Տատիկնե՜ր, ո՞րն է ձեր բան ու գործը:
…եթե գիտեք, խաղացեք ձեր թոռների հետ, եթե չգիտեք, կարդացեք այս գիրն ու խաղացեք:
Մանկական խաղ-խաղիկներ 0-4 տարեկանների համար
Խնոցիկներ (խնոցու խաղեր)
Երեխաները կանգնում են իրար դիմաց, ձեռնաթաթերը բաց հպում են իրար, խնոցու նման տանում-բերում են ու արտասանում.
– Խնոցին հա հարեմ:
Շալակեմ`սար հանեմ:
– Խնոցին հա hարեմ,
Շալակեմ` գետն անցնեմ:
– Խնոցին հա հարեմ:
Շալակեմ` դաշտ տանեմ:
– Խնոցին հա հարեմ,
Կաթ ու մածուն կերցնեմ:
Խնոցի, հարոցի
Թանը հանի`քամեցի,
Համով չորթան շինեցի,
Եղով ապուր եփեցի,
Պետոն ուզեց` տվեցի ԿԱՄ~
Չտվեցի, գլխին դմփեցի:
Խնոցի, խնոցի,
Գցեցի ու բռնեցի,
Տարա – բերի` զարկեցի,
Հրեցի, չխչփեցի,
Հարեցի, հա, հարեցի,
Դեղին կարագ հանեցի:
Ճվիկներ
Երեխաները աջ ձեռքի բութով և ցուցամատով բռնում են իրենց ձախ ձեռքի մաշկից, տակի ձեռքով նույն կերպ բռնում ընկերոր ազատ ձեռքը… (ստացվում է իրար բռնած ձեռքերի շարան-աշտարակ): Շարան-աշտարակը, վերև-ներքև շարժելով, արտասանում են.
_Ճվի~կ, ճվի~կ, ճկութիկ,
Երկեն տաճիկ, բարակ լաճիկ,
Ճվի~կ, ճվի~կ, ճկութիկ,
(Վերջում աշտարակը քանդում են ու ցույց տալիս, թե ճվիկը ինչպես մտավ խաղացողներից ծոցը).
Ճվիկը թռավ մտավ …-ի ծոցիկը:
Ճիվու, ճիվու, ճնճղիկ,
Թռավ, գնաց առվի եզրիկ,
Կերավ կուտիկ,
Խմեց ջրիկ,
Թռավ մտավ …-ի ծոցիկ:
Ճվիկ, ճվիկ, Ակնա ճվիկ,
Ճվիկ գնաց հեռու քաղաք,
Բուրդ բերեց, բամբակ բերեց,
Թել մանենք, գլխարկ գործենք,
Մեր …-ի գլխին կործենք:
Թը~ռռ ճվիկ:
_Ճվի~կ, ճվի~կ, ճկութիկ,
Երկեն տաճիկ, բարակ լաճիկ,
Ճվի~կ, ճվի~կ, ճկութիկ,
Ճվիկը թռավ մտավ …-ի ծոցը:
Ճիվո՜ւ, ճիվո՜ւ, ճընճըղիկ,
Թռավ, գնաց առվու եզրիկ,
Կերավ կտիկ, խմեց ջրիկ,
Թռա՜վ, մտավ …-ի ծոցիկ:
Ճի՜վ – ճի՜վ ու ճի՜վ, ճըվճըվկան,
Թռավ, գնաց Հնդստան,
Կերավ կուտիկ, խմեց ջուրիկ,
Էկավ մտավ մամու ծոցիկ:
Ծափխաղեր –ձեռնախաղեր
Ծափիկ-ծափիկ
Ծափիկ-ծափիկ, ծափ նաներով,
Փլավ կեփենք պուտուկներով,
Գդալ չկա, շերեփ չկա,
Մենք էլ կուտենք մատիկներով:
Ծափիկ, ծափիկ, ծափլատիկ,
Չալ խնձորիկ, փշատիկ,
Ծալիկ, մալիկ, ծուռ աքլորիկ,
Ծկլակտուց, ծկլամերիկ,
Կուտ ուտի, կուտման ուտի,
Ծակ շերեփով ծիկրակ անի:
Ծ ի՜վ ու ծի՜վ
Ծի՜վ ու ծի՜վ, ծիվծիվակի՜ն,
Ձագ թռնի հետ ծիծեռնակին,
Ճյուղ բերի հետ աղունակին,
Վարդին նստի հետ սոխակին.
Ասե տաղիկ,
Կանչե խաղիկ,
Առնե ափիկ,
Զարկե ծափիկ:
Մատնախաղեր
Բութ մատն ասաց՝ գայլը եկավ:
Ցուցամատն ասց՝ որտեղից եկավ:
Միջնամատն ասաց՝ սարից եկավ:
Մատնեմատն ասաց՝ եկեք փախչենք:
Ճկույթն ասաց՝ պստլիկ եմ, ճստլիկ եմ,
Ոտիկ չունեմ, թևիկ չունեմ, ինչպե՞ս փախչեմ:
Ճկութիկն ասաց՝ սոված եմ:
Աման լիզող ցուցամատն ասաց՝ եկեք ուտենք:
Երկար, լոլոզ միջնամատն ասաց՝ ի՞նչ ուտենք:
Մատնեմատն ասաց՝ մեկը կտա:
Ճկութիկն ասաց՝ բա որ չտա:
Բութմատն ասաց՝ գողանանք, ուտենք:
-Ի՜նչ ասեցիր, ի՜նչ ասեցիր:
Վրա տվին, տուր տվեցին,
Բութմատիկին դնգստեցին,
Կարճ ու փոքր թողեցին:
Խաղում են երկուսով: Խաղացողներից մեկը, ձեռքերի մատներն իրարից հեռացրած, մատների ծայրերն իրար հպած, կրծքից մի փոքր հեռու պահած` կանգնում է մյուսի դիմաց: Դիմացինը, մատը դնելով մյուսի ճկույթների հպված տեղին, ասում է.
_Նանի, նանի, կրակ կտա՞ս:
_ Ելի վերի թաղերը (կամ թարեքը՟ պատի մեջ փորված բաց պահոց): Այսպես կրկնում են, մինչև հասնում են ցուցամատը:
Ցուցամատի վրա երկխոսում են.
_ Ճնճուղ մի կար, ի՞նչ էղավ:
_Թռավ դիզու գլուխ:
_ Դեզն ի՞նչ էղավ.
_ Կովը կերավ:
_ Կովն ի՞նչ էղավ:
_ Գելը կերավ:
_Գելն ի՞նչ էղավ.
_ Շունը կերավ:
_ Շունն ի՞նչ էղավ:
_ Դռան ետև կապած է.
_ Կաթն որ դնիմ թոնիրը, խո չթափի՞:
Չէ, չի թափի:
Երեխան ձեռքը պտղունց արած դնում է բութերի և միջնամատերի միացման տեղում առառջացած անցքը:
Խաղը 2 ավարտ ունի
1. Նանին շան նման հաչում է և փորձում բռնել երեխայի ձեռքը, երեխան փորձում է փախցնել:
2.Երեխան աղմկում է՟
Նանի, նանի, կաթը թափա~վ:
Հաշվերգեր
Ատատե, բատատե,
Շամամ շուլ,
Շամշե լակե
Ձի տամբուլ:
Հատիկ, հատիկ հավլատիկ,,,,,,,,
Չալ խնձորիկ, փշատիկ,
Չալիկ-մալիկ, ծուռ աքլորիկ,
Կուտ ուտի, կուտման ուտի,
Դռան տակին տիտիկ անի:
Էկե դուկե, տըմըզա,
Թալան չուկե պուպուզա,
Մախտե կոճակ, դան պլոճակ,
Ճան ճուկ:
Շուտասելուկի խաղեր
– Հով է, հով է, հով է, հով է,
– Հովը մարմա՞նդ է, թե՞ զով է:
– Զով է, զով է, զով է, զով է
– Զովը կապո՞ւյտ է, թե՞ մով է:
– Մով է, մով է, մով է, մով է,
– Մովը լճա՞կ է, թե՞ ծով է:
– Ծով է, ծով է, ծով է, ծով է,
– Ծովում գոմե՞շ է, թե՞ կով է:
– Գուցե գոմեշ, գուցե կով է,
– Գուցե լճակ, գուցե ծովէ,
– Գուցե կապույտ, գուցե մով է,
– Գուցե մարմանդ, գուցե զով է:
– Զարմանալու կարիք չկա,
Բարկանալու առիթ չկա,…
– Կով է, կով է, կով է, ծով է,
– Ծով է, ծով է, ծով է, մով է,
– Մով է, մով է, մով է, զով է,
– Կով է, մով է, զով է…
– Գուցե գոմեշ, գուցե կով է,
– Գուցե լճակ գուցե ծով է,
– Գուցե կապույտ, գուցե մով է,
– Գուցե մարմանդ, գուցե զով է,….
ՁԻՆ ԾԱԿԵՑԻՆ, ՊԱՏԸ ՏԱՐԱՆ
Ձին ծակեցին, պատը տարան,
Տարան մի զույգ ամպե պարան,
Մի լծկան բադ,
Ածան մի կով
Մկկացող իր ձագուկով:
Տարան թուխս դրած մի մաքի:
Մուկը տարան՝ կատուն հագին:
Տարան մի պարկ սարի զեփյուռ,
Կարկուտի չիր,
Օձի փետուր:
Տարան ողջ տարվա գոմշաձուն,
Խճաքարերի սերմացուն,
Չմոռացան նույնիսկ շանը,
Տարան պոչի սև նշանը…
Նշանն էլ է՞ր պետք գողերին
Գոնե նշանը թողնեին:
ԵՐԵՔ ԼՈԲԻ
Հյուր գնացինք երեք հոգով,
Երեք հոգով,
Երեք հոգով:
Սեղան բացին երեք լոբով,
Երեք լոբով,
Երեք լոբով:
Երեք ուտող հսկա բերան,
Հսկա բերան,
Հսկա բերան,
Վրա պրծանք՝ հո չկերանք,
Հո չկերանք,
Հո չկերանք…
Ինչ համով էր և ինչ մսեղ,
Եվ ինչ մսեղ,
Եվ ինչ մսեղ,
Նման լոբի ո՞վ էր տեսել,
Ո՞վ էր տեսել
Ո՞վ էր տեսել…
Երեք ուտող հսկա բերան,
Հսկա բերան,
Հսկա բերան,
Վրա պրծանք՝ հո չկերանք,
Հո չկերանք,
Հո չկերանք…
Երբ վեր կացանք մենք երեքով,
Մենք երեքով,
Մենք երեքով,
Անց էր կացել ճիշտ երեք օր,
Ճիշտ երեք օր,
Ճիշտ երեք օր…
Երեք օրում երեք հոգի,
Երեք հոգի,
Երեք հոգի,
Հազիվ կերանք երեք լոբին,
Երեք լոբին,
Երեք լոբին:
Երեք ուտող հսկա բերան,
Հսկա բերան,
Հսկա բերան,
Վրա պրծանք՝ հո չկերանք,
Հո չկերանք,
Հո չկերանք…
Կարծիք գրել