Հեքիաթներ և պատմություններ մեծերի և փոքրերի համար
Ո՞վ է հրամայում
Մի օր հարցրի մի աղջկա.
– Ձեր տանն ո՞վ է հրամայում:
Նա նայեց ինձ, ոչինչ չասաց:
– Դե ինչ, ո՞վ է հրամայում՝ հայրի՞կը, թե՞ մայրիկը:
Նա նայեց ինձ, ոչինչ չասաց:
– Ի՞նչ ես լռում: Ինչ-որ մեկը, հրամայում է, չէ՞:
Նա էլի զարմացած նայեց ինձ ու ոչինչ չասաց:
– Չգիտե՞ս՝ ինչ է նշանակում հրամայել:
Իհարկե գիտի:
– Չե՞ս հասկանում:
Ինձ է նայում ու ոչինչ չի ասում:
Բարկանա՞մ նրա վրա:
Կարող է՝ խուլ է, չի լսում խեղճը:
Իսկ նա հանկարծ փախչում է ինձնից…
Հետո կանգնում է, լեզու հանում և ծիծաղելով կանչում.
– Ոչ ոք չի հրամայում, որովհետև մենք բոլորս սիրում ենք իրար:
Աշխարհի ամենալավ մարդը
Ես մի պատմություն գիտեմ մի մարդու մասին: Նա աշխարհի ամենալավ մարդն էր: Չգիտեմ, պատմությունը ձեզ դուր կգա՞, թե՝ չէ: Պատմե՞մ, թե՞չէ: Լա’վ, պատմեմ: Նրա անունը Պրիմո էր: Իտալերեն դա նշանակում է առաջին: Երևի դա էր պատճառը, որ նա դեռ փոքր ժամանակ որոշեց.
-Միշտ առաջինն եմ լինելու ոչ միայն անունով, այլև՝ գործով: Միշտ և ամեն տեղ առաջինը կինեմ և վե՛րջ:
Բայց դե հակառակն ստացվեց. նա միշտ և ամենուր վերջինն էր:
Նա վերջինն էր նրանց մեջ, ովքեր վախենում էին, ովքեր փախչում էին, վերջինն էր նրանց մեջ, ովքեր ստեր էին փչում, ովքեր վատ բաներ էին անում… Նրա հասակակիցները միշտ ինչ-որ բանում առաջինն էին: Մեկը քաղաքի առաջին գողն էր, մյուսը առաջին ավազակն էր շրջանում, մեկն էլ առաջին հիմարն էր ամբողջ թաղում…
Իսկ նա, հակառակը, վերջինն էր հիմարություններ դուրս տվողների մեջ, և երբ ինքը ստիպված հիմարություն պիտի ասեր, պարզապես ձայն չէր հանում: Նա աշխարհի ամենալավ մարդն էր, բայց այդ մասին վերջինն իմացավ: Այնքան վերջինը, որ այդպես էլ չիմացավ, որ ինքը աշխարհի ամենալավ մարդն է:
Շղթա
Շղթան ամաչում էր բոլորից: «Ամո՜թ,-ինքն իրեն միտք էր անում նա,- ինձ ոչ ոք չի սիրում, բոլորն ատում են ինձ: Ես հասկանում եմ: Մարդիկ սիրում են ազատությունը և ատում են կապանքները:
Մի մարդ է անցնում շղթայի մոտով: Նա վերցնում է շղթան, բարձրանում ծառը, նրա երկու ծայրեր կապում է ամենաամուր ճյուղին և ճոճանակ պատրաստում: Հիմա այդ մարդու երեխաները ճոճվում են ճաճանակով, շղթան էլ երջանիկ է:
Մեկ և յոթ
Ես մի տղա գիտեի, որ յոթ տղա էր: Ապրում էր Հռոմում, անունը Պաոլո էր, նրա հայրը տրամվայի վարորդ էր:
Նա նաև ապրում էր Փարիզում, անունը Ժան էր, և նրա հայրն աշխատում էր ավտոմեքենաների գործարանում:
Նա նաև ապրում էր Բեռլինում, այնտեղ անունը Կուրտ էր, և նրա հայրը թավջութակի պրոֆեսոր էր:
Նա նաև ապրում էր Մոսկվայում, անունը Յուրի էր, ինչպես Գագարինինը, և նրա հայրը քարտաշ էր ու մաթեմատիկա էր սովորում:
Նա նաև ապրում էր Նյու Յորքում, անունը Ջիմի էր, և նրա հայրը բենզին էր վաճառում:
Քանիսի՞ն թվեցի: Հինգին: Մնաց երկուսը:
Մեկի անունը Չու էր, ապրում էր Շանհայում, և նրա հայրը ձկնորս էր: Վերջինի անունը Պաբլո էր, ապրում էր Բուենոս Այրեսում, նրա հայրն էլ ներկարար էր:
Պաոլոն, Ժանը, Կուրտը, Յուրին, Ջիմմին, Չուն և Պաբլոն յոթն էին, բայց միևնույն է` նույն տղան էին, որը ութ տարեկան էր, արդեն գրել- կարդալ գիտեր և կարողանում էր հեծանիվ քշել` առանց ղեկը բռնելու:
Պաոլոն սևահեր էր, Ժանը` շիկահեր, իսկ Կուրտը շագանակագույն մազեր ուներ, բայց նրանք նույն երեխան էին: Յուրին ճերմակ մաշկ ուներ, Չուի մաշկը դեղին էր, բայց նրանք նույն տղան էին: Պաբլոն իսպաներեն էր կինոնկարներ դիտում, Ջիմմին` անգլերեն, բայց նրանք նույն տղան էին և նույն լեզվով էին ծիծաղում:
Այժմ յոթն էլ մեծացել են և այլևս չեն կարող պատերազմել, որովհետև յոթն էլ նույն մարդն են:
Թափանցիկ Ջակոմոն
Վաղուց, շա՜տ վաղուց, կարող է մի-քիչ շուտ, աշխարհի ծայրին, կամ կարող է մի քիչ ավելի մոտ, չտեսնված մի թագավորության մայրաքաղաքում ծնվեց մի թափանցիկ տղա: Թափանցիկ, այնքա՜ն թափանցիկ, որ նրա միջից կարելի էր տեսնել ամեն բան՝ ինչպես օդի մեջ կամ ինչպես աղբյուրի պարզ ջրի մեջ: Նա էլ մարմին ու արյուն ուներ, ինչպես բոլորը: Ճիշտ է, թափանցիկ էր, ապակու նման, բայց երբ ընկնում էր, չէր փշրվում, ամենաշատը՝ճակատին մի փոքրիկ, թափանցիկ ուռուցք էր ծլում:
Բոլորը տեսնում էին, թե ինչպես է նրա արյունը շարժվում, ինչպես է նրա սիրտն աշխատում: Պատկերացնո՞ւմ եք՝ նրա մտքերն էլ էին պարզ երևում. մարդիկ ազատ կարդում էին դրանք: Մտքերը անցնում-դառնում էին նրա գլխում, լողում և փայլփլում, ինչպես ձկների խմբերը թափանցիկ ջրավազանում:
Մի անգամ տղան սխալվեց ու սուտ ասաց: Ասաց ու մարդիկ կրակե գնդիկի նման մի բան տեսան նրա ճակատին: Երբ տղան ուղղեց իր սխալը և ճիշտ խոսեց, գնդիկը հալվեց, անհետացավ: Այդ օրվանից նա իր ամբողջ կյանքում ոչ մի տառ սուտ չասաց: Մի անգամ Ջակոմոյի ընկերը նրան մի գաղտնիք ասաց: Բայց ի՜նչ գաղտնիք, ի՜նչ բան, բոլորը միանգամից տեսան, թե նրա գլխում ինչպես սկսեց մի սև գունդ պտտվել: Բա՛:
Ժամանակ անցավ, տղան մեծացավ, մեծ տղա դարձավ, հետո տղամարդ: Առաջվա նման բոլորը հեշտ ու հանգիստ կարդում էին նրա մտքերը: Նա կարող էր բարձրաձայն չպատասխանել այն հարցերին, որ մարդիկ իրեն էին տալիս. մեկ է, ամեն ինչ երևում էր:
Երբ տղան ծնվեց, նրա անունը Ջակոմո դրեցին, բայց ժողովուրդը Թափանցիկ Ջակոմո էր ասում և շատ էր սիրում նրան իր ազնվության համար:
Նրա կողքին բոլորը իր նման բարի ու ազնիվ էին դառնում:
Դժբախտաբար այդ պետության ղեկավար դարձավ դաժան ու չար մի մարդ: Ժողովրդը վատ վիճակի մեջ ընկավ: Բոլորին ճնշում էին, բոլորն աղքատ էին: Ով բողոքում էր, դաժան բռնակալը հրամայում էր մահապատժի ենթարկել:
Ժողովուրդը ձայն չէր հանում, լուռ համբերում էր, որովհետև վախենում էր, որ կարող է ավելի վատ բան լինել:
Բայց Ջակոմոն չէր կարող լռել: Եթե ոչ մի բառ էլ չասեր, մեկ է, նրա մտքերը երևում էին: Չէ՞ որ նա թափանցիկ էր: Բոլորը տեսնում էին, թե ինչպես էր նա բարկանում անարդարությունից, պատիժներից և ատում դաժան ղեկավարին:
Մարդիկ մտքում գաղտնի կրկնում էին Ջակոմոյի մտքերը:
Բռնակալն իմանում է այդ մասին, հրամայում է բռնել Թափանցիկ Ջակոմոյին և գցել ամենամութ բանտը:
Հենց այդ ժամանակ էլ զարմանալի մի բան է պատահում: Ջակոմոյի բանտախցի պատերը հանկարծ թափանցիկ են դառնում, հետո թափանցիկ են դառնում միջանցքի պատերը, հետո՝ բանտի դրսի պատերը. ամբողջ բանտը ոնց որ ապակուց լիներ:
Մարդիկ անցնում էին բանտի մոտով, տեսնում էին Ջակոմոյին՝ իր բանտախցում նստած, և առաջվա նման կարդում էին նրա մտքերը:
Երբ գիշերն իջնում է, բանտն այնքան պայծառ է լուսավորում քաղաքը, որ բռնակալը հրամայում է փակել իր պալատի լուսամուտները, որ լույսն իրեն չխանգարի: Բայց, մեկ է, նա չի կարողանում հանգիստ քնել: Ինչ անենք, որ թափանցիկ Ջակոմոն շղթայված էր և փակված էր ամենամութ բանտում: Փակված էր, բայց էլի նրանից ուժեղ լույս էր գալիս:
Գիտե՞ք, թե ինչու… Որովհետև աշխարհի ամենաուժեղ բանը ճշմարտությունն է, այն ավելի պայծառ է, քան՝ ցերեկվա լույսը, և ավելի ուժեղ է բոլոր փոթորիկներից:
Սակա՛լա–պակա՛լա
Երկու փոքրիկ նստած էին իրենց բակում և խոսելու նոր լեզու էին հորինում: Իրենցից բացի ոչ մեկը այդ լեզուն չէր հասկանալու, ոչ մեկը աշխարհիս երեսին:
_Սակալա-պակալա,-ասաց մի տղան:
_Պակալա պակալա, բրաֆ,-ասաց մյուս տղան: Եվ երկուսն էլ ծիծաղից թուլացան: Նրանցից ոչ հեռու՝ երկրորդ հարկի պատշգամբում նստած էր մի ծեր, բարի պարոն և լրագիր էր կարդում: Դիմացի տան լուսամուտից էլ մի սովորական տիկին էր նայում. ո՛չ բարի էր, ո՛չ էլ՝ չար:
_ Ի՛նչ հիմար են այս երեխաները -ասաց նա: Բարի պարոնը չհամաձայնեց.
_ Ի՜նչ եք ասում, ես այդպես չեմ կարծում,-ասաց նա:
_ Ուզում եք ասել, որ հասկանո՞ւմ եք նրանց բլբլոցը:
_ Բա ո՜նց,-պատասխանեց բարի պարոնը,-իհարկե ամեն ինչ հասկանում եմ: Մեկն ասաց՝ լավ օր է այսօր, իսկ մյուսը նրան պատասխանեց՝ վաղն ավելի լավ օր կլինի: Տիկինը քիթը կնճռոտեց, բայց ձայն չհանեց, որովհետև երեխաները նորից սկսեցին խոսել իրենց լեզվով.
_Մարասկի բարաբասկի պիմպարամոսկի,-ասաց մեկը:
_Բամբարամբամ բասկի կումպարասկի բրու,-պատասխանեց մյուսը: Եվ նրանք կրկին ծիծաղեցին:
_ Հիմա էլ կասե՞ք՝ հասկացաք,-փնփնթաց տիկինը:
_ Հասկացա,-ժպտալով ասաց ծեր պարոնը,-նրանցից մեկն ասաց.
_ Ինչ լավ է, որ մենք ապրում ենք այս աշխարհում:
Մյուսն էլ պատասխանեց.
_ Այո՛, աշխարհը հրաշալի է:
_ Իրո՞ք հրաշալի է մեր աշխարհը,-զարմացավ տիկինը:
_ Բամբար ամբամբասկի, բրաֆ, բրիֆ, բրուֆ,-պատասխանեց ծեր պարոնը:
Շփոթ–պապը
Կար-չկար մի աղջիկ կար: Նրա անունը Դեղին Գլխարկ էր:
_ Չէ՜, ԿարմիրԳլխարկ…
_ Հա՛, ճիշտ որ, Կարմիր Գլխարկ: Մի անգամ մայրը կանչում է նրան և ասում.
_ Կանաչ գլխարկ…
_ Դե չէ՛, պապի՛կ, կարմի՜ր, կարմի՛ր գլխարկ:
_Վա՜յ, հա, Կարմիր… Գնա, խնդրում եմ, հորաքրոջդ տուն և կարտոֆիլի կճեպներ տար նրան:
_ Չէ՛, գնա տատիկի տուն և կարկանդակներ տար նրան:
_ Դե լավ: Աղջիկը գնում է, գնում, հասնում է անտառ, իսկ այնտեղ նրա դեմն է դուրս գալիս ընձուղտը:
_ Է՜… պապի՛կ, դու ամեն ինչ խառնեցիր: Նրա դեմ գայլն է դուրս գալիս, ոչ թե ընձուղտը: Անտառում ինչպե՞ս կարող է ընձուղտ լինել:
_ Ճիշտ ես ասում, թոռնի՛կս: Աղջիկը հանդիպում է գայլին: Այսպես, ուրեմն, գայլը հարցնում է աղջկան՝ վեց անգամ ութն ի՞նչ կանի:
_Ո՛չ, պապի՛կ, գայլը հարցնում է Կարմիր գլխարկին.
_ Ո՞ւր ես գնում, Կարմիր գլխարկ
_ Դու ճիշտ ես, թոռնի’կս: Իսկ սև գլխարկը պատասխանում է.
_ Նա Կար-մի՛ր գըլ-խարկն է, Կարմի՛ր գլխարկը… Կար-միր…
_ Դե հա, էլի, կարմիր: Իսկ նա պատասխանում է.
_ Ես գնում եմ շուկա՝ տոմատի հյութ գնելու:
_Չէ՛, բոլորովի՛ն էլ այդպես չէ… Ես գնում եմ տատիկիս մոտ: Նա հիվանդ է ու մենակ: Միայն թե մոլորվեցի անտառում…
_ Ճիշտ է: Եվ այստեղ ձի է նստում…
_ Ի՞նչ ձի: Գայլ էր, չէ՞:
_ Իհակե, գայլ էր: Դե հա, գայլն ասում է.
_ Նստի՛ր հինգ համարի տրամվայը և գնա մինչև Գուոմո հրապարակը: Երբ դուրս կգաս հրապարակ, թեքվի՛ր աջ և դուրս կգաս ուղիղ երեքաստիճանոց սանդուղքի մոտ: Այնտեղ գետնին ընկած է մի սոլդո: Աստիճաններին ձեռք մի՛ տուր, իսկ սոլդոն վերցրո՛ւ և պաղպաղակ գնի՛ր:
_ Պապի՛կ, դո ւ հեքիաթ պատմել չգիտես, ամեն ինչ խառնեցիր իրար, շփոթեցիր: Դու իսկական Շփոթ-պապ ես: Իսկ պաղպաղակ դու, մեկ է, առ ինձ համար:
_ Համաձայն եմ. ահա քեզ մի սոլդո. շուտ վազի՛ր, գնի՛ր քեզ համար համով, սառը պաղպաղակ…
Շնորհակալ եմ, պապի՛կ… շնոր-հա-կալ եմ…
Թե ինչպես կապիկները ճամփորդեցին
Մի օր կենդանաբանական այգու կապիկները որոշեցին ճամփորդել, աշխարհ ճանաչել: Որոշեցին ու ճամփա ընկան: Գնացին, գնացին, մի տեղ կանգնեցին ու հարցրին..
-Ի՞նչ է երևում:
-Առյուծի վանդակը, փոկի ավազանն ու ընձուղտի տունը:
-Ի՜նչ մեծ է աշխարհը, ու ինչքա՜ն շատ բան ես իմանում, երբ ճամփորդում ես:
Շարունակեցին ճանապարհն ու կանգ առան միայն կեսօրին:
-Հիմա ի՞նչ է երևում:
-Ընձուղտի տունը, փոկերի ավազանն ու առյուծի վանդակը:
-Ի՜նչ տարօրինակ է աշխարհը, ու ինչքա՜ն շատ բան ես իմանում, երբ ճամփորդում ես:
Նորից ճանապարհ ընկան ու կանգ առան արևամուտին:
-Իսկ հիմա ի՞նչ է երևում:
-Առյուծի վանդակը, ընձուղտի տունն ու փոկերի ավազանը:
-Ի՜նչ ձանձրալի է աշխարհը.միշտ նույն բաներն են հանդիպում. ու ճանապարհորդելն էլ ոչ մի բանի պետք չէ:
Ու այդպես, նրանք ճամփորդում էին, ճամփորդում, բայց վանդակից դուրս չէին գալիս, պտտվում էին նույն շրջանում կարուսելի ձիուկի պես:
Երիտասարդ խեցգետինը
Երիտասարդ խեցգետինը մտածում էր. «Ինչո՞ւ իմ ըտանիքում բոլորը ետ-ետ են քայլում: Ուզում եմ առաջ քայլել սովորել, ինչպես գորտերը: Քիթս կկտրեմ, թե չկարողանամ սովորել»:
Խեցգետինն սկսեց թաքուն վարժություններ անել հարազատ գետի քարերի մեջ: Սկզբում շատ էր հոգնում: Իրեն էս ու էն կողմ էր տալիս, քերծում էր զրահն ու կոխկրտում ոտքերը: Բայց, քիչ-քիչ վարժվեց: Այդպես է, չէ՞, ամեն ինչ էլ կարելի է սովորել, եթե շատ ուզես:
Երբ արդեն վստահ էր, որ հասել է նպատակին, կանգնեց իր ընտանիքի անդամների առաջ ու ասաց.
— Նայե՛ք:
Ու մի հպարտ քայլքով գնաց առաջ:
-Զավա՛կս, – հուզմունքից լաց եղավ նրա մայրը,-Հո չես գժվել: Խելքդ գլուխդ հավաքիր, քայլի՛ր եղբայրներիդ նման, որ քեզ շատ են սիրում:
Իսկ եղբայրները նայում ու փռթկացնում էին:
Հայրը խիստ հայացքով նայեց նրան, հետո ասաց.
-Դե հերի՛ք է: Եթե ուզում ես մեզ հետ մնալ, քայլիր սովորական խեցգետինների նման: Եթե չես լսի մեզ, գետը մեծ է. գնա ու մեր մասին մոռացիր:
Ճիշտ է՝ խեցգետնուկը սիրում էր իր հարազատներին, բայց նա նաև հավատում էր, որ ինքը ճիշտ է, նա չէր կասկածում: Ի՞նչ պիտի աներ: Խեցգետինը համբուրեց մորը, հրաժեշտ տվեց հորն ու եղբայրներին ու ճամփա ընկավ դեպի մեծ աշխարհ:
Երբ անցնում էր գետով, գորտերը զարմանքից շշմել էին: Էս տիկինները հավաքվել էին իրար գլխի՝ սրանից-նրանից բամբասելու:
-Աշխարհը շուռ է եկել, -ասաց նրանցից մեկը,-նայեք այս խեցգետնին, ով է այսպիսի բան տեսել;
-Է՜, հարգանք չի մնացել,-ասաց մեկ ուրիշը:
-Վա՜յ, վա՜յ, վա՜յ, -հառաչեց երրորդը:
Բայց խեցգետնուկը շարունակեց գնալ իր ճամփով: Մի քիչ հետո լսեց, որ իրեն մի մեծ, ծեր, խեցգետին է կանչում, որը տխուր դեմք ուներ ու մեն-մենակ կանգնել էր մի քարի մոտ:
-Բարի օր,-ասաց երիտասարդ խեցգետինը:
Ծերուկը երկար նայեց նրան, հետո ասաց.
-Այս ի՞նչ ես անում: Ես էլ, երբ երիտասարդ էի, քեզ նման մտածում էի, որ խեցգտիններին պիտի սովորեցնել դեպի առաջ քայլել: Բայց տես, թե ինչի հասա. ապրում եմ մեն-մենակ, ու խեցգետինները ավելի շուտ լեզուները կկտրեն, քան թե կխոսեն ինձ հետ: Քանի դեռ ուշ չէ, ականջ արա ինձ,ապրի՛ր բոլորի նման, ու մի օր, շնորհակալ կլինես այս խորհրդի համար:
Երիտասարդ խեցգետինը չգիտեր ինչ պատասխանել ու լուռ մնաց: Բայց ինքն իրեն մտածում էր.
-Չէ՛, ե՛ս եմ իրավացի:
Նա հրաժեշտ տվեց ծեր խեցգետնին, հպարտ-հպարտ շարունակեց իր ճանապարհը:
Տեսնես հեռու կգնա՞: Կհասնի՞ երջանկության: Կուղղի՞ այս աշխարհի բոլոր ծռությունները: Մենք դա չգիտենք, նա դեռ շարունակում է քայլել այնպես, ինչպես որոշել է: Միայն կարող ենք նրան հաջողություն մաղթել՝ասելով.
-ԲԱՐԻ՛ ՃԱՆԱՊԱՐՀ:
Աչքերի գանգատը
Գիտե՞ք, որ աչքերն էլ են գանգատվում: Չե՞ք հավատում: Մի անգամ իմ բախտը բերեց, ես կարողացա լսել, թե ինչպես են նրանք բողոքում:
_ Ոչ ոք չգիտի,-տրտնջում էին նրանք,-թե ի՜նչ մեղք ենք մենք, խեղճ ենք մենք: Արդեն մի քանի դար է՝ մեր կյանքն անտանելի է: Մենք միշտ տեսնում էինք, որ Արեգակը պտտվում է Երկրի շուրջը: Բայց հայտնվեցին Կոպերնիկոսն ու Գալիլեյը և ապացուցեցին, որ ես սխալվում եմ, ամեն ինչ հակառակն է՝ Երկի՛րն է պտտվում Արեգակի շուրջը:
Նայում էինք ջրի մեջ և տեսնում, որ նա մաքուր է ու թափանցիկ: Բայց հայտնվեց մի հոլանդացի Լևենգուկ, մանրադիտակ ստեղծեց և պարզվեց, որ մի կաթիլ ջրում ավելի շատ կենդանի էակ կա, քան ամենամեծ գազանանոցում:
Հիմա էլ, տե՛ս, գիշերը նայում ենք երկնքին, ա՜յ այնտեղ՝ վերև: Երկինքը սև է, ինչպես կասկածներն են լինում: Ամեն ինչ մեզ համար պարզ է, ախր մենք հրաշալի ենք տեսնում: Բայց դուրս է գալիս, որ մենք էլի սխալվում ենք: Մեզ մոտեցնում են աստղադիտակին, որն ուղղված է դեպի երկինք: Դե երկինք է էլի՝ իր լուսնով, աստղերով: Ու հանկարծ մենք տեսնում ենք, որ այնտեղ միլիոնավոր աստղեր կան: Այնպես որ՝ հիմա ուզենք թե չուզենք, ապացուցված է, որ մենք ամեն ինչ սխալ ենք տեսնում: Երևի լավ կլինի, որ մենք անցնենք թոշակի:
_ Կեցցե՛ք: Բայց առանց աչքերի ո՞վ է դիտելու մանրադիտակներով, աստղացաույցերով:
Մեծ գյուտարարը
Ժամանակին մի երիտասարդ էր ապրում: Նա երազում էր մեծ գիտնական դառնալ: Գիշեր-ցերեկ սովորում էր, երկար տարիներ, ու մի օր վերջապես ինքն իրեն ասաց.
_ Ես շատ բան եմ սովորել, գիտնական եմ դարձել և հիմա բոլորին ցույց կտամ‚ թե ինչեր կարող եմ անել:
Միանգամից անցավ փորձեր անելուն: Նա հայտնաբերեց պանրի անցքերը: Բայց հետո իմացավ‚ որ դրանք վաղուց հայտնաբերված են:
Ի՛նչ պիտի աներ, շարունակեց սովորել: Սովորում էր առավոտից իրիկուն, իրիկունից առավոտ, երկար ամիսներ: Մի օր վերջապես ինքն իրեն ասաց.
_ Ավարտելու ժամանակն է, ես շատ բան եմ սովորել, գիտնական եմ դարձել և հիմա բոլորին ցույց կտամ‚ թե ինչեր կարող եմ անել:
Նա անձրևանոցի վրայի անցքերն էր հայտանբերել,և բոլորը մի լավ ծիծաղեցին իր վրա:
Գիտնականն էլի չհուսահատվեց‚ նորից սկսեց գրքեր կարդալ‚ փորձեր անել: Ու մի օր վերջապես ինքն իրեն ասաց.
_ Ըհը՛, հիմա ես համոզված եմ‚ որ չեմ սխալվում: Հիմա ես իսկական գիտնկան եմ:
Բայց, արի ու տես, որ այս անգամ էլ սխալվեց: Նա նավերը ջրաներկով ներկեց. շա՜տ թանկ նստեց: Դա դեռ ոչինչ, ծովի ջրի գույնն էլ փոխվեց:
_ Մեկ է` ես կդառնամ մեծ գիտնական‚-որոշեց գյուտարարը, չնայած մազերն արդեն սպիտակել էին:
Նա նորից գրքերը ձեռքն առավ և այնքան պարապեց, որ իսկապես գիտնական դարձավ: Այդ ժամանակ նա կարող էր հնարել՝ ինչ ուզեր: Լուսին գնալու մի մեքենա հորինեց: Մի գնացք էլ ստեղծեց, որն ընդամենը մի բրնձահատիկով կարող էր հազարավոր կիլոմետրեր սլանալ: Կոշիկներ կարեց‚ որոնք երբեք չէին մաշվում, ու էլի լիքը հետաքրքիր բաներ..
Նա միայն մի բան չկարողացավ գտնել ՝ ինչպես սովորենք երբեք չսխալվել:
Երևի ոչ ոք էլ չի կարող դա գտնել:
Ցախավելն ու Բեֆանան
Բեֆանան ապրում է Նավոնի հրապարակում: Նոր տարուց հետո նա ցախավելն արդեն օգտագործում է միայն տարբեր աշխարհներ այցելելու համար: Նա Լուսին, Մարս, Անտարես է թռչում: Կտրում-անցնում է միգամածություններ ու գալակտիկաներ: Վերջում Բեֆանաների երկիր է վերադառնում և միանգամից հարձակվում քրոջ վրա, թե ինչու հատակը չի լվացել, կահույքի փոշին չիմաքրել և վարսավիրանոց չի գնացել: Բեֆանայի քույրը նույնպես Բեֆանա է, բայց ճամփորդել չի սիրում: Նա ամբողջ օրը տանը նստած շոկոլադ է ծամում և անիսոնե սառնաշաքար ծծում: Նա ավելի ծույլ է, քան քսանչորս կովը միասին:
Քույրերը ցախավելների խանութ ունեն։ Այդտեղից են ավել գնում Իտալիայի բոլոր Բեֆանաները` Օմենիայից, Ռեջիո-Էմիլիից, Ռիվիսոնդոլայից՝ (քաղաքներ Իտալիայում) ամեն տեղից գալիս են: Հազարավոր Բեֆանաներ կան, և նրանք շատ-շատ ցախավելներ են օգտագործում, այնպես որ, քույրերի գործը աջ է գնում: Իսկ երբ քիչ են ավել գնում, Բեֆանան քրոջն ասում է.
_ Ավել գնողները պակասել են, պետք է մի բան մտածել: Եվ դու, երևի, ճարը կգտնես. չէ՞ որ այդքան շոկոլադ ես ուտում:
_ Կարելի է ավելի էժան վաճառել: Հիշո՞ւմ ես՝ անցյալ տարի հին, վերանորոգված ցախավելներն այդպես նորի տեղ վաճառեցինք:
– Ավելի լավ բան մտածիր, թե չէ կոնֆետիդ ծախսերը կպակասեցնեմ:
Բեֆանայի քույրը լուրջ մտածում է.
_Կարելի է,-ասում է,-նորաձևություն առաջարկել, օրինակ՝ մինի-ավել:
_ Դա ի՞նչ է:
_ Շատ կարճ ավել:
_ Բայց դա անհամեստ կերևա:
_ Պա ̃հ: Մի քանի ծեր Բեֆանաներ կբարկանան, իսկ հետո, կտեսնես` ջահել Բեֆանաների ուշքը կգնա այդպիսի ավելիկների համար:
Նորաձև մինի-ցախավելները շատ Բեֆանաների դուր եկավ: Սկզբում տարեց Բեֆանաները բարկությունից պատեպատ էին զարկվում, նամակ-բողոքներ էին ուղարկում թերթերին, բողոքի ցույցեր անում: Բայց հետո նրանք էլ, վարագույրները պինդ փակում էին և թաքուն փորձում այդ կարճ ցախավելները: Մի գեղեցիկ օր նրանք էլ մինի-ցախավելներով փողոց դուրս եկան: Ժլատ Բեֆանաները պարզապես կտրում են իրենց ցախավելների պոչերը և այդպես օգտագործում: Բայց դա աչք էր ծակում, որովհետև խախտվում էր համաչափությունը, և ժլատությունն էլ նրանց պատիվ չէր բերում:
Որոշ ժամանակ անց կրկին սկսեցին կարճ ավելներ քիչ գնել:
_ Դե,- ասում է Բեֆանան քրոջը,- էլի մի բան մտածի´ր, թե չէ կինոյի փող էլ չեմ տա:
_ Բայց գլուխս էլ է սկսելն ցավել, այնքան եմ մտածում:
_ Չտածես, կինո չես գնա:
_ Օ ̃ֆ, արի մաքսի-ցախավելների նորաձևություն առաջարկենք:
_ Դա ի՞նչ է:
_ Շա ̃տ երկար ցախավել, երկու անգամ երկար, քան պետք է:
_ Քո կարծիքով դա ավելորդություն չի՞ լինի:
_ Իհարկե, ավելորդություն կլինի, հենց դրա համար էլ կսկսեն շատ գնել:
Այն օրը, երբ առաջին Բեֆանան` մի շատ երիտասարդ և սլացիկ Բեֆանիկ, հասարակության մեջ հայտնվում է իր մաքսի-ցախավելով, բոլոր Բեֆանաները ուղղակի նախանձից խելագարվում են՝ քսանյոթ ուշագնացություն, երեսունութ նյարդային նոպա և քառասունինը հազար հեծկլտոց: Դեռ երեկո չեղած՝ արդեն մաքսի-ցախավելների խանութի առջև այնպիսի երկար հերթ առաջացավ, որ դրա վերջը մինչև Բուստո Արսիցիո էր հասնում:
Հաջորդ տարի Բեֆանայի քույրը հայտնագործում է միդի–ցախավելը և քրոջից սալորաչրի միջուկով շոկոլադի տուփ ՝ ստանում: Տուփը ո´չ մեծ էր, ո´չ փոքր, միջին էր: Բեֆանաները շատ են հարստանում և փոշեկուլի խանութ են բացում:
Հենց այդ ժամանակից սկսվում են դժբախտությունները, որովհետև Բեֆանաները թռչում էին ոչ թե ցախավելներով, այլ փոշեկուլներով և ներս են քաշում ամպերը, գիսաստղերը, մեծ ու փոքր թռչուններին, օդապարիկները, երկնաքարերը, բնական և արհեստական արբանյակները, փոքր մոլորակները, չղջիկներին և նույնիսկ լատիներեն դասավանդողներին: Իսկ մի Բեֆանա անուշադրության պատճառով մի անգամ ներս է քաշում ինքնաթիռն իր ուղևորներով: Հետո նա ստիպված բոլորին ծխնելույզով տուն է հասցնում :
Փոշեկուլն, իհարկե, օգտակար է մաքրության համար: Իսկ ճամփորդելու համար, ինչ ուզում ես արա, հին ցախավելն ավելի հարմար է:
Ալիսա–գլորիկը
Մի աղջիկ կա: Նրան Ալիսա Գլորիկ են ասում: Հիմա քեզ կպատմեմ նրա մասին: Գիտե՞ս՝ ինչո՞ւ են նրան «Գլորիկ» ասում: Որովհետև նա շարունակ գլորվում-ընկնում է, շարունակ ու ամեն տեղ: Մի անգամ պապը փնտրում է նրան, որ պարտեզ տանի.
_ Ալիսա՜… որտե՞ղ ես:
_ Այստեղ եմ, պապի՜կ:
_ Որտե՞ղ՝ այստեղ:
_ Եսիմ…: Զարթուցիչի մեջ:
Այո՛, պատկերացնո՞ւմ ես, զարթուցիչի մեջ էր…Նա ուզել է իմանալ, թե ի՞նչն է այնտեղ շարունակ տկտկում: Այնքա՜ն է ուզել, այնքան, որ բացել է ժամացույցի ետևի դռնակը և մի ակնթարթում ընկել անիվների ու զսպանակների մեջ: Հիմա նա ստիպված է շարունակ ցատկոտել անիվի մի ատամից մյուսը, որպեսզի ընկնի խելացի պտուտակների տակ, որոնք հա պտտվում են և կրկնում.«Թի՛կ-թա՛կ, թի՛կ-թա՛կ…»:
Մի անգամ էլ պապը կանչում է նրան նախաճաշի.
_ Ալիսա՜… Որտե՞ղ ես:
_ Այստեղ եմ, պապի՜կ:
_ Ո՞րտեղ՝ այստեղ:
_ Դե այստե՛ղ էլի, հենց կողքիդ շշի մեջ…:
_ Ինչպե՞ս ընկար այդտեղ:
_ Ես շատ ծարավ էի, ուզեցի շշից ջուր խմել, ու՝ թրը՛մփ… ընկա մեջը…
Էս Ալիսան ընկել էր ջրով լցված շշի մեջ և հիմա ստիպված շարունակ ոտքերն էր շարժում ու ձեռքերով թիավարում, որպեսզի չխեղդվի: Լավ է, որ ամռանը, երբ նրան տարել էին Սպերլոնգ (ծովափնյա քաղաք Իտալիայում), սովորել էր գորտի նման լող տալ:
_ Մի քիչ դիմացիր, հիմա ես քեզ կհանեմ:
Պապը շշի մեջ բարակ թոկ իջեցրեց: Ալիսան ճարպկորեն բարձրացավ այդ պարանով և դուրս եկավ շշից: Հենց այդ ժամանակ էլ նա հասկացավ, թե որքան օգտակար է սպորտով զբաղվելը:
Մի անգամ էլ Ալիսան կորավ: Ե՛վ պապն էր նրան փնտրում, և՛ տատն էր նրան փնտրում, և՛ հարևանուհին էր փնտրում, այն հարևանուհին, որ ամեն օր գալիս էր նրանց տուն՝պապիկի լրագիրը կարդալու. այդպես նա քառասուն լիրա էր տնտեսում:
_ Տե՛ր Աստված, ա՛յ քեզ դժբախտություն,-շշնջում էր սարսափահար տատը: _Ի՞նչ պիտի անենք, եթե չգտնենք նրան մինչև հոր ու մոր վերադարձը:
_ Ալիսա՜… Ալիսա՜… Որտե՞ղ ես… Ալիսա՜…:
Բայց այս անգամ Ալիսան չէր պատասխանում և չէր էլ կարող պատասխանել: Խոհանոցով անցնելիս նա իր հետաքրքրասեր քիթը խոթեց այն դարակի մեջ, որտեղ պահում էին սփռոցներն ու անձեռոցիկները: Ուզեց նայել դարակի մեջ, և… գլորվեց ներս: Գլորվեց ու… ու քնեց փափուկ սփռոցների մեջ: Ինչ-որ մեկը անցնելիս դարակը ետ հրեց: Հա՜, ո՞ւմ մտքով կանցներ, որ Ալիսան այնտեղ է: Երբ նա արթնացավ, տեսավ, որ շուրջը մութ-մութ է, բայց բոլորովին էլ չվախեցավ. մի անգամ նա գլորվել էր լվացարանի խողովակը, ա՛յ, այնտեղ շատ ավելի մութ էր…
«Շուտով երևի ընթրիքի համար սեղան կգցեն, կուզենան սփռոցը հանել ու կգտնեն ինձ»: Բայց ինչպե՞ս կարող էին ընթրիքի մասին մտածել, երբ Ալիսան կորել էր, չկար ու չկար: Ոչ-ոք էլ չհիշեց ընթրիքի մասին: Երեկոյան, երբ վերադարձան Ալիսայի հայրն ու մայրը, նրանք բարկացան տատի ու պապի վրա:
_ Այդպե՞ս եք երեխա խնամում:
_ Մեր երեխաները լվացարանների մեջ չէին գլորվում,-արդարացան պապն ու տատը:-Մեր ժամանակներում երեխաները շա՜տ-շատ մահճակալից էին գլորվում, բայց դրանից մեծ վնաս չէր լինում, միայն ճակատներին մի փոքրիկ ուռուցք էր գոյանում:
Ալիսան սպասեց-սպասեց, ձանձրացավ, մի կողմ քաշեց սփռոցներն ու անձեռոցիկները, հասավ դարակի հատակին և ամբողջ ուժով սկսեց ոտքերով դոփել: «Թը՛խկ… թը՛խկ… թը՛խկ…»:
_Սսս…,-ասաց հայրիկը,-ոնց որ թե ինչ-որ տեղ թակում են:
Ալիսան սկսեց ավելի ուժեղ թակել՝ թ՛խկ… թը՛խկ… թը՛խկ…:
Դու պետք է տեսնեիր, թե ինչպես էին նրան գրկում ու համբուրում, երբ գտան դարակում…: Իսկ Ալիսա՞ն… Նա օգտվեց առիթից և գլորվեց հայրիկի բաճկոնի գրպանը: Երբ նրան հանում էին այնտեղից, նա ամբողջությամբ ներկված էր թանաքով, որովհետև խելքին փչել էր խաղալ հայրիկի ինքնահոսով:
Ցրված տղա Ջովանիի պատմությունը
_ Մա՛մ, գնում եմ զբոսնելու:
_ Գնա՛, Ջովանի՛, բայց փողոցն անցնելիս զգույշ կլինես:
_ Լա՛վ, մա՛մ: Հաջող:
_ Դու միշտ էլ այնքան թափթփված ես, որ…
_ Հա՛, մա՛մ: Հաջող:
Եվ Ջովանին ուրախ-ուրախ տանից դուրս թռավ:
Սկզբում նա շա՜տ ուշադիր էր: Անընդհատ կանգնում էր, շոշափում էր ինքն իրեն.
_ Ամեն ինչ տեղո՞ւմ է, ոչ մի բան չե՞մ կորցրել,-հարցնում էր ինքն իրեն ու ծիծաղում:
Ջովանին այնքան գոհ էր իր ուշադրությունից, որ ուրախությունից ճնճուղի նման թռվռում էր: Հետո սկսեց ցուցափեղկերը դիտել, մեքենաներին նայել, ամպերին: Պարզ է չէ՞, անախորժություններն սկսվեցին:
Շատ քաղաքավարի մի պարոն թեթև նախատեց նրան.
_ Էս ի՜նչ թափթփված ես դու, ա՛յ տղա: Տե՛ս, մատներդ կորցրել ես:
_ Վա՜յ, ճիշտ որ: Էս ի՜նչ թափթփվածն եմ ես:
Ջովանին սկսեց մատները փնտրել: Բայց մի դատարկ բանկա գտավ: Դատա՞րկ: Տեսնես առաջ ի՞նչ է եղել դրա մեջ, հո միշտ դատարկ չի՞ եղել… Ջովանին արդեն մոռացել էր, որ ինքն իր մատները պիտի փնտրեր: Հետո արդեն բանկայի մասին էլ մոռացավ, որովհետև մի կաղ շուն տեսավ:
Նա ընկավ շան ետևից, բայց չէր հասցրել մինչև տան ետևը վազել, երբ կորցրեց ձեռքը: Կորցրեց ու չնկատեց էլ: Վազում է իր համար, ոնց որ ոչ մի բան չի եղել:
Մի բարի մորաքույր կանչում է նրա ետևից.
_ Ջովանի՜, Ջովանի՜: Ձեռքդ կորցրել ես:
Բայց նրա պետքն էլ չէր, չլսեց:
_ Դե լավ, ոչինչ,-որոշեց բարի տիկինը,-ձեռքը կտանեմ մորը կտամ: Եվ նա գնաց Ջովանիենց տուն:
_ Սինյորա՛, ահա ձեր տղայի ձեռքը:
_ Ա՛յ թափթփվածի մեկը: Չգիտեմ ինչ անել այդ ցրվածին: Այսպիսի ցրված մարդ կյանքումս չեմ տեսել:
_ Այո, իհարկե: Բայց աշխարհի բոլոր երեխաներն էլ այդպիսին են:
Մի քիչ հետո մի ուրիշ բարի տիկին եկավ:
_ Սինյորա՛, ես ինչ-որ մեկի ոտքն եմ գտել: Կարո՞ղ է սա Ձեր Ջովանիինն է:
_ Իհարկե՝ նրանն է: Ծակ կոշիկից ճանաչեցի: Էս ինչ ցրված տղա ունեմ: Չգիտեմ՝ ինչ անեմ նրան:
_ Այո՛, իհարկե: Բայց աշխարհի բոլոր երեխաներն էլ այդպիսին են:
Մի քիչ էլ ժամանակ անցավ. Ջովանիենց տուն հերթով եկան տարբեր մարդիկ: Մի ծեր տատիկ, բլիթներ բաժանողը, վագոնավար և նույնիսկ մի թոշակառու ուսուցչուհի: Բոլորը Ջովանիի ինչ-որ մասն էին բերում՝ մեկը՝ ոտքը, մեկը՝ ականջը, մեկը՝ քիթը:
_ Աշխարհում իմ տղայի նման ցրված տղա չկա,- հուսահատվում էր մայրը:
_ Իզուր եք հուսհատվում, տիկի՛ն, աշխարհի բոլոր երեխաներն էլ այդպիսին են:
Վերջապես հայտնվեց նաև ինքը՝ Ջովանին ` թռչկոտելով մի ոտքի վրա, բայց ինչպես միշտ ճնճուղի նման ուրախ ու համարձակ: Իսկ մայրիկը միայն գլուխն էր տմբտմբացնում: Հետո նրան հավաքեց-կարգի բերեց և համբուրեց:
_ Ամեն ինչ տեղում է, մա՛մ: Ոչ մի բան չե՞մ կորցրել: Տեսնո՞ւմ ես՝ ինչ տղա եմ:
_ Այո՜, դրանից լավ չի լինում:
Թե ինչպես Ջովանինոն ձեռք տվեց թագավորի քթին
Մի անգամ Անբան Ջովանինոն որոշեց Հռոմ գնալ, որ թագավորի քթին ձեռք տա: Բարեկամները համոզում են նրան.
_ Տե’ս, վտանգավոր է, փորձանքի մեջ կընկնես: Թագավորը կարող է բարկանալ, և դու ինքդ կարող ես սեփական քթից զրկվել, կարող է գլխից էլ զրկվես:
Բայց Ջովանինոն համառ մարդ էր: Ճամփա ընկնելուց առաջ նա որոշեց փորձել, ձեռք տալ հոգևորականի, քաղաքապետի և ոստիկանապետի քթերին: Նա դա ճարպկորեն և զգույշ արեց, նրանք ոչ մի բան չնկատեցին:
_ Դա դժվար բան չէՙ-որոշեց Ջովանինոն և ճամփա ընկավ: Եկավ հարևան քաղաք, իմացավ՝ որտեղ են ապրում քաղաքապետն ու դատավորը, այցելեց նրանց, դիպավ բոլորի քթերին՝ որին մի մատով, որին՝ երկու: Այդ լուրջ մարդկանց դա այնքան էլ դուր չեկավ իհարկե: Բոլորը մտածում էին, որ Ջովանինոն դաստիարակաված մարդ է և կարող է ամեն ինչի մասին զրուցել: Քաղաքապետը մտքում ինքն իրեն բարկացավ, բայց համենայնդեպս հարցրեց.
_ Դուք ինչո՞ւ ձեռք տվեցիք իմ քթին:
_ Ի՜նչ եք ասում, պարո’ն քաղաքապետ,-իբր թե զարմացավ Ջովանինոն:-Ձեզ երևի թվացել է: Գուցե ճանճ կամ մոծակ է եղել:
Քաղաքապետը շուրջը նայեց, ո’չ ճանճ տեսավ, ո’չ մոծակ: Բայց Ջովանինոն հասցրել էր ծլկել, դեռ դուռն էլ հետևից ծածկել էր: Ջովանինոն մի տետր էր պահում: Նա գրում էր բոլոր այն քթերի մասին, որոնց ինքը ձեռք էր տվել: Դրանք բոլորը շատ կարևոր պաշտոնյա քթեր էին: Հռոմում քթերի թիվն այնքան արագ էր ավելանում, որ Ջովանինոն ստիպված էր ավելի հաստ տետր գնել: Եթե անցնես Հռոմի փողոցներով, հաստատ կհանդիպես գոնե մի զույգ Ձերդ գերազանցության, մի քանի նախկին նախարարների, տասնյակ գեներալների: Էլ չեմ խոսում տարբեր նախագահների, Հռոմում նրանք աղքատներից շատ են: Եվ այդ բոլոր պաշտոնավոր քթերը Ջովանինոյի ձեռքի տակ էին: Երբ նա ձեռք էր տալիս դրանց, մարդիկ դա պատիվ էին համարում: Մի պաշտոնյա նույնիսկ իր հպատակներին պատվիրեց այդ սովորութը օրենք դարձնել:
_ Այսուհետ և ընդմիշտ ինձ խոնարհվելու փոխարեն քթիս ձեռք կտաք: Դա ավելի ժամակակից և բարեկիրթ է:
Սկզբում ենթակաները վախվխելով էին ձեռք տալիս իրենց ղեկավարների քթերին: Իսկ ղեկավարները ոգևորում էին, ժպտում նրանց: Եվ սկսվե՜ց… Բոլորը ձեռք էին տալիս, ճմկտում էին, քաշում էին իրենց ղեկավարների քթերը:
Ջովանինոն իհարկե չէր մոռանում, թե ինչի համար է Հռոմ եկել. Նա պիտի թագավորի քթին ձեռք տար և հարմար առիթի էր սպասում: Եղավ այդպիսի առիթ: Դա թագավորի զբոսանքի օրն էր: Ջովանինոն նկատեց, որ ժամանակա առ ժամանակ ժողովրդի միջից մեկը դուրս է վազում, թռչում է թագավորական կառքի ոտնակին և թագավորին ծրար էր տալիս՝ ինչ-որ խնդրանքով: Թագավորը այն ժպտալով տալիս է իր առաջին նախարարին: Երբ կառքը մոտեցավ Ջովանինոյին, նա թռավ կառքի ոտնակի վրա: Թագավորը բարեհամբույր ժպտում էր նրան:
_Ձեր թույլտվությամբ,- ասաց Ջովանինոն և ցուցամատով շոյեց թագավորի քթի ծայրը: Թագավորը նույն պահին ձեռքը զարմացած տարավ քթին, ուզում էր մի բան ասել, բայց Ջովանինոն արդեն թռել էր ոտնակից և թաքնվել մարդկանց մեջ: Բոլորը սկսեցին ծափահարել, բոլորը հիացած ուզում էին նույն բանն անել: մեկը մյուսի ետևից թռչում էր կառքի ոտնակին, բռնում էր թագավորի քիթը և մի ուժեղ քաշում:
_ Մի՛ անհանգստացեք, Ձերդ պայծառափայլություն: Դա հարգանքի նոր ձև է,- թագավորի ականջին շշնջաց առաջին նախարարը:
Բայց թագավորի ծիծաղը բոլորովին չէր գալիս, որոհետև քիթը ուռել էր, հիվանդացել, հարբուխ էր սկսվել: Նա չէր հասցնում քիթը մաքրել: Նրա հավատարիմ ծառաները նրան հանգիստ չէին թողնում, ծիծաղելով շարունակում էին նրա քիթը քաշել: Մի խոսքով՝ թագավորն հիմա մի բան էր երազում՝ միայն թե քիթը չպոկվի: Իսկ Ջովանինոն, ինքն իրենից գոհ, վերադարձավ իրենց գյուղ:
Երկիր, որտեղ բոլոր բառերը սկսվում են «Չ»-ով
Այո՜, Ջովանինո Անբանը հայտնի ճանապարհորդ էր: Ճամփորդեց նա, ճամփորդեց և հայտնվեց մի զարմանալի երկրում: Ինչն էր զարմանալի՞: Այստեղ բոլոր բառերը սկսվում էին «Չ»-ով:
_ Սա ի՞նչ երկիր է,-հարցրեց նա մի քաղաքացու, որը հանգստանում էր ծառի տակ: Պատասխանի փոխարեն, այս մարդը գրպանից հանեց գրչահատ դանակը և ուղղակի տվեց Ջիովանինոյին.
_ Տեսնո՞ւմ ես:
_ Տեսնում եմ: Դանակ է, էլի՛:
_ Ա՛յ սխալվեցիր: Սա Չդանակ է, ավելի ճիշտ՝ դանակ է, որի սկզբում «Չ» է դրված: Սա նրա համար է, որ մատիտների փշրանքները սրելով դարձնի նոր մատիտներ: Դպրոցականների համար շա՜տ օգտակար իր է:
_ Հրաշալի՜ է,-հիացած բացականչեց Ջիովանինոն – ուրիշ ի՞նչ կա:
_ Ուրի՞շ… մենք Չկախիչ էլ ունենք:
_ Այսինքն՝ ուզում եք ասել` կախի՛չ:
_ Ո՛չ, հենց այնպես, ինչպես ասացի` Չը-կա-խիչ: Կախիչից ի՞նչ օգուտ, եթե բան չունենամ կախելու: Ա՜յ, մեր Չկախիչը այլ բան է: Նրանից ոչինչ կախել պետք չէ, նրա վրա ամեն ինչ արդեն կախված է: Քեզ վերարկո՞ւ է հարկավոր` խնդրեմ՝ վերցրո՛ւ: Ասենք ինչ-որ մեկին պիջակ է պետք, պետք չէ խանութ վազել գնելու համար: Պետք է մոտենալ Չկախիչին և վերցնել պիջակը: Մենք ունենք և՛ ամառային, և՛ ձմեռային Չկախիչներ, ունենք Չկախիչներ տղամարդականց համար, առանձին Չկախիչներ՝ կանանց համար: Սա փող խնայելու շատ լավ միջոց է:
_ Լա՜վ… էլ ի՞նչ կա:
_ Հա՜, մենք նաև Չֆոտոխցիկ ունենք, որը սովորական նկարներ նկարելու փոխարեն մուլտֆիլմեր է նկարում և մարդկանց ուրախացնում: Ունենք նաև Չհրացան:
_ Վա՜յ, ինչ սարսափելի է:
_ Ո՜չ, ինչ եք ասում… Չհրացանը այնքան էլ հրացան չէ: Չհրացանը նրա համար է, որ վերջ դնի պատերազմին:
_ Ինչպե՞ս թե, իսկ ո՞նց է դա լինում:
_ Շա~տ պարզ, անգամ երեխան կարող է այն գործի գցել: Եթե հանկարծ պատերազմ է սկսվում, մենք անմիջապես Չշեփոր ենք փչում և կրակում Չհրացանով, պատերազմը տեղնուտեղը դադարում է:
_ Ինչ հրաշալի է այս երկիրը` որտեղ ամեն ինչ սկսվում է «Չ»-ով:
Երկիր, որտեղ ոչ մի սուր բան չկա
Անբան Ջովանինոն շատ էր սիրում ճամփորդել: Ճամփորդեց-ճամփորդեց, ու հայտնվեց մի երկրում, որտեղ ոչ մի սուր բան չկար: Տներն այդ երկրում կառուցված էին առանց սուր անկյունների, դրանք կլոր էին: Շենքերի տանիքներն էլ էին կլոր: Ճանապարհին, որով քայլում էր Ջովանինոն, թփերի ու վարդերի պուրակ կար: Ջովանինոն ցանկացավ վարդով զարդարել իր բաճկոնը: Նա փորձեց զգուշությամբ պոկել վարդը, որ մատը չծակի, բայց հանկարծ նկատեց, որ փշերը չեն էլ ծակում: Պարզվում է, դրանք բոլորովին էլ սուր չեն, պարզապես ձեռքդ մի քիչ խուտուտ են տալիս:
_ Այ քեզ հրա՜շք,-զարմացավ Ջովանինոն:
Հենց այդ պահին վարդի թփերի ետևից հայտնվեց քաղաքի պարեկը և քաղաքավարի ժպտալով՝ ասաց Ջովանինոյին.
_ Դուք երևի չգիտեք, որ չի կարելի վարդ քաղել:
_ Ներեցե՛ք ինձ … ես չմտածեցի, որ…
_ Այդ դեպքում Դուք պետք է վճարեք տուգանքի կեսը,-ասաց պարեկը նույն հաճելի ժպիտով և սկսեց անդորրագիր գրել: Ջովանինոն հանկարծ նկատեց, որ պարեկի գրչածայրը սուր չէ, բութ է: Նա հարցրեց պարեկին.
_ Ներեցե՛ք, կարելի՞ է Ձեր թուրը տեսնել:
_ Խնդրեմ ,-ասաց պարեկը և Ջովանինոյին տվեց իր թուրը: Պարզվեց, որ թուրն էլ սուր չէ, բութ է:
_ Լավ, էս ի՞նչ զարմանալի երկիր է, էս ո՞ւր եմ ընկել: Այստեղ ամեն ինչ տարօրինակ է:
_ Մեր երկրում ոչ մի սուր բան չկա,-բացատրեց պարեկը այնքան քաղաքավարի, որ ամեն մի բառը կարելի էր մեծատառով գրել:-Բա՛, վաղուց արդեն առանց մեխերի ենք յոլա գնում:
_ Մեխե՞ր,-հարցրեց Ջովանինոն,-չէ ՞ որ դրանք պետք է սուր լինեն:
_ Մենք վաղուց արդեն առանց մեխերի ենք յոլա գնում: Չէ՞ որ սոսինձ կա: Իսկ հիմա բարի եղեք ինձ երկու անգամ ապտակել:
Ջովանինոյի բերանը զարմանքից բաց մնաց, կարծես պատրաստվում էր միանագամից մի մեծ տորթ կուլ տալ:
_ Ո՜չ, ի՜նչ եք ասում, ես չեմ ուզում հայտնվել բանտում քաղաքի պարեկին վիրավորելու համար: Եթե այդպես է, ե՛ս պետք է երկու ապտակ ստանամ, ոչ թե դուք:
_ Դուք երեևի չգիտեք, մեզ մոտ այդպես է ընդունված,-սիրով բացատրեց պարեկը,-լրիվ տուգանքը՝ չորս ապտակ, տուգանքի կեսը՝ երկու,-պատասխանեց պարեկը:
_ Երկու ապտակ՝ պարեկի՞ն:
_ Պարեկին:
_ Դա արդար չէ: Այդպես չի՛ կարելի:
_ Իհարկե արդար չէ: Իհարկե՝ այդպես չի կարելի,-պատասխանեց պարեկը:-Դա այնքան անարդար և սարսափելի է, որ մարդիկ օրենքները չեն խախտում, այնպիսի բաներ չեն անում, որի համար տուգանք պիտի մուծվի. նրանք ամեն ինչ անում են, որ չապտակեն անմեղ պարեկներին: Դե՛, ես սպասում եմ. տվեք ինձ երկու ապտակ և մյուս անգամ ավելի զգույշ կլինեք:
_ Բայց ես չեմ ուզում նույնիսկ Ձեր այտը ճմկտել, ուր մնաց՝ ապտակեմ:
_ Այդ դեպքում ես պիտի խնդրեմ, որ գնաք մեր երկրից: Ես կուղեկցեմ Ձեզ մինչև սահման:
Ջովանինոն, որ շատ էր ամաչում, ստիպված հեռացավ այն երկրից, որտեղ ոչ մի սուր բան չկար: Ինչ էլ լինի, մեկ է, մինչև հիմա նա երազում է վերադառնալ այնտեղ, որ ապրի աշխարհի ամենաքաղաքավարի օրենքներով և ամենադաստիարակված մարդկանց հետ, մի քաղաքում, որտեղ ոչ մի սուր բան չկա:
Երկիր, որտեղ բոլոր մարդիկ կարագից են
Մի անգամ մեծ ճամփորդ Անբան Ջովանինոն հայտնվեց մի երկում, որտեղ բոլոր մարդիկ կարագից էին: Արևից նրանք հալչում էին ու այդ պատճառով ստիպված էին անընդհատ ստվերում լինել, թաքնվել սառը տեղերում: Նրանց քաղաքում սովորական տների փոխարեն հսկա սառնարաններ էին: Ջովանինոն քայլում էր տարօրինակ քաղաքի փողոցներով: Մարդիկ կանգնած էին իրենց սառնարան-տների պատուհանների մոտ՝ գլխներին սառցե սրվակներ դրած: Բոլոր սառնարանների դռներին հեռախոս էր կախած, որով հնարավոր էր խոսել տան բնակիչների հետ:
_ Բարև,-խոսեց Ջովանինոն սառնարաններից մեկի հեռախոսով:
_ Բարև,-պատասխանեցին ներսից:
_ Ո՞վ է խոսում,-հարցրեց Ջովանինոն:
_ Այն երկրի թագավորը, որի բոլոր բնակիչները կարագից են: Ինձ հարել են ամենաբարձր տեսակի սերուցքից, որ ստացել են շվեյցարական կովերի կաթից: Դուք ուշադրություն դարձրեցի՞ք իմ սառնարանին:
_ Ո’չ, իսկ ի՞նչ կա որ: Հա՜, հասկացա: Այն մաքուր ոսկուց է… Եվ ի՞նչ… Դուք այդպես էլ դրա միջից դուրս չե՞ք գալիս:
_ Չէ՜, ինչո՛ւ, մեկ-մեկ դուրս եմ գալիս: Ձմռանը: Երբ ուժեղ սառնամանիք է լինում: Սահում եմ սառցե մեքենայով:
_ Իսկ եթե Ձերդ մեծության սահելու ժամանակ արևը դուրս գա՞…Ի՞նչ կլինի այդ ժամանակ:
_ Չի կարող արևը դուրս գալ: Դա արգելված է: Ես անմիջապես կհրամայեմ իմ զինվորներին՝ նրան բանտ նստեցնել:
_ Չէ՜ մի, արևին՝ բանտ,-բարկացավ Ջովանինոն, գցեց ծխամորճը և գնաց ուրիշ երկրներում ճամփորդելու:
Շոկոլադե ճանապարհը
Բառլետտա քաղաքում երեք եղբայրներ էին ապրում: Մի անգամ նրանց բախտը բերեց: Ոչ մեկին բախտը դեռ այդպես չէր ժպտացել, և ով գիտե, էլ այդպիսի բան կլինի՞, թե՞ ոչ:
Մի օր նրանք զբոսնում էին քաղաքից դուրս և մի տարօրինակ ճանապարհ տեսան. հարթ, փայլուն և ամբողջովին շագանակագույն:
_ Հետաքրքիր է, ինչի՞ց է պատրաստված այս ճանապարհը,-զարմացավ մեծ եղբայրը:
_ Չգիտեմ, բայց հաստատ տախտակներից չէ,- ասաց միջնեկ եղբայրը:
_ Ասվալտի նման չէ,-ավելացրեց փոքր եղբայրը:
Գուշակում էին նրանք, գուշակում, հետո ծնկի իջան և լպստեցին ճանապարհը: Պարզվեց՝ ճանապարհը ամբողջովին շոկոլադե սալիկներից էր պատրաստված: Եղբայրներն իրենց չկորցրին և սկսեցին ուտել: Կտոր-կտոր կերան-կերան, մեկ էլ ըհը՝ մութն ընկավ: Իսկ նրանք դեռ ուտում ու ուտում էին: Կերան ամբողջ ճանապարհը: Ոչ մի կտոր չթողեցին: Կարծես՝ ոչ ճանապարհ էր եղել, ոչ էլ շոկոլադ:
_ Էս ո՞ւր ենք հասել,-զարմացավ մեծ եղբայրը:
_ Չգիտեմ, բայց սա Բառին չէ,- պատասխանեց միջնեկ եղբայրը:
_ Իհարկե մենք Մոլետտեում էլ չենք,-ավելացրեց փոքր եղբայրը:
Մոլորվեցին եղբայրները: Ի՛նչ անեն, ի՛նչ չանեն: Իրենց բախտից մի գյուղացու հանդիպեցին, նա իր սայլակով հանդից էր գալիս:
_ Եկեք ձեզ տուն տանեմ,- ասաց գյուղացին և տարավ եղբայրներին Բառլետտա՝ ուղիղ իրենց տան մոտ:
Տղաները իջան սայլակից և տեսան, որ սայլակն էլ թխվածքաբլիթներից է պատրաստված: Շատ ուրախացան և, առանց երկար-բարակ մտածելու, սկսեցին ագահորեն ուտել այն: Սայլակից ոչինչ չմնաց, նույնիսկ անիվները կերան:
Պաղպաղակե դղյակը
Մի Բոլոնիա քաղաք կար: Էս Բոլոնիա քաղաքի ամենա-ամենագլխավոր հրապարակում մի պաղպաղակե դղյակ էր հայտնվել: Է՛, պաղպաղակե դղյակ… ո՛վ չի ուզի այն լպստել… Քաղաքի բոլոր ծայրերից երեխաները փախան-եկան, որ մի քիչ լպստեն: Մեծերն էլ եկան: Դղյակի տանիքը կաթնային սերուցքից էր, ծխնելույզներից բարձրացող ծուխը` ծուռմռտիկ շաքարից, իսկ ծխնելույզները` մրգաշաքարից: Մնացած ինչ կար-չկար պաղպաղակից էր` դռները պաղպաղակից էին, պատերը պաղպաղակից էին, կահուքը պաղպաղակից էր: Մի փոքր տղա սկսեց լպստել սեղանի ոտքը: Հետո էս տղան կերավ սեղանի մյուս ոտքը, էն մյուս ոտքը, իսկ երբ կերավ վերջին ոտքը, սեղանն իր ափսեներով ընկավ ուղիղ տղայի վրա… Ափսեներն էլ էին պաղպաղակից: Մեկ էլ քաղաքի պահակը տեսավ, որ դղյակի մի պատուհանը հալչում է: Էս պատուհանի ապակիներն էլ ելակի պաղպաղակից էին, դարձել էին վարդագույն առվակ ու իրենք իրենց հոսում էին:
_ Վազեք այստե՜ղ, շուտ արե՜ք,-կանչեց պահակը երեխաներին:
Բոլորը վազելով եկան և սկսեցին լպստել վարդագույն առվակը, որ ոչ մի կաթիլ չկորչի:
_ Բազկաթո՜ռը: Ինձ բազկթոռը տվե՜ք,-աղաչում էր մի ծեր տատիկ, որ եկել էր պաղպաղակ ուտելու, բայց չէր կարողանում մոտենալ պալատին:-Բազկաթոռն ինձ տվեք, ես խեղճ, ծեր տատիկ եմ: Օգնեք ինձ: Բազկաթոռը տվեք: Հենակներն էլ տվեք, էլի՜:
Մի բարի հրշեջ վազեց-բերեց համով կրեմից պատրաստված բազկաթոռը: Էս տատիկը մի լա՜վ ուրախացավ, շտապ-շտապ սկսեց լպստել բազկաթոռի հենակները: Ի՜նչ լավ օր էր, է՜…Իսկական տոն էր Բոլոնիայում: Բժիշկների հրամանով այդ օրը ոչ մեկի փորիկը չցավեց:
Դրանից հետո երեխաները հենց երկրորդ բաժին պաղպաղկն են ուզում, ծնողները տխուր ասում են.
_ Է՜, բարեկամս, քեզ երևի պաղպաղակե դղյակ է պետք, էն էլի, որ Բոլոնիայում է եղել: Այ, այդ ժամանակ դու կկշտանայիր:
Բի մոլորակը
«Բի» մոլորակի վրա գրքեր չկան: Գիտելիքներն անյտեղ վաճառում և գնում են շշերի մեջ: Պատմությունն, օրինակ, վարդագույն ջուր է, նռան հյութի նման, աշխարհագրությունը՝ անանուխի կանաչ ջուր, իսկ քերականությունը անգույն հեղուկ է, ոնց որ հանքային ջուր լինի:
«Բի» մոլորակի վրա դպրոցներ չկան: Ամեն մեկն իր տանն է սովորում: Առավոտյան բոլոր երեխաները, կախված տարիքից, պետք է մի բաժակ պատմություն խմեն, մի քանի գդալ մաթեմատիկա ուտեն և այդպես՝ շարունակ: Պատկերացնո՞ւմ եք, այսքանից հետո երեխաները դեռ կամակորություն են անում:
_ Խելացի եղիր,-համոզում է մայրը: – Մի՞թե դու չգիտես, թե ինչքան համեղ է կենդանաբանությունը: Ախր այն շատ քաղցր է, է՛: Հարցրո՛ւ Կարոլինային (Կարոլինան նրանց տան էլեկտրական ռոբոտն է):
Կարոլինան համաձայնում է փորձել շշի պարունակությունը: Մի քիչ լցնում է իր բաժակի մեջ, խմում է և վայելում:
_ Ի՜նչ համեղ է,- բացականչում է նա և անմիջապես սկսում է շարադրել իր ստացած գիտելիքները. «Կով՝ որոճացող անասուն, սնվում է խոտով և մեզ շոկոլադե կաթ է տալիս…»:
_ Ա՛յ, տեսնո՞ւմ ես,- ասում է մայրը՝ ինքն իրենից գոհ:
Դե ինչ պիտի անի: Նա մի թեթև գուշակում է, որ խոսքը կենդանաբանության մասին չէ, այլ՝ ձկան յուղի, բայց հետո հավաքում է իրեն, փակում է աչքերը և ծափահարությունների ներքո մի կումով կուլ է տալիս դասը:
Այնտեղ կան նաև ջանասեր աշակերտներ, կան աշխատասերներ և նույնիկ՝ ուսման ծարավներ: Նրանք արթնանում են կեսգիշերին, զգույշ վերցնում են պատմության շիշը և խմում մինչև վերջին կաթիլը: Դրանից նրանք շատ կրթված են դառնում:
Մանկապարտեզ հաճախող երեխաների համար էլ ուսումնական կոնֆետներ կան: Դրանք ելակի կամ արքայախնձորի համ ունեն, պարունակում են մի քանի պարզ բանաստեղծություն, շաբաթվա օրերի անվանումները, մեկից մինչև տասը թվերը: Իմ ընկեր տիեզերագնացը ինձ մի այդպիսի կոնֆետ տվեց: Ես այն իմ աղջկան տվեցի, և նա անմիջապես սկսեց Բի մոլորակի լեզվով գրված ծիծաղելի բանաստեղծություն կարդալ: Այն մոտավորապես այսպես էր հնչում.
Անտա-անտա, պերո-պերո,
Պինտա-պինտա, պիմ պերո:
« Լացել» բառը
Այս պատմությունը դեռ տեղի չի ունեցել, բայց անպայման տեղի կունենա Վաղը: Դե լսեք: Այդ օրը, որ կոչվում է «Վաղը», մի ծեր ուսուցչուհի զույգերով կանգնեցնում է իր աշակերտներին և տանում Անցյալի Թանգարան: Անցյալի Թանգարանում հին իրեր են ցուցադրում, անցյալի իրեր: Դրանք արդեն մեկին պետք չեն։ Օրինակ՝թագավորական թագ, թագուհու երկայնափեշ, տրամվայ և էլի նման անպետք բաներ։
Մի փոքր, փոշոտված ցուցասեղանին՝ ապակու տակ, դրված էր «լացել» բառը։ Վաղվա աշակերտները կարդացին բառը, բայց բան չհասկացան։
_ Սինյորա, ի՞նչ է սա։
_ Հավանաբար հին զա՞րդ։
_ Ինչ-որ էտրուսկական բա՞ն է։
Ուսուցչուհին բացատրեց երեխաներին, որ առաջ, շատ-շատ վաղուց, այս բառը շատ են օգտագործել, այն մարդկանց դժբախտություն է բերել։ Նա ցույց տվեց մի ապակե անոթ և ասաց, որ դրա մեջ արցունքներ են պահում։ Գուցե դրանք թափել է մի դժբախտ ստրուկ, որին տերը ծեծել է կամ էլ ինչ-որ տղա, որ անտուն է մնացել։
_ Արցունքները նման են ջրի,-ասաց աշակերտներից մեկը։
_ Այո, բայց դրանք այրում են,-պատասխանեց ուսուցչուհին։
_ Հա՜, երևի դրանք օգտագործելուց առաջ եռացնում են,-գուշակեց ինչ-որ մեկը։
Չէ՜, այս աշակերտները բան չեն հասկանում։ Վերջ ի վերջո սրահում բոլորը ձանձրացան։ Այդ ժամանակ ուսուցչուհին նրանց տարավ թանգարանի մյուս ցուցասրահներ, որտեղ նրանք տեսան իրենց համար ավելի ծանոթ իրեր՝ բանտաճաղեր, պահակաշան խրտվիլակ, կողպեք և այլն։ Այդ բոլորը իրեր էին, որոնք վաղուց արդեն չկան Վաղվա ամենաերջանիկ երկրում։
Հասած երկինքը
Երեխաներ, իմ խորհուրդը ձեզ՝ սիրեք ածականները: Մի՛ պահեք ձեզ էս անտանելի երկվորյակների՝ Մարկոյի և Միրկոյի պես, որ ծիծաղում են դրանց վրա: Երեկ, օրինակ, նրանք պետք է ածականներ ընտրեին մի քանի գոյականների համար:
Այս ավազակները գրել էին. «Կապույտ սերմ, կանաչ ձյուն, սպիտակ խոտ, քաղցր գայլ, չար շաքարավազ, հասած երկինք…»:
Ու մեկ էլ հանկարծ անտանելի որոտ լսվեց. «Գը՜մփ-գը՜մփ»: Էս ի՞նչ էր: Ոչինչ. էս երկինքը լսեց, որ ինքն արդեն հասել է, որոշեց, որ տանձ ու խնձորի նման գետնին պիտի թափվի: Վերևից հո չընկա՜վ: Տունը փլվեց, փոշու ամպ բարձրացավ: Հրշեջներն եկան, շատ չարչարվեցին, հազիվ էս անտանելի երկվորյակներին փլատակների տակից հանեցին: Բա նրանց կարել-կարկատելն ինչ դժվար էր, ախր նրանք մասերի էին բաժանվել: Երկինքն էլ մի կերպ իր տեղը դրեցին, որ ծիծեռնակներն ու ինքնաթիռները կարողանան այնտեղ թռչել:
Հին ասացվածքները
Մի քաղաքում, անհետաքրքիր, հին մի շենք կա: Դա հին ասացվածքների Ասացվածք տունն է: Այս ասացվածքների տանը հանգստանում են հին Ասացվածքները: Նրանք մի ժամանակ, իհարկե, երիտասարդ էին, աշխույժ, չարաճճի: Հիմա դա ոչ մեկին չի հետաքրքրում: Ես ասացի՝ հանգստանո՞ւմ են: Ո՜չ, ի՜նչ հանգստանալ, լեզվին են տալիս ուանընդհատ վիճում, էլ ինչ հանգիստ:
_ Էշ ծնվել ես, էշ էլ կմեռնես,-հայտարարում է, ասենք, մի տիկին Հին ասացվածք:
_ Ո՞վ ասաց,- հակաճառում են նրա ընկեր-հարևանները:
_ Խելքի բան է. կրթությունը լույս է, անկրթությունը՝ խավար: Եթե ուզես, կսովորես, ու բոլոր ճամփեքը լույս կտան քեզ: Ճիշտն ասած՝ որ շատ ուզես, ամեն ինչի կհասնես:
_ Շատին վազողը քչին էլ չի հասնի,-լուրջ-լուրջ մրթմրթում է մի ծեր, կնճռոտ Ասացվածք:
_ Ո՛վ է ասում,-մեջ է ընկնում մի այլ ծեր Ասացվածք:-Որ մարդիկ բավարարվեին իրենց ունեցածով, ուրեմն մինչև հիմա կապիկների նման ծառերի վրա կապրեին:
_ Գե՜ղ կանգնի՜, գերա՜ն կոտրի՜,-դանդաղ ասում է մի ձայն:
Սրա հետ էլ մի ուրիշ ծեր չի համաձայնում.
_ Ամեն մարդ իր բաժին գործն է անում, իր բաժին երկինքն է պահում:
_ Բայց մեկ է՝ ուժը միաբանության մեջ է,-հազիվ լսվում է մի տիկին Ասացվածքի ձայնը:
Հին Ասացվածքները մի պահ ձայները կտրում են: Հետո ամենածեր ասացվածքը շարունակում է խոսակցությունը.
_ Խաղաղություն ուզողը պիտի պատերազմի պատրաստվի:
Տեսնո՞ւմ եք, հին ասացվածքները, իրար հետ վիճելով, մեկ-մեկ էլ ճիշտ բաներ են ասում, հատկապես, երբ քննադատում են իրար: Նրանց համար կարևորն այն է, որ հակաճառեն իրար, չհամաձայնեն ուրիշների հետ:
_Ճտերն աշնան են հաշվում,-ասենք ասում է ծեր ասացվածքներից մեկը:
Մյուսն անպայման չի համաձայնում, բարկացած մրթմրթում է.
_Լավ սկիզբն է գործի կեսը:
Այդ ժամանակ մի քիչ ավելի երիտասարդ ասացվածք նրան կատվախոտի կաթիլներ է տալիս և համբերատար բացատրում, որ ով խաղաղություն է ուզում, ուրեմն խաղաղություն պիտի սարքի, ոչ թե ռումբեր:
Մի հին, լուրջ ասացվածք էլ հայտարարում է. «Ամեն մարդ իր տան թագավորն է»:
Սրան էլ հակաճառում են բոլոր հին ասացվածքները.
_ Բա որ այդպես է, ինչո՞ւ են բոլորը հարկեր վճարում, ինչո՞ւ են լույսի համար վճարում, գազի համար…էլ ի՛նչ թագավոր:
Ես սկսում եմ տխրել: Նրանք չեն հասկանում, որ աշխարհը փոխվում է, որ հին ասացվածքներով հեռու չես գնա, շատ բանի չես հասնի, որ կյանքը փոխում են երիտասարդները, համարձակ մարդիկ՝ վարպետ ձեռքերով և խելոք գլխով: Այնպիսին, ինչպիսին դուք եք:
Հինգի արկածները
_ Օգնեցե՜ք, օգնեցե՜ք,-գոռալով՝ լեղապատառ փախչում էր Հինգը:
_ Ի՞նչ է պատահել:
_ Չեք տեսնո՞ւմ՝ հանումն ընկել է ետևիցս: Որ հասավ՝ կորած եմ:
_ Դու էլ բան ասացիր՝ կորա՜ծ եմ:
Բայց փորձանքը պատահեց: Հանումը հասավ Հինգին և սկսեց սրով կտրատել նրան: (Սուրը «հանում» նշանն էր): Ի՜նչ օրն ընկավ մեր Հինգը… Դեռ լավ էր, որ այդ պահին նրանց կողքով արտասահմանյան մի երկար մեքենա անցավ՝ ա՜յ այսքան երկար: Հանումը մի վայրկյանով շուռ եկավ, որ տեսնի՝ կկարողանա՞ դա էլ կարճացնել: Հինգ դու Հինգ, փախավ-մտավ կողքի շենքի մուտքը: Միայն թե նա արդեն ոչ թե Հինգ էր, այլ Չորս, այն էլ քիթը ջարդած:
_ Քեզ ի՞նչ է պատահել: Կռի՞վ ես արել:
_Վա՜յ, գլուխներդ ազատեք:
Այս ի՞նչ ձայն է: Բաժանո՜ւմն է: Դժբախտ Չորսը արագ «բարի գիշեր» շշնջաց ու փորձեց ծլկել: Բայց տես, է՛, Բաժանումն ավելի ճարպիկ դուրս եկավ ու մկրատի մի շարժումով՝ շըխկ, Չորսին ուղիղ երկու կես արեց՝ Երկուս և Երկուս: Նրանցից մեկին Բաժանումը գրպանը դրեց, իսկ մյուսը պահը չկորցրեց, դուրս թռավ ու իրեն տրամվայի մեջ գցեց:
_ Դեռ մի րոպե առաջ ես Հինգ էի,-լաց էր լինում Երկուսը,-իսկ հիմա տեսեք, թե ինչի եմ նման:
Տոմսավաճառը մրթմրթաց.
_էս խեղճուկրակներն էլ որ տրամվայ չեն նստո՜ւմ… Ասա ոտքով գնացեք, էլի’: Բա չէ’, ես եմ մեղավոր: Բոլորը նույնն են ասում:
Հենց առաջին կանգառում Երկուսը տրամվայից իջավ: Ո՜նց էր կարմրել՝ իսկը կարմիր բազուկ: Բայց ահա… էլի մի փորձանք՝ ինչ-որ մեկի ոտքն էր տրորել:
_Օ՜, ներեցե՛ք, տիկի՛ն:
Իսկ տիկինը բոլորովին չէր բարկացել, ընդհակառակը, նույնիսկ ժպտաց: Տիկին Բազմապատկումն էր: Նա շատ բարի սիրտ ուներ և շատ էր խղճում նրանց, ովքեր փորձանքի մեջ էին լինում: Բազմապատկումն իսկույն բազմապատկեց Երկուսին Երեքով, և մի հրաշալի թիվ ստացվեց՝ Վեց: Ինչո՞ւ՝ հրաշալի: Որովհետև դա Հինգին գումարածն է: Ոչ մի ուսուցիչ Վեց չի նշանակում, միայն Հինգի կողքին գումարած է դնում:
– Ջա՜ն, ի՜նչ լավ է: Հիմա ես Հինգին գումարածն եմ:
Սխալ արձագանք
Միայն թե չասեք, թե արձագանքը հրաշալի բան է, չգովաբանեք, մեկ է՝ չեմ հավատա: Երեկ ինձ տարան ծանոթացնելու դրանցից մեկի հետ: Ես սկսեցի թվաբանական հասարակ հարցերից:
_ Ինչքա՞ն կլինի երկու անգամ երկու:
_ Երկո՜ւ,- պատասխանեց արձագանքը՝ պատասխանելուց առաջ նունիսկ չմտածեց:
_ Ինչքա՞ն կլինի երեք անգամ երեք:
_ Երե՜ք,-ուրախ բացականչեց հիմար արձագանքը:
Պարզ էր, որ թվաբանությունից բան չի հասկանում: Ես էլ որոշեցի նրան հնարավորություն տալ, որ ուղղի իր սխալը, ասացի.
_ Լսի՛ր հարցը և մինչև պատասխանելը կարգին մտածի՛ր:
_ Ո՞ր ն է մեծ ՝ Հռոմը, թե՞ Կոմո լիճը:
_ Լի՜ճը,- պատասխանեց արձագանքը:
_ Դե լավ, հանգիստ թողնենք աշխարհագրությունը: Անցնենք պատմությանը:
_ Ո՞վ է հիմնադրել Հռոմը՝ Ռոմո՞ւլը, թե՞ Կեսարը:
_ Կեսա՜րը,- բղավեց արձագանքը:
Այստեղ ես շատ բարկացա և որոշեցի վերջին հարցը տալ:նրան:
_ Մեզանից ո՞վ ավելի քիչ բան գիտի՝ ե՞ս, թե՞ դու:
_ Դո՜ւ,-հանգիստ պատասխանեց արձագանքը:
Չէ՜, միայն թե չասեք, թե արձագանքը հրաշալի բան է, չգովաբանեք, մեկ է՝ չեմ հավատա:
Ի՞նչ եմ դառնալու
Մի անգամ ուսուցիչ Գրամատիկուսը, երբ իր հին պահարանն էր փորփրում, մի տուփ գտավ, որի մեջ ինչ-որ դեղնած թերթիկներ էին դրված: Պարզվեց՝ դրանք այն աշակերտների գրած շարադրություններն էին, որոնց նա դասավանդել էր երեսուն տարի առաջ, երբ նա ապրում էր ուրիշ քաղաքում: Շարադրության թեման էր «Ինչ եմ ուզում դառնալ, երբ մեծանամ»: Այդպես էր վերնագրված յուրաքանչյուր թերթիկը, իսկ թերթիկի անկյունում գրված էր աշակերտի անունը և ազգանունը: Ընդամենը քսանչորս թերթիկ ՝ Ալբերտի Մարիո, Բանետի Սիլվեստրո, Կարիզո Պասկուալե…
Ուսուցիչ Գրամատիկուսը որոշեց փնտրել իր ալբոմի մեջ այդ դասարանի աշակերտների նկարները՝ փորձելով հիշել երեխաներին:
_ Սա պետք է որ Դզանետի Արտուրոն լինի: Իսկ, միգուցե, հակառա՞կը, Ռիգի Ռինալդոն: Ո’չ, ցավոք, ես արդեն չեմ հիշում այս երեխաներին: Նա նկարները մի կողմ դրեց և սկսեց կարդալ դեղնած էջերի վրա գրված շարադրությունները՝ ժպիտով նկատելով քերականական սխալները: Ի՞նչ նշանակություն կարող է ունենալ երեսուն տարի առաջ բաց թողնված տառը:
«Երբ ես մեծանամ,-գրում էր Ալբերտի Մարիոն,-դառնալու եմ օդաչու: Իսկ մինչ այդ ես հավաքում եմ ինքնաթիռների նկարներ՝ կտրելով դրանք թերթերի էջերիցից: Նայելով դրանց՝ ես յերազում եմ իմ ապագայի մասին…»:
_ Ախ, Մարիո, երազել բառը գրվում է ե տառով, ոչ թե յե:-Հուսով եմ,-հոգոց հանեց ուսուցիչը,-այդ սխալը չի խանգարել նրան իրականացնել իր երազանքը:
«Իմ հայրիկը սանիտարական սարքավորումներ է վաճառում, և ուզում է, որ երբ մեծանամ, շարունակեմ նրա գործը: Իսկ ես ուզում եմ երաժիշտ դառնալ: Ես բարեկա ունեմ մ, ով ջութակ է նվագումև…»:
Ուսուցիչ Գրամատիկուսը վեր կացավ աթոռից, որպեսզի միացնի լույսը, որովհետև մինչ նա կարդում էր շարադրությունները, փոքր- ինչ մթնել էր: Եվ այդ պահին նրա գլխում մի միտք ծագեց:
_ Օ՜, ոչ, ինչպիսի հիմարություն,-բացականչեց նա:
Բայց այդ պահին նա հասկացավ, որ որոշումն արդեն ընդունված է, և հաջորդ առավոտ…
Առավոտյան ուսուցիչ Գրամատիկուսը նստեց գնացք և ուղևորվեց հենց այն քաղաքը, որտեղ ուսանել էր երեխաներին: Ժամանելով այնտեղ՝ նա գնաց հասցեների կենտրոն, գրպանից հանեց իր նախկին աշակերտների ցուցակը և սկսեց փնտրել հասցեները: Նա ուզում էր իմանալ՝ արդյո՞ք իրականացել են նրանց երազանքները, դարձե՞լ են նրանք ինչ ցանկանում էին դառնալ, երբ փոքր էին: Ես պետք է ձեզ իրականությունը պատմեմ, ինչքան էլ այն տխուր լինի: Ես պետք է ձեզ ասեմ, որ ուսուցիչը շատ տխրեց, երբ ավարտեց իր փնտրտուքները: Օրինակ, նա իմացավ, որ իր նախկին աշակերտներից երեքը զոհվել են պատերազմի ժամանակ, հայրենիքից հեռու: Նրանց երազանքները չէին կատարվել: Երիտասարդությունը ընդհատվել էր: Նա իմացավ, որ Ալբերտի Մարիոն դարձել է ոչ թե օդաչու, այլ մատուցող: Դա էլ է մասնագիտություն, սակայն ոչ ոք երբևէ չի գրում շարադրություններում. «Երբ մեծանամ, ուզում եմ դառնալ մատուցող…»: Ամեն դեպքում մատուցողները շատ շատ են:
Վաճառականի տղան նույնպես չէր դարձել երաժիշտ, այլ զբաղվում էր գազի բալոնների առքուվաճառքով: Որոշ երազանքներ ժամանակի ընթացքում փոխվում են, ինչպես օրինակ տարվա տարբեր եղանակներին կենդանիները փոխում են իրենց կաշին: Մյուսները փչացնում են կյանքը, ինչպես ուժեղ քամին է վնասում տերևներին՝ պոկելով դրանք ծառից: Եվ վերջապես ուսուցիչը իմացավ, որ Կորսիկի Ռենցոն, ով երազում էր դառնալ էլեկտրիկ, նույնպես դարձել է ուսուցիչ, և նա որոշեց փնտրել նրան:
_ Ինչպե՞ս ես, սիրելի՛ Ռենցո: Հիշու՞մ ես՝ մի ժամանակ դու երազում էիր էլեկտրիկ դառնալ:
_ Ե՞ս: Հնարավոր չէ…
_ Այո, այո, տես, ահա քո շարադրությունը:
_ Տարօրինակ է: Իսկապե՞ս իմն է: Բայց ես ոչինչ չեմ հիշում դրա մասին:
_ Պարզվում է՝ դու այն ժամանակ ճիշտը չես գրել:
_ Ո՞վ գիտե, միգուցե…
Ուսուցիչ Գրամատիկուսը երկար մտածեց այդ մասին: Դեռ ավելին, նա մինչտ այսօր մտածում է…
Սատանան
Մարկոն և Միրկոն որևէ բայ տեսնել չէին ուզում: Գիտե՞ք, չէ՞, բայերը գործողություն են ցույց տալիս: Եվ ոչ մի հարգանք գործողությունների նկատմամբ, անգամ ամենածերերի ու ալեհերների, ովքեր ձեռնափայտով են քայլում: Այդ սարսափելի ավազակները երեկ տնային աշխատանքը կատարելիս պետք է որոշ բայեր խոնարհեին, դրանցով նախադասություններ կազմեին կամ մանկական ոտանավորներ հորինեին:
Տեսեք, թե ինչ գրեցին այդ չարաճճիները.
Ես ուտում եմ պաղպաղակ,
Դու լպստում ես կրեմ,
Իսկ ո՞վ կվճարի հաշիվը:
Ով հիմար է բոլորից,
Ով վճարում է անընդհատ,
Դա սատանան գիտի:
Նրանք ավելի երես առան ու շարունակեցին.
Ես գնում եմ Միլան,
Դու գնում ես Միլան,
Նա գնում է Միլան,
Մենք գնում ենք Միլան …
Իսկ այդ անտաշը
Թող գնա սատանայի մոտ:
Այդ խոսքերն ընկան մի սատանայի ականջը, և նա տեղնուտեղը հայտնվեց այդ ավազակների կողքին: Երկվորյակների սենյակում թնդաց ամպրոպը, ուժեղ ծծմբի հոտ եկավ: Եվ ահա՝ սատանան հանգիստ փռված է բազկաթոռին.
_ Ո՞վ պետք է գնար սատանայի մոտ,-խիստ հարցրեց նա` խաղալով իր պոչի հետ:
Մարկոն վախից քիչ էր մնում լեզուն կուլ տար, իսկ մշտական սուտասան Միրկոն վազեց դեպի պատուհանը և ձեռքով ցույց տվեց հրապարակը.
_ Նա այնտեղ է, ձերդ ողորմածություն, նա այն կողմ վազեց:
Մարկոյի և Միրկոյի բախտները բերեց, սատանան պատուհանից դուրս թռավ և վազեց դեպի հրապարակ: Նա որոշել է, ինչ էլ որ լինի, դեղագործ Պանելիին պիտի տանի, որը կանգնել էր իր դեղատան դռների մոտ ու վայելում էր երեկոյան օդը: Դեռ լավ է, որ տիկին Պանելիին հաջողվեց փրկել իր ամուսնուն: Տիկինը սատանային ցույց տվեց երաշխավորագիր, որը մի շատ կարևոր մարդ էր ստորագրել:
Փոխեցին գլուխները
Մարկոն և Միրկոն`այդ սարսափելի երկվորյակները, չէին հարգում քերականությունը և տանել չէին կարողանում քերականական վարժությունները: Դժբախտներ, նրանք նույնիսկ չէին պատկերացնում, թե ինչ կարող է գալ իրենց գլխին: Երեկ Ուսուցիչ Քերականը նրանց հանձնարարել էր գոյականների մոտ բայեր գրել: Տեսեք, թե ինչ էին գրել այդ անպիտանները:
_ Կատուն ոռնում է, այծերը հաչում են, գայլը գրում է, մուկը մլավում է, առյուծը բառաչում է:
Դեռ չէին գրել վերջացրել, պատուհանի մոտ հայտնվեց Առյուծը և թռավ սենյակ: Նա բարկացած էր.
_ Այդպե՞ս: Ուրեմն ես բառաչո՞ւմ եմ՝ բե-ե-ե-ե,բե-ե… հիմա ես ձեզ բառաչել ցույց կտամ:
Առյուծը իր աջ թաթով պոկեց Մարկոյի գլուխը, իսկ ձախ թաթով Միրկոյի գլուխը և խփեց իրար:
Լավ է, որ այդ երկու սարսափելի երկվորյակների գլուխները չվնասվեցին: Առյուծը գլուխները տեղերում դրեց: Բայց կատաղած Առյուծն ամեն ինչ խառնեց իրար՝ Մարկոյի գլուխը դրեց Միրկոյի գլխի տեղը, իսկ Միրկոյի գլուխը՝ Մարկոյի գլխի տեղը: Երբ նրանց մայրիկը տուն եկավ, շատ չարչարվեց և շատ սոսինձ օգտագործեց, որ նրանց գլուխները կրկին դնի իրենց տեղերը: Իսկ սոսինձը հիմա այնքան թանկ է:
Շունը, որը հաչալ չգիտեր
Կար-չկար մի շուն կար: Նա հաչալ չգիտեր: Ո՛չ հաչալ, ո՛չ մլավել, ո՛չ բղավել, ո՛չ էլ խոսել: Սովորական փոքրիկ շուն էր: Ոչ ոք չգիտեր՝որտեղից է նա հայտնվել այս գյուղում: Շունը երբեք էլ չէր իմանա, որ հաչալ չգիտի, եթե հարևանները չլինեին:
_ Ինչու՞ չես հաչում,-զարմանում էին նրանք:
_ Ես հաչալ չգիտեմ, որովհետև տեղացի չեմ,-պատասխանում էր շունը:
_ Ա՜յ թե զարմացրիր: Բոլոր շներն էլ հաչում են:
_ Ինչի՞ համար:
_ Որովհետև շունը շուն է,-պատասխանում էին հարևանները:-Բոլոր շներն էլ հաչում են կատուների, լուսնի, չար անցորդների վրա: Հաչում են, երբ տխուր են, երբ ուրախ են: Ավելի հաճախ նրանք հաչում են ցերեկը: Բայ ց երբ շատ են ուզում քնել ու չեն կարողանում, հաչում են նաև գիշերը: Դու երևի հիվանդ ես: Գնա՛ անասնաբույժի մոտ:
Խեղճ շունը հազիվ էր զսպում արցունքները:Մի երիտասարդ աքաղաղ խղճում է տխուր շանը.
_ Նայի՛ր ինձ և կրկնի՛ր: Աքաղաղը երեք անգամ բարձր «ծուղրուղու» է կանչում:
_ Վա՜յ, շատ դժվար է,-ասում է շունը:
_ Ոչ մի դժվար բան չկա: Ամենակարևորը՝ հետևի՛ր կտուցիս և լայն բացիր բերանդ:
Աքաղաղը կրկին «ծուղրուղու» կանչեց: Շունը փորձեց կրկնել, բայց չստացվեց, միայն ինչ-որ «քխե-քխե» կարողացավ արտաբերել: Աքաղաղները վախեցած ցրվեցին:
_ Ոչի՛նչ,-հանգստացրեց աքաղաղը,-առաջին անգամվա համար վատ չէր: Դե՛, նորից փորձիր: Շունը կրկին փորձեց «ծուղրուղու» կանչել, բայց էլի չստացվեց: Դրանից հետո նա սկսեց պարապել: Մեկ-մեկ գնում էր անտառ. այնտեղ ոչ ոք չէր խանգարում, և ինքը կարող էր «ծուղրուղու» կանչել, որքան սիրտն ուզի:
Մի օր առավոտյան նա կարողացավ այնքա՜ն բարձր ու գեղեցիկ «ծուղրուղու» կանչել, որ աղվեսը, լսելով նրա ձայնը, մտածեց. «Վերջապես աքլորը որոշեց ինձ «հյուր գալ»: Պետք է նրան շնորհակալություն հայտնել այցելության համար»: Աղվեսն շտապեց նրա մոտ: Իհարկե՝ չմոռանացավ դանակ, պատառաքաղ և անձեռոցիկ վերցնել. ով չգիտի, որ աղվեսի համար աքլորից համեղ խորտիկ չկա: Աղվեսը գնաց անտառի խորքը և ի՜նչ տեսավ. խոտերի մեջ նստած է մի շուն, ուրախությունից թափահարում է պոչը և «ծուղրուղու» կանչում: Աղվեսը կատաղեց.
_ Այդ դու էիր ուզո՞ւմ ինձ ծուղակը գցել:
_ Ի՜նչ ծուղակ, ինչ բա՜ն,- զարմացավ շունը:
_ Մոլորված աքլորի նման «ծուղրուղու» ես կանչում… Լավ է, որ քեզ շուտ նկատեցի: Դու անարդար վարվեցիր: Սովորաբար շներն իրենց հաչոցով ինձ զգուշացնում են, որ մոտակայքում որսորդ կա:
_ Երդվում եմ, ես միտք չունեի ինչ-որ մեկին որսալ: Ես անտառ եմ եկել, որ պարապեմ:
_ Այդ ի՞նչ ես պարապում,-չհավատաց աղվեսը:
_ Հաչալ եմ սովորում: Նայիր՝ինչ լավ եմ հաչում՝ ծուղրուղո՜ւ:
Աղվեսը ծիծաղից քիչ էր մնում աղվեսի սիրտը թուլանար: Նա թավալ էր տալիս խոտերի վրա և քիչ էր մնում իր խիտ բեղերը կծեր: Շունը հուսահատված վազեց տուն: Խեղճ շանը տեսավ կկուն.
_ Ո՞վ է քեզ վշտացրել,-հարցրեց նա:
_ Ոչ-ոք,-հազիվ լսելի ձայնով պատասխանեց շունը:
_ Բա ինչո՞ւ ես այդքան տխուր:
_ Հաչալ չգիտեմ, և ոչ ոք էլ չի սովորեցնում:
_ Եթե դա է պատճառը, ես քեզ կօգնեմ: Ուշադիր լսի՛ր և կրկնի՛ր իմ հետևից՝ կու-կու-կու-կու…հասկացա՞ր:
_ Ինձ թվում է՝ դա այնքան էլ դժվար չէ,-անվստահ ասաց շունը:
_Շա՜տ հեշտ է,-կանչեց կկուն,-ես դեռ մանկությունից կարողանում եմ…Կրկնի՛ր իմ հետևից՝կու-կու-կու-կու..
_ Կու-կու,-ցածր կրկնեց շունը:
Նա մեկ փորձեց, երկուս փորձեց: Մի շաբաթ հետո հիանալի «կու-կու» էր կանչում:
«Վերջապես ես նմանվեցի մյուս շներին,-ուրախանում էր շունը:-Հիմա ես կարող եմ և՛ լուսնի վրա հաչել, և՛ չար անցորդների»:
Եկան որսի ժամանակները: Անտառում էին հավաքվել Իտալիայի հմուտ և նորաթուխ որսորդները: Մեկը կրակում էր միայն վայրի գազանների վրա, մյուսը՝ բոլոր թռչունների և կենդանիների: Սոխակին էլ չէին խնայում: Այդպիսի մի անխիղճ որսորդ լսեց, որ թփերի միջից կկվի ձայն է գալիս: Երկար-բարակ չմտածեց, հրացանով կրակեց:
_ Գըմփ-գըմփ,-շան ականջի մոտ լսվում էին փամփուշտների ձայները:
Շունն, ինչքան ուժ ուներ, փախավ: Նա չէր հասկանում, թե ինչու՞ է որսորդը կրակում հաչող շան վրա: Իսկ այդ ժամանակ խոտերի մեջ որսորդը իզուր թռչուն էր փնտրում: «Երևի թռչունին այս չարաբաստիկ շունն է գողացել: Թե որտեղի՞ց հայտնվեց»,-մտածեց որսորդը և բարկությունից կրակեց իր բնից դուրս եկած փոքրիկ դաշտամկան վրա: Բարեբախտաբար վրիպեց: Իսկ շունը ավելի ու ավելի հեռու էր փախչում: Հանկարծ կանգ առավ. «Տեսնես՝ ո՞վ է սա: Ընձու՞ղտ: Չէ՜, երևի կոկորդիլոս է: Կոկորդիլոսը շատ վտանգավոր կենդանի է: Նրա մոտով պետք է աննկատ անցնել»,-մտածեց շունը: Թաքնվելով խիտ խոտածածկի մեջ, նա կամաց-կամաց մոտեցավ ձայնին: Ինքն էլ չգիտեր՝ ինչու, բայց սիրտը սկսեց արագ խփել:
_Հա՛ֆ-հա՛ֆ:
Դա որսորդի շունն էր:
_Բարև, շո՛ւն:
_Բարև:
_Ի՜նչ տարօրինակ ես մռնչում:
_ Մռնչո՞ւմ եմ,-վիրավորվեց որսորդի շունը:-Ես չե՛մ մռնչում, ես հաչում եմ:
_ Դու հաչա՞լ գիտես:
-Իհարկե՛: Բա հո փղի նման շեփորի ձայն չե՞մ հանելու, կամ՝ առյուծի նման մռնչալու:
_ Իսկ ինձ կսովորեցնե՞ս:
_Ո՜նց, դու հաչալ չիտե՞ս,-զարմացավ որսորդի շունը:
_ Չէ՛,-տխուր խոստովանեց միայնակ շունը:
_Դե ուրեմն լսիր՝ հա՛ֆ-հա՛ֆ-հա՛ֆ…
_Հա՛ֆ-հա՛ֆ-հա՛ֆ,-միանգամից արտաբերեց մեր շունը: Նա, հազիվ զսպելով արցունքները, ինքն իրեն մտածեց.«Վարջապես ես իսկական ուսուցիչ գտա»:
Թե ինչպես քիթը փախավ տիրոջից
Մի անգամ պարոն Գոգոլը մի պատմություն պատմեց քթի մասին: Էս քիթը Նևսկի պողոտայում լողում էր սայլակի մեջ, զարմանալի բաներ էր անում: Այդպիսի մի քիթ էլ չարաճճիություն էր անում Լեվենոյում, Լագո Մեջորեի լճում:
Նավամատույցի դիմաց մի պարոն էր ապրում: Մի օր էս պարոնը արթնացավ և գնաց լոգարան: Նա պատրաստվում էր սափրվել, բայց նայեց հայելուն և սարսափած բղավեց
_ Օգնությո՜ւն, փրկեք, իմ քիթը…
Նրա դեմքին քիթ չկար: Քթի փոխարեն հարթ, ուղիղ տեղ էր մնացել: Պարոնն այդպես դուրս վազեց պատշգամբ հենց այն ժամանակ, երբ իր քիթը դուրս էր եկել փողոց և արագ վազում էր դեպի նավամատույց:
_ Կանգնի՛ր, կանգնի՛ր,-բղավեց պարոնը:-Դա իմ քիթն է, բռնեք դրան:
Մարդիկ նայում էին պատշգամբին և ծիծաղում պարոնի վրա.
_ Քիթը գողացել են, իսկ քաչալը` մոռացել: Վատ է, շա՜տ վատ է:
Պարոնին միայն մի բան էր մնում՝ վազել փողոց և ընկնել փախչող քթի ետևից: Նա դեմքը ծածկել էր թաշկինակով, կարծես ինքը ուժեղ հարբուխով հիվանդ է: Դժբախտաբար նա նավամատույց հասավ այն ժամանակ, երբ լաստանավն արդեն մեկնել էր: Պարոնն, առանց ժամանակ կորցնելու, համարձակ նետվեց ջուրը և լողաց լաստանավի ետևից: Ուղևորները բղավում էին.
_ Դե, դե, արագացրո՛ւ:
Լաստանավն արդեն արագություն էր հավաքել, իսկ նավապետը չէր էլ ուզում ինչ-որ ուշացած ուղևորի համար վերադառնալ:
_ Սպասի՛ր հաջորդ լաստանավին,-բղավեց մի նավաստի,- այն կես ժամը մեկ մեկնում է:
Պարոնը շատ տխրեց, ափ վերադարձավ ու հանկարծ տեսավ, որ իր քիթը լողում է լճում, հագին էլ իր անձրևանոցն է:
_ Ահա թե ի՜նչ, դու միայն ձևացնում էիր, թե լաստանավ ես նստում,-բղավեց պարոնը:
Քթի պետքն էլ չէր: Նա շարունակում էր ծեր ծովագայլի նման առաջ նայել, նույնիսկ աչքը չթարթեց: Անձրևանոցը մեդուզայի նման դանդաղ լողում էր ալիքների վրա:
_Այդ ու՞ր,-հուսահատ կանչեց պարոնը:
Քիթը չբարեհաճեց նրան պատասխանել, և խեղճ պարոնը ստիպված ափ վերադարձավ: Անցավ հետաքրքրասեր մարդկանց միջով, տուն հասավ: Նա բարձրացավ իր սենյակ, փակվեց, հրամայեց սպասուհուն ոչ ոքի ներս չթողնել, նստեց հայելու մոտ և սկսեց զննել ուղիղ, հարթ մասը, որ քթի տեղն էր մնացել: Մի քանի օր հետո Ռանկոյում ապրող մի ձկնորս իր կարթը հավաքելիս գտավ լճի մեջտեղում խեղդվող փախստական քթին,ախր անձրևանոցը շատ էր ծակծկված: Ձկնորսը որոշեց քիթը տանել Լավենոյի շուկա: Սենյորի սպասուհին էլ էր այդ օրը շուկա գնացել`ձուկ գնելու: Հենց այնտեղ էլ նա տեսավ տիրոջ քիթը, որը հպարտորեն թիթիզանում էր գծավոր ձկների և գայլաձկների մեջ:
_ Ախր դա հենց իմ տիրոջ քիթն է,-վախեցավ սպասուհին, իսկ հետո արագ գլխի ընկավ:-Տվե՛ք դրան, ես տուն կտանեմ:
_ Իմ գործը չէ, թե դա ու՞մ քիթն է,-ասաց ձկնորսը:-Ես եմ նրան որսացել, ես էլ նրան վաճառում եմ:
_ Ինչքանո՞վ:
_ Իհարկե, մի ամբողջ ոսկով, ախր դա քիթ է, ոչ թե ինչ-որ ձկնիկ:
Սպասուհին շտապ տուն վազեց և ամեն ինչ պատմեց տիրոջը:
_ Տո՛ւր նրան այնքան, ինչքան ուզում է: Ես ուզում եմ, որ իմ քիթը վերադառնա իր տեղը,-հուսահատ բղավեց պարոնը:
Սպասուհին արագ հաշվեց, որ շատ մեծ գումար է անհրաժեշտ, որովհետև քիթը բավականին մեծ էր, անհրաժեշտ էր երեք սարսափելի հազար և տասներեք ինն ու կես: Այդքան գումար հավաքելու համար նա նույնիսկ իր ականջօղերը վաճառեց: Սպասուհինշատ էր սիրում իր տիրոջը, դրա համար էլ առանց ափսոսալու վաճառեց օղերը: Նա քիթը գնեց, փաթաթեց թաշկինակի մեջ և բերեց տիրոջը: Քիթը հանգիստ թույլ տվեց իրեն տուն բերել և նույնիսկ չվրդովվեց, երբ տերը իր դողացող ձեռքերով զգուշորեն բռնեց իր ծայրից:
_ Ինչի՞ց էիր փախչում, հիմարի՛կ: Ես քեզ ի՞նչ էի արել:
Քիթը թարս նայեց տիրոջը, դժգոհ խոժոռվեց ու ասաց.
_ Գիտե՞ս, եթե ուզում ես, որ ես տեղում մնամ, քիթդ էլ մատով չփորես… կամ գոնե եղունգդ կտրի՛ր:
Կատուներ ուտող մուկը
Մի նիհար մկնիկ կար: Ապրում էր գրադարանում: Մի օր էս մկնիկը որոշում է իր ընկերներին հյուր գնալ: Ընկերներն ապրում էին նկուղում ու շատ հեռու էին աշխարհից:
_ Դուք գաղափար չունեք, թե ինչ է կատարվում աշխարհում,-ասում է նա իր վախեցած հարազատներին,-դուք երևի նույնիսկ կարդալ չգիտեք:
_ Ինչ անենք, փոխարենը դու շատ բան գիտես,-հոգոց հանելով՝ ասում են մկները:
_ Դե, ասենք, դուք կյանքում գոնե մի անգամ կատու կերե՞լ եք:
_ Ի՜նչ ես ասում: Աստված չանի: Այստեղ կատուներն են մկներ որսում:
_ Դա նրանից է, որ դուք անշնորհք եք: Ես իմ կյանքի ընթացքում քանի՜ կատու եմ կերել: Հավատացնում եմ ձեզ, նրանցից և ոչ մեկը նույնիսկ ծպտուն չի հանել:
_ Եվ ի՞նչ, կատուները համե՞ղ են:
_ Համեղ են: Պարզապես մի քիչ թղթի և տպագրական ներկի համ է գալիս: Բայց դրանք դատարկ բաներ են: Գոնե շուն փորձե՞լ եք:
_ Ի՜նչ ես ասում, ի՜նչ ես ասում:
_ Ես հենց երեկ մեկին կերա: Օվչարկա: Նա բավականին լուրջ ճանկեր ուներ, բայց դա կարևոր չէ, նա շատ հանգիստ, առանց ծպտուն հանելու, թողեց, որ իրեն ուտեմ:
_ Նա էլ էր համե՞ղ:
_ Շա՜տ: Պարզապես սա էլ մի քիչ թղթային համ ուներ: Իսկ ռնգեղջյուր չե՞ք կերել:
_ Էս ի՜նչ է ասում:Մենք նույնիսկ չգիտենք, թե ինչ տեսք ունի նա, ինչի է ավելի շատ նման՝ պարմիզանակա՞ն, թե՞ հոլանդական պանրի:
_ Իհարկե, նման է ռնգեղջյուրի: Իսկ փիղ կամ արքայադուստր կամ տոնածա՞ռ, երևի բախտներդ չի բերել, չեք կերել:
Այդ պահին կատուն, որը թաքնվել էր անկյունում դրված ճամպրուկների ետևում, սարսափելի մլավոցով թռչում է նկուղի ճիշտ կենտրոնը: Դա ամենաիրական կենդանի մեծ կատու էր՝ փարթամ բեղերով և երկար ճանկերով:
Մկները մեկ վայրկյանում մտնում են իրենց բները: Իսկ գրադարանային մուկը, տեսնելով կատվին, այնպես է զարմանում, որ քարանում է տեղում, ասես խաղալիք լինի: Կատուն թաթով խփում է նրան և սկսում խաղալ հետը:
_ Ա՜, այդ դու ես այն մուկը, որ կատուներ է ուտում:
_ Ես եմ, ձերդ պայծառափայլություն… Դուք պետք է հասկանաք ինձ… Ախր ես գրքերի մեջ եմ ապրում…
_ Այո, իհարկե, հասկանում եմ, հասկանո՜ւմ եմ: Դու կատու ես ուտում, թղթի վրա նկարված, տպված կատու…
_ Մեկ-մեկ, և այն էլ գիտական նպատակներով…
_ Իհարկե: Ես էլ եմ գրականություն սիրում… Իսկ դու չե՞ս կարծում, որ կարելի է կյանքից էլ մի քիչ սովորել: Դու չգիտե՞ս, որ ոչ բոլոր կատուներն են թղթից, և ոչ բոլոր ռնգեղջյուրներն են թողնում իրենց կրծել:
Խեղճ գերուհու բախտից կատուն մի պահ շեղվեց, քիչ հեռու նա սարդ տեսավ, և գիտնական մուկը մի քանի վայրկյանում հայտնվեց իր գրքերի մոտ: Կատուն ստիպված գոհացավ սարդով:
Ոչ մի բանից մարդուկը
Կար չկար ոչ մի բանից մարդուկ կար: Ոչ մի բանից մարդո՞ւկ: Այո՛, նրա քիթն էլ էր ոչ մի բանից, բերանն էլ: Հագին բա՜ն չկար, կոշիկներն էլ ոչ մի բանից էին: Մի օր մարդուկը քայլում է ճամփով, որ ոչ մի տեղ չէր տանում, և հանդիպում է ոչ մի բանից մկնիկի:
_ Լսի՜ր, – ասում է մարդուկը,- դու կատուներից չե՞ս վախենում:
_ Ո՜չ, ֊ պատասխանում է մկնիկը: ֊_ Այս երկրում կատուներն էլ են ոչ մի բանից, նրանց բեղերն էլ, ճանկերն էլ: Իսկ ես պանիր եմ սիրում: Ես ուտում եմ միայն անցքերը: Ճիշտ է, նրանք հոտ չունեն, բայց քաղցր են:
_Վա՜յ, գլուխս պտտվեց,- ասում է ոչ մի բանից մարդուկը:
_ Եթե նույնիսկ գլուխդ պատին տաս, ոչ մի բան էլ չի լինի:
Մարդուկը որոշում է փորձել: Մի պատ է գտնում, որ գլուխը պատին տա: Բայց տես ինչ դուրս եկավ՝ պատն էլ էր ոչ մի բանից: Եվ քանի որ մարդուկը ուժեղ էր թափ առել, խփելիս անցնում է պատի մյուս կողմը: Այնտեղ ոչի՜նչ չկար: Մարդուկն այնքան հոգնեց այդքան ոչ մի բանից, որ քնեց:
Երազում տեսավ՝ իբր ինքը ոչ մի բանից մարդուկ է, քայլում է ոչ մի տեղ չտանող ճանապարհով, հանդիպում ոչ մի բանից մկնիկի:
Երազում մարդուկը նույնիսկ պանրի անցքեր կերավ: Ճիշտ էր ասում մկնիկը՝ այդ անցքերը իսկապես հոտ չունեին և քաղցր էին:
Թարս հարցեր
Կար-չկար մի տղա, որն ամբողջ օրը սրան-նրան ձանձրացնում էր իր հարցերով: Հարցեր տալն, իհարկե, վատ բան չէ, ընդհակառակը, հարցասիրությունը գովելի է, բայց վատն այն էր, որ այդ տղայի հարցերին ոչ ոք չէր կարողանում պատասխանել:
Ասենք, գալիս էր ու հարցնում.
_ Ինչո՞ւ դարակները սեղան ունեն:
Մարդիկ զարմանքից աչքերը չռում էին, կամ էլ հենց այնպես պատասխանում.
_ Դարակները նրա համար են, որ նրանց մեջ որևէ բան դնեն, օրինակ՝ սպասք, դանակ, պատառաքաղ և այլն:
_ Ես գիտեմ՝ ինչի համար են դարակները, բայց ինչո՞ւ դարակները սեղան ունեն:
Մարդիկ տմբտմբացնում էին գլուխները և հեռանում:
Մի ուրիշ անգամ նա հարցնում էր.
_ Ինչո՞ւ պոչը ձուկ ունի:
Կամ թե՝
_ Ինչո՞ւ բեղերը կատու ունեն:
Տղան մեծանում էր, բայց շարունակում էր ինչուիկ մնալ, և այն էլ՝ ոչ թե սովորական, այլ՝ թարս ինչուիկ: Մեծանալուց հետո էլ նա դիմում էր բոլորին զանազան հարցերով: Պարզ է, որ ոչ ոք չէր կարող պատասխանել նրա հարցերին: Բոլորովին հուսահատվելով՝ թարս ինչուիկը տեղափոխվեց մի սարի գագաթ, իր համար խրճիթ շինեց և այնտեղ հնարում էր նոր-նոր հարցեր: Հնարում էր, գրում տետրի մեջ, իսկ հետո շատ էր չարչարվում, որ գտնի դրանց պատասխանները… ամբողջ կյանքում նա այդպես էլ երբեք չգտավ իր հարցերի պատասխանները:
Եվ ինչպե՞ս գտներ, եթե նրա տետրում գրված էր. «Ինչո՞ւ ստվերը բարդի ունի: Ինչո՞ւ ամպերը նամակ չեն գրում: Ինչո՞ւ նամականիշները գարեջուր չեն խմում»:
Աստիճանաբար նրա մորուքն աճեց, մի երկա՜ր մորուք դարձավ: Հարցասերը չէր էլ մտածում այն սափրել. դրա փոխարեն նա նոր հարց էր հորինում. «Ինչո՞ւ մորուքը դեմք ունի»:
Երբ նա մահացավ, մի գիտնական ուսումնասիրեց նրա կյանքը և զարմանալի հայտնագործություն կատարեց. պարզվեց, որ այդ ինչուիկը սովոր էր գուլպաները թարսերես հագնել և այդպես էլ հագնում էր իր ողջ կյանքում: Հենց այդ պատճառով էլ մինչև վերջ չսովորեց ճիշտ հարցեր տալ:
Հապա նայիր քո գուլպաներին, ճի՞շտ ես հագել:
Գրքից փախած մկնիկը
Մկնիկն ամբողջ կյանքում ապրել էր բարակ, էժանագին գրքույկում, որի մեջ նկարներով փոքրիկ պատմություններ կային: Մկնիկը շատ էր ձանձրացել և մի օր որոշեց փոխել բնակարանը, գտնել այնպիսի տուն, որի թուղթը բանի պետք լիներ, գոնե նրանից պանրի հոտ գար; Նա հավաքեց ուժերը ու, որ չթռա՜վ, հայտնվեց իրական կյանքում՝ իսկական մկների մոտ:
_ Սքաուշ,-շատ վախեցավ մկնիկը, նա կատվի հոտ էր առել:
_ Ի՞նչ ասաց սա,- զարմացան կողքի մկները, որ ոչ մի բան չէին հասկացել նրա ասածից:
_ Սփլում, բախ փլում,-ասաց մկնիկը: Խեղճը միայն իր գրքի կենդանիների լեզվով էր խոսում:
_ Երևի ուրիշ երկրից է եկել,-ասաց մի թոշակառու մուկ, որը երկար ժամանակ մի մեծ նավի վրա էր ծառայել:
Նա փորձեց անգլերեն խոսել նորեկի հետ: Մկնիկը ոչինչ չհասկացավ ու ասաց.
_ Սիխի փնիշ, բրոիք:
_ Ո՜չ, սա անգլիացի չէ,-ասաց «նավաստին»:
_ Բա ո՞վ է նա, որտեղի՞ց է հայտնվել:
_ Դե արի ու գլուխ հանիր, թե ով է:
Ու խեղճ մկնիկի անունը դրեցին Արի ու գլուխ հանիր:
Մկները միշտ խաղում էին նրա հոգու հետ, ձեռ առնում.
_ Լսիր, ա՛յ Արի գլուխ հանիր, դու ինչպիսի՞ պանիր ես սիրում՝ բրի՞նձ, թե՞ թել:
_ Սփլինգ, քրոն սիսիցաիր,-պատասխանում էր գրքի մկնիկը:
_Դե լավ, բարի գիշեր,-ծիծաղում էին մկները: Իսկ ամենափոքրերը քաշում էին նրա պոչը, որ բարկացնեն նրան ու վրան ծիծաղեն:
_ Սոոնգ, սփլաշ սքուափ:
Մի անգամ մկները ջրաղաց գնացին, որտեղ պարկերով ալյուր կար: Նրանք ծակեցին պարկերը և սկսեցին ալյուր խժռել: Լսվում էր մկների ատամների համերաշխ խրթխրթոցը.
_ Խըրթ, խըրթ, խըրթ:
Գիտե՞ք՝ ուտելիս բոլոր մկները այդպիսի ձայն են հանում: Բայց, տե՛ս, որ գրքի մկնիկի ատամների ձայնն էլ էր տարբերվում մյուսների ատամների ձայնից:
_ Քրեք, սքրեք, սրեք:
_ Լսիր, գոնե մկնավարի ուտել սովորիր,-փնթփնթում էր «նավաստի» մուկը:-Եթե դու նավի վրա լինեիր, քեզ վաղուց ծովը նետած կլինեին: Ախր քո չփչփոցը զզվելի է:
_ Քրենգ,-պատասխանեց մկնիկը ու կրկին մտավ պարկի մեջ՝ ալյուր ուտելու: «Նավաստին» նշան արեց, ու բոլորը սուս ու փուս հեռացան ջրաղացից, գրքի մկնիկին թողեցին բախտի քմահաճույքին: Նրանք համոզված էին, որ սա չի գտնի տունդարձի ճանապարհը: Իսկ մկնիկը, էշի ականջում քնած, շարունակում էր ալյուր խժռել: Երբ նկատեց, որ մենակ է մնացել, արդեն շատ էր մութ, ինչպե՞ս տուն գնար: Մկնիկը որոշեց գիշերել ջրաղացում: Նա արդեն ննջում էր, երբ մթության մեջ երկու դեղին կրակ փայլեց, լսվեց չորքոտանի որսորդի ոտքերի թփթփոցը. դա կատուն էր:
_Սքաշուշ,-սարսափած ծվաց մկնիկը:
_ Գրագրան,-պատասխանեց կատուն:
Պարզվում է, որ նա էլ էր գրքից: Սովորական կատուները նրան դուրս էին արել, որովհետև նա չէր կարողանում սովորական «մյաու» ասել: Վտարված մուկն ու կատուն երդվեցին երբեք չբաժանվել: Ամբողջ գիշեր նրանք զրուցում էին իրենց գրքային լեզվով ու շատ լավ էլ հասկանում էին իրար:
Այ քեզ շաբաթ
Արթնացա երկուշաբթի,
Հորանջեցի երեքշաբթի,
Չորեքշաբթի անուշ-անուշ ձգվեցի,
Հինգշաբթի կրկին քնեցի:
Քնեցի ուրբաթ, շաբաթ,
Ու գործի չգնացի:
_ Կորչի գործը,-ասացի:
Լավ էր՝ արդեն կիրակի
Ամբողջ օրը քնեցի:
Անտակ պարկը
_Հին շո՜ր, հին կոշի՜կ…
_Ա՛յ ծերուկ, ճերմա՛կ ծերուկ,
Ի՞նչ կա-չկա քո պարկում:
_ Կա մի կոշիկ՝ անկրունկ,
Մի թև ունեմ՝ անկոստյում:
_ Հետո՞…
_ Շան վզակապ,
Ունեմ աղեղ՝ անջութակ:
_ Հետո՞…
_Անքիթ թեյնիկ ու սրճեփ,
Թավա ունեմ չուգունե,
Էս թավան հատակ չունի,
Նախարար էլ ունեմ պարկում,
Որ կռիվ է մեզ տանում,
Բայց հայտնվեց հատակում:
Կարծիք գրել