Մեծ խաղ. խոսքը՝ խաղալիք
Ինչքա՜ն խաղալիք կա իրական, բազմագույն, կյանքում: Իրական և արհեստական:
Իրականը կայնքն է ստեղծել կամ երեխան:
Արհեստականը՝ բիզնեսմենը. կարևոր չէ՝ որ դարում: Որքան «զարգացել» է բիզնեսը, այնքան փչացել է խաղալիքը:
Քարից ու ծառից հեռացել է, մտել է քաղաքի քաղքենի տարածք, դարձել միադեմ, միիմաստ: Հիմա ո՞վ է քարկտիկ խաղում:
Մի թյուրըմբռնում էլ՝ խաղալիքը միայն ֆիզիկական ենք պատկերացնում: Իհարկե, երեխաները սիրում են շոշափել, զգալ, քանդել, հավաքել, ջարդել: Դա լավ է:
Բայց ֆիզիկական խաղալիքը միշտ չի լինում ձեռքի տակ, դրա ընտրությունն էլ հնարավորությունն էլ սահմանափակ են: Բա էլ ի՞նչ: Միտքը, որ միշտ կա ու անսահմանափակ է ամեն ինչով: Իրենով խաղալիս միայն ինքն է պետք, բայց խաղընկերները շա՜տ են ու տարբեր:
Բառ. իմաստով կամ իմաստներով, ձայնով կամ անձայն, բազմադեմ, մենակ կամ խմբով: Խաղա՝ ոնց ուզում ես, կողքին դիր՝ ում (այո՝ ում, որովհետև բառը շունչ ունի) ուզում ես: Դեռ չեմ խոսում բույրի, գույնի, երաժշտության, խորքի… տեսեք, է՛:
Բարև, բարի լույս, բարի առավոտ, բարի օր, բարի գիշեր, բարի կեսգիշեր:
Ամեն Աստծո առավոտ խաղ-ծեսին բա չասե՞ն բարև՝ բոլորին հատիկ-հատիկ, ամեն մեկի թաթիկին զարկ-ողջույնով: Կհասկանա, կսիրի բառը, կխաղա բարի բառով՝ նկարելով, տարբեր ձայներանգներով և ռիթմով կշրխկացնի, կերգի այն: Պետք չէ, որ բացատրի իմաստը, կամ կուզի, թող բացատրի: Որ կողքին բառ դրեց, բարին ավելի հասկանալի, նշանակում է ծանոթ կդառնա:
_Մութը բարի է: Ասե՞մ՝ ինչու: Որ դրսում պախկվոցի խաղաս, քեզ կպահի:
Բարի մութ… լավ է: Մեծահասկը գուցե չէր կարողանա այսպես տեսնել, զգալ, ձևակերպել, որովհետև պահմտոցին Արեգի՛ սիրած խաղն է, բայց դեռ տանն է խաղում, սպասում է եղանակի տաքանալուն: Որտեղից ուր հասավ:
Ի՛նչ խաղալիք կարող էր Արեգին այդ ճանապարհով տանել:
Թող անընդհատ խաղան սիրելի բառերով, իրենք որոշեն բառը, ամեն մեկն իրենը: Կողքի բառն ինքն իրեն կգա, եթե սանն ամեն օր բառախաղ է խաղում, եթե բառ է նվիրում մորը, հորը, տատ ու պապին… ում ուզում է:
_Ես քեզ խուտուտ եմ նվիրում:
_Ւնչո՞ւ հենց խուտուտ
-Որովհետև, դու միշտ ասում ես՝ խուտուտ չունեմ:
_Ի՞նչ անեմ խուտուտը:
_Որ ծիծաղից թուլանաս:
Որքան ենք այսպիսի բաներ լսել: Լսել ենք, չենք կարևորել, այլապես այդքան խոտան-խաղալիք չէինք ստեղծի, Բլբլոց անունով գզրոց կսարքեինք: Այնինչ՝ դրա ձևն ու լուծումն էլ չգիտենք:
Ամեն առավոտ բառ նվիրելու խաղ խաղացեք.
_Սարգիս, ես քեզ … բառն եմ նվիրում:
Օգնեք, խրախուսեք, որ փնտրի, փորփրի իր բառապաշարը, լսած-մտապահած, քիչ առաջ հորինած բառը: Ինքներդ բառ գցեք խաղի մեջ:
Բառհորինուկ խաղացեք, բառ հորինի, ու քիչ հետո նվիրելու բան կունենա: Սովորություն, առօրյա դառնա՝ ամեն առավոտ պատուհանները բացելու նման:
Բառ ասելը, բառ փնտրել-գտնելը, տանից խումբ բերելը (ա՛յ լավ տնային առաջադրանք՝ տարբեր միջոցներով տանից բառ բերել ընկերների, դաստիարակների համար) և խմբից տուն տանելը սիրելի զբաղմունք դառնա:
Հետո՞…
Հետո բառերը կհանդիպեն, խաղն էլ կլինի «Հանիպեցին բառն ու բառը»:
Ես իմ չսիրած կամ սիրած բառն եմ ասում, դու՝ քոնը: Արի՛ միացնենք:
Տեսնենք՝ ինչ դուրս կգա: Բա որ ստացվածը նկարե՜նք կամ ծեփենք: Ի՜նչ երևակայական նկարներ կստացվեն, այընտրանքային, ստեղծագործական… Հազիվ կազատվենք անկենդան ծառ ու ուղղանկյուն տներ նկարելուց:
Կամաց-կամաց գալիս ենք մեզ այնքան սիրելի շուտասելուկին, որ
միշտ էլ սովորել ենք: Սովորել ենք, բայց խաղ չենք դարձրել, հորինուկ ու զբաղմունք չենք դարձրել: Հենց կապեցինք շրխկանի հետ, հարվածեցինք աթոռին կամ հատակին, բռունցք տվինք-առանք, այն ոչ միայն սիրելի դարձավ, այլև նորերը հորինեցինք: Խոստովանեմ՝ սկզբում մեծերի օգնությամբ, և դա լավ է: Հիմա փոքրերը փորձում են ինքնուրույն լինել: Այսպիսի բաներ: Ո՜նց են խաղում բառով, ձայնով, լեզուն ծռմռելով: Դե մի քիչ դժվար է, չէ՞: Թող շուտասեն, որքան ուզում են: Հետո վարպետանում են, իհարկե: Բայց ե՞րբ, որտե՞ղ: Դասի ժամանա՞կ: Իսկ իրականում, երբ այն կապվում է խաղի, շարժումի, ինչ-որ գործունեության հետ, դառնում է յուրային, որովհետև մեջն այնքան խաղ կա:
Հիշո՞ւմ եք՝ Կոմիտասը որքան էր կարևորում խոսքը, խոսքի ռիթմը, խոսքը չէր էլ առանձնացնում երգից:
Բառխաղ, նաև՝ այսպես: Ափսոս Անուշիկը բառն հուշում է կամ հանձնարարում: Հաստատ հաջորդը բառհորինուկն է լինելու, որի ժամանակ դժվար թե կարողանաս հուշել: Հորինոցի է, չէ՞, ինչ իմանաս՝ ինչ բառեր կհորինեն, ինչ իմաստ կդնեն ծանոթ կամ հենց նոր հորինած բառերի մեջ, ինչպես կզգան բստրած բառը:
Ուրախ այբբենարանների մասին դեռ կխոսենք:
_Ես էլ գնամ քուջուջ անեմ, գլուխս պահեմ:
Կամ՝
_Թե չէ, դես կթռչեմ, դեն կթռչեմ, լկոշիկդ կառնեմ, դուրս կթռչեմ:
Խոսքի մեջ՝ խաղ ու խաղի մեջ՝ խոսք:
Մանուկ հասակում այս լեզուն մարսած մարդը չի կարող միտք չունենալ: Միտքն է ճշմարիտ զարգացման աղբյուրը և արդյունքը, ոչ թե անկենդան լեզվով բարբաջանքներ հորինելը՝ թեկուզ անթերի ուղղագրությամբ և շարահյուսությամբ:
Մի՛ թողեք դիտեն այն հեքիաթ-ֆիլմերը կամ մուլֆիլմերը, որոնց հեղինակները իբր թե խմբագրում են հանճարեղ Թումանյանին, Աղայանին, մի՛ հեռացեք նրանց խոսքից: Հեքիաթները դառնում են Բարբի, այն էլ՝ էժանագին, երեխաների գլուխը մի լցրեք կարմիր գլխարկներով: Միջավայր ստեղծեք, հետը խաղացեք, որ «Ծիտը», «Անհաղթ աքլորը», «Ճամփորդները» և մնացած հեքիաթներն անգիր սովորեն:
Եթե անգամ ինչ-որ բան անհասկանալի կմնա, եթե…, մեկ է, թումանյանական լեզուն՝ իր պատկերներով, լեզվական կառույցներով, արտահայտություններով, խաղով ու գույնով մշակույթ կձևավորի, ԽՈՍՔ, զգացողություն, միտք, ճաշակ:
Կարծիք գրել