Առավոտյան խաղեր

Խաղացեք նախակրթարանում, կրտսեր դպրոցներում, որտեղ կուզեք.

ՄԱՆԿԱՆ ԽԱՂԱԴԱՐԱՆ
Խաղեր 0-12 տարեկանների համար
և նրանց համար, ովքեր սիրում են խաղալ

Առավոտյան կամ բարի լույսի խաղեր
Առավոտյան խաղերը միմյանց հետ ծանոթանալու (եթե խումբը նոր է կազմավորվել), իրար ողջունելու, հաճելի զգացումներ փոխանցելու, մկանները բացելու համար են:
Սովորություն է  ձևավորվում` ամեն առավոտ դասարան մտնելիս իրար, բոլորին բարի լույս ասել: Ոչ թե խմբով, ինչ-որ պահի ոտքի կանգնած բարևել  ուսուցչին` բարև ձե~զ, այլ կենդանի, անմիջական` ինչպես կյանքում` տեսար` բարի՛ լույս:

1.    Բարի լույս, ես … եմ
 Եթե խումբը նոր է կազմավորվել կամ նորեկներ կան, ողջունողն իր անունը տալիս է, եթե ոչ՝ պարզապես անունով դիմում է կողքի կանգնածին:
Կանգնում են  շրջանաձև կամ կիսաշրջան: Թևերն արմունկներից ծալում են  այնպես, որ ուղիղ անկյուն ստացվի, ձեռքերի ափերը դեպի վեր: Ուսուցիչն անպայման երեխաների հետ է կանգնում. Առաջին օրերին նա էլ սկսում է խաղը. միայն առաջին օրերին: Աջ ձեռքով թույլ հարվածում է աջ կողմի կանգնած երեխայի ձախ ձեռքին /իր և կողքինի ձեռքով ծափ է տալիս /  և նրա անունը տալով բարի լույս մաղթում.
_Արտա՛կ, բարի լույս, (ես Մարիամն եմ):
Արտակը նույն կերպ ծափ է տալիս իր աջ կողքին կանգնած ընկերոջ հետ.
_Արմինե՛, բարի լույս, (ես Արտակն եմ):
Խաղն ավարտվում է, երբ շրջանն է ավարտվում:
Սկզբում խաղը դանդաղ կընթանա, հետո աստիճանաբար ավելի ռիթմիկ ու   դինամիկ   կդառնա:

Մի քանի օրից՝   խաղին բարեմաղթանքներ են ավելացնում.
_Բարի՛ լույս, Արտա՛կ, ես քեզ ուրախ խաղեր եմ ցանկանում:
Պայման՝ բարեմաղթանքներ  չպիտի կրկնվեն:

Նույն բանն անում ենք իրար գնդակ փոխանցելով  և «իրար անուն դնելով».
_Բարի՛ լույս, Մարինե՛, դու խնձոր ես:
_Բարի՛ լույս, Հեղինե՛, դու փուշ ես:
Պայման  ` չենք վիրավորում և չենք վիրավորվում:

3.   Բարևես
Խմբում բոլոր երեխաները  և դաստիարակը իրենց ձեռքով պատրաստած տիկնիկ են  ունենում:
Խաղավարը և երեխաները իրենց ձեռքերին հագցնում են  իրենց տիկնիկները, մի ձեռքով սեղմում են իրենց տիկնիկի ձեռքը և ներկայանում, ինչպես ուզում են:
Օրինակներ խաղի փորձարկումից.
-Բարև, ես Սաթիկն եմ և սիրում եմ երգել:
-Բարև, ես  շնիկն եմ, ոչ մեկին չեմ կծում:
-Բարև, ես  ծաղրածուն  եմ և գունավոր թշիկներ ունեմ:

4.   Հաճելի խոսքեր
Խաղավարը բոլոր խաղացողներին նախապես առաջարկում է հիշել ու մտքում պահել փաղաքշական, հաճելի  խոսքեր  կամ բարեմաղթանքներ: Եթե անհանգստանալու պատճառ չկա, խաղացողներին առաջարկում ենք  հիշել այն արտահայտություններից մեկը, որ իրենց սիրելիս ասում են հարազատները: Հետո խաղացողները բաժանվում են երկու հավասար խմբի: Մի խմբի անդամները նստում են շրջանաձև շարված աթոռներին: Մյուս խմբի անդամները կանգնում են նրանց գլխավերևում:
Կանգնածը իր դիմաց նստածի ականջին շշնջում է իր մտապահած խոսքերը, անցնում է հաջորդ նստածին ու նրա ականջին ասում նույն խոսքերը: Այսպես մեկ – մեկ անցնում է ժամացույցի սլաքի ուղղությամբ, մինչև շրջանն ավարտվում է, ինքը հասնում է առաջին ընկերոջը, որից ինքն սկսել էր խաղը: Այդպես վարվում են բոլոր  կանգնածները:
Երբ շրջանն ավարտվում է, կանգնածները նստում են աթոռներին, նստածները կանգնում: Հիմա նույն բանն անում են կանգնածները, իսկ նստածները լսում են:

5.    Մուկ-մատները
Երեխաները իրենց մատները մկների են վերածում և դրանցով կամաց- կամաց «վազվզում» սեղանի վրա: Հետո վազքն ասիճանաբար արագացնում են: Այնուհետև «վազվզում» իրենց ծնկներին, հետո` կողքինի ծնկներին:

6.   Մատներով զգացածդ  ցույց տուր
Խաղում են զույգերով: Խաղավարը աշխույժ, խաղարկային երաժշտություն է միացնում: Խաղացող զույգերը նստում են իրար դիմաց: Խաղավարի օրինակով խաղում են մատներով` ցույց են տալիս, թե ինչպես են իրենց ձեռքերը  ուրախությունից  թռվռում սեղանի վրա, պարում են, հրում իրար, կծում մեկ մեկու,  չարություններ անում, սեղմվում իրար և դողում վախից, ծալվում-չոքում են…

7.    Մենք քեզ երկինք ենք տալիս
Խաղացողները բաժանվում են երկու խմբի: Մի խումբը երկինք է, մյուսը` ծով: Խմբերը կանգնում են իրար դիմաց`  իրարից  4-5 մետր հեռու: Առաջին խումբը (ասենք` երկինքը)   ռիթմիկ քայլերով մոտենում է դիմացի խմբին, կանգնում մոտ 1 մետր հեռու, տալիս է դիմացի խմբի առաջին անդամի անունը, և ձգվելով դեպի երկինք` այնտեղից նրա համար որևէ նվեր է «իջեցնում, նվիրում» ` ասելով.
_Հասմի՛կ, մենք քեզ կայծակ ենք նվիրում:
Խումբը, ետ-ետ քայլելով, վերադառնում է իր տեղը: Նույն բանն անում է «ծովը», բայց   նվերը « ծովից է հանում»: Խաղավարը նախապես զգուշացնում է, որ նվերները դժվար են ձեռք բերվում, պետք է շատ ձգվել, չարչարվել:
« Ծովը» նվիրում է այնպիսի բաներ, որ կարելի է ծովից հանել (ջուր, ալիք, ավազ…), «Երկինքը» նվիրում է այնպիսի բաներ, որ հնարավոր է երկնքից իջեցնել (ամպ, արև, ինքնաթիռ …): Խաղն ավարտվում է, երբ բոլոր խաղացողները  «նվերներ են ստանում»:
Խաղավարը կարող է օգնական խաղալ, օգնել այդ պահին դժվարացող թիմին: Կարևորն այն է, որ առավոտյան հնչեն բոլորի անունները, և երեխաները ձգեն իրենց մկանները:

8.   Ծափ ու հաշիվ
Երեխաները ազատ շարժվում են: Նախապես պայմանավորվում են, որ ըստ խաղավարի ծափերի թվի  նրանք որևէ կենդանի կամ առարկա են դառնալու:
Լսելով խաղավարի մեկ ծափը` երեխաները դառնում են արագիլ, բարձրացնում են մեկ ոտքը, տարածում թևերը: Երկու ծափի դեպքում կարող են գորտեր դառնալ, երեքի դեպքում կրկին ազատ շարժվում են: Խաղավարը ծափերի հերթականությունը փոխում է:
Կարելի է նաև այսպես` մեկ ծափի դեպքում դառնում են պատառաքաղ, երկու ծափի դեպքում` թավա, երեքի դեպքում ազատ թռվռում են:

Ամսագիրը թարմացնում, հարստացնում է իր բաժինները:  Խնդրում ենք՝ ձեր նկարագրություններով, առաջարկներով, նկարահանումներով  աջակցել « Պարտեզ»-ին՝  հարստացնելու խաղադարան բաժինը: Հաջորրդը մանկական խաղերգերն են՝ ծափխաղեր, ճվիկներ, թռնոցիներ, հաշվերգեր, խաղերգեր…

 

3 կարծիքներ Առավոտյան խաղեր հրապարակմանը

Կարծիք գրել