հանգիստ քնենք:
_ Շնորհակալություն, բայց արդարություն չկա, – համաձայնեց Շնորհակալությունը, – մեր փողոցում մի կին է ապրում: Նա իր աղջկան միշտ ասում է՝ ասա՛ շնորհակալություն , ասա՛ շնորհակալություն…
Հաստատ գիտեմ՝ մինչև մեծանալը աղջիկը կմոռանա, թե ինչ է «շնորհակալությունը»:
_ Ես էլ եմ նույն վիճակում, – հոգոց է հանում Խնդրեմը, – ավտոբուսում, փողոցում միայն լսում ես` փոխանցեք՝ խնդրեմ, մեկ տոմս՝ խնդրեմ: Իհարկե, ես հասկանում եմ, դա քաղաքավարություն է, բայց ուժս հատել է:
Խնդրեմը խոսելով հետ- հետ գնաց, որպեսզի նստի, բայց պատահմամբ կանգնեց Շնորհակալության մեջքին:
_ Վա՜յ, ների՛ր ինձ:
_ Հիմա էլ՝ դու,- բարկացավ Ներեցեքը,- չե՞ս կարող առանց ինձ յոլա գնալ:
_ Ների ՛ր, ես պարտավոր էի ներողություն խնդրել:
_ Նորի՛ց, չէ՛, պետք է մի բան անել: Եկեք մի շաբաթով գնանք ծով հանգստանալու: Կլողանք, կխաղանք, և՝ ոչ մի աշխատանք: Թող մարդիկ մի շաբաթ առանց մեզ դիմանան: Այդպես էլ արեցին: Իսկ երբ վերադարձան, նույնիսկ ուրախացան, լսելով` ինչպես են բոլորը անդադար կրկնում իրենց անունները:
Եվ կարևորը` նրանք արդեն տեղին էին օգտագործում այդ բառերը, երբ ուզում էին, որ իրենց ներեն, ասում էին` ներեցեք, երբ ուզում էին շնորհակալություն հայտնել, ասում էին՝ շնորհակալ եմ, իսկ երբ ուզում էին քաղաքավարի լինել, ասում էին՝ խնդրեմ: Ընկերներն այժմ նույնիսկ գիրք կարդալու ժամանակ ունեին և ամեն տարի մի շաբաթով գնում էին ծով հանգստանալու:
Փիլիսոփա Բլոճը և մյուսները
Քեռի Ֆրեդն ապրում էր «Արևմտյան քամի» փողոցում, համար ութ տանը: Նրա սենյակում իր նկարն էր կախված, աջ կողմում, դարակին ծաղկաման էր դրված, մեջը՝ վարդ: Ձախ կողմում՝ Թիկ-թակ ժամացույցն է:
_Ինչ ձանձրալի են այս ժամացույցները, ոչ մի հետաքրքիր բան չկա սրանց մեջ,-մտածում էր վարդը,-հոտ էլ չունեն: Իսկ նա, ով լավ հոտ չունի, չի կարող է գեղեցիկ լինել:
Ժամացույցն էլ էր ինքն իրեն միտք անում. «Ինչ հիմարն է այս վարդը, գլխում մի դրամի խելք չկա, չի կարողանում ժամը ցույց տալ: Չեմ հասկանում, ոնց են սրան գեղեցիկի տեղ դնում»:
Այդ ժամանակ սողաց-մոտեցավ սև բլոճը: Նա նայեց վարդին, ժամացույցին և մտածեց. «Ինչ մեղք են, էս ինչքա՜ն սև են»: Մտածեց ու սողալով շարունակեց իր ճանապարհը: Նա գնում էր իր տատիկի ծննդյան օրը շնորհավորելու:
Հետո պատուհանից ներս թռավ ծիծեռնակը, տեսավ վարդին ու ժամացույցին.
_Է՜, պարապ-սարապ տկտկալուց կամ բուրելուց ինչ օգուտ, եթե թռչել չես կարողանում: Թռչե՜լ… Դրանից էլ լավ բա՞ն:
_Լողալը,-ասաց ձուկը պատուհանին դրված աքվարիումի միջից:
_Մլավելը,-ասաց կատուն և թռավ պատուհանից դուրս:
_Չփչփացնելը,-ասաց խոզը իր բնից:
_Ծառերը ճոճելը,-ասաց քամին:
_Քամի անելը, -ասացին ճոճվող ծառերը:
Վարդն ու ժամացույցն էլ իրենց կռիվն էին շարունակում:
Քեռի Ֆրեդը իր տիկնոջ հետ տուն եկավ:
_Հիմա դու ասա՝ քո կարծիքով ո՞վ է ամենագեղեցիկը,- հարցրեցին բոլորը քեռի Ֆրեդին:
_Ասեմ՝ իմ կինը,-պատասխանեց Ֆրեդը:
_Համաձայն եմ,-ասաց Ֆրեդի կինը և համբուրեց քեռի Ֆրեդին:
Ցանկությունների ծառը
Մի ծառ կանգնած էր այգում: Արևի շողերն ընկնում էին նրա վրա, քամին թեթև վազվզում էր ճյուղերի միջով, իսկ տերևները շշնջում էին. «Ցանկությո՜ւն, ցանկությո՜ւն, ցանկությու՜ն պահի՛ր»:
Ծառը սովորական չէր, կախարդական էր: Ով կանգներ ծառի տակ ու ցանկություն պահեր, նրա ցանկությունը կկատարվեր:
Ծառի կողքին մի տնակ կար: Տնակում մի գիրուկ ծերուկ էր ապրում: Նրա անունը Ուիլիամ Քեդոգան Սմիթ էր: Նա օճառ էր վաճառում գյուղի խանութում և չէր սիրում փոքրիկ տղաներին ու աղջիկներին:
Մի օր նա կանգնեց կախարդական ծառի տակ ու ասաց.
_ Ուզում եմ, որ մեր թաղում ապրող բոլոր աղջիկներն ու տղաները հայտնվեն Լուսնի վրա:
Հենց նա այս բառերն ասում է, բոլոր տղաներն ու աղջիկները հայտնվում են Լուսնի վրա: Այնտեղ ցուրտ էր ու տխուր, փոքրիկները սկսում են լաց լինել: Բայց նրանք այնքան հեռու էին, որ մայրիկները չէին կարող լսել նրանց ձայները:
Հենց որ երեխաները հայտնվում են Լուսնի վրա, ծառի վրայի բոլոր թռչունները էլ չեն երգում:
Իսկ մի կեռնեխ նայում է պարոն Սմիթին ու ասում.
_ Ես ուզում, եմ, որ բոլոր երեխաները նորից վերադառնան:
Պարոն Քեդոգան Սմիթն ասում է.
_ Ուզում եմ, որ Լուսնի վրա հայտնվեն: Իսկ կեռնեխը` «Ուզում եմ, որ վերադառնան»:
Երեխաները գնալով ավելի ու ավելի են շփոթվում, չեն հասկանում, թե որտեղ են` Երկրի՞, թե՞ Լուսնի վրա:
Պարոն Սմիթը ոտքը խփեց գետնին ու ասաց. «Ուզում եմ… », բայց չհասցրեց շարունակել, որովհետև կեռնեխը շատ արագ ասաց. «Ուզում եմ, որ պարոն Սմիթը բարի դառնա»:
Եվ պարոն Սմիթը, ով հենց նոր պատրաստվում էր ասել. «Ուզում եմ, որ բոլոր երեխաները հայտնվեն Լուսնի վրա», հանկարծ միտքը փոխեց, քորեց գլուխն ու ասաց.
_ Ուզում եմ, որ բոլոր երեխաները կեսօրին գան ինձ հյուր` թեյ խմելու, մենք թխվածք կուտենք ու նարնջի հյութ ու լիմոնադ կխմենք: Իսկ ես այլևս օճառ չեմ վաճառի, փոխարենը հրուշակեղենի խանութ կբացեմ, թող բոլորն ինձ Ուիլիամ Քեդոգան Սմիթի փոխարեն պարզապես Բիլ Սմիթ ասեն: Հեյ-հո՜, հեյ-հո՜: Նա երեք անգամ գլուխկոնծի տվեց, իսկ ծառի վրայի թռչունները նորից սկսեցին երգել: Արևը շողում էր, քամին կամացուկ վազվզում էր ծառի ճյուղերի մեջ, իսկ տերևները շշնջում էին. «Ցանկությո՜ւն, ցանկությո՜ւն, ցանկությու՜ն պահիր»:
Կայարանի մասին, որ տեղում չէր կանգնում
Մի թագավոր կար: Նրա անունը Սամուել էր: Մի անգամ, գահին նստած, նա մտածում է. «Ինչ լավ կլիներ, որ գնացքով տատիկիս հյուր գնայի»:
Այդպես էլ անում է. հրաժեշտ է տալիս թագուհուն ու ճամփա ընկնում:
Հասնում է Վատերլոո կայարան, շարժասանդուղքով բարձրանում կառամատույց և լսում, թե կայարանն ինչպես է ինքն իրեն խոսում.
_ Չգնա՞մ թեյ խմելու:
Հենց Սամուել արքան ուզում է քայլել, կայարանի հետքն էլ կորչում է:
_ Այ քեզ փորձանք,- մտածում է թագավորը,- Սա լավ բան չէ, ես գնացքից կուշանամ, տատն էլ ինձ վրա կբարկանա:
_ Հենց հիմա ետ արի,- կանչում է թագավորը կայարանին: Բայց էս կայարանի մտքով էլ չէր անցնում ետ գալ:
_Նախ՝ թեյս կխմեմ, հետո կգամ,- պատասխանում է նա:
Թեյը խմում է, ետ գալիս: Սամուել արքան գնացք է նստում: Վերջապես շարժվում են: Չուք-չուք-չուք, չուք-չուք-չուք, չուք-չուք-չուք …
Մեկ էլ մի կով են տեսնում, որ ճամփի մոտ արածում էր: Գնացքը կանգնում է:
_ Մենք ճի՞շտ ճանապարհով ենք գնում տատիկի տուն,- հարցրեց մեքենավարը:
_ Ճիշտ,- պատասխանում է կովը: – Կլինի՞ ես էլ ձեզ հետ գամ:
_ Իհարկե,- պատասխանում է մեքենավարը,- շուտ թռի:
Սելինը, դա կովի անունն էր, ցատկում է բաց կառամատույցի վրա, և բոլորը շարժվում են: Դեռ մի քիչ էին գնացել, հանկարծ ետևից՝ փիֆ-փուֆ, փիֆ-փուֆ, ձայներ են լսում: Ետ են նայում՝ ի՜նչ տեսնեն՝ Վատերլոո կայարանն է ետևներից շնչակտուր վազում:
_Կլինի՞ ես էլ ձեզ հետ գամ,- կանչում է նա:
_Արի՛, – պատասխանում է Սամուելը:
Բոլորը միասին շարունակում են ճանապարհը և շուտով հասնում տատի տուն: Տատը շատ է զարմանում, երբ բոլորին տեսնում է: Կատակ բան չէ՝ շոգեքարշի մեքենավարը, Սելին, Սամուել արքան և վերջապես՝ Վատերլոո կայարանը: Մեկ է՝ նա շատ ուրախ էր, որ հյուեր ունի և բոլորին թարմ թեյ է հյուրասիրում: Թեյից հետո Սամուել արքան ասում է.
_ Տուն գնալու ժամանակն է: Ժամը հինգի կողմերը ես Վատերլոո կայարանում պիտի լինեմ:
_ Ինչի՞ համար, Վատերլոո կայարանն այստեղ է,- ասում է տատը,- ինչո՞ւ ես շտապում:
_ Ճի՜շտ որ,- ուրախանում է թագավորը,- նշանակում է՝ կարելի է և չշտապել: Եկեք մի-մի բաժակ էլ թեյ խմենք:
Տատը բոլորի համար թարմ թեյ է պատրաստում: Թեյից հետո բոլորը մինչև ժամը հինգը խաղում են, հետո տատին հրաժեշտ են տալիս և տեղն ու տեղը հայտնվում Վատերլոո կայարանում, այնտեղ, որտեղից եկել էին, բացի, իհարկե, Սելիից: Որպեսզի տուն հասնի, նա այլ՝ ուշացող գնացք է նստում:
_Շատ ուրախ եմ, որ ծանոթացա Ձեզ հետ,- ասում է թագավորը Վատերլոո կայարանին, երբ նրանք իրար հրաժեշտ էին տալիս ,- ցտեսություն: Թագուհին ինձ է սպասում: Անպայման մեզ հյուր եկեք:
Երկու ալիք
Ծովում երկու ալիք էր ապրում, մեկը մեծ, մյուսը` փոքր: Մեծ ալիքի անունը Մեծ էր, փոքրինը` Փոքր: Նրանք միշտ միասին էին լինում: Փոքրը բոլորի նկատմամբ բարեհամբույր էր, խաղում էր ձկների, շատ էր սիրում էր հարձակվել նավերի վրա:
Մի անգամ Մեծ ալիքն ու Փոքր ալիքը խաղում էին ծովափին: Փոքրը լողափին մի տղայի տեսավ, որի ձեռքին պաղպաղակ կար:
_Ես էլ եմ պաղպաղակ ուզում,- ասաց նա:
_ Հիմա կբերեմ,- ասաց Մեծը: Նա նետվեց տղայի վրա, ձեռքից խլեց պաղպաղակը և տվեց Փոքրին:
Փոքրը պաղպաղակը ուտելուց հետո հարցրեց.
_ Իսկ հիմա ի՞նչ ենք անելու:
_Նայիր այս քարաժայռերին և կտեսնես:
Մեծ ալիքը փքվեց, դարձավ քարաժայռերից էլ մեծ և փլվեց նրանց վրա, բայց հետո թռավ քարաժայռերի վրայով և ընկավ նեղլիկ ճեղքի մեջ:
_ Օգնեցե՜ք, – կանչեց նա:
Այդ պահին այդ կողմերով Միրանդա բադն էր անցնում: Նա կանգնեց և հարցրեց:
_ Ինչ՞է պատահել:
_ Ես չեմ կարողանում այստեղից դուրս գալ: Օգնի՛ր ինձ, խնդրում եմ:
_ Ոչ, ես չեմ ուզում քեզ օգնել,- ասաց Միրանդան,- դու հարձակվում ես բոլորի վրա, նավեր ես խորտակում, նույնիսկ ժայռերն ես ուզում քանդել: Հենց նոր ես իմ աչքով տեսա, թե դու ինչպես խլեցիր փոքրիկ տղայի պաղպաղակը:
Այդ ժամանակ Միրանդան լսեց, որ ժայռի մյուս կողմում մեկը լալիս է: Նա նայեց ծովին և տեսավ Փոքր ալիքին:
_ Ին՞չ է եղել,- հարցրեց Միրանդան:
_ Ես ուզում եմ Մեծ ալիքի մոտ գնալ,-ասաց Փոքրը,- նա ժայռերի մեջ է, իսկ ես չեմ կարող բարձրանալ ժայռերի վրայով:
Փոքրը շարունակեց լաց լինել:
_ Ես Մեծ ալիքին չեմ օգնի, նա արժանի չէ, -ասաց Միրանդան,-պետք չէ, որ նա ծով վերադառնա: Ա՛յ, քեզ կօգնեմ, եթե դու ուզում ես ժայռի մյուս կողմն անցնել:_ _ Համաձայն եմ,-ասաց Փոքր ալիքը:
_ Լավ ես մտածե՞լ,-հարցրեց Միրանդան:
_ Լա՛վ:
_ Դե որ այդպես է, արի ետևիցս:
Բադը ցույց տվեց հեշտ ճանապարհը, որով կարելի է հասնել ավազներին: Հետո ավազի մեջ ձեռքով երկար առու փորեց և Փոքր ալիքին ասաց, որ այդ առվով պտտվի ժայռի շուրջը: Փոքր ալիքն այդպես էլ արեց և հայտնվեց ժայռերի մեջ: Մեծի ու Փոքրի ուրախությանը չափ չկար:
_ Ջա՜ն, ինչքան ուրախ եմ, որ քեզ տեսա,- ասաց Մեծը:
_ Բա ես ինչ ուրախ եմ,- պատասխանեց Փոքրը:
_ Գիտես ի՞նչ, արի միանանք, մի ալիք դառնանք, այդպես միշտ իրար հետ կլինենք,- ասաց Մեծ ալիքը:
_ Արի,- համաձայնեց Փոքրը և ուրախությունից ծափ տվեց:
Այդպես սարերի մեջ փոքրիկ լեռնային լճակ առաջացավ:
Մթից վախեցող ավտոբուսի մասին
Մի փոքրիկ ավտոբուս կար: Նա վառ-կարմիր էր և հայրիկի ու մայրիկի հետ ապրում էր ավտոկայարանում, որտեղ ավտոբուսներն են քնում: Ամեն առավոտ երեքով լվացվում էին, նախաճաշում էին բենզինով, մեքենայի յուղով, ջրով, հետո ուղևորներին գյուղից ծովափնյա մեծ քաղաք էին տանում: Գնում-գալիս էին, գնում-գալիս: Փոքրիկ ավտոբուսն էլ էր ցերեկները տանում-բերում, տանում-բերում: Բայց հենց մութն ընկնում էր՝ վե՛րջ. ախր ինքը մթից շատ էր վախենում: Մի օր մայրն ասում է նրան.
_ Մի բան պատմեմ՝ լսի՛ր: Շատ վաղուց մի Մութ էր ապրում: Էս Մութը վախենում էր ավտոբուսներից: Մի օր նրա մայրը… Գիտե՞ս՝ ով էր նրա մայրը, գեղեցկուհի Հիրիկը: Հա՛, մայրը մի օր ասում է Մութին.
_Պետք չէ վախենալ: Եթե դու վախենաս դուրս գալ, վախենաս աշխարհը մթով ծածկել, մութը չի ընկնի, մարդիկ այդպես էլ չեն իմանա, որ քնելու ժամանակն է: Աստղերն էլ չեն իմանա, որ երկնքում փայլելու ժամանակն է: Դե, ի՞նչ կասես:
Մութը թաքնվել էր Արևի թիկունքում և լուռ լսում էր: Նա սկսեց զգուշորեն իջնել փողոցների և տների վրա:
Քաղաքում ավտոբուսները սլանում են իրար ետևից: Մութը սիրտ է անում ու մի քիչ էլ է իջնում ներքև: Փողոցում լապտերները կամաց-կամաց սկում են վառվել, վարորդներն էլ իրենց մեքենաների լույսերն են վառում: Վերջապես Մութն ամբողջովին իջնում է քաղաքի վրա: Նա չի հասցնում ուշքի գալ, երբ նրա միջով մի ավտոբուս է սլանում: Ի՜նչ անսպասելի էր….Բայց Մութի համար հաճելի էր, ափսոս մի քիչ խուտուտ էր զգում: Հետո Մութի միջով էլի մի քանի ավտոբուս է անցնում: Նրանց մեջ լույսեր են վառվում, մարդիկ տոմսեր են գնում, նստում ու կանգնում են: Մի խոսքով՝ ժամանակը շատ լավ էր անցնում: Մի քիչ ուշ դուրս է գալիս Լուսինը: Ավտոբուսը տների հետ պահմտոցի է խաղում:
Առավոտյան դարձյալ ծագում է արևն ու Մութին ուղարկում տուն՝ մայրիկի մոտ: Մութն այլևս չէր վախենում ավտոբուսներից: Երբ մայրիկ – ավտոբուսը վերջացնում է իր պատմությունը, փոքրիկ ավտոբուսն ասում է.
_ Լավ, ես էլ կգնամ:
Վարոդը գալիս է, շարժիչը միացնում, մարդիկ գալիս են, նստում տեղերում, տոմսավաճառը զանգը տալիս է, և փոքրիկ ավտբուսը գնում է ուղիղ Մութի միջով: Նա մարդկանց գլխավոր փողոցով տանում էր մեծ քաղաք, որը հենց ծովի մոտ էր գտնվում:
Պարոն Կատկորդիլոսը
Մի անգամ Լուսնի Մարդը վերևից նայում է Երկրին, նա միշտ էլ վերևից նայում է Երկրին, և մի հսկա շուն է տեսնում, որ կատաղի հաչալով ընկել է փոքրիկ կատվի ետևից:
_Անպետքին տես, է՛, – ասում է Լուսնի մարդը: – Էս ինչ է կատարվում, ոնց որ թե սա Հայստրիթի Բուլկան է: Հա էլի, Բուլկան է: Դե՛ սպասիր, քեզ ցույց կտամ՝ ինչ է նշանակում կատուների ետևից ընկնել:
Կեսգիշերին, երբ Լուսինը լուսավորում էր Աֆրիկայի երկինքը, Լուսնի մարդը մի անգամ էլ է նայում Երկրին: Նա ուզում էր իր հին ընկերոջը տեսնել՝ Կատկորդիլոսին: Պարոն Կատկորդիլոսի մի կեսը կատու էր, մյուս կեսը՝ կոկորդիլոս: Նրա նման էլ չկա, միայն ինքն է Կատկորդիլոս: Նա բոլորից հեռու էր ապրում, Աֆրիկայի ինչ-որ քարանձավում, և ոչ մեկին չէր հանդիպում:
_ Դու այդտեղ չե՞ս տխրում,-հարցնում է Լուսնի մարդը:
_ Այսպես լավ է, -պատասխանում է պարոն Կատկորդիլոսը:
_ Իսկ ես այդպես չեմ կարծում,-ասում է Լուսնի մարդը:- Քեզ նույնիսկ ոչ ոք չի համբուրում և բարի գիշեր չի ասում:
_ Ինչ դմբո ես,-ասում է պարոն Կատկորդիլոսը: -Ես աշխարհում միակ արարածն եմ, որ միշտ կարող է մեկին «Բարի գիշեր» ասել : Նայի՛ր
Պարոն Կատկորդիլոսը պտտվում է, դառնում օղակի նման, և կոկորդիլոս կեսը համբուրում է կատու կեսին:
_ Բարի գիշեր, սիրելի Կոկ,-ասում է կատուն կոկորդիլոսին:- Բարի գիշեր և բարի քուն:
_ Բարի գիշեր, իմ Կատ բարեկամ,-պատասխանում է կոկորդիլոսը կատվին:-Բարի գիշեր և հաճելի երազներ:
_Այո՜,-ասում է Լուսնի մարդը: -Պարզվում է, որ Կատկորդիլոս լինելը այնքան էլ վատ բան չէ:
_ Իհարկե,-համաձայնում է պարոն Կատկորդիլոսը: -Բայց մի քանի տհաճություն կա:
_ Ի՞նչ տհաճություն:
_ Հասկանո՞ւմ ես,-ասում է պարոն Կատկորդիլոսը,-ես երբեք չեմ կարող միայն դեպի առաջ քայլել, իմ կեսերից մեկը ստիպված հետ-հետ է գնալու ուայդպես էլ չեմ իմանալու՝ ես առաջ եմ գնո՞ւմ, թե՞ հետ-հետ քարշ գալիս:
_Այո՜, հարմար բան չէ,-համաձայնում է Լուսնի մարդը:-Հա, չմոռանամ ասել՝ դու կարո՞ղ ես ինձ օգնել: Մի անպետք շուն կա, անունն էլ Բուլկա է, ապրում է Անգլիայում և ամբողջ օրը կատուների ետևից է ընկած: Այ, եթե դու կարողանայիր գիշերը մի կերպ այնտեղ ընկնել: Դու սկզբում նրա համար կատու կլինես: Հետո, երբ նա քո ետևից ընկնի, դու քո կոկորդիլոսի երախով կվախեցնես նրան: Գուցե դրանից հետո նա այլևս չհամարձակվի կատուներին նեղացնել:
_ Համաձայն եմ,-ասում է պարոն Կատկորդիլոսը:-Կանեմ այնպես, ինչպես դու ես ուզում:
Կատկորդիլոսն Անգլիա է գալիս: Երբ հասնում է, Լուսինը լուսավորում էր Բուլկայի տան բակը: Պարոն Կատկորդիլոսը պառկում է ծառի տակ այնպես, որ Լուսնի լույսի տակ երևա միայն կատու կեսը, իսկ ծառի հետևում թաքցնում է իր կոկորդիլոս կեսը: Էս Բուլկան հենց տեսնում է կատվին (նրան թվացել է, իր տեսածը իսկական կատու է), հաչում է, թռչում ցանկապատի վրայով և հարձակվում նրա վրա: Բայց պարզ է, չէ՞, կատվի փոխարեն նա կոկորդիլոսին է հանդիպում, այն էլ ի՜նչ սարսափելի կոկորդիլոսի: Խեղճ Բուլկան շրջվում է, ոտքերը մեկ անում ու հո չի փախչում, հո չի փախրո՜ւմ… կարողանում է շունչ քաշել միայն այն ժամանակ, երբ խոհանոցի զամբյուղի մեջ է հայտնվում:
_ Վե՛րջ, սրանից հետո ոչ մի վազել կատուների ետևից,- որոշում է Բուլկան:
Լուսնի մարդն ու նրա ընկեր պարոն Կատկորդիլոսը մի լավ ծիծաղում են Բուլկայի վրա: Քիչ հետո պարոն Կատկորդիլոսը հորանջում է և ասում.
_ Ես երևի մի քիչ քնեմ,- և հարմար պառկում է:
_ Բարի գիշեր, սիրելի՛ Կոկ,-ասում է Կատը:
_ Բարի գիշեր, հարազատ Կատ,-պատասխանում է Կոկը,- բարի գիշեր և գույնզգույն երազներ:
Որտեղից հայտնվեց Ծովաստղիկը
Եվ այսպես: Աշխարհում յոթ փղեր էին ապրում. ամենամեծ փիղը, մի քիչ փոքր փիղը, մի քիչ ավելի փոքր փիղը, միջնեկ փիղը, միջնեկից փոքր փիղը, փոքր փիղը և ամենափոքր փիղը, ավելի ճիշտ՝ փղիկը:
Մի օր նրանք կանգնել էին բլրի գագաթին՝ հենց ծովի մոտ և նայում էին աստղերին: Գիշերը մութ էր, և աստղերը՝ փայլուն-փայլուն:
Ծովի ձկներն էլ էին աստղերին նայում: Հենց ընկնող աստղ էին տեսնում, սուզվում էին ջրի տակ: Նրանք կարծում էին, թե աստղն ընկնում է ծովի հատակը:
_Եկեք բռնենք ընկնող աստղը,- ասում է ամենամեծ փիղը:
_Եկեք,-համաձայնում են բոլորը:
Եվ այսպես: Ամենամեծ փիղը կնճիթով բարձրացնում է մի քիչ փոքր փղին, մի քիչ փոքր փիղը բարձրացնում է մի քիչ ավելի փոքր փղին, մի քիչ ավելի փոքր փիղը՝ միջնեկ փղին, միջնեկ փիղը՝ միջնեկից փոքր փղին, միջնեկից փոքր փիղը բարձրացնում է փոքրին, իսկ փոքրը՝ ամենափոքրին, ավելի ճիշտ՝ փղիկին:
Հետո ամենամեծ փիղը բոլորին վեր է նետում, և նրանք թռչում են դեպի ընկնող աստղը: Հետո միջնեկ փիղը մի քիչ էլ բարձր նետում բոլորին, և նրանք մի քիչ էլ են մոտենում ընկնող աստղին: Հետո միջնեկից փոքր փիղը վերև է նետում փոքրին և ավելի փոքրին, ավելի ճիշտ՝ փղիկին: Եվ նրանք համարյա հասնում են ընկնող աստղին: Հետո փոքր փիղը նետում է ամենափոքր փղին, ավելի ճիշտ՝ փղիկին, և փղիկը կնճիթով բռնում է ընկնող աստղը և տալիս փոքր փղին: Փոքր փիղը աստղը տալիս է միջնեկից փոքր փղին, իսկ միջնեկից փոքրը՝ միջնեկին: Միջնեկը աստղը տալիս է միջնեկից մի քիչ մեծին, իսկ միջնեկից մի քիչ մեծը՝ մի քիչ ավելի մեծին, իսկ մի քիչ ավելի մեծը՝ ամենամեծին: Ամենամեծ փիղը աստղը տալիս է ձկնիկին: Ձկնիկը կուլ է տալիս աստղը և դառնում ծովաստղ:
Մառախուղը
Թագուհու ծննդյան օրն էր: Մառախուղն իջավ Լոնդոնի վրա: Նա զինվորական շքերթն էր ուզում տեսնել: Բայց հենց նա իջավ Լոնդոնի վրա, թագուհին գնդապետին ասաց.
_ Հետաձգեք շքերթը:
Ու ամեն անգամ՝ այսպես: Մառախուղը շա՜տ էր տխրում, ախր նա երազում էր շքերթը տեսնել, բայց արի ու տես, որ ամեն անգամ, հենց ինքը հայտնվում էր, թագուհին հրամայում էր.
_Շքերթ չի լինելու:
Բուքենհեյմյան պալատում (դա Անգլիայի թագավորական պալատն է) թագավորական գահի տակ Սմոուքի անունով կատու էր ապրում: Նա խղճաց Մառախուղին և որոշեց օգնել նրան: Հենց թագուհու հաջորդ ծննդյան օրը մոտեցավ, Սմոուքին Մառախուղին նամակ գրեց.
Պալատ
Թագավորական գահի տակ
Երեքշաբթի
«Սիրելի՛ Մառախուղ, սպասում եմ քեզ պալատի մոտ:
Անկեղծորեն՝ քո Սմոուքի»:
Այդ օրը, թագուհին քնելուց առաջ կատվին պալատի ետնամուտքից դուրս թողեց ու գնաց իր ննջասենյակ: Կատուն դեռ երեք անգամ չէր էլ մլավել, մեկ էլ Մառախուղն իջավ Լոնդոնի վրա:
_Ես շա՜տ եմ ուզում շքերթը տեսնել,-խոստովանեց Մառախուղը:- Բայց իմ պատճառով այն միշտ հետաձգում են, ու ես չեմ կարողանում այդ շքերթը տեսնել:
_ Ես մի հնար գտել եմ: Վաղը դու կիջնես այն ժամանակ, երբ զինվորներն արդեն շարված կլինեն: Գնդապետը, հենց քեզ տեսնի, թագուհուն կասի.
_ Ձերդ պայծառափայլություն, կրկին մառախուղ է: Հետաձգե՞նք շքերթը:
_ Այո՜, նա ամեն անգամ հենց այդպես էլ ասում է,-տխուր ասաց Մառախուղը:
_ Հենց թագուհին կուզենա ասել. «Շքերթը հետաձգեք», դու մլավի՛ր:
_ Լավ,-ասում է Մառախուղը, -միայն թե ես մլավել չգիտեմ:
Սմոուքին Մառախուղին մլավել սովորեցրեց: Դա շատ դժվար գործ էր, ամբողջ գիշեր չարչարվեցին:
Հաջորդ առավոտ, երբ զինվորներն արդեն շարվել էին, և գնդապետը հարցրեց թագուհուն.
_Դե ի՛նչ, Ձե՛րդ պայծառափայլություն, հետաձգե՞նք շքերթը, տեսնում եք՝ մառախուղ է:
_ Ո՞ւր է,- հարցնում է թագուհին:
_ Այնտեղ,-պատասխանում է գնդապետը և ցույց տալիս Մառախուղը: Հենց այդ ժամանակ Մառախուղը մլավում է:
_ Է՜, գնդապետ, -ասում է թագուհին,-դուք կատուն մառախուղից չե՞ք տարբերում: Ես իմ ականջներով լսեցի, որ մեկը մլավեց: Ոչ մի դեպքում չհետաձգեք շքերթը:
Վերջապես Մառախուղը կարողացավ զինվորական շքերթը տեսնել: Նա երջանիկ էր: Հետո թողեց- գնաց իր Ուելսի սարերը: Ճիշտ է, այնտեղ առանց Մառախուղի էլ մառախուղ էր, բայց դե ստիպված չէր միայնակ տխրել:
Մի անգամ թագուհին նրան նամակ գրեց.
«Պալատ
հունիսի 1
Սիրելի Մառախուղ, մի՛ շտապիր մեզ մոտ վերադառնալ:
Անկեղծորեն՝ քո Թագուհի»:
Եվ Մառախուղը պատասխանեց Թագուհուն.
«Ուելս
Ուրբաթ
Ձերդ պայծառափայլություն,
ես այստեղ էլ ինձ լավ եմ զգում: Շքերթը շատ հավանեցի, շնորհակալ եմ, որ թույլ տվեցիք դիտել այն:
Անկեղծորեն՝ Ձեր Մառախուղ
Բարևներս հաղորդեք Սմոուքիին»:
Թագուհին բան չհասկացավ:
_Սմոուքի, -հարցրեց նա գահի տակ պառկած կատվին,-մառախուղը երբ կարող էր շքերթը տեսնել:
Բայց Սմոուքին միայն խորհրդավոր մլավեց: Հո գաղտնիքը չէ՞ր բացելու:
Կարծիք գրել