«Իմացումի հրճվանք». 5-6 տարեկանների նախապատրաստական ուսուցում

«Իմացումի հրճվանք»  կրթական ծրագրի նախապատրաստական դասարան
Սաների գործունեության կազմակերպում մոդել միջավայրում

 Կրթության շարունակականությունանընդհատություն. ծրագրային սկզբունքներ
«Իմացումի հրճվանք  կրթական ծրագրի նախապատրաստական դասարանի
ծրագիրը (Ծրագիր),   «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվող «Մոբիլ դպրոց» պետական այլընտրանքային ծրագրի բաղկացուցիչն է:
Ծրագիրն իրականացվում է պարտեզային պայմաններում, երկարացված ուսումնական օրով, որպես ուսումնական անընդհատ գործունեություն:
Ծրագիրն ապահովում է սաների կրթության շարունակականությունը, վերանում է անցումը մանկապարտեզից դպրոց: Իրականցվող անառարկայական գործունեությունը, ընդհանուր միջավայրը ընդարձակում են ֆիզիկական, սոցիալական միջավայրը, սովորող սաների (սաներ) զարգացման, գործունեության բազմաձևության հնարավորությունները:
Դասարանը գործում է նոր տիպի մոդել միջավայրում՝ դպրոց-պարտեզ, որի կազմում գործում են
2-4 տարեկանների նախակրթարանային խմբեր
5-6 տարեկանների նախապատրաստական խմբեր
ուսուցման 1-5-րդ  դասարաններ:
Ծրագրի իրականացումը հաշվարկվում է ուսումնական տարիներով՝ 5-6 տարեկանում՝ ուսուցման առաջին տարի, 6-7 տարեկանում՝ ուսուցման երկրորդ տարի…
Դպրոց-պարտեզի կազմում գործում են նաև 6-7 տարեկանների առաջին դասարաններ:

Ծրագրի  խնդիրները

  • սոցիալական միջավայր, ինքնակամակերպվող հավաքանու զարգացում

Սաների

  • ուշադրության, դիտողականության, կողմնորոշվելու, կենտրոնանալու, սոցիալական միջավայրում շփվելու, համագործակցելու կարողությունների զարգացում.
  • սեփական հետաքրքրությունները բավարարելու, դիտելու, ուսումնասիրելու ունակությունների, ինքնակրթվելու կարողութան ձևավորում և զարգացում.
  • խոսքի զարգացում. ստեղծագործական երևակայութուն, խոսք կառուցելու ունակություն, ինքնարտահայտում, ինքնադրսևորում, հաղորդակցական, խոսք փոխանցելու ունակություններ.
    տառաճանաչություն, կարդալու կարողության ձևավորում և զարգացում
  • ուսուցման կազմակերպում ՏՏ միջոցների ամենօրյա կիրառմամբ.
  • երկրորդ կիսամյակից սաների ուսուցումը անհատական համակարգիչներով   տեխնոլոգիական հմտությունների զարգացում.
  • մաթեմատիկական հասկացությունների, բնագիտական փորձի ու գիտելիքների  զարգացում, այդ թվում` բույսերի և կենդանիների խնամք և ուսումնասիրություն, բնագիտական փորձեր, առօրյա հաշվումներ, բանավոր հաշվելու կարողություն.մարմնակրթություն.
  • ֆիզիկական զարգացում, հիգիենա. մարմնմարզություն, լող, հեծանվավարություն, հիգիենայի կանոնների յուրացում դրանց մշտական կիառմամբ, ծանոթացում սեփական մարմնին և ֆիզիոլոգիային.
  • գեղարվեստական զարգացում`երգ-պար-խաղ, նկարչություն, ծեփ-քանդակ…

Սաները սովորում են այն, ինչ պետք է կյանքի համար, միջավայրն  ապահովում է նրանց կենսաբանական, կենսական պահանջները: 5-6 տարեկանը   շարունակում է ուսումնասիրել-ճանաչել իր աշխարհը, երևույթները, իրադարձությունները, առարկաները, մարդկանց… շարունակվում է նրա իրական կյանքը դպրոց-պարտեզ միջավայրում:

Սանի  հետաքրքրությունները,  անհատականությունը, բնույթն են թելադրողը
Երբ ասում են՝ ժամանակը սկիզբ ու վերջ չունի, հասկանում եմ, բայց չեմ պատկերացնում:Այդքան շատ է ու չի բավականացնում: Մի հարցնող լինի`ինչի՞ն չի բավականացնում, ո՞ւ ր ենք շտապում: Երկու տարեկանը կասի.
_ Իմ ժամանակն ինձ տվեք ու մի՛ խառնվեք, ես գիտեմ` երբ, ինչ, ինչպես անել:
Նա դեռ ոչ մի տեղ չի շտապում, բնության հետ  կապը  չի կտրել,  և նրա մեջ  դեռ մնում  է կյանքի  այն ռիթմը, որով նա ծնվել է: Երբ խախտում են այդ ռիթմը, նա լաց է լինում: Բա ի՞նչ անի:
Մենք նրան չենք հասկանում` ռեժի՜մ կա, բա՜ն կա: Նրա ներսում էլ ռեժիմ կա բնության դրած ռեժիմը, որն ավելի իրական է և պատճառաբանված, քան մեր հորինածը: Երեխան չի կարող մեծերի ստեղծած կրթական համակարգի,  այդ համակարգում հաստատված կարգերի ու բարքերի  գերին դառնալ: Նա ի՛ր հետաքրքրություններն ունի, ավելի նպատակային է իր գործողություններում, քանի որ ինքնաբավ է, գիտի իր հետաքրքրությունները:

Գեղարվեստի նախակրթարանի բակում մի փոս կա: Սաները դրա անունը Հետազոտական փոս են դրել:
Նախ Արեգը խումբն է հավաքել.
_Դու կարող ես, դու չես կարող, քեզ հետաքրքիր չի լինի, դու գիտնական չես, դուբույսեր սիրում ես …
Հիմնականում բոլորը համաձայնում են: Լինում է հակառակվողներ: Նրանց պայմանով վերցնում են խումբ:
Ինչ լավ գիտեն իրար, իրենց նպատակները, անելիքները
4-5 տարեկանների 6-7 հոգանոց հետազոտողների խումբ, որ լուրջ զբաղվում է Երկրի հետազոտությամբ:
_Կարո՞ղ է հասնենք լավային:
Որպես ականատես եմ պատմում: Առավոտյան խումբը զբաղված էր հետազոտական աշխատանքով: Ամեն մեկն իր անելիքն էր անում:
 Մյուսներն էլ պարապ չէին, իհարկե: Նրանք էլ իրենց հետաքրքիր գործերն ունեին: Դաստիարակներն էլ՝ նրանց հետ:
Ես տեսա իսկական հետզոտական աշխատանք, մեծերի բառապաշարով՝ ինտեգրացված ուսումնական պարապմունք: Բայց ի տարբերություն գոյություն ունեցողի, այստեղ որոշողը, կազմակերպողը, կատարողը սաներն էին:
Ես տեսա, թե որքան
նպատակային և արդյունավետ էին սաների գործողությունները
որքան կենտրոնացած էին նրանք
ինչպես էին համագործակցում:
Տեսական մեկնաբանություններն ավելորդ են: Իրականացնել է պետք,
սաներին գործունեության ընտրության ազատություն և հնարավորություն տալ
պարզել նրանց պահանջմունքներն ու հետաքրքրությունները և համապատասխան պայմաններ  ստեղծել դրանք ինքնուրույն բավարարելու համար
հարգել նրանց կարծիքները, նրանց վերաբերող հարցերը քննարկել իրենց հետ
ոգևորել սաներին, նրանց մղել գործողությունների, զորացնել ավելին անելու, ավելիին հասնելու նրանց բնական ձգտումը
ազատ մտածել, սաների հետ ազատ ապրել, սանին հարգել:

Ինչպես
 Վահե սարկավագի Սարգիս  որդին կասեր.
_Ես այնպիսի մանկապարտեզ եմ ուզում, որ դպրոց լինի:

Սարգիսը կամքով մարդ է, նրան չես պարտադրի: Եվ լավ է:
5-6 տարեկանների նախապատրաստական ուսուցման խումբը հենց Սարգիսի
ուզածն է:

Անընդհատ զարգացում, անառարկայական կրթություն իրական կյանքով
սովորողների կրթության կազմակերպումը` որպես կենսակերպ. զարգացումը` սովորողի ամենօրյա և ողջօրյա գործունեության արդյունք

Պայծառ գլուխը և հմուտ ձեռքերն ավելին են, քան անպետք գիտելիքներով
ծանրաբեռնված միտքը: Անհրաժեշտ է  վերացնել հնարավոր  բոլոր վտանգները և նյութ նախապատրաստել, որ երեխան, հաջողությամբ օգտգործելով, ստանա ոչ թե սխոլաստիկ, այլ կենդանի գիտելիքներ, կարողություններ և հմտություններ:     Ս. Ֆրենե

  • Սաների զարգացումը կազմակերպվում է ամբողջական գործունեությամբ, որի հիմքում կրթահամալիրի Ուսումնական օրացույցն է
    Ծրագրի ամսական նախագծերը
    Դասվարի աշխատանքային նախագծերը:
    Ստուգատեսներ, ծես-ծիսակատարություն, ուսումնական ճամփորդություններ, կրթական նախագծերը. սրանք սաների գործունեության կազմակերպման ձևերն են, որոնք էլ թելադրում են գործունեության բովանդակությունը: Արդյունքնում սովորողները ձեռք են բերում անհաժեշտ հմտություններ, կարողությունները, գիտելիքներ: Արդյունքո՛ւմ:
    Ձեռք բերածն անպայման կիրառվում է հետագա զարգացման ընթացքում:
    Մարդն աշխարհը մաս-մաս չի ճանաչում կամ՝ ըստ բնագավառների: Երեխայի համար դա առավել ևս հաստատ է: Կրթական հաստատությունից դուրս նա ազատ է, հետաքրքրասեր, իսկ պարտեզում կամ դպրոցում պարտադրվում են բաներ, որոնք գուցե նրան հետաքրքիր էլ չեն հենց այն պատճառով, որ ամբողջի մի չնչին կտորն են, ամբողջի բազմազանությունից, երանգներից, գործողություններից դուրս են, արհեստական, կապ չունեն մեծ աշխարհի իրականության հետ, ոնց որ կարկատանի մի կտոր: Թե հետո մարդը ո՜նց պիտի հավաքի այդ կտորները…
    Սովորողն իհարկե պատճառը չի ընկալում, բայց հետևանքն զգում է՝  դա հետաքրքիր չէ կամ շատ դժվար: Դժվար, որովհետև կողքի երևույթները, գործողությունները, միջավայրը չկան, որ լրացնեն, ամբոջացնեն իր պատկերացումները:

    Զատկական ածիկցան.
    ընտրում են տարբեր հատիկներ – դրանց տերևները տարբեր տեսք ունեն
    սովորական և եփած հատիկ են ցանում – կենդանի և մեռած բնություն
    քար են ցանում՝ անկենդան բնություն
    ջրում են՝ բույսը ջուր է խմում, ջրով է մեծանում
    հետևում են ածիկի աճին՝ արմատը որտեղից դուրս եկավ, ինչպես է մեծանում
    նշում են ցանելու ամսաթիվը, շաբաթվա օրը
    հաշվում են օրերը մինչև զատիկ
    ածիկամանը կշռում են առաջին օրը, մի քանի օր հետո, զատիկի նախորդ օրը:
    Սա Զատիկ մեծ ծեսի մի փո՜քր մասն է: Ամբողջ ծեսը զարգացման փոքր, բայց ամբողջական ծրագիր է:
    Այսպիսի զատկական շնորհավորանքներ.
    Զատիկ-զատիկ նավակատիկ
    Կամ այսպիսի

Արեգը սղլիկ ճաշասեղանին նստած, սահում է: Հայրն հանդիմանում է:
_Պապ, ես փոքր եմ, չեմ հասկանում, ինձ կարելի է:
Ասում է անկեղծ ու համոզված:
Քիչ հետո ուզում է փողոցույմ ինքնուրույն հեծանիվ քշել: Հայրն էլի հանդիմանում է.
_Արեգ, մենակ ոնց ես քշելու փողոցում:
_Պապ, ես արդեն մեծ եմ, հենց մեքենա գա, մի կողմ կքաշվեմ:
Ասում է անկեղծ ու համոզված:

Երկու դեպքում էլ Արեգը համոզված է և անկեղծ:
Մենք՝ մեծերս, մարդու, փոքր թե մեծ, կյանքը հատվածների ենք բաժանել, կրթության տարատիպ-տարահասակ հաստատություններ ենք ստեղծել: Ստացվում է, որ ինչ-որ պահի կյանքը կանգ է առնում, դադար տալիս և շարունակվում նոր կարգավիճակո՞վ: Այստեղ ավարտվեց մանակապարտեզը, վերջակետ: Հիմա կսկսվի կրտսեր դպրոցը: Բոլորովին կարևոր էլ չէ, թե մինչ այդ ինչ է արել մարդը, ինչ է յուրացրել, ինչի կարիք ունի: Ով է հարցնողը: Որոշողը մենք ենք՚  ինչ անհատականությո՜ւն, ինչ բա՜ն: Այնինչ իրականում մենք հո գիտենք, որ մարդը մեկն է, կյանքը՝ մեկը և ընդհատվում է այն, գոնե երկրի երեսին, մեկ անգամ և վերջակետ:

Ինչպես մարդու կյանքն է անընդհատ, այդպես էլ զարգացումն ու կրթությունը, որն իրականանում է  կենսագործունեության ընթացքում, հետաքրքրությունների բավարարման, իրական առօրյա գործունեության  միջոցով:
էլ ի՞նչ…համապատասխան միջավայր և սանի հետ ապրող դասվար ու հարազատներ: Ապրո՛ղ:
Մարդու զարգացումը կյանքով է, կյանքն էլ բաժանված չէ ուսումնական առարկաների, գոնե կրտսեր տարիքում: Մնացածը՝ անհատական, շարունակական կրթության կազմակերպում, ինտեգրացված բազմաբնույթ գործունեություն,  հմտությունների, կարողությունների զարգացում, ընդամենը դատարկ տերմիններ են, եթե հիմքում մարդու (երեխայի) իրական կյանքը չէ:

Սովորողն ու միջավայրը. փոխազդեցություն
: Դասվարի գործը  մարդո՛ւ հետ է (ուզում եք անունը երեխա դրեք),  մարդու համար անհրաժեշտ միջավայրի ստեղծումն է, հենց ի՛ր հետ, հե՛նց միասին, որ չօտարանա երկրից, որ տեր դառնա ու ծառա: Ու այդպես՝ մինչև վերջակետ: Երեխան ստեղծում է, այդպես կրթվում է, նա զարգանում է բնությունից իրեն տրված ռիթմով: Ո՛վ իրավունք  ունի խառնվելու բնության գործերին:
Կյանքի մի ժամանական էլ պարտեզում է անցնում:
Պարտեզ. որտեղ 2 տարեկանն արդեն իր բաժին  ինքնուրույնությունն ունի   և  ազդում է հենց իր միջավայրի վրա, , դարձնում իրեն համապատասխան: 3-4-5 ու 6, մինչև 9-10 տարեկան: Եթե պարտեզի սանի գործունեության արդյունքում միջավայրը չի լավանում, չի դառնում ավելի հետաքրքիր, բազմազան,  ու  գրավիչ , այսպես, ուրեմն նրա զարգացումը թերի է, նա զուբրիտ է անում: Հետո անգիրի մեծ մասը մոռանում է:
Հայաստանյան մանկապարտեզներում   իրականացվող կիսադպրոցական
ուսուցման արդյունքում սանը առարկայական պարապմունքների, անգիրի
միջոցով  ձեռք է բերում ինֆորմացիայի որոշակի քանակ՝տառաճանաչություն,
տառագրություն, թվաբանական  հաշիվ և գործողություններ:
Լա՞վ է:  Լավ չէ՛: Երեխան մնում է պասիվ, անհաղորդ, անտարբեր: Դառնում  է անօգնական… եթե արդեն չէր:

Իր միջավայրը խնամող, զարգացնող, հարմարավետ դարձնող սովորողը
ակտիվ է
պատասխանատու իր և ուրիշների համար
ստեղծող
սրտացավ
հմուտ
նախաձեռնող:
Հմուտ,կարող, ոչ թե ինֆորմատիվ:
Անգիրի ժամանակը կորած ժամանակ է: Ոչ ոք  իրավունք չունի ուրիշի  կյանքի ժամանակը մսխելու:
Սանն  «ավարտում է» մանկապարտեզը, հայտնվում է դպրոցում, որն օտար է իրեն, միջավայրը՝ խորթ, պայմաններն՝ անհամապատասխան: Սա դեռ քիչ է, մի տարի շարունակ սովորում է սովորածը: Չես կարող ասել`որերորդ ստրեսը և հիասթափությունը կլինի նրա կյանքում:

  • 5-6 տարեկանների ուսուցման միջավայր (դպրոցպարտեզ)
    Դպրոց-պարտեզն էլ կենսական միջավայրի ամբողջության մեջ է: Լուսավոր, ընդարձակ, հարմար  5-6 տարեկանին՝ վազվզելու, թռչկոտելու, չափել-ձևելու, հաշվել-համեմատելու, գիր ու գրագիտությամբ զբաղվելու, նկարելու, լուսանկարելու,  եփել-թափելու, մարմինը մարզելու-կոփելու, դիտելու- ուսումնասիրելու, ստեղծելու-ստեղծագործելու, քնելու-հանգստանալու համար, ապրելու համար:
    Երկուսից ինն-տասը տարեկանների   խնամք ու կրթություն  դպրոց-պարտեզում: Իսկական  գործունեության դպրո՞ց: Ի՛նչ դպրոց՝ տուն, տան մի մաս: Էլ ինչ անցո՜ւմ, ինչ բա՜ն:  Ընկերների հետ խմբովի գնում են՝ քայլ առ քայլ, ամեն մեկն իր քայլով:
    Ուսուցումը չի նույնացվում   դասարանային պարապմունքի հետ: Այն զարգացող սաների,   ինքնակրթվող, դիտարկող դասվարի, համախոհ-գործընկեր ծնողական համայնքի համատեղ գործունեություն է սանին շրջապատող միջավայրում:
    Միջավայր, որը
    ապահով ու անվտանգ է
    հիգիենիկ և առողջ է
    գործնական ու զարգացնող է:

    Անվտանգ միջավայր՝  որ   նաև ուսումնական աշխատանք է  5-6 տարեկանների  
    համար
    Հնարավոր անվտանգ նյութական միջավայր ապահովում են դպրոցի ղեկավարը, դաստիարակները, ծնողը…
  • սաների ազատ և անվատանգ շարժվելու պայմաններ
  • ՏՏ և այլ ուսումնական միջոցների անվտանգ և անվնաս շահագործման պայմաններ և պարագաներ.
  • բաց հասանելի հանդերձարան, սանհանգույց, խոհանոց.
  • թունավոր, վտանգավոր նյութերի, իրերի բացակայություն:

Լիովին անվտանգ միջավայր  չի լինում:  Ավտանգությունը լինում է միջավայրի յուրացումով, շարժումների և մտքի ճկունությամբ:
Շարժումներն ուղղորդելու, հմտորեն շարժվելու, մարմինը կառավարելու կարողությունները անվտանգության միջոցներ են:
Ինչո՞ւ ենք սարսափում, երբ երեխան ամեն ինչ միջոց-գործիք է դարձնում, նրան աջակցելու փոխարեն պարազապես շատ բան արգելում ենք անվտանգության պատճառաբանությամբ: Ինչ է լինում, երբ սաները շարում են սեղան-նստարանները, աթոռները և քայլում, սողում են դրանց վրայող կամ տակով: Բարբարոսություն: Ականջովս եմ լսել: Խաղի, հրճվանքի, ճարպկության, զարգացման բարբարոսությունը ո՞րն է:
Բա երեխային խեղճ, պասիվ, անտարբեր, անկարող մեծացնելն ի՛նչ է, եթե ոչ՝ բարբարոսություն:
Կարևոր են միջավայրի յուրացումը, միջավայր-տարածության մեջ կողմնորոշվելու, անվնաս շարժվելու կարողության զարգացումը: Ժամանակ, ջանքեր և հետևողականություն են  պետք: Զարգացումն էլ ամենօրյա-առօրյա գործ է, ազատ-անկաշկանդ, անարգել ու անպարտադրանք:
Քայլել-վազել, թռչկոտել քարերի, խողովակների, պատերի, բլուրների վրայով, այգում, այլ տարածքում:
Մարզական-մարմնամարզական տարբեր վարժություններ, խաղեր, արգելքների հաղթահարում, ճամփորդություններ…
Շրջապատում ամեն ինչ ուսումնական գործիք է, նաև՝ մարզական գործիք: Ինքը՝ սանն է այդպես տեսնում-վերաբերվում  (իհարկե առանց տերմին-ձևակերպումների). եթե չբարձրանա աթոռին, չթռչի վրայից, չքայլի բազմոցի թիկնակի վրայով, չմտնի-չսողա սեղան-աթոռի տակով, ինչպես կարող է ճարպիկ-ճկուն-մարզված լինել, պաշտպանված լինել: Իսկ մենք արգելում ենք, չէ՞: Ոնց որ մեր գործ-պարտականությունը դա է և ոչ՝  մարզանստարան, մարզապատեր, մարզապարկեր, մարզաինչկուզեք ավելացնելը:

Հիգիենիկառողջ միջավայր. հիգիենա՝ գործունեության բոլոր ձևերում

Մի սիրուն պատմություն կա.

Արտույտը պառկում է մեջքի վրա, ոտքերը դեմ տալիս երկնքին:
Հարցնում են.
_Այդ ի”նչ ես անում:
_Երկինքն եմ պահում:
_Քո բարալիկ տոտիկներով ինչպե՞ս ես երկինքը պահում:
_Ես իմ բաժին երկինքն եմ պահում:

Հիգիենիկ գործունեությունը ուսումնական գործունեության բաղկացուցիչն է: Հիգիենայի պատասխանատուն սաներն ու դաստիարակն են, Ծրագրի առողջագետը: Նրանք ունեն բոլոր միջոցները՝ մշտական տաք ու սառը ջուր, մաքրելու միջոցներ և պարագաներ,  մարդաբանական չափումներ կատարելու գործիքներ: Հիգիենա՝ սկսած մարմնից վերջացրած ՏՏ միջոցների խնամքով: Բակի, կենդանիների խնամք, խնայողություն, կիրթ կենցաղավարություն: Բակում ու փողոցում, տանը, Պարտեզում ամեն մարդ   ի՛ր բաժինն ունի, այդ բաժինն ամենուր է, ու մարդը մաքուր է պահում, խնամված՝ հիգիենիկ: Սանը գիտի, որ ինքը մեծ մարդ է ու ի՛ր բաժինն ունի:

 Ինչի՞  ենք պատուհանները բաց թողնում:
_Որ դրսի օդը ներս գա:
_Ավելի լավ չի՞, պատուհանները փակենք, որ օդը դուրս չգա, փոշին էլ ներս չի գա:
_Բայց որ տան օդը փոխվի ,ավելի լավ կլինի:
_Մեր շնչած օդը դուրս գնա, չէ՞

Դժվա՞ր է պատասխանելը և խոսակցությունը փակելը: Դժվար չէ, բայց… պատուհանները միասին կամ մենակ բացել-փակելն ավելի հետաքրքիր է:

Դասարանի օդափոխումը հիգիենայի առաջին և պարտադիր պայմանն է:  Առավոտյան ծեսին առաջին բանը որ անում են սաները  մեծի հետ պատուհանները բացելն է՝ ամենօրյա արարողություն:
Մարմնի հիգիենային հետևելը, հաճախ լվացվելը, ատամները լվանալը   օրվա անելիք է:  Պարզ հիգիենիկ գործողություն՝ լվանալն ու լվացվելը, միջավայրը մաքրելը, մարմինը մաքուր պահելը…
Իսկական  «ինտերգրացված ուսուցում» գործունեությամբ, ու այս ամենը պարզ, ընտանեկան, ազատ խաղի միջավայրում: Խաղի, որովհետև ով կարող է խաղն առանձնացնել կյանքից:
տնտեսվարություն-տնտեսում
ինքնուրույնություն
պատասխանատվություն
չափումներ, համադրում, համեմատում :
Ընտրում են  այդ շաբաթվա հիգիենայի պատասխանատու խումբ. սիրուն արարողություն: Մեկը կամ երկու-երեքը երկուշաբթին են, մյուս երկու-երեքը՝ երեքշաբթին,  մյուս խումբը՝ չորեքշաբթին, հինգշաբթին ու ուրբաթն էլ նրանցից հետո: Հերթով շարվեցին:   Շաբաթն ու կիրակին էլ միանում են, խումբը դառնում է շաբաթ: Իսկ քանի՞ շաբաթ կարող է լինել դասարանում: Հաշվեցինք շաբաթվա օրերը՝ 7: Էս մի շաբաթ… ու գնաց խաղը, մինչև ուր որ կգնա:
Եթե ուզում եք խաղն ավելի խաղ լինի, «օր-սաները» կարող են գույն ունենալ  այդ գույնի որևէ տարբերանշանով:   Միասին որոշում են օրերի անելիքները. Միասին են քննարկում, որոշում: Այս «արարողությունն» ավելի ուսուցողական-զարգացնող է, քան ցանկացած ուսումնական պարապմունք:
Լույսն անտեղի չվառելն է հիգիենա:
Ծորակի ջուրն էլ ինչո՞ւ պիտի անտեղի հոսի: Հարցրեք, և հաստատ մեկը, մեր սանի նման,  կպատասխանի, որ այդպես ջուրը փչանում է: Ուրեմն ծորակին հետևել է պետք, օգտվելուց հետո անմիջապես  փակել է պետք, թե չէ՝ լիքը ջուր «կփչանա»:
«Օրը» (կամ օրերը)     օրվա պատասխանատուն են, պատասխանատու՝ հիգիենայի համար և շատ բաներ ունեն անելու, շատ բաների հետևելու:

Սա հուշում է: Իրականում սաների հետ, քննարկեք, այլ լուծումներ գտեք:

Արեգը երեկոյան կամավոր գնում է քնելու: Մեծերին էլ զգուշացնում է՝ վաղը շուտ ենք արթնանալու:
_Արե՞գ…
_Վաղը պարտեզում ես եմ հերթապահը,- ու մի տեսակ հուսահատհարցական ավելացնում է,-ինչ եմ անելո՞ւ:
Մինչև քնելը բլբլում է.
_Դժվար բաներ եմ անելու ընկերներիս համար՝ սեղան դնելհավաքել (թվարկում է մնացած «դժվար գործերը»):
Պա՛պ, բայց կարևոր է, չէ՞, որ դրանք անեմ:
Առավոտյան մեքենայում անընդհատ այդ մասին է  խոսում:

Կարևոր է ինքնուրույն կենցաղավարության  մշակույթի ձևավորումը: Մշակույթի՛: Սնվելու, կենցաղը կազմակերպելու  հմտությունների  ձևավորումը  ամբողական ծրագիր է՝ հիգիենա, ինքնուրույնություն, հաշիվ, տնտեսվարություն-խնայողություն, ինքնակազմակերպում: Այս գործում մանրուքներ չկան:
Սպասք դնելը, հավաքելը նաև համադրում է՝  սկզբից՝ ամեն մեկին մի ափսե, մի գդալ…հետո երկուսին՝ երկու, երեքին՝ երեքական… լավ հաշիվ է: Ուտելուց հետո ամեն մեկն իր ափսեն դնում է անհրաժեշտ տեղում:
Հացը, կտրատած միրգը դրվում են ընդհանուր ափսեով, որովհետև ընդհանուր են:
Ինքնուրույն ուտելու կարողությունը, կերածի փշրանքները, մնացուկները մի տեղում հավաքելը… Չեն թափելու, պարզ է: Հավերը կուտեն թե ճագարները, էական չէ:  Առաջարկում ենք հենց իրենց՝ սաներին, անթափոն, անփշուր ուտելու խաղ հորինել. թող հորինեն՝ ինչ ուզում են, իրե՛նք հորինեն: Ինչ էլ անեն, մեկ է, խաղ է: Սրանք մանրուքներ չեն: Պետք չէ ընտրել հեշտ ճանապարհը՝ իրենց փոխարեն ամեն ինչ անելով:  Արհեստականորեն, ուսուցողական տոնով կանոնններ թելադրելը, խրատներ կարդալը,  հոխորտալը անօգուտ, իզուր ջանքեր են: Կամ մեր հորինածն ինչ պիտի լինի:

Տաս տարեկան Էլենը, երբ փոքր էր, հարցրեց.
_Արևին ո՞վ է վառում-հանգցնում:

Էներգիայի խնայողությունն էլ է հիգիենա, ՏՏ միջոցները առանց օգտագործման միացրած թողնելն էլ վնասակար է, դրանք խնամքով պահպանելը՝ հիգիենիկ:
Սաների հետ կարելի է նկարներով և նշաններով հիգիենայի ուղեցույցներ պատրաստել: Ոչ միանգամից, կամաց-կամաց, ամեն անգամ ավելի հմտանալով, ամեն անգամ անհրաժեշտություն-դեպք-դիպվածով, թեմայով կամ առիթով:
Հիգիենան դառնում է սովորություն,  կենցաղ, ուսուցում, կրթություն:

Ամառային հով, զով, անվտանգ, հիգիենիկ լողափ:  

Գործնականկիրառելի միջավայր
Ստեղծական միջավայրում՝ ստեղծական սաներ:
Դասարանում բոլոր պայմանները կան սաների հետաքրքրությունները բավարարելու, նրանց ինքնաբավ գործունեության, աշխատանքի համար՝
իրական ուսումնական-աշխատանքային գործիքներ, պարագաներ և միջոցներ ՝ տարբեր չափի տարաներ, թասիկներ, խոշորացույց, մանրադիտակ, մետաղադրամներ, տարբեր մեծություններ չափող պարզագույն գործիքներ, կշռաքարեր, ավազի ժամացույց, ջերմաչափներ, թաթավոր կշեռքներ, մագնիսներ, հասակաչափ, անհատական թաղարներ, տարբեր չափերի գյուղատնտեսական գործիքներ, պտուտակներ, լարեր, աշխատանքային   նյութեր,   կառուցողական խաղեր:
Շատ բաներ, որ կիրառելի են, սաների ու ծնողների  պատրաստածն են,   միասին՝ կշեռքներ, հասակաչափեր, համեմատելու գնդեր-գնդիկներ, եռանկյունի, կավե և այլ կշռաքարեր:
Սաները սովորում են ինքնուրույն պատրաստելուն, ինքնաբավ-նպատակային լինելուն, խնդիրները տեսնելուն և լուծելուն:

 Դասարանը  նաև  լաբորատորիա  է
Ընդարձակ տարածք՝ օդափոխվող, լուսավոր, բաց-տեսանելի, սաների համար ամեն ինչ հասանելի և հարմար:
Ամեն ինչ իսկական է՝    գործիքներ,  նույնիսկ՝ բժշկական, նյութեր, միջոցներ՝ սկսած խոհանոցային պարագաներից մինչև մանրադիտակ ու սրվակ՝ մասնատելու և հավաքելու, զննելու, ճանաչելու, փորձելու համար, որ սաները դիտեն, ուսումնասիրեն, եզրակացություն անեն: Խաղալիք ասվածը, որպես իսկականի հաջող կամ անհաջող կրկնօրինակ, երկար չի գրավի 5-6 տարեկանին, մանավանդ` երբ այն այնքան էլ կիրառելի չէ:

Արեգը բժշկական ընկալուչով լսեց իր սրտի զարկերը, անցավ մյուսներին: Հետո  լուրջ ու բարձրաձայն մտածեց.
_Եթե ծառը մեծանում ա, ուրեմն իրա մեջ էլ ձայն կա, գնամ, լսեմ:
Գնաց, երկար չարչարվեց, ձայն չկար:  Ներս եկավ.
_Որ ծառից ձայն չի գալիս, ուրեմն նրա ձայնը շատ խորն է:
Լռություն: Հետո հոգոց հանեց,_կամ էլ ծառի մեջ ձեն չկա:
  Հասկացանք, որ համոզվել է դրանում, բայց չի ուզում հավատալ:

Թաղար-տնկարանները՝ այգեգործական փոքր իրական գործիքներով  սերմեր ցանելու, տնկիներ ստանալու, «հողագործությամբ» զբաղվելու համար:
Տեխնոլոգիական կրթության կազմակերպմանն անհրաժեշտ թվային միջոցները տառ ու բառ,  նամակ ու մաղթանք,  թիվ ու խնդիր  գրելու – նկարելու, ֆոտոներ անելու, զրույց-հարցազրույներ ձայնագրելու համար.  էլեկտրոնային գրատախտակ, անլար համացանցային կապ, սաների զարգացումն   ապահովող անհրաժեշտ  ծրագրերով ապահովված համակարգիչ, ֆոտոխցիկ-տեսախցիկ, ձայնագրիչ, ականջակալներ, սքայփ, անհատական համակարգիչներ (նոթբուք-նեթբուք),  դրանք անվնաս և անվտանգ սպասարկելու, պահպանելու միջոցներ:
Ապահովված է սրահի մթնեցումը:
Երաժշտական-թատերական գործիքներ.   անպայման՝ դաշնամուր: Հասարակ սավանը ստվերախաղի միջոց: Էլ ինչ կանեն դրանով, թողեք իրենց:
Խաղեր ու խաղային պարագաներ՝ շախմատ, սեղանի այլ խաղեր, կառուցողական խաղեր,   դոմինոներ, լոտոներ, խաղաթղթերի կապուկներ, Մոնտեսորիի հավաքածուներ:
Գրադարան-ընթերցարան. Կթերթեն, շուռ ու մուռ կտան, ծանոթ ու անծանոթ տառերը կուսումնասիրեն, ծանոթ ստեղծագործությունները «կկարդան», հետո իրոք կկարդան:
Սովորողների ֆիզիկական զարգացումն ապահովող պայմանները՝ շվեյցարական պատ, մարզական ներքնակներ կամ գորգեր՝ փափուկ հատակ կամ այն հավաքելու հնարավորություն, գնդակներ, ցանցեր, ցատկապարաններ, մարզաթունել, մարզապարկեր, տարբեր չափերի գնդակներ, բուլավաներ, օղակներ, հեծանիվներ, գլդորաններ:
Քնել-հանգստանալու պարզ սպունգե ներքնակները և ծածկոցը՝ հարմար բամբակյա կտորով երեսպատված:

Դպրոցպարտեզն ունի
Բագիտական լաբորատորիաներ, որտեղ սաները բույսեր են աճեցնում, բնագիտական փորձեր են կատարում, չափումներ, դիտարկումներ. իսկական գիտնականներ, լուրջ, խորասուզված, մեծավարի: Ինչ դասագիրք, ինչ բան: Էսքան գործիք ունեցողը դասագիրքն ինչ անի:
Գիտե՞ք խմոր անելն ինչ հետաքրքիր է: Տեսնես ջուրն ինպես է անհետանում խմորի մեջ: Թող իրենք մտածեն-փնտրեն, գտնեն կամ չգտնեն պատասխանը: Ի՜նչ հետաքրքիր պատասխաններ-վարկածներ կլինեն, մեր մտքով անգամ չի անցնի: Որովհետև մենք չենք ապրում-խաղում, մեզ «սխալվել» չի կարելի:  Իսկ երեխան չի էլ մտածում սխալվելու մասին, որովհետև իր կարծիքը կարողանում է առանց վախի, համոզված կամ ոչ այնքան, բայց պատճառաբանել-մեկնաբանել

Բա ջրի համերը փորձելը՝ մեջը տարբեր համի նյութեր լցնելով: Ջրի գույները՝ ներկերով: Գունավոր խմորն ինչ հաճույք է, սննդային ներկերով ներկեց՝ իսկական ծիածան: Եթե մի քիչ էլ գլիցիրին կամ ձեթ ավելացնի, իսկական կախարդական ծեփամածիկ կդառնա, սաներն էլ դաստիարակի հետ՝ հրաշագործներ: Ախր այս կյանքը իրական հրաշքների անվերջանալի շղթա է, թող զարմանան-հիանան-հրճվեն իրենց կատարած հրաշքով: Այնպես արեք, որ միշտ ունենան առիթը:
Տեխնոլոգիական արհեստանոց, որտեղ ծեփում են, նկարում, քանդակում, ծիսական և թատերական իրեր են պատրաստում, կերպարանափոխում և կերպարանափոխվում:
Զնգլի՜կ… ու ծեփում են, կտրում կպցնում՝ մի քիչ լավ, մի՜ քիչ անհաջող: Ինչ է՝ անհաջող տիկնիկ չի՞ լինում:
Կամ էլ, մեկ էլ տեսար կավոտ ձեռքերով մռութը սրբեց: Եվ ինչ… ինչ ուզես, էլի կյանք է ու Մեծ խաղ:
Այ, եթե չխառնվենք, է՛, ինչ ասես կծեփի ու կքանդակի, մեզ հետ, առանց մեզ՝ քար, քիթ ու մռութով սար, իրեն, ուրիշներին, քամի կամ ծիածան, մութ կամ գետ… Ինքնավստահությունն ու անսպասելիությունը, ինքնաբուխ ու անհավանական  ստեղծագործումը ամենամանկական-ամենամարդական հատկությունն է, որը անընդհատ կզարգանա, եթե երեխային չզրկենք իրենով և ուրիշներով, իր ստեղծածով ու ուրիշի ստեղծածով, բնության տվածով ու մտքի տվածով զարմանալու, երևակայելու, բստրելու հնարավորությունից, եթե իրենց հետ լինենք ու գոնե մի քիչ՝ նման իրենց, գոնե՝ մի քիչ:

Ընթերցասրահ, որն ապահովված է մեդիագրադարանով, 5-6 տարեկանների կարողություններին համապատասխան գրականությամբ:

Մարզասրահ, որտեղ բացի մարզվելուց, զանազան՝ ազգային, մարզական, շարժուն այլ խաղեր են կազմակերպվում: Լսել ենք ինչպես ճչում, տեսել եք՝ ինչպես են թռչկոտում, վազում, մեկ-մեկ էլ սայթաքում: Ազա՜տ…
Երբ սաները դառնում են իրենց ժամանակի տերն ու գործի կազմակեպիչը,  ամեն ինչ կարող է գործիք դառնալ , այսպես , այսպես էլ է լինում՝ ինքնաբուխ, հանպատրաստից: Մեծերին մնում է միանալ փոքրերի Մեծ խաղին:

Երաժշտական սրահ, որտեղ ոչ միայն երգ ու պար են սովորում, այլև խումբը գործում է որպես բազմաժանր համույթ՝ «Շրխկան»: Երգ-երաժշտությունը, խաղն ու ծեսը, բառն ու հանգը, աղմուկը սովորովի չեն, ներսից են, դրսից էլ՝  փոխանցովի են: Լիքը շրխկան՝ ծափ ու ծըլընգոցով: Կրթությունը արհեստականություն չի սիրում: Ցավոք թե ոնց, բայց չկա ծիսկան միջավայրը, չկան ջաղացն ու խնոցին, պատվական էշն ու թեշիկն ու իլիկը:  Բա ինչ անենք, արհեստական խաղ խաղա՞նք: Բնակա՛ն: Իսկ սանի բնականը իրական, իր կյանքի հետ կապված, իր կյանքից եկող խաղն է: Դե, երգ ու պարն էլ, բառն ու հանգն էլ խաղացեք իրենց հետ, իրենց հավասար, խաղալիք դարձրեք: Հաճախ տարվում ենք արհեստածին, ազգային պարի հետ կապ չունեցող ձևական, իբր թե երգը մեկնաբանող շարժումներով ու դրա անունը պար ենք դնում: Գուցե թե ճիշտ պարը ամենալուրջ բանն է, որ մտածողություն է ձևավորում: Ախր սաները ներքին ռիթմ ունեն, դրա մաքուր զգացողությունը: Մենք փակում ենք այդ ռիթմի դուռը, փոխանակ լայն բացենք, թույլ տանք, որ զգացողությունը դուրս գա, թելադրի ու կամաց-կամաց գնա դեպի իսկական պարը:  Բակն ու այգին հրապարակ դարձրեք ու երգով աղջիկ փախրցեք,  մուկն  բռնեք, ծափ ու դմփոցով խաղերգ-հաշվերգ ասեք: Երգ ու խաղից, ներքին ռիթմի զարգացումից կգնանք պարերգ: Բա որ դոմիասին չհորինեք, չփնտրեք ու գտնեք խաղերը,  կյանքն ինչպե՞ս զարգանա: Չենք անի ու կդառնան մեծավարի անհետաքրքիր, գորշ ու անգույն: Կարող է՝ մի երկու-երեք երգ կամ ոտանավոր էլ ավել իմանան: Ի՛նչ… ու չխաղան իրենց Մեծ խաղը, որի խաղարանը աշխարհն է, խաղալիքը՝ ամեն ինչ՝ մեխն ու մուրճը, բառն ու բանը, կավն ու քարը, երգն ու պարը, քարն ու անգամ մեծ սարը… Դարձրեք բառը խաղալիք, սաների հետ դարձրեք, սաների հետ խաղացեք…Հա՜, բա քարերն ինչ հրաշալի շրխկան են, փորձե՞լ եք:
Առավոտյան բարի լույսի խաղեր խաղացեք, որոնք կան կամ չկան «Պարտեզի» Խաղադարանում:

_Ընկեր բառը 5 գույնանի է:
_Ինչո՞ւ:
_Որովհետև մենք 5 ընկեր ենք: Եթե շատ լինեինք, շատագույն կլիներ:
Արեգի զրույցներից է:

Բուժկետլաբորատորիա. սաները   դասվարի և առողջագետի հետ   ուսումնական-չափողական գործեր են անում՝ ուսումնասիրելով իրենց մարմինները,, դիտարկումներ, չափումներ կատարելով,   սովորում են տվյալներ գրանցել, ծանոթանում են սեփական մարմնին, օրգանրիզմի հնարավորություններին:  Նպատակային լաբորատորիա: Էլի Մեծ խաղից՝ առաջին բուժօգնություն՝ գրավիչ մեծական խաղ կամ մեծական կյանքից: Վիրակապ, յոդ: Ճնշումը չափելու իսկական սարք ու այդ  սարքի ընկալուչը: Անպատմելի հրճվանքով են լսում իրար սրտերի աշխատանքը, մեծերինը: Իսկական մեծական գիտական հայտնագործությունների թեմա.

_Ասե՞մ՝  իմ սիրտն ինչու է արագ խփում, որովհետև իմ սիրտը փոքր է, պետք է արագարագ խփի, որ արյունը  կարողանա տեղ հասցնի: Քոնը մեծ է, միջի արյունը շատ է, մի հատ խփի, լիքը կհասնի:

Խոհանոցլաբորատորիա, որը   սաների տեխնոլոգիական, բնագիտական, մաթեմատիկական զարգացման միջավայր է: Ամենահարուստ, ամենահետաքրքիր, ամենամեծական…
Լավաշթխիկ բառը դառնում է խորհրդանիշի նման մի բան: Այստեղից ընտանիքներ մտնելը հեշտ է: Ղափամա, փոխինձ, հալվա, տարեգաթա, մարդահացիկ.. էլի մոռացված կամ չգնահատված կերակուրներ պարտեզային խոհանոցից տեղափոխվում են ընտանեկան խոհանոց ու մի լավ տնավորովում: Իսկական բազմատեսակ ու բազնաամենինչ լաբորատորիա:

ՏՏ միջոցների գործածում ուսումնական նպատակներով
Դպրոց-պարտեզում օրն ինչպես կարող է բավականացնել  այսքան բազմազան ու հետաքրքիր գործունեության համար, բայց ժամանակն անընդհատ է: Նախակրթարանից 5-6 տարեկանների դասարան՝  գիր-գրաճանաչություն – գրագիտությունը, շարունակվում է բանավոր հաշիվն ու թվաբանական պատկերացումները, ՏՏ միջոցների կիրառումը: Երբ պիտի աշխատեն TV5-ն ու ռադիո5-ը, ծնվեն Ուրախ այբբենարաններն ու ընթերցարանները, թվաբանարանները, հարցումները, լուսանկարում-դիտարկումները, պատումներ, մեկնաբանություններ…

Բակպարտեզ. սովորողն իր միջավայրի պարտիզպանն է:
Բակ-պարտեզն ապահովված է ոռոգման ջրով և խմելու ջրով, փակ աղբամաններով, անհրաժեշտ աշխատանքային գործիքներով: Մեծերի կողքին, մեծերի հետ իր այգին ստեղծելով՝ սովորողը դառնում է իր կյանքի և միջավայրի պատասխանատուն:
Բնագիտական գործունեությունն այս պայմաններում աշխարհաճանաչողական է: Բակ-պարտեզում կան սովորողի ֆիզիկական ակտիվությունն ապահովող պայմաններ՝  մարզահրապարակ-հեծանվահրապարակ-խաղահրապարակ, որը ձմռանը որպես սահադաշտ կծառայի, ճեմուղի-վազքուղիներ, ամռանը՝ ամառային լողափ՝ բաց լողավազանով, ցնցուղով, հիգիենիկ պարագաներով, հովանոցներով, ամառային գործունեության տարբեր միջոցներով, հեծանիվով, ավազե խաղա-մարզական տարածքով:

Ուսումնական ճամփորդություններ
Անսահմանափակ գործունեության համար դպրոց-պարտեզն իր այգով, լողափ-լողավազանով, արհեստանոց-լաբորատորիաներով, միևնույն է, քիչ է:
Օրվա մի մասը ծանոթի կամ անծանոթի թոնրատանը, գոմում կամ այգում, ճամփեքին անցակացնելը սանի առօրյայի գուցե ամենահետաքրքիր մասն է: Այսպես ընկերների հետ  միասին շարունակվում է հարուստ ու բազմազան առօրյան իր բոլոր գույներով և անընդհատությամբ: Այդ ընթացքում սանը բազում հմտություններ, կարողություններ, գիտելիք է ձեռք բերում, որոնք շարունակ  կիրառելով  զարգացնում է, նորերն է ձեռք բերում:
Եվ  օրը չի ավարտվում ժամը 17.00:
Սաների գործունեությունը կազմակերպվում է Ուսումնական օրացույցով, դաստիարակի կազմած աշխատանքային նախագծերով, հաճախ ինքնաբուխ են, միշտ շարունակական են՝  նկատի ունենալով   ողջ   օրը և անսահմանափակ միջավայրը:
Առավոտյան սանն արթնանում է  տանը: Ծնողը, ինչպես նախակրթարանն ու դպրոցը, կարևորում  է երեխայի ինքնուրույնությունը: Սկսվում է առավոտյան արարողությունը  (անկողինն է հարդարում, լվացվում է… ): Արարողությունը շարունակվում է դպրոց-պարտեզում առավոտյան ծեսով՝ միջավայրի խնամք, ուրախ մարմնամարզություն, առավոտյան խաղեր, մրգային նախաճաշ, սպասքադրում, նախաճաշ:
Ծես-ծիսական գործունեություն կամ գործունեության ծիսականացում, համատեղ աշխատանք՝ այգում, խոհանոցում, արհեստանոցում:
Քնում-արթնանում են, սեղաններն են սպաքադրում-հավաքում, մաքրում շրջապատը…

Զարգացում դպրոցպարտեզից դուրս կամ միաջավայրը մեկն է՝ կյանքը
Կյանքը  շարունակվում  է դպրոց-պարտեզից դուրս:
Տնային աշխատա՞նք, որ դարձել է կրթության կազմակերպման անլուծելի կամ դժվար լուծելի խնդիրներից մեկը:
Տային գործունեություն կամ գործունեություն դպրոցից դուրս, որը դպրոցի շարունակությունն է, որովհետև սանը մեկն է, միջավայրը մեկն է՝ ամենուր, ժամանակը մեկն է՝ անընդհատ, նպատակը մեկն է՝ կրթություն-զարգացում: Դրանցից ոչ մեկը չես առանձնացնի, չես մասնատի :
Այլ բան է, թե  ինչպիսին է այդ գործունեությունը. հորինովի ու կե՞ղծ, թե՞ իրական ու կենսական,  պարտադրվո՞ղ է,  թե՞ անկաշկանդ, ինքնաբուխ, անհետաքրքի՞ր է, թե՞ հետքրքիր ու   ոգևորող,  թելադրվո՞ղ է, թե՞ ստեղծական-ստեղծագործական:
Դպրոց-պարտեզից դուրս գործունեությունը
Անհատական է,  սանն ինքնուրույն է կատարում:
Անհատական. և լավ է, երբ ծնողն էլ դիտողն է ու մասնակիցը:
Սանը կարո՞ղ է, չէ, տունդարձի ճանապարհը ուսումնասիրել:
Կարո՞ղ է նոր սովորած ուսումնական նյութը զարմիկին, փոքր քրոջը, եղբորը սովորեցնել: Իհարկե:
Առանց մեր հուշումի էլ շատ հաճախ այդպես էլ անում են:
Պարզապես պետք է երբեմն հուշել-ուղղորդել, ոգևորել, խթանել, պայմանավորվել:
Իհարկե, նկատի ենք ունենում  սանի կարողությունները, նախասիրությոնները, անձնային հատկությունները:
Խմբային է, որ սանը կատարում է ընկերների, այլ դպրոցների սաների հետ՝ խմբով: Ինչ ասես, որ չեն անի՝ սկսած միջավայրը մաքրելուց-խնամելուց մինչև տիկնիկային ներկայացումներ:
Ընտանեկան  է, որն իրականացնում է ընտանիքի անդամների, հարազատների հետ:

 

 

Կարծիք գրել