Դոնալդ Բիսեթ. անգլիացի մանկագիր

Նախակրթարանի և կրտսեր դպրոցի համար. անսահման երևակայություն, խաղ, միտք փոքրիկ հեքիաթներում:

ԴՈՆԱԼԴ ԲԻՍԵԹ
Անձրևը
 Վտվտիկն ու Կտկտիկը ամպեր էին և  երկնքում էին ապրում: Նրանք ամբողջ օրը իրենց համար էս ու էն կողմ էին թռչում ու ոչ մեկին չէին խանգարում: Արևն էլ իր համար էր շողում, թռչունները երգում էին, երեխաները խաղում:
– Վտվտի՛կ, – ասում էԿտկտիկը,- չիջնե՞նք ներքև և բոլորին մի լավ ջրենք:
– Իջնենք, թե չէ պարապ-սարապ թռչելը ձանձրալի է:
Նրանք իջան և թրջեցին գետինը: Իսկ մարդիկ դժգոհ էին:
– Ի ՞նչ թարս եղանակ է,- փնթփնթում էին նրանք:
– Կարծես դույլերով ջուր թափեն, ա ՜յ քեզ տխուր օր:
-է՜, արի գնանք այստեղից,- հուսահատվում է Կտկտիկը:
Նրանք թռչում – գնում են, և անձրևը կտրվում է: Բոլորը   գոհ էին: Ամեն օր արևը շողում էր,  շոգն էլ՝ օրեցօր ուժեղանում: Երկար ժամանակ  ոչ էլ անձրև էր գալիս: Խոտերը դեղնում և չորանում են, ծաղիկները` թոռոմում: Կովերը մնում են առանց խոտի և կաթ չեն տալիս: Պաղպաղակ պատրաստողը չի կարողանում կաթ գնել, որ պաղպաղակ պատրաստի: Երեխաները լաց են լինում և պաղպաղակ ուզում: Նրանք  հագնում են բաճկոնները, բացում հովանոցները և դուրս գալիս փողոց: Ամպերը տեսնում են ու զարմանում.
– Տեսնես ի՞նչ է եղել:
Նրանք իջնում են  ներքև, ու նորից հորդ անձրև է գալիս:
– Ի՜նչ հաճելի անձրև է,- ուրախանում եմ բոլորը:
– Վերջապես, ա ՛յ լավ օր:
Բոլորը  գոհ են` և՛ Խտտիկն ու Կտկտիկը, և՛ երեխաներն ու մեծերը: 

Շնորհակալությունը, Ներեցեքը, Խնդրեմը
Մի օր Խնդրեմն ու Շնորհակալությունը հանդիպեցին, և ամեն մեկն սկսեց դժգոհել իր բախտից:
– Ոչ մեկը մեզ չի գնահատում և չի հարգում:
Այդ ժամանակ նրանց է միանում Ներեցեքը:
-Ներեցեք, որտե±ղ է արդարությունը, մյուս բոլոր բառերն հանգիստ ապրում են, իսկ մենք անդադար աշխատում ենք: Մեզ միշտ հիշում են՝ է՛լ շնորհակալություն, է՛լ խնդրեմ, է՛լ ներեցեք,  նույնիսկ չեն թողնում հանգիստ քնենք :
– Շնորհակալություն, բայց արդարություն չկա,- համաձայնեց Շնորհակալությունը,- մեր փողոցում մի կին է ապրում: Նա իր աղջկան միշտ ասում է՝ ասա ° շնորհակալություն , ասա՛ շնորհակալություն…
Հաստատ գիտեմ՝ մինչև մեծանալը աղջիկը կմոռանա, թե ինչ է «շնորհակալությունը»:
– Ես էլ եմ նույն վիճակում,- հոգոց է հանում Խնդրեմը,- ավտոբուսում, փողոցում միայն լսում ես` փոխանցեք խնդրեմ, մեկ տոմս խնդրեմ: Իհարկե, ես հասկանում եմ, դա քաղաքավարություն է, բայց բոլորովին ուժերս հատել են:
Խնդրեմը խոսելով հետ- հետ գնաց, որպեսզի նստի, բայց պատահմամբ կանգնեց Շնորհակալության մեջքին:
– Վա՜յ, ների՛ր ինձ:
-Հիմա էլ՝ դու °,- բարկացավ Ներեցեքը,- չե՞ս կարող առանց ինձ յոլա գնալ:
– Ների °ր, ես պարտավոր էի ներողություն խնդրել:
– Նորի՞ց, չէ պետք է մի բան անել: Եկեք մի շաբաթով գնանք ծով հանգստանալու: Կլողանաք, կխաղանք և՝ ոչ մի աշխատանք: Թող մեկ շաբաթ մարդիկ առանց մեզ դիմանան: Այդպես էլ արեցին: Իսկ երբ վերադարձան, նույնիսկ ուրախացան, լսելով` ինչպես են բոլորը անդադար կրկնում իրենց անունները:
Եվ կարևորը` նրանք արդեն տեղին էին օգտագործում այդ բառերը, երբ ուզում էին, որ իրենց ներեն, ասում էին` ՙներեցեք, երբ ուզում էին շնորհակալություն հայտնել, ասում էին՝ շնորհակալ եմ, իսկ երբ ուզում էին քաղաքավարի լինել, ասում էին՝ խնդրեմ: Ընկերներն այժմ նույնիսկ գիրք կարդալու ժամանակ ունեին և ամեն տարի մեկ շաբաթով գնում էին ծով  հանգստանալու:

Փիլիսոփա Բլոճը և մյուսները
Քեռի Ֆրեդն ապրում էր «Արևմտյան քամի» փողոցում, համար ութ տանը: Նրա սենյակում իր նկարն էր կախված, աջ կողմում, դարակին ծաղկաման էր դրված, մեջը՝ վարդ: Ձախ կողմում՝ Թիկ-թակ ժամացույցն է:
_Ինչ ձանձրալի են այս ժամացույցները, ոչ մի հետաքրքիր բան չկա սրանց մեջ,-մտածում էր վարդը,-հոտ էլ չունեն:  Իսկ նա, ով լավ հոտ չունի, չի կարող է գեղեցիկ լինել:
Ժամացույցն էլ էր ինքն իրեն միտք անում. «Ինչ հիմարն է այս վարդը, գլխում մի դրամի խելք չկա, չի կարողանում ժամը ցույց տալ: Չեմ հասկանում, ոնց  են սրան գեղեցիկի տեղ դնում»:
Այդ ժամանակ սողաց-մոտեցավ սև բլոճը: Նա նայեց վարդին, ժամացույցին և մտածեց. «Ինչ մեղք են, էս ինչքա՜ն սև են»: Մտածեց ու սողալով շարունակեց իր ճանապարհը: Նա գնում էր իր տատիկի ծննդյան օրը շնորհավորելու:
Հետո պատուհանից ներս թռավ ծիծեռնակը, տեսավ վարդին ու ժամացույցին.
_Է՜, պարապ-սարապ տկտկալուց կամ բուրելուց ինչ օգուտ, եթե թռչել չես կարողանում: Թռչե՜լ… Դրանից էլ լավ բա՞ն:
_Լողալը,-ասաց ձուկը պատուհանին դրված աքվարիումի միջից:
_Մլավելը,-ասաց կատուն և թռավ պատուհանից դուրս:
_Չփչփացնելը,-ասաց խոզը իր բնից:
_Ծառերը ճոճելը,-ասաց քամին:
_Քամի անելը, -ասացին ճոճվող ծառերը:
Վարդն ու ժամացույցն էլ իրենց կռիվն էին շարունակում:
Քեռի Ֆրեդը իր տիկնոջ հետ տուն եկավ:
_Հիմա դու ասա՝ քո կարծիքով ո՞վ է ամենագեղեցիկը,- հարցրեցին բոլորը քեռի Ֆրեդին:
_Ասեմ՝ իմ կինը,-պատասխանեց Ֆրեդը:
_Համաձայն եմ,-ասաց Ֆրեդի կինը և համբուրեց քեռի Ֆրեդին:

Արքայազն անունով պինգվինի մասին 
Մի փոքր պինգվին կար: Թագավորական  ընտանիքի պիգվիններից էր, անունն էլ Արաքայազն էր: Էս պինգվինը դեռ չէր ծնվել, ձվի մեջ նստած մտածում էր՝ ինչ անի, որ շուտ լույս աշխարհ գա:   Ձանձրացել էր ձվի մեջ պարապ-սարապ նստելուց, ուզում էր շուտ դուրս գալ, խաղալ ուրիշ պինգվինների հետ: 
Նա կտուցով խփեց կեղևին, հետո՝ ոտքով: Հետո ամբողջ ուժով թմբուկի նման սկսեց հարվածել: Մեկ էլ՝ ճա՛ք, ու կճեպը կոտրվեց: 
Վա՜յ, վերջապես ծնվեց:  
Մայր-պինգվինը նայեց նրան և աչքերին չհավատաց: 
-Այ քեզ բան, -մտածեց նա,-այս երեխան ինչո՞ւ է շագանակագույն: Թագավորական բոլոր պինգվինների մեջքի փետուրները սև են, իսկ փորի փետուրները՝ սպիտակ: _Տեսնես՝ եթե շագանակագույն ներկը լվանամ, պինգվինը սև ու սպիտակ կդառնա՚՞: 
Մայր-պինգվինը փորձեց մատով քերել Արքայազնի փետուրների ներկը, բայց բան դուրս չեկավ: Արքայազնը ոնց շագանակագույն եղել էր, այդպես էլ մնաց: 
-Իմացա՜,- ասաց մայր-պինգվինը և դարակից հանեց մեղրի ամանը: 
Նա մեղր քսեց պինգվինի վրա և կանչեց Մրթմրթան անունով սպիտակ արջին, որ նա լպստի պինգվինի վրայի մեղրը, մեղրի հետ էլ՝ շագանակագույն ներկը: Մրթմրթանն հաճույքով  գործի անցավ: 
-Վա՜յ, խուտուտ է գալիս,-ծիծաղում էր պինգվինը: 
Բայց արջը դրան ուշադրություն չէր դարձնում և շարունակում էր լպստել մեղրը: Երբ լպստեց-վերջացրեց, մայր-պինգվինը տեսավ, որ Արքայազնը  ոնց շագանակագույն եղել էր, այդպես էլ մնաց:  
Այդ ժամանակ Մրթմրթանն ասաց.
-Թող պինգվինը բարձրանա ձյունով ծածկված բլուրի վրա, հետո վերևից ներքև  գլորվի: Գուցե ձյունը մաքրի շագանակագույն ներկը:
Պինգվինը բարձրացավ բլուրը և գլորվեց ներքև: Գլորվեց ներքև, թափ տվեց իրեն, նայեց՝   ոնց շագանակագույն եղել էր, այդպես էլ մնաց: 
-Գնանք տեսնենք բուն ինչ կասի,- որոշեց մայր-պինգվինը,- նա աշխարհի ամենաիմաստուն թռչունն է: 
Եվ բուն նրան ասաց.
_Ինչ ծիծաղելի ես դու, մա՛յր-պինգվին, դու չգիտե՞ս, որ պինգվինները շագանակագույն փետուրներով են ծնվում: Հետո, երբ մի քիչ մեծանում են, մեջքի փետուրները սևանում են, փորինը՝ սպիտակում: 
-Վայ, ոնց էի մոռացել,-կանչեց մայր-պինգվինը:
Երբ Արքայազնը մի քիչ մեծացավ, փետուրը թափեց, փոխարենը մեջքին սև փետուրներ աճեցին, փորին՝ սպիտակ:  
Ահա այսպիսի պատմություն:
 Մկները Լուսնի վրա  Մի օր երեկոյան, երբ ես համարյա քնած էի, տեսնեմ՝ մեկը ճանկռում է պատուհանս և ձայն տալիս: Ես մոտեցա պատուհանին, բացեցի և տեսա իմ ծանոթին, որ Լուսնի վրա էր ապրում: Նրա անունը Ջորջ էր: 
-Բարեկա՛մս, պիտի օգնես,-ասաց նա:
-Ես սիրով կօգնեմ, -ասացի ես:-Բայց հիմա նստիր, հանգստացիր, հոգնած կլինես, երկար ճանապարհ ես անցել: Թեյ ուզո՞ւմ ես:
-Հաճույքով կխմեմ,-պատասխանեց նա: 
Գնացի խոհանոց, կատվին ասացի՝ կորի: Հետո՝ տեղնուտեղը ներողություն խնդրեցի.
-Ներիր ինձ, փիսո ջան, ես ընկերոջս եմ հյուրասիրում, նա թեյ է ուզում, իսկ դու փռվել ես ճամփին: 
_Հենց հիմա կգնամ,- մլավեց իմ կատուն: Տես, է՛, չէի էլ մտածում, որ այս պահին թեյ կխմենք, ջա՜ն : Ես երեք բաժակ թեյ դրեցի՝ մեկը՝ Ջորջին, մեկը՝ կատվիս, մեկը՝ ինձ: 
-Դե հիմա պատմի՛ր, տեսնեմ՝ ինչ է եղել,-ասացի Ջորջին:
-Մկները,-պատասխանեց նա:-Լուսնի վրա այնքան մուկ է լցվել, որ ոչ ոք չի ուզում այնտեղ ապրել, ես էլ չեմ կարողանում ամուսնանալ: Կանայք ամենից շատ մկներից են վախենում: Խորհուրդ տուր՝ ինչ անեմ: 
Բացի այդ՝ մկները Լուսինն ուտում են, այն անընդհատ փոքրանում է, մնում է մի բարակ մահիկ: Էս մկները դա էլ են ուտում:   Ստիպված նոր Լուսին եմ պատրաստում: Եվ այսպես՝ քսանութ օրը մեկ: 
Երեխաներ, իսկ գիտե՞ք Լուսինն ինչ է:
Իսկ Լուսինը թարմ պանիրի գլխիկ է:
Իսկ սոված մկները հեշտ ու հանգիստ
 Իրենց փորն են կշտացնում:
-Հա՜, վատ է, շատ վատ է:
Ես ինչ անեմ ձեզ համար: 
Մեկ էլ ես ու կատուս իրար նայեցինք: 
_Մյաու-մյաու,-ասաց կատուս:
-Հրաշալի է,-ասացի ես,-շատ հրաշալի:
Կատուն Ջորջի հետ Լուսին գնաց և վախեցրեց բոլոր մկներին: 
Հիմա նա տանն է, իմ խոհանոցում մուշ-մուշ քնած է: Ջորջը վերջապես ամուսնացել է: Նրա կնոջ անունը Մերի է: Ջորջը   երջանիկ է: Միայն մի վատ բան կա՝ Մերին պանիր շատ-շատ է սիրում:

Մոռացված ծննդյան օրը
Կար-չկար մի մեծ փիղ կար: Այս փիղն իր կնոջ ու Յալմար անունով տղայի հետ ապրում էր գազանանոցում:
Հայր Փիղը շատ մեծ էր: Մայր փիղն էլ էր մեծ: Դե, Յալմարն էլ շատ փոքր չէր: Փղերն ընդհանրապես փոքր լինո՞ւմ են:
Մի սիրուն օր փիղ մայրիկն ու փղիկր տեսան, որ փիղ հայրիկը կանգնել է գլխի վրա:
– Ի°նչ ես անում,- հարցրեց փիղ մայրիկը:
– Մի բան եմ ուզում հիշել,- պատասխանեց փիղ հայրիկը:
– Ի՞նչ ես ուզում հիշել:
– Որ իմանայի, էլ ինչո՞ւ էի չարչարվում,- պատասխանեց փիղ հայրիկը: – ճիշտ չե՞մ ասում:
– Յալմար,- ասաց փիղ մայրիկը տղային,- շուտ վազի՛ր ու իմացի՛ր՝ ի՞նչ է մոռացել հայրդ:
Ու Յալմարը ճամփով վազեց: Հետո եղեգնուտի կողքի փոքր բլուրը բարձրացավ ու նստեց, որ հանգստանա, հետն էլ նայի, թե ո՞ նց են ամպերը երկնքում խաղում:
Հանկարծ լսեց, որ մեկը լաց է լինում: Հենց իր կողքին էին լաց լինում, բայց Յալմարը չէր տեսնում, թե ով է ու ասաց.
– Լաց մի լինի, ուզո՞ւմ ես օգնեմ քեզ:
TooltipnullԼացը դադարեց:
– Դու ո՞վ ես,- հարցրեց Յալմարը:
– Մոռացված Ծննդյան օրն եմ: Չգիտեմ էլ, թե ո՞ւմն եմ:
– Վա՜յ,- ասաց Յալմարը,- ա՜յ քեզ բան. Իսկ տորթ ունե՞ս:
– Բա ո՜նց: Առանց տորթի՝ ի՞նչ ծնունդ: Իմ տորթի վրա վեց մոմ կա, ուրեմն ինչ-որ մեկն այսօր վեց տարեկան է դառնում:
«Ի՜նչ լավ է,- մտածեց Յալմարր,- շա՛տ լավ է: Համարյա յոթ տարեկան դառնալու չափ լավ: Հինգ տարեկանն էլ վատ չէ, դե, չորսն էլ ոչինչ: Ա՛ յ, ուրի՜շ է ութ տարե­կան որ լինես, արդեն հենց այդքան կմնա, որ չափահաս դառնաս»:
– Ափսո՛ս, շատ ափսոս, որ չեմ կարող քեզ օգնել,- ասաց նա: – Ուղղակի չգիտեմ, թե ո՞վ է իր ծննդյան օրը մոռացել:
Ու Յալմարը տուն վազեց: Եկավ տեսավ հայրն արդեն գլխի վրա կանգնած չէր, այլ նստել էր սեղանի մոտ ու ճաշ էր ուտում:
– Հիշել եմ,- ասաց փիղ հայրիկը,- ես այդպես էլ գիտեի, որ դա երեկ էր, կամ վաղը, կամ էլ այսօր: Հենց այդպես էլ գիտեի:
– Ի՞նչն է այսօր,- հարցրեց Յալմարը:
– Այսօր քո ծննդյան օրն է,- սենյակ մտնելով՝ ասաց փիղ մայրիկը: – Այսօր քո վեց տարին լրացավ:
Յալմարը ուրախացավ, հուզվեց ու շուտ հետ վազեց եղեգնուտի մոտի փոքր բլուրը:
– Լսի՛ր,- գոռաց նա,- պարզվեց, որ դու ի՛մ Ծննդյան օրն ես: Այսօր ե՛ս եմ վեց տա­րեկան դառնում:
– Ո՜ւխ,- ուրախացավ մոռացված Ծննդյան օրը,- ջա՜ն, ջա՜ն, ջա՜ն:
Երեկոյան թեյի հետ Յալմարն ստացավ իր տոնական տորթը՝ վրան էլ վեց մոմ: Նա կնճիթը ձգե՛ց, վեցն էլ միանգամից հանգցրեց:
«Ի՜նչ լավ է,- մտածեց նա: – Շա՜տ լավ է վեց տարեկան դառնալը»:

 Ռնգեղջյուրն ու բարի փերին
 Շատ տարիներ առաջ Սեմ անուն մի ռնգեղջյուր էր ապրում: Նա շատ հաստլիկ էր: Շատ էր թխվածք ուտում,  հետո մի բաժակ կաթ էր խմում ու քնում:

Նա ամեն անգամ երազում տեսնում էր, որ մեկը իրեն խուտուտ է տալիս:

Խեղճը չէր դիմանում, անհանգիստ  պտտվում էր քնի մեջ ու ամեն գիշեր ցած ընկնում մահճակալից: Գեր լինելու պատճառով նա աղմուկով էր ընկնում:

Բոլոր հարևանները դժգոհում էին ու գանգատվում, թե նա աղմկոտ ու անհանգիստ ռնգեղջյուր է: Խեղճ Սեմը չգիտեր՝ ինչ անի: Ու մի անգամ նա գնաց իմաստուն բուի մոտ` խորհուրդ հարցնելու: Բուի անունը Ջուդի էր: Սեմը նրան իր պատմությունը: Ջուդին առաջարկեց բարի փերուն դիմել:

Փերին հայտնվեց` ձեռքին արծաթյա մի ձող:

Սեմն ամեն ինչ մանրամասն պատմեց փերիին:

_ Ա ¯հ, ինչ հիմար ռնգեղջյուր ես,- ասաց փերին: -Ո±վ է անկողնում շոկոլադով թխվածք ուտում: Իսկ փշրանքների մասին մոռացել ե±ս: Իհարկե խուտուտ կտան: Ես կօգնեմ քեզ, փակիր աչքերդ ու մի նայիր:

Սեմը աչքերը փակեց, իսկ փերին Ջուդիի վրա թափահարեց արծաթե ձողիկն ու նրան դեղձանիկ դարձրեց:

_ Էս ի՞նչ արեցիք,- զարմացավ Ջուդին:

_Մի  զայրացիր,- ասաց փերին,- դու հիմա կկարողանաս կտցահարել փշրանքները:

Ջուդին համաձայնեց:

Սեմը աչքերը բացեց ու սկսեց երգել.
_ Կեր իմ փշրանքները, թող անուշ լինի:

_Շնորհակալություն, բարի փերի:

Ջուդին ու Սեմը տուն վերադարձան: Այդ օրվանից Սեմին այլևս խուտուտ չէին տալիս և անկողնուց էլ չէր ընկնում:

Բոլոր հարևանները գովում էին և ասում, որ նրա բախտը բերել է, որովհետև հավատարիմ բարեկամ ունի, որը կտցահարում է բոլոր փշրանքները:

Ցանկությունների ծառը

Մի ծառ կանգնած էր այգում: Արևի շողերն ընկնում էին  նրա վրա, քամին թեթև  վազվզում էր ճյուղերի միջով, իսկ տերևները շշնջում էին. «Ցանկություն, ցանկություն, ցանկությու՜ն պահիր»:

Ծառը սովորական չէր, կախարդական էր: Ով կանգներ ծառի տակ ու ցանկություն պահեր, նրա ցանկությունը կկատարվեր:

Ծառի կողքին մի տնակ կար: Տնակում մի գիրուկ ծերուկ էր ապրում: Նրա անունը Ուիլիամ Քեդոգան Սմիթ էր: Նա օճառ էր վաճառում  գյուղի խանութում և չէր սիրում փոքրիկ տղաներին ու աղջիկներին:

Մի օր նա կանգնեց կախարդական ծառի տակ ու ասաց.
_Ուզում եմ, որ  մեր թաղում ապրող բոլոր  աղջիկներն ու տղաները հայտնվեն Լուսնի վրա:

Հենց  նա այս բառերն ասում է, բոլոր տղաներն ու աղջիկները հայտնվում են Լուսնի վրա:

Այնտեղ ցուրտ էր ու տխուր,  փոքրիկները սկսում են լաց լինել: Բայց նրանք այնքան հեռու էին, որ մայրիկները չէին կարող լսել նրանց ձայները:

Հենց որ երեխաները հայտնվում են Լուսնի վրա, ծառի վրայի բոլոր թռչունները էլ չեն երգում:

Իսկ մի կեռնեխ նայում է պարոն Սմիթին ու ասում.
_Ես ուզում, եմ, որ բոլոր երեխաները նորից վերադառնան:

Պարոն Քեդոգան Սմիթն ասում է.

_Ուզում եմ, որ Լուսնի վրա հայտնվեն: Իսկ կեռնեխը` «Ուզում եմ, որ վերադառնան»:

Երեխաները գնալով ավելի ու ավելի են շփոթվում, չեն հասկանում, թե որտեղ են` Երկրի՞, թե՞ Լուսնի վրա:

Պարոն Սմիթը ոտքը խփեց գետնին ու ասաց. «Ուզում եմ… », բայց չհասցրեց շարունակել, որովհետև կեռնեխը շատ արագ ասաց. «Ուզում եմ, որ պարոն Սմիթը բարի դառնա»:

Եվ պարոն Սմիթը, ով հենց նոր պատրաստվում էր ասել. «Ուզում եմ, որ բոլոր երեխաները հայտնվեն Լուսնի վրա», հանկարծ միտքը փոխեց, քորեց գլուխն ու ասաց.
_Ուզում եմ, որ բոլոր երեխաները կեսօրին գան ինձ հյուր` թեյ խմելու, մենք թխվածք կուտենք ու նարնջի հյութ ու լիմոնադ կխմենք: Իսկ ես այլևս օճառ չեմ վաճառի, փոխարենը հրուշակեղենի խանութ կբացեմ,  թող բոլորն ինձ  Ուիլիամ Քեդոգան Սմիթի  փոխարեն պարզապես Բիլ Սմիթ ասեն: Հեյ-հո՜, հեյ-հո՜:

Նա երեք անգամ գլուխկոնծի տվեց, իսկ ծառի վրայի թռչունները նորից սկսեցին երգել:

Արևը շողում էր, քամին կամացուկ վազվզում էր ծառի ճյուղերի մեջ, իսկ տերևները շշնջում էին. «Ցանկություն, ցանկությունցանկությու՜ն պահիր»:

 

 

 

 

Կայարանի մասին, որ  տեղում չէր կանգնում

Մի թագավոր կար: Նրա անունը Սամուել էր: Մի անգամ նա, գահին նստած, մտածում է. «Ինչ լավ կլիներ, որ գնացքով տատիկիս հյուր գնայի»:
Այդպես էլ արեց: Նա հրաժեշտ տվեց թագուհուն ու ճամփա ընկավ:
Հասավ Վատերլոո կայարան, շարժասանդուղքով բարձրացավ կառամատույց և լսեց, թե կայարանն ինչպես է ինքն իրեն խոսում.
_Չգնա՞մ թեյ խմելու:

Հենց արքա Սամուելն ուզեց քայլել, կայարանի հետքն էլ կորավ:

-Այ քեզ փորձանք,_մտածում է թագավորը,-Սա լավ բան չէ, ես գնացքից կուշանամ, տատիկն էլ ինձ վրա կբարկանա:

_ Հենց հիմա ետ արի,_կանչեց թագավորը կայարանին: Բայց էս կայարանի մտքով էլ չէր անցնում ետ գալ:

_Նախ՝ թեյս կխմեմ, հետո կգամ,_պատասխանեց նա:

Թեյը խմեց, ետ եկավ: Արքա Սամուելը գնացք նստեց: Վերջապես շարժվեցին: Չուք-չուք-չուք, չուք-չուք-չուք, չուք-չուք-չուք …

Մեկ էլ մի կով տեսան, որ ճամփի մոտ արածում էր: Գնացքը կանգնեց:
_Մենք ճի՞շտ ենք գնում տատիկի տուն,-հարցրեց  մեքենավարը:
_Ճիշտ,-պատասխանեց կովը:-Իսկ կլինի՞ ես էլ ձեզ հետ գամ:

_Իհարկե,- պատասխանեց մեքենավարը,- շուտ թռիր:

Սելին, դա կովի անունն էր, ցատկում է բաց կառամատույցի վրա, և բոլորը շարժվում են:  Դեռ մի քիչ էին գնացել, հանկարծ ետևից՝  փիֆ-փուֆ, փիֆ-փուֆ, ձայներ են լսում: Ետ են նայում՝ ի՜նչ տեսնեն՝ Վատերլոո կայարանն է ետևներից շնչակտուր վազում:

_Կլինի՞ ես էլ ձեզ հետ գամ,-կանչում է նա:

_Արի,-պատասխանում է Սամուելը;

Բոլորը միասին շարունակում են ճանապարհը ու շուտով հասնում տատիկի տուն: Տատիկը շատ  է զարմանում, երբ  բոլորին տեսնում է: Կատակ բան չէ՝ շոգեքարշի մեքենավարը, Սելին,  Սամուել արքան,  և վերջապես՝ Վատերլոո կայարանը:  Մեկ է՝ նա շատ ուրախ էր, որ հյուեր ունի և բոլորին թարմ թեյ է հյուրասիրում: Թեյից հետո Սամուել արքան ասում է.

_Տուն գնալու  ժամանակն է: Ժամը հինգի կողմերը ես Վատերլոո կայարանում պիտի լինեմ:

_Ինչի՞ համար, Վատերլոո կայարանն այստեղ է,-ասում է տատիկը,-ինչո՞ւ ես շտապում:
_Ճի՜շտ որ,-ուրախանում է թագավորը,-նշանակում է՝ կարելի է և չշտապել: Եկեք մի-մի բաժակ էլ թեյ խմենք:

Տատիկը բոլորի համար թարմ թեյ է պատրաստում: Թեյից հետո բոլորը մինչև ժամը հինգը խաղում են, հետո տատիկին հրաժեշտ են տալիս և տեղն ու տեղը հայտնվում Վատերլոո կայարանում, այնտեղ, որտեղից եկել էին, բացի, իհարկե, Սելիից: Որպեսզի տուն հասնի, նա այլ՝  ուշացող գնացք է նստում:
_Շատ ուրախ եմ, որ ծանոթացա Ձեզ հետ,- ասում է թագավորը Վատերլոո կայարանին, երբ նրանք իրար հրաժեշտ էին տալիս ,- ցտեսություն: Ինձ թագուհին սպասում է: Անպայման մեզ հյուր եկեք:

 

Երկու ալիք

Ծովում երկու ալիք էր ապրում, մեկը մեծ, մյուսը` փոքր: Մեծ ալիքի անունը Մեծ էր,   փոքրինը` Փոքր:

Նրանք միշտ միասին էին լինում: Փոքրը բոլորի նկատմամբ բարեհամբույր էր, խաղում էր ձկների, քամու և ուրիշ ալիքների հետ: Իսկ Մեծը ամեն բան ջարդուփշուր էր անում ու խորտակում: Նա հատկապես սիրում էր հարձակվել նավերի վրա:

Մի անգամ Մեծ ալիքն ու Փոքր ալիքը խաղում էին ծովափին: Փոքրը լողափին մի տղայի տեսավ, որի ձեռքին պաղպաղակ կար:

– Ես էլ եմ պաղպաղակ ուզում,- ասաց նա:

– Հիմա կբերեմ,- ասաց Մեծը: Նա նետվեց տղայի վրա, ձեռքից խլեց պաղպաղակը և տվեց Փոքրին:

Փոքրը պաղպաղակը ուտելուց հետո հարցրեց.

– Իսկ հիմա ի՞ նչ ենք անելու:

_Նայիր այս քարաժայռերին և կտեսնես:

Մեծ ալիքը փքվեց, դարձավ քարաժայռերից էլ մեծ և փլվեց նրանց վրա, բայց հետո   թռավ քարաժայռերի վրայով և ընկավ նեղլիկ ճեղքի մեջ:

– Օգնեցե՜ք, – կանչեց նա:

Այդ պահին այդ կողմերով Միրանդա բադն էր անցնում: Նա կանգնեց և հարցրեց:

– Ինչ՞է պատահել:

– Ես չեմ կարողանում այստեղից դուրս գալ: Օգնիր ինձ, խնդրում եմ:

_Ոչ, ես չեմ ուզում քեզ օգնել,- ասաց Միրանդան,-դու հարձակվում ես բոլորի վրա, նավեր ես խորտակում, նույնիսկ ժայռերն ես ուզում քանդել: Հենց նոր ես իմ աչքով տեսա, թե դու ինչպես խլեցիր փոքրիկ տղայի պաղպաղակը:
Այդ ժամանակ Միրանդան լսեց, որ ժայռի մյուս կողմում մեկը լալիս է: Նա նայեց ծովին և տեսավ Փոքր ալիքին:

_Ին՞չ է եղել,-հարցրեց Միրանդան:
_Ես ուզում եմ Մեծ ալիքի մոտ գնալ,-ասաց Փոքրը,- նա ժայռերի մեջ է, իսկ ես չեմ կարող բարձրանալ ժայռերի վրայով:
Փոքրը շարունակեց լաց լինել:

_Ես Մեծ ալիքին չեմ օգնի, նա արժանի չէ, -ասաց Միրանդան,-պետք չէ, որ նա ծով վերադառնա: Ա՛յ, քեզ կօգնեմ, եթե դու ուզում ես ժայռի մյուս կողմն անցնել:

_Համաձայն եմ,-ասաց Փոքր ալիքը:

_Լավ ես մտածե՞լ,-հարցրեց Միրանդան:

_Լավ:

_Դե որ այդպես է, արի ետևիցս:

Բադը ցույց տվեց հեշտ ճանապարհը, որով կարելի է հասնել ավազներին: Հետո   ավազի մեջ ձեռքով երկար առու փորեց և Փոքր ալիքին ասաց, որ այդ առվով պտտվի ժայռի շուրջը: Փոքր ալիքն այդպես էլ արեց և հայտնվեց ժայռերի մեջ:  Մեծի ու Փոքրի ուրախությանը չափ չկար:

_Ջա՜նյ, ինչքան ուրախ եմ, որ քեզ տեսա,-ասաց Մեծը:

_Բա ես ինչ ուրախ եմ,-պատասխանեց Փոքրը:
_Գիտես ի՞նչ, արի միանանք, մի ալիք դառնանք, այդպես միշտ իրար հետ կլինենք,- ասաց Մեծ ալիքը:
_Արի,-համաձայնեց Փոքրը և ուրախությունից ծափ տվեց:

Այդպես  սարերի մեջ փոքրիկ լեռնային լճակ առաջացավ:

 Մթից վախեցող ավտոբուսի մասին
Կար – չկար մի փոքրիկ ավտոբուս կար: Նա վառ-կարմիր էր և հայրիկի ու մայրիկի հետ ապրում էր ավտոտոկայարանում, որտեղ ավտոբուսներն էին քնում: Ամեն առավոտ երեքով լվացվում էին, նախաճաշում էին բենզինով, մեքենայի յուղով, ջրով, իսկ հետո ուղևորներին գյուղից ծովափնյա մեծ քաղաք էին տանում: Գնում-գալիս էին, գնում-գալիս էին: Փոքրիկ ավտոբուսն էլ էր ցերեկները տանում-բերում, տանում-բերում: Բայց հենց մութն ընկնում էր՝ վե՛րջ. Ախր ինքը մթից շատ էր վախենում:  Մի օր մայրն ասում է նրան.

Մի բան պատմեմ՝ լսիր:  Շատ վաղուց  մի Մութ էր ապրում: Էս Մութը վախենում էր ավտոբուսներից: Մի օր նրա մայրը… Գիտե՞ս՝ ով էր նրա մայրը, գեղեցկուհի Հիրիկը: Հա՛, մայրը մի օր ասում է Մութին.

_Պետք չէ վախենալ: Եթե դու վախենաս դուրս գալ, վախենաս  աշխարհը մթով ծածկելուց, մութը չի ընկնի, մարդիկ այդպես էլ չեն իմանա, որ քնելու ժամանակն է: Աստղերն էլ չեն իմանա, որ երկնում փայլելու ժամանակն է: Դե, ի՞նչ կասես:

Այդ ժամանակ Մութըը, որ մինչ այդ պահ էր մտել Արևի թիկունքնում, սկսեց զգուշորեն իջնել փողոցների և տների վրա:

Քաղաքում ավտոբուսները սլանում են իրար ետևից: Մութը սիրտ է անում ու մի քիչ էլ է իջնում ներքև: Փողոցում լապտերները կամաց-կամաց սկում են վառվել, վարորդներն էլ իրենց մեքենաների լույսերն են վառում: Վերջապես Մութնամբողջովին իջնում է քաղաքի վրա:  Նա  չի հասցնում ուշքի գալ, երբ նրա միջով մի ավտոբուս է սլանում: Ի±նչ անսպասելի էր….Բայց Մթի համար հաճելի էր, ափսոս մի քիչ խուտուտ էր զգում:

Հետո Մթի միջով  էլի  մի քանի ավտոբուս է անցնում: Նրանց մեջ լույսեր են վառվում, մարդիկ տոմսեր են գնում, նստում ու կանգնում են:  Մի խոսքով՝ ժամանակը շատ լավ էր անցնում:

Մի քիչ ուշ դուրս է գալիս Լուսինը: Ավտոբուսը տների հետ պահմտոցի է խաղում:

Առավոտյան դարձյալ ծագում է արևն ու Մթին ուղարկում տուն՝ մայրիկի մոտ: Բայց Մութն այլևս չէր վախենում ավտոբուսներից: Երբ մայրիկ – ավտոբուսը վերջացնում է իր պատմությունը, փոքրիկ ավտոբուսն ասում է.

– Լավ, ես էլ կգնամ:

Վարոդը գալիս է, շարժիչը միացնում, մարդիկ գալիս են, նստում տեղերում, տոմսավաճառը զանգը տալիս է, և փոքրիկ ավտբուսը գնում է ուղիղ Մթան միջով: Նա մարդկանց գլխավոր փողոցով տանում էր  մեծ քաղաք, որը հենց ծովի մոտ էր գտնվում:

 Պարոն Կատկորդիլոսը
Մի անգամ Լուսնի Մարդը վերևից նայեց Երկրին,   նա միշտ էլ վերևից նայում է Երկրին, և մի հսկա շուն տեսավ, որ կատաղի հաչալով ընկել  էր փոքրիկ կատվի ետևից:

_Անպետքին տես, է՛, -ասաց Լուսնի մարդը: _ Էս ինչ է կատարվում, ոնց որ թե սա Հայստրիթի Բուլկուն է: Հա էլի, Բուլկան է: Դե սպասիր, քեզ ցույց կտամ՝ ինչ է նշանակում կատուների ետևից վազել:

Եվ ահա կեսգիշերին, երբ Լուսինը լուսավորում էր Աֆրիկայի երկինքը, Լուսնի մարդը մի անգամ էլ նայեց Երկրին: Նա ուզում էր իր հին ընկերոջը տեսնել՝ Կատկորդիլոսին: Պարոն Կատկորդիլոսի մի կեսը  կատու էր, մյուս կեսը՝ կոկորդիլոս: Նրա նման էլ չկա, միայն ինքն է Կատկորդիլոս: Նա բոլորից  հեռու էր ապրում, Աֆրիկայի ինչ-որ քարանձավում, և ոչ մեկի հետ չէր հանդիպում:

_Դու այդտեղ չե՞ս տխրում,-հարցրեց Լուսնի մարդը:
_Այսպես լավ է,-պատասխանեց պարոն Կատկորդիլոսը:
_Իսկ ես այդպես չեմ կարծում,-ասաց Լուսնի մարդը:-Քեզ նույնիսկ ոչ ոք չի համբուրում և բարի գիշեր չի ասում:
_Ինչ դմբո ես,-ասաց պարոն Կատկորդիլոսը: -Ես աշխարհում միակ արարածն եմ, որ միշտ կարող է մեկին «Բարի գիշեր» ասել :  Նայիր

Պարոն Կատկորդիլոսը պտտվեց, դարձավ օղակի նման, և կոկորդիլոս կեսը համբուրեց կատու կեսին:
_Բարի գիշեր, սիրելի Կոկ,-ասաց կատուն կոկորդիլոսին:_Բարի գիշեր և բարի քուն:

_Բարի գիշեր, իմ Կատ բարեկամ,-պատասխանեց կոկորդիլոսը կատվին:-Բարի գիշեր և հաճելի երազներ:

_Այո՜,-ասաց Լուսնի մարդը: -Պարզվում է, որ Կատկորդիլոս լինելը այնքան  էլ վատ բան չէ:

_Իհարկե,-համաձայնեց պարոն Կատկորդիլոսը: Բայց մի քանի տհաճ բաներ կան:

_Այդ ինչ տհաճություններ են:
_Հասկանո՞ւմ ես,-ասաց պարոն Կատկորդիլոսը,-ես երբեք չեմ կարող միայն դեպի առաջ քայլել, իմ կեսերից մեկը ստիպված հետ-հետ է գնալու: Ես այդպես էլ չեմ իմանալու՝ ես առաջ եմ գնում, թե հետ-հետ քարշ գալիս:
_Այո՜, հարմար բան չէ,- համաձայնեց Լուսնի մարդը:_Հա, չմոռանամ ասել՝ դու կարո՞ղ ես ինձ օգնել: Մի անպետք շուն կա, անունն էլ Բուլկա է, ապրում է Անգլիայում և ամբողջ օրը կատուների ետևից է ընկած: Այ, եթե դու կարողանայիր գիշերը մի կերպ այնտեղ ընկնել: Դու սկզբում նրա համար կատու կլինեիր: Հետո, երբ նա քո ետևից ընկներ,  դու քո կոկորդիլոսի երախով կվախեցնեիր նրան: Գուցե դրանից հետո նա այլևս չհամարձակվի կատուներին նեղացնել:
_Համաձայն եմ,-ասաց պարոն Կատկորդիլոսը:_Կանեմ այնպես, ինչպես դու ես ուզում:
Կատկորդիլոսն Անգլիա եկավ: Երբ հասավ, Լուսինը լուսավորում էր Բուլկայի տան բակը: Պարոն Կատկորդիլոսը պառկեց ծառի տակ այնպես, որ Լուսնի լույսի տակ երևա միայն կատու կեսը, իսկ  ծառի հետևում թաքցրեց իր կոկորդիլոս կեսը:

Էս Բուլկան հենց տեսավ կատվին (նրան թվացել է, իր տեսածը իսկական կատու է), հաչաց, թռավ ցանկապատի վրայով և հարձակվեց նրա վրա: Բայց պարզ է, չէ՞, կատվի փոխարեն նա կոկորդիլոսին հանդիպեց, այն էլ ի՜նչ սարսափելի կոկորդիլոսի: Խեղճ Բուլկան շրջվեց, ոտքերը մեկ արեց ու հո չփախա՜վ, կարողացավ շունչ քաշել միայն այն ժամանակ, երբ խոհանոցի զամբյուղի մեջ էր:
_  Վե՛րջ, սրանից հետո ոչ մի վազել կատուների ետևից,- որոշեց Բուլկան:

Լուսնի մարդն ու նրա ընկեր պարոն Կատկորդիլոսը մի լավ ծիծաղեցին Բուլկայի վրա: Քիչ հետո պարոն Կատկորդիլոսը հորանջեց և ասաց.
_Ես երևի մի քիչ քնեմ,- և հարմար պառկեց:
_Բարի գիշեր, սիրելի Կոկ,-ասաց Կատը:
_Բարի գիշեր, հարազատ Կատ,-պատասխանեց Կոկը,- բարի գիշոր և գույնզգույն երազներ:

Որտեղից հայտնվեց Ծովաստղիկը
Եվ այսպես: Աշխարհում յոթ փղեր էին ապրում. ամենամեծ փիղը, մի քիչ փոքր փիղը, մի քիչ ավելի փոքր փիղը, միջնեկ փիղը, միջնեկից փոքր փիղը, փոքր փիղը և ամենափոքր փիղը, ավելի ճիշտ՝ փղիկը:

Մի օր նրանք կանգնել էին բլրի գագաթին՝ հենց  ծովի մոտ և նայում էին աստղերին: Գիշերը մութ էր, և աստղերը՝ փայլուն-փայլուն:

Ծովի ձկներն էլ էին աստղերին նայում:  Հենց ընկնող աստղ էին տեսնում, սուզվում էին ջրի տակ: Նրանք կարծում էին, թե աստղն ընկնում է ծովի հատակը:

_Եկեք բռնենք ընկնող աստղը,- ասաց ամենամեծ փիղը:

_Եկեք,-համաձայնեցին բոլորը:

Եվ այսպես: Ամենամեծ փիղը կնճիթով բարձրացրեց մի քիչ փոքր փղին, մի քիչ փոքր փիղը բարձրացրեց  մի քիչ ավելի փոքր փղին, մի քիչ ավելի փոքր փիղը՝ միջնեկ փղին, միջնեկ փիղը՝ միջնեկից փոքր փղին, միջնեկից փոքր փիղը բարձրացրեց փոքրին, իսկ փոքրը՝ ամենափոքրին, ավելի ճիշտ՝ փղիկին:
Հետո ամենամեծ փիղը բոլորին վեր նետեց, և նրանք թռան դեպի ընկնող աստղը: Հետո միջնեկ փիղը մի քիչ էլ բարձր նետեց բոլորին, և նրանք մի քիչ էլ  մոտեցան ընկնող աստղին: Հետո միջնեկից փոքր փիղը վերև նետեց  փոքրին և ավելի փոքրին, ավելի ճիշտ՝ փղիկին: Եվ նրանք համարյա հասան ընկնող աստղին:  Հետո փոքր փիղը նետեց ամենափոքր փղին, ավելի ճիշտ՝ փղիկին, և փղիկը կնճիթով բռնեց ընկնող աստղը և տվեց փոքր փղին: Փոքր փիղը աստղը տվեց միջնեկից փոքր փղին, իսկ միջնեկից փոքրը՝ միջնեկին: Միջնեկը աստղը տվեց միջնեկից մի քիչ մեծին, իսկ միջնեկից մի քիչ մեծը՝ մի քիչ ավելի մեծին, իսկ մի քիչ ավելի մեծը՝ ամենամեծին: Ամենամեծ փիղը աստղը տվեց ձկնիկին: Ձկնիկը կուլ տվեց աստղը և դարձավ ծովաստղ:

Մառախուղը
  Թագուհու ծննդյան օրն էր: Մառախուղն իջավ Լոնդոնի վրա: Նա զինվորական շքերթն էր  ուզում տեսնել: Բայց հենց նա իջավ Լոնդոնի վրա, թագուհին գնդապետին ասաց.

Ու ամեն անգամ: Մառախուղը շա՜տ էր տխրում, ախր նա երազում էր շքերթը տեսնել, բայց արի ու տես, որ ամեն անգամ, հենց ինքը հայտնվում էր, թագուհին հրամայում էր.

_Շքերթ չի լինելու:
Բուքենհեյմյան պալատում (դա Անգլիայի թագավորական պալատն է) թագավորական գահի տակ Սմոուքի անունով կատու էր ապրում: Նա խղճաց Մառախուղին և որոշեց նրան օգնել: Հենց թագուհու հաջորդ ծննդյան օրը մոտեցավ, Սմոուքին Մառախուղին նամակ գրեց.
Պալատ
Թագավորական գահի տակ
Երեքշաբթի
« Սիրելի՛ Մառախուղ, սպասում եմ քեզ պալատի մոտ:
Անկեղծորեն՝ քո Սմոուքի»:
Այդ օրը, թագուհին քնելուց առաջ կատվին պալատի ետնամուտքից դուրս թողեց ու գնաց իր ննջասենյակ:  Կատուն դեռ երեք անգամ չէր էլ մլավել, մեկ էլ Մառախուղն իջավ Լոնդոնի վրա:

_Ես շա՜տ եմ ուզում շքերթը տեսնել,-խոստովանեց Մառախուղը:- Բայց իմ պատճառով այն միշտ հետաձգում են, ու ես չեմ կարողանում այդ շքերթը տեսնել:
_Ես մի հնար գտել եմ: Վաղը դու կիջնես այն ժամանակ, երբ զինվորներն արդեն շարված կլինեն: Գնդապետը, հենց քեզ տեսնի, թագուհուն կասի.
_Ձերդ պայծառափայլություն, կրկին մառախուղ է: Հետաձգե՞նք շքերթը:
_Այո՜, նա ամեն անգամ  հենց այդպես էլ ասում է,-տխուր ասաց Մառախուղը:
_Հենց թագուհին կուզենա   ասել. «Շքերթը հետաձգեք», դու մլավի՛ր:
_Լավ,-ասում է Մառախուղը, -միայն թե ես մլավել չգիտեմ:
Սմոուքին Մառախուղին մլավել սովորեցրեց: Դա շատ դժվար գործ էր, ամբողջ գիշեր չարչարվեցին:
Հաջորդ առավոտ, երբ զինվորներն արդեն շարվել էին, և գնդապետը հարցրեց թագուհուն.

_Դե ի՛նչ, Ձե՛րդ պայծառափայլություն, հետաձգե՞նք շքերթը, տեսնում եք՝ մառախուղ է:
_Ո՞ւր է,- հարցնում է թագուհին:
_Այնտեղ,-պատասխանում է գնդապետը և ցույց տալիս Մառախուղը: Հենց այդ ժամանակ Մառախուղը մլավում է:

_Է՜, գնդապետ, -ասում է թագուհին,- դուք կատուն մառախուղից չե՞ք տարբերում: Ես իմ ականջներով լսեցի, որ մեկը մլավեց: Ոչ մի դեպքում չհետաձգեք շքերթը:
Վերջապես Մառախուղը կարողացավ զինվորական շքերթը տեսնել: Նա երջանիկ էր: Հետո թողեց- գնաց իր Ուելսի սարերը: Ճիշտ է, այնտեղ առանց Մառախուղի էլ մառախուղ էր, բայց դե ստիպված չէր միայնակ տխրել:

Մի անգամ թագուհին նրան նամակ գրեց.

«Պալատ
հունիսի 1
Սիրելի Մառախուղ, մի՛ շտապիր մեզ մոտ վերադառնալ:
Անկեղծորեն՝ քո Թագուհի»:

Եվ Մառախուղը պատասխանեց Թագուհուն.

«Ուելս
Ուրբաթ
Ձերդ պայծառափայլություն,
ես այստեղ էլ ինձ լավ եմ զգում: Շքերթը շատ հավանեցի, շնորհակալ եմ, որ թույլ տվեցիք դիտել այն:

Անկեղծորեն՝ Ձեր Մառախուղ

Բարևներս հաղորդեք Սմոուքիին»:
Թագուհին բան չհասկացավ:

_Սմոուքի, -հարցրեց նա գահի տակ պառկած կատվին,-մառախուղը երբ կարող էր շքերթը տեսնել:

Բայց Սմոուքին միայն խորհրդավոր մլավեց: Հո գաղտնիքը չէ՞ր բացելու:

Պահմտոցի
Մի անգամ Մութը որոշեց պահմտոցի խաղալ Լուսնի հետ:

Նա թաքնվեց տների, ծխնելույզների ետևում և շունչը պահած այնքան նստեց, մինչև Լուսինը կամաց-կամաց մոտեցավ ու գտավ իրեն:

Սեկ-մեկ էլ Մութը թաքնվում էր ճանապարհն անցնող կատվի կամ շան ետևում: Նա կարո­ղանում էր ճարպկորեն թաքնվել Լուսնից:

Արևը ծագեց ու փոխվեց ամեն ինչ:

_Ա՜յ, այսպես,- ասաց Լուսինը,- տեսնենք Արևից ո՞ւր պիտի փախչես:

_Երբ երեխաները դպրոց գնան, նրանց ետևում կթաքնվեմ,- պատասխանեց Մութը: – Ես կդառնամ նրանց ստվերը:

_Բայց երբ երեխաները մտնեն դպրոց, այդ ժամանակ ո՞րտեղ կթաքնվես: Հիմարիկ, ես քեզ լավ խորհուրդ կտամ, թաքնվիր Երկրի մյուս կողմում, թե չէ Արևն անմիջապես կգտնի քեզ:

_Չի գտնի,- պատասխանեց Մութը: – Կտեսնես, որ չի գտնի:

Բայց Արևն ավելի ու ավելի բարձրացավ: Մութն ստիպված նահանջեց դեպի Երկրի մյուս կողմը, ու այնտեղ գիշեր եղավ: Իսկ այս կողմում Արևի հետ պահմտոցի խաղալու համար մնա­ցին միայն մի քանի փոքրիկ մուգ շերտեր:

Այդ շերտերը շատ ուրախ էին, վազում էին մարդկանց ետևից, վազում էին նույնիսկ կովերի ետևից. իսկ մի քանիսը դարձան թռչունների ստվերներ և նրանց հետ թռչում էին մարգագե­տիններով: Բայց Արևը նրանց բոլորին էլ գտավ, մնաց միայն մի մուգ շերտ:

_Մեկ է, քեզ էլ կբռնեմ,- ասաց Արևը: – Որտեղ էլ թաքնվես, կբռնեմ:

_Չես կարող,- ասաց մուգ շերտը: – Ես այնպիսի տեղ գիտեմ, որտեղ ինձ երբեք չես գտնի: Աչքերդ փակի՛ր ու հաշվիր մինչև տասը, իսկ ես կթաքնվեմ:
Արևն անցավ ամպի ետևը, հաշվեց մինչև տասը ու դուրս եկավ:

_Երևի թաքնվել է մեկնումեկի ետևը ու դարձել նրա ստվերը,- մտածեց Արևը:

Նա լուսավորեց բոլոր անկյունները. Մութը չկար ու չկար: Շատ լուսավորեց Արևը, բայց այդպես էլ չգտավ, չէր էլ կարող գտնել, որովհետև Մութը հարմար տեղ էր թաքնվել՝ սանդուղ­քի տակ՝ նկուղում:

_Ի՜նչ հաճելի է այստեղ,- մտածեց Մութը,-դուրս չեմ գա:

Ու դուրս չեկավ: Ահա թե ինչու՝ սանդուղքի տակ գտնվող նկուղում միշտ մո՜ւթ-մութ է:

 Գորգի տակ
Վագրն ու ձին ապրում էին հյուրասենյաի գորգի տակ: Նրանք հին բարեկամներ էին: Նրանց դուր էր գալիս հյուրասենյակում ապրելը, որովհետև նրանք սիրում էին հյուրեր ընդունել:  Այդ տանն էր ապրում նաև մի աղջիկ: Նրա անունը Շեյլա էր: Մի անգամ աղջիկն հարցրեց նրանց.

_Դուք ինչպե՞ս եք տեղավորվում գորգի տակ:
_Շատ հասարակ: Մենք հո իրական չենք, մենք երևակայական ենք,-պատասխանեցին նրանք: _Ես երևակայական վագր եմ:

_Ես երևակայական ձի եմ:

_Բա քո խոտը ո՞ւր է,-հարցրեց Շեյլան ձիուն:
_Գորգի տակ,-պատասխանեց ձին,-Չէ՞ որ խոտն էլ է երևակայական:
_Քո ոսկորներն էլ են գորգի տակ,-հարցրեց աղջիկը վագրին:

_Ոսկարնե՞րը… Էլ որտե՞ղ լինեն,-պատասխանեց վագրը և շոյեց աղջկան:

Հետո նա մտավ գորգիտակ: Ձին էլ մտավ: Շեյլան մենակ մնաց սենյակում: Նա հանեց թուղթը, մի քանի կտոր շաքար նկարեց և շա՜տ կամաց դրեց գորգի տակ:

Քիչ հետո նա խրթխրթոց լսեց՝ խըրթ-խըրթ-խըրթ…ձին հաճույքով շաքար էր ուտում:   Աղջիկը թղթի կտորի վրա գրեց. «Ի՞նչ են սիրում վագրերը» և գրածը կամա՜ց դրեց գորգի տակ:

Գորգի տակից փսփսացին, քիչ հետո վագրը գլուխը դուրս հանեց և պատասխանեց.

_Խոտով բրդուճ:

Շեյլան չհավատաց ականջներին:

Այ դու անպետք ձի,-ասաց նա,-խոտով բրդուճ ոչ թե վագրերն են սիրում, այլ՝ ձիերը: Շուտ արա, գնա վագրին հարցրու, թե ինքն ինչ է ուզում:

Ձին պահ մտավ, վագրը դուրս եկավ.

_Ես ձեռքի  ժամացույց եմ ուզում,-ասաց նա,- որ իմանամ ժամաը քանի՞սն է:

_Եղավ,-ասաց Շեյլան:

Աղջիկը ձեռքի ժամացույց նկարեց և տվեց Վագրին: Հետո ձիու համար խոտով բրդուճներ նկարեց: Վագրն էլ  մտավ գորգի տակ: Մի՜ քիչ հետո երկուսով կրկին հայտնվեցին:

_Մեծ-մեծ Շնորհակալություն քեզ, Շեյլա,- ասացին նրանք և համբուրեցին աղջկան:

_մտացեք, թե ձեզ ինչ է պետք և շուտ ասեք,-ասաց Շեյլան: -Թե չէ իմ քնելու ժամանակն է, պիտի գնամ քնեմ:
_Դ՜ե… մենք հովանոց կուզեինք,-ասացին վագրն ու ձին:
_Հովանո՞ց,-զարմացավ Շեյլան: – Ի՞նչ է, գորգի տակ անձրև է գալի՞ս: Հա՜, հասկացա, դա երևակայական անձրև է:
_Այո, երևակայական,-ասացին նրանք: Աղջիկը նրանց հանար հովանոց նկարեց:

_Շնորհակալություն,-ասացին վագրն ու ձին,- բարի գիշեր:

_Բարի գիշեր,-պատասխանեց Շեյլան և գնաց քնելու: Հետո հանկարծ նրա գլխում մի միտք ծնվեց.   «Երևի վատ բան է, համարյա վիրավորական, երբ դու նոր, գեղեցիկ հովանոց ունես, իսկ անձրև չի գալիս»,: Նա մեծ թղթի վրա անձրև նկարեց,  զգույշ մտավ հյուրասենյակ և անձրևը դրեց գորգի տակ:

Երբ առավոտյան Շեյլին հյուրասենյակ մտավ, հայտնվց ջրում: Իսկ վագրն ու ձին նստել էին բաց հովանոցի մեջ և լողում էին, ոնց որ նավակի մեջ լինեին:

_Երևի հորդ անձրև եմ նկարել,-մտածեց Շեյլան:
Վաղը չէ մյուս օրը նա կրկին հյուրասենյակ մտավ: Մայրիկն այդ ժամանակ գորգն էր ավլում: Ո՛չ ջուր կար սենյակում, ո՛չ հովանոց, ո՛չ վագր, ո՛չ էլ ձի, ոչ մի բան չէր մնացել: Շեյլան վերցրեց նկարելու տետրը և մուշ-մուշ քնած վագր ու ձի նկարեց: Մայրիկը գնաց: Շեյլան նստել էր վառարանի մոտ և կրակին էր նայում: Հյուրասենյակում լուռ էր, միայն գորգի տակից  խռմփոցի ձայն էր լսվում:

 Ծուղրուղուն ու Արևը
Աքաղաղն ապրում էր կտուրի վրա: Նրա անունը Ծուղրուղու էր: Նա պղնձից էր, միայն մի ոտքը երկաթից էր  պատրաստված: Ծուղրուղուն նստած էր եկեղեցու բարձր գմբեթին, իսկ եկեղեցին   բարձր բլուրի բարձր գագաթին էր:

Հենց այդ բարձր բլուրի ետևից էլ ամեն առավոտ Արևը դուրս էր գալիս:  Թվում էր, թե Արևը շատ մոտ է եկեղեցու գմբեթին, այնքան մոտ, որ եթե Ծուղրուղուն ուզի, կարող է իր պղնձե թևը Արևին հասցնել:

Ամեն առավոտ Արևը հին հացի փշուրներ էր ուտում: Անգլիացիները դրան թոսթ են ասում: Մի անգամ Արևն իր նախաճաշն էր պատրաստում, մեկ էլ զգաց, որ մեկն իրեն խուտուտ է տալիս: Նա նայեց ներքև, բացի կտուրի աքաղաղից և եկեղեցու գմբեթից բան չտեսավ:

Արևը քորեց իրեն, նայեց շուրջը և ուզում էր հացը բովել վերջացնել, պարզվեց՝ այն արդեն վառվել է, մի փոքր կտոր է մնացել:

Արևի տրամադրությունն ընկավ: Մտավ ամպերի հետևը ու ամբողջ օրը դուրս չեկավ:

Հաջորդ օրն էլ, հենց Արևը սկսեց իր հացը բովել, մեկ էլ ինչ-որ մեկը խուտուտ տվեց: Նա նայեց ներքև, քորեց իրեն ու տեսավ՝ հացն էլի վառվել է: Արևն ուղղակի կատաղեց, հանաք բան հո չի: Նա գցեց վառված թոսթը, ստիպեց ամպերին, որ անձրևով ջրեն: Երկրի վրա ի՜նչ հորդ անձրև եկավ, որո՜տ, կայծա՜կ:

Հաջորդ առավոտ Արևը շուտ արթնացավ ու նորից սկսեց իր նախաճաշը պատրաստել: Հացն համարյա պատրաստ էր, մեկ էլ մեկը խուտուտ տվեց: Այս անգամ Արևն աչքը չէր կտրում թոսթից, առանց շրջվելու քորեց իրեն: Ճիշտ է՝ մի քիչ թեթևացավ, բայց քորը չանցավ: Արևը մի վայրկյան շրջվեց և ներքև նայեց, ընդամենը մի պահ, ու նախաճաշն այս անգամ էլ կորավ: Հացը դարձել էր ածուխի կտոր:

Արևը բան չասաց, երկու մատը խաչեց իրար վրա ՝ դե տես, ու հաշվեց մինչև տասը, հետո՝ էլի մինչև տասը: Այնքան հաշվեց, մինչև հանգստացավ:

Հաջորդ օրը առավոտյան Արևը միայն պատառաքաղը դուրս հանեց, վրան հաց չդրեց: Հանեց ու սպասում է: Շատ չսպասեց, մի րոպե էլ չանցավ, մեկն էլի նրան խուտուտ տվեց:

Արևը պատառաքաղը հանգիստ մի կողմ դրեց, նայեց, որ տեսնի խուտուտ տվողին; Բայց Ծուղրուղուից և եկեղեցու գմբեթից բացի բան չտեսավ: Արևն ուշադիր նայեց, հետո ավելի ուշադիր նայեց:  Վերջապե՜ս… Արևը գլխի ընկավ, որ իրեն Ծուղրուղուն է խուտուտ տալիս իր պղնձե թևով:

-Այ քեզ բա՜ն,-զարմացավ նա,-ուրեմն դու էիր ինձ խուտուտ տալի՞ս: Դու գիտե՞ս, որ քո պատճառով երեք օր է իմ հացը վառվում է: Շատ ավազակն ես:

-Ես չէի ուզում, որ քո հացերը վառվեն, ես քեզ ծիծաղեցնելու համար էի խուտուտ տալիս:

-Էլ չանես,-ասաց Արևը:

-Էլ չեմ անի:

Հաջորդ օրը Արևը դուրս եկավ, սկսեց իր նախաճաշը պատրաստել: Այս անգամ ոչ ոք նրան խուտուտ չտվեց, հացն էլ իսկի չվառվեց: Արևը մի կտոր հաց էլ բովեց, վրան կարագ քսեց և տվեց գմբեթին  նստած Ծուղրուղուին:

-Ի՜նչ համեղ է,-ասաց Ծուղրուղուն,-շնորհակալ եմ, Արև ջան:

Նա երեք անգամ պտտվեց մի ոտքի վրա՝ կանչեց՝ ծու-րու-ղո՜ւ, ծու-րու-ղո՜ւ, ծուղ-ծուղ…ղո՜ւ,- ու սկսեց հազալ: Հացի փշուրը թռել էր աքլորի կոկորդը:

-Ինչ հիմարիկն ես դու,-ասաց Արևը աքլորին և  թեթեև խփեց, որ շունչը տեղը գա:

_Այ դու հիմարիկ: Արևը ծիծաղեց, քիչ էր մնում ծիծաղից պայթեր, ու ծիծաղում էր ամբողջ օրը:

 Ջրափոսի և չամիչով բուլկիի մասին
Մայթի վրա փոքր  ջրափոս կար: Մի քիչ առաջ անձրև էր եկել, փայլուն տերևներից դեռ ջրի կաթիլներ էին թափվում: 

Ջրափոսի մոտով անցնողները կարող էին իրենց տեսնել ջրի մեջ՝ և՛ մարդիկ, և՛ կարմիր ավտոբուսները: «Հետաքրքիր է ապրելը,-մտածում էր ջրափոսը:-Այստեղ ավելի ուրախ է, քան ամպերի վրա: Իսկ  ի՜նչ լավ կլիներ, եթե մեկը խմեր ինձ: Բա ջրերն ինչի՞ համար են, իհարկե՝ խմելու»:
Հենց այդ ժամանակ ջրափոսի մոտով մեծ սայլ էր անցնում՝ մեջը լիքը չամիչով բուլկի:   Բուլկիներից մեկը պատահական գլորվեց, ընկավ և չլմփաց ուղիղ ջրափոսի մեջ:

_Վայ, վայ, վայ,-ասաց չամիչով բուլկին: -Էս ո՜նց թրջվեցի, սրանից հետո ով կուզի ինձ ուտել: Խեղճ ես, խեղճ:

Ու խեղճ բուլկին հոնգուր-հոնգուր լաց եղավ:

_Մի լաց,-ասաց ջրափոսը,-  կտեսնես, ամեն ինչ լավ կլինի:
_Շնորհակալ եմ բարի խոսքի համար,-ասաց բուլկին,-այստեղ այնքան էլ վատ չէ, և՛ մարդիկ են շատ, և՛ կարմիր ավտոբուսները, և՛ ծառերից ջրի կաթիլներ են կաթում, բայց չամիչով բուլկիի համար այստեղ խոնավ է, ես համս կկորցնեմ: Ինձ կայարանի մոտի սրճարանն էին տանում, որպեսզի թեյի հետ մատուցեն: Էս ինչ փորձանք էր:

Բուլկին շարունակեց աղեկտուր լացը. դա ամենադժբախտ լացն է:
_Լաց մի՛ լինիր, սիրելի՛ բուլկի,- ասաց ջրափոսը:
_ Էլ չեմ լացի,-պատասխանեց բուլկին,-ես շատ ուրախ եմ, որ ծանոթացա քեզ հետ: Ի՜նչ լավ կլիներ, որ մեկը խմել և ուտել ուզենար:  Մեզ էլ հենց դա է պետք:

_Ճիշտ ես ասում,- համաձայնեց ջրափոսը,- նայի՛ր, նայի՛ր, տեսնո՞ւմ ես…
Դիմացի փողոցից նրանց էր մոտենում մայր սագը իր երեք ձագերի հետ:  Ոստիկանը բարձրացրեց ձեռքը, կանգնեցրեց մեքենաները և ավտոբուսները, որ սագն իր ձագերի հետ հանգիստ անցնի փողոցը:
_Ո՞ւր եք գնում,-հարցրեց ոստիկանը:
_Կըռ,-պատասխանեց մայր-սագը,- գնում ենք ջրափոսի մոտ:
Սագիկներն էլ պատասխանեցին՝ կըռ-կըռ-կըռ,- և վազեցին մայրիկի ետևից:

_Օֆ, ոնց եմ հոգնել,- ասաց մայր-սագը,-լավ կլիներ՝ երեխաներն էլ հանգստանային, մի բան ուտեին:

Հանկարծ նա տեսավ ջրափոսն ու նրա մեջ՝ չամիչով բուլկին:

Կըռ – կըռ – կըռ,-ասաց նա: -Տեսեք՝ ինչ լավ չամիչով բուլկի է և ինչ համակրելի ջրափոս:

Ամբողջ ընտանիքը գոհ էր:
_ Կըռ – կըռ – կըռ,-ասացին սագիկները, – ի՜նչ համեղ բուլկի էր: Կըռ – կըռ – կըռ: Բա ջրափոսի ջուրն ինչ համեղ էր:

Նրանց մոտով ավտոբուսներն էին սլանում, մարդիկ էին անցնում: Երբ արևը մայր մտավ, դարձյալ անձրև եկավ, ծառերից կաթացին ջրի կաթիլները, մայթին նոր ջրափոս հայտնվեց:

_Դը՜ռռ,-ձայնեց ավտոբուսը:

_ Կըռ – կըռ – կըռ,-ասաց մայր սագը:
__ Կըռ – կըռ – կըռ,-պատասխանեցին սագիկները:
_Կաթ-կաթ-կաթ,- կաթկթում էր անձրևը:

Ահա և ամբողջ պատմությունը: .

Կետ-մայրիկ,  կետիկ-դստրիկ
Լինում է չի լինում մի Մատիտ: Էս Մատիտը շատ էր սիրում տարբեր գծիկներ, օղակներ, նախշեր գծել: Մի անգամ նա ինքն իրեն ասաց.

_Սրանից հետո ես միայն կետեր եմ նկարելու:

Եվ մատիտը մի մեծ կետ նկարեց, մի փոքր:

_Դու կլինես Մայրիկ-կետը,-ասաց  նա մեծ կետին: Փոքրին էլ ասաց.

_Դու էլ կլինես Դուստր-կետիկը՝ Դստրիկ-կետիկ:

Սկզբում կետերը գոհ էին:

_Լավ բան է կետ լինելը,-ասում էին նրանք,- Գծիկներից ու Օղակներից էլ լավ է:
_Քթներդ մի տնկեք,-ասաց նրանց հարևան Գծիկը,- մեծ բան չեք, ընդամենը՝ կետ: Այնպես որ, ձայներդ կտրեք, նստեք:

Նրանք նստեցին և լռեցին:  Բայց մի քիչ հետո Կետ-մայրիկն ասաց.

_Լավ կլիներ մի բան խաղայինք:

_Իսկ քեզ թույլատրվո՞ւմ է խաղալ ,-զարմացավ Կետիկ-դստրիկը: Դու ախր մեծ ես: Ես կարող եմ խաղալ, ես փոքր եմ: Դու պետք է աշխատես, զբաղվես լուրջ գործերով:
_Ես չեմ ուզում,-ասաց  Մայրիկ-կետիկը,-խաղալն ավելի ուրախ է:
_Չեղա՜վ, այդպիսի կարգ չկա,- ասաց   Մատիտը  և մեծ կետի շուրջը Շրջան գծեց, որ նա ոչ մի տեղ չփախչի:

Մայրիկ  – Կետը խիստ զայրացավ: «Ոնց դուրս պրծնեմ այս օղակից,-մտածեց նա,- լաց լինե՞մ: Հետո արցունքների ծովով կլողամ Շրջանից դուրս»:

Փորձեց լաց լինել, բայց Չկարողացավ մի կաթիլ արցունք թափել:

_Արցունքով փորձանքից չես ազատվի,-ասաց  Շրջանը:- Ծծանը դրանք արագ կչորացնի:

_Իսկ եթե Շրջանի սիրտը շահե՞մ, քաղցր խոսքեր ասե՞մ,-մտածեց Մայրիկ- կետը:-Կարող է՝ ինձ բաց թողնի: Կբարևեմ և կասեմ.

_Բարի լույս, սիրելի Շրջան: Շրջանում ինչպես են փոքրիկ աղեղները: Ձեր ընտանիքի շրջանում բոլո՞րն են առողջ: Ինչպե՞ս է զգում իրեն Բեևառային շրջանը, հիմա լա՞վ է:

Բայց չեմ կարծում, որ դա  օգուտ կտա:

Իսկ հենց այդ ժամանակ մատիտը որոշեց.

_Արի մի պատմություն գրեմ:

Եվ սկսեց գրել:

Փոքր կետիկին ասաց.

_Կանգնիր, խնդրում եմ, գծիկի վրա: Դուք իհարկե, գիտեք, որ անգլերեն  ի տառը կետիկով է, այսպես՝ i:

Մատիտը գծիկ գծեց, կետիկն էլ թռավ-նստեց նրա գլխին, և ստացվեց   i:

_Հրաշալի է,-ասաց Մատիտը և շարունակեց գրել իր պատմությունը:

Նա գրեց պատմությունը մինչև վերջ, մնաց վերջակետը դնի, բայց մատիտն հանկարծ կոտրվեց: Մատիտը շատ հուզվեց:

_Լաց մի լինիր,-ասաց Ռետինը, – ես կջնջեն շրջանի մի մասը, քո կետը դուրս կգա նրա միջից և կկանգնի քո պամության վերջում:

_Խելոք բան ես ասում,-ուրախացավ Մատիտը:-Շնորհակալություն, սիրելի Ռետին:

Ռետինը այդպես էլ արեց, ջնջեց Շրջանի մի մասը, կետը դուրս եկավ   միջից,  կանգնեց Մատիտի գրած պատմության վերջում:

Պատմությունն ավարտվեց… Վե՛րջ:  Մի կետը մայրիկինն է, մյուսը՝ աղջկանը:

Այ, հիմա իսկապես՝ վերջ:

 

Փիղն ու վարչապետը

Աշխարհում մի Վարչապետ էր ապրում: Այս Վարչապետը այնքան էլ խելացի վարչապետ չէր: Երբ նա ավարտում էր իր երկար-բարակ ճառերը, բոլորը  հազիվ շունչ էին քաշում ու փսփսում.

_Սա ինչ հիմարություն էր:

_Ուղղակի դատարկաբանություն էր:

Կամ պարզապես ասում էին՝ վա՜յ, հազիվ ավարտվեց…

Մի օր Վարչապետի կինն ասաց նրան.

_Սիրելի՛ս, եթե դու ճառեր չասեիր, բոլոը կկարծեին, որ դու խելացի ես:

_Ես իրոք որ խելացի եմ,-ասաց Վարչապետը: Կինը իբր թե չլսեց և շարունակեց իր խրատը.

_Ես քեզ մի խորհուրդ կտամ: Վաղը , երբ աշխատանքի կգնաս, հետդ մի փիղ տար, երբ դու կխոսես, թող նա քո կողը լինի:

_Իմ ինչին է պետք փիղը,-զարմացավ Վարչապետը:

_Մի՛ վիճիր, ես մի բան եմ մտածել: Դու քո գործն արա, փղին հետդ տար:

_ Բայց փղերին կառավարություն չեն թողնում,-ասաց վարչապետը,- նույնիսկ մուտքի մոտ հայտարարություն կա փակցված. «Կառավարության անդամներին արգելվում է ընտանի կենդանիներ ներս տանել»:

_Իսկ փղերի մասին ինչ-որ բան գրվա՞ծ է:

_Ոչ:
_Տեսնո՞ւմ ես, նշանակում է՝ փղեր կարելիէ տանել:

Առավոտյան վարչապետը նախաճաշեց և դուրս եկավ Դաունինգ փողոցի թիվ 10 տանից, որտեղ ինքն ապրում էր: Կինը նրան գլխարկ տվեց, և թելի ծայրը, որը կապել էր փղին: Փիղը շատ լսող դուրս եկավ: Նա առանց խոսքի գնաց վարչապետի ետևից, բայց որքան էլ ուզեց, մեկ է, այդպես էլ չկարողացավ մեքենա նստել:

_Գուցե մեքենայի վրա դնենք,-առաջարկեց վարչապետը:

_Այդ ինչ ես ասում, ոնց կլինի, – բացականչեց կինը,-նա վախից կմեռնի: Թող ոտքով գնա: Կառավարությունն այնքան էլ  հեռու չէ:

_Դե լավ, – համաձայնեց վարչապետը:

Վարչապետի կինը փղին մի մեծ տոպրակ խրթխրթան   բլիթ էր տվել: Փիղը շատ գոհ էր և ամբողջ ճանապարհին տոպրակը կնճիթից բաց չէր թողնում:
Այդպես նրանք կառավարության շենք հասան: Վարչապետը փղին դահլիճ տարավ և նստեցերեց իր կողքը:

Հետո վարչապետը ոտքի կանգնեց և սկսեց ճառ ասել, իսկ փիղը բացեց տոպրակը և սկսեց  բլիթները բերանը դնել:  Ի՜նչ աղմուկ էր. փիղը խրթխրթան բլիթ էր ուտում, այդ աղմուկից վարչապետի ճառի ոչ մի բառը չէր լսվում: Գիտե՞ք, նա ոչ թե խոսում էր, այլ գոռում, որ բոլորը լսեն իրեն: Բայց ով էր լսողը:

Բայց երբ վարչապետն ավարտեց խոսքը, բոլորը բարձրաձայն ծափահարեցին:

_Սա մեր վարչապետի ամենախելացի ելույթն էր:,-ասում էին բոլորը,-պարզվում է մեր վարչապետը խելքը գլխին մարդ է:

Բոլորը մոտենում էին նրան՝ ձեռքը սեղմելու: Վարչապետը գոհ էր: Այդ օրվանից ամեն անգամ , երբ նա կառավարությունում  ճառ պիտի ասեր, իր հետ փղին էլ էր տանում և նստեցնում կողքը, իսկ կինը մի մեծ տոպրակ խրթխրթան բլիթ էր տալիս:

_ Ի՜նչ համեղ է այս բլիթը,-մտածում էր փիղը,- խըրթ-խըրթ-խըրթ…

Սև քթերի կղզին

Մի անգամ, երբ ճամփորդում էի երկրագնդի շուրջը, Ներոնիա կղզում: Այս կղզում մի զարմանալի օրենք կար: Այդ  օրենքը պահանջում էր, որ կղզու բոլոր բնակիչնեը սև քիթ ունենային: Սև ինչպես ածուխը, թանաքը կամ ֆուտբոլի մրցավարների համազգեստը:

Սկզբում, երբ պտտվում էի  փողոցներով, կարծեցի, թե Դիմակահանդես էր. մարդիկ իրական դեմքեր ունեին` իրական գույներով,   սպիտակ մաշկով մարդիկ կային,   մի մի անի մարդկանց դեմքերը արևից մի  քիչ խանձված էին, ոմանք էլ՝վարդագույն դեմքերով էին.բայց դեմքերի մեջտեղում բոլորը քթերը սև էին, ասես՝ կոշիկի սև մածուկի տուփից դուրս էին եկել:
Մտա մի պանդոկ ու պանդոկապանին, ում քիթը ավելի սև էր, քան իր շշերը, զվարթորեն հարցրի.
-Պատահաբար մի քիչ կանաչ ներկ չէի՞ք ունենա:
-Պարո՛ն, -ասաց նա, -եթե տեղացի չեք,  ավելի լավ է՝ չկատակեք, եթե օտարերկրացի եք, ընդունեք  իմ խորհուրդը.անմիջապես ձեր քիթը սև ներկեք, կամ էլ, ետ գնացեք այն ճանապարհով, որով եկել եք, գնացեք առանց ետ նայելու:
-Ես օտարերկրացի եմ, -պատասխանեցի,- բայց չեմ հեռանա: Ավելին, սև քթերը    ինձ շատ է հետաքրքրում, ու եթե ինձ չբացատրեք, ինչու է այդպես, ես կկանգնեմ ձեր պանդոկի դռանը՝ ոստիկանների ուշադրությունը գրավելու համար:
-Աստված սիրեք, -բացականչեց պանդոկապանը՝ ձեռքերը աղաչական պարզելով, -նման բան չանեք, թե չէ ստիպված կլինեմ պանդոկս փակել: Պետք է իմանաք, որ Ներոնիա կղզում մի հին օրենք կա, այդ օրենքով բոլոր մարդիկ պետք է սև քթեր ունենան:
-Իսկ ի՞նչ կպատահի, եթե մեկը առավոտյան մոռանա, որ իր քիթը պիտի սև ներկի:
-Ամենաքիչը, նրան կձերբակալեն,  քթին մտրակի հարյուր հարված կտան: Պարզ է, որ  նա կկորցնի նաև իր աշխատատեղն ու ստիպված կլինի ողորմություն խնդրել: Եթե երկրորդ անգամ նրան բռնացնեն առանց սև քթի, ցմահ բանտ կնետեն ու այնտեղ կմնա նաև մահվանից հետո, որովհետև բանտում նաև գերեզմանատուն կա:
-Եվ դուք հանդուրժո՞ւմ եք այս ամենը:
-Ես պանդոկապան եմ, թանկագին պարոն. ես իմ գործով եմ զբաղվում: Ամեն իրիկուն հաշիվներս եմ անում` այսքան ծախս, այսքան շահույթ: Ի՜նձ ինչ, թե քիթս ինչ գույնի է:
Պանդոկապանին թողեցի  իր հաշիվների ու բախտի հետ, գնացի զբոսնելու այդ կղզում իմ քթով, որ սովորական քթի գույն ուներ: Մարդիկ սկզբում երբ ինձ տեսնում էին, սարսափած ինձ  էին նայում, հետո ձևացնում էին, թե ինձ չեն տեսնում, կամ պարզապես այնպես էին իրենց պահում, ասես ես գոյություն չունեի, կամ էլ  նայում էին մարմնիս միջով, ասես թափանցիկ լինեի:
Ուղիղ կեսօրին, մի ոստիկան ինձ կանգնեցրեց:
-Քաղաքացի՛, – ասաց ինձ խստորեն,- դուք խախտել եք օրենքը: Հետևեցե՛ք ինձ:
Մարդկանց մի փոքր խումբ էր հավաքվել մեր շուրջը: Հենց այդ պահին սկսեց անձրև գալ:
Վայրկյանների ընթացքում անձրևը լվաց նրանց քթերի ներկը:  Դրանք ամբողջ կյանքում  արևի երես չէին տեսել և այնպես էին սպիտակել, ասես հենց նոր էին ելել լվացքի միջից:
-Դուք ևս խախտել եք օրենքը, -ասացի ես ոստիկանին:- Ձեր քիթն ավելի սպիտակ է, քան իմը:
-Ճի՛շտ է,- ասաց մի տղա, որը լրագրեր էր վաճառում: -Ոստիկանի քիթն էլ է սպիտակ: Մենք բոլորս սպիտակ քթեր ունենք:
-Աստծո  սիրուն,- սկսեց աղաչել ոստիկանը,- ես ընտանիքի տեր եմ, հինգ երեխա եմ պահում: Հացս մի՛ կտրեք: Հետևեցեք ինձ:
-Ավելի լավ է ինձ հետևեք , – գոռացի հավաքվածներին:
-Գնանք թագավորի պալատի մոտ ու ցույց տանք մեր սպիտակ քթերը:
-Գնանք, -գոռաց տղան, որ լրագիր էր վաճառում, ու նրա հետ գոռացին բոլորը: -Արդեն զզվել ենք էս սև քթերից, – գոռաց ինչ-որ մեկը:
Ու այդպես սկսվեց հեղափոխությունը  Ներոնիայում: Շուտով ճանապարհները լցվեցին սպիտակ քիթ ունեցող մարդկանցով. թագավորն ու իր նախարարները փախան, պանդոկապանը պատմեց, որ միշտ, երբ գնում էր նկուղ` գինին շշերի մեջ լցնելու, քթի սև ներկը հանում էր, իսկ ոստիկանները վարձակալում էին իրենց հարևանների երեխաներին, որպեսզի ցույց տային, թե շատ երեխաներ ունեին պահելու:
Ու հիմա ես կասկածում եմ՝ չլինի՞ անսպասելի անձրևի շնորհիվ եղավ այդ ամենը, կամ այն միակ քաղաքացու շնորհիվ, որն օտարերկրացի էր ու առաջինը համարձակվեց ցույց տալ իր սպիտակ քիթը, երբ արևն էր շողում:

Նոլսը և գիհին 
 Վաղուց, շատ վաղուց բլուրների մեջ մի գիհի էր աճում:  Նա ասեղի նման սուր տերևներ ուներ և երբեք քաղաքում չէր եղել, բայց հրաշալի գիտեր, թե ինչ է կատարվում այնտեղ. իր ընկեր քամին գալիս էր քաղաքից ու ամեն ինչ պատմում:   
 Նա սկզբում ծովից քաղաք էր թռչում, հետո դատարկ, կանաչ բլուրների միջով գնում էր մարգագետին, որտեղ գիհին էր աճում: 
Գիհին մե՛կ ծովային նավերի շչակն էր լսում, մե՛կ շների հաչոցը, մե՛կ մանկական ծիծաղ, մե՛կ ինչ-որ մեկի հեռախոսազրույցը: Նրա ականջին էր հասնում ճայերի ճիչերը և  շոգեքարշների ձայները:
Գիհին սիրում էր քամուն լսել: Երբ քամին լռում էր, նա տխրում էր: Նրա շուրջը ոչ ոք չկար, միայն արևն էր գլխի վերևում կամ էլ Լուսինն ու Աստղերը:
Եվ ահա մի գեղեցիկ օր գիհին լսում է՝ թըփ-թըփ-թըփ: Ձայնը գնալով ուժեղանում է, ուժեղանում է, ուժեղանում: Մեկ էլ բլուրի ետևից  երևում է փիղը, փիղը՝ Նոլս անունով:
-Բարև,-ասում է փիղը:
-Բարև,- պատասխանում է գիհին,-  քո անունը Կենգուրո՞ւ է:
-Ո՜չ, ի՛նչ ես ասում: Ես փիղ եմ, անունս Նոլս է:
-Հա՜,-ասաց գիհին,- ուրախ եմ, որ քեզ տեսա: 
-Հասկանո՞ւմ ես, - ասաց Նոլսը,- ես շատ եմ ուզում մեջքս քորել:
Փիղը նստում է  գիհիի կողքը, մեջքով քսվում ծառին: Տեղնուտեղը թեթև շունչ քաշեց: Գիհին ասաց փղին.
-Այ, այն խոտի կապոցից մի խուրձ խոտ վերցրու, նստիր իմ կողքին, և մենք կասենք-կխոսենք:  Երբ ուզես, ես քո մեջքը կքորեմ:
Նոլսը մի խուրձ խոտ է բերում և նստում գիհիի տակ, խոտն էլ կողքն է դնում: Բան է, թե սովածանա, կուտի:  Փղերը չոր խոտ շատ են սիրում: Շոկոլադե բլիթներ էլ, բայց Նոլսի մոտ բլիթ չկար: 
Այսպես նրանք նստում են, խոսում դեսից-դենից, հետո փիղը քնում է:  Եվ կրկին շուրջը լուռ-լուռ էր:
Մեկլ էլ որտեղից որտեղ մի ծեր կին է հայտնվում, նստում նրանց մոտ և սկսում մի բան կարել: Կարում-վերջացնում է, ուզում է  ասեղը թաքցնել, հանկարծ ասեղն ընկնում է ձեռքից ուղիղ խոտի դեզի մեջ:
Այո՜, հեշտ բան չէ խոտի դեզի մեջ ասեղ գտնելը:
-Զարթնի՛ր, - կանչում է նա փղին,- օգնիր ինձ՝ գտնեմ ասեղս:
Նոլսն արթնանում է և մտածում « Իհարկե դեզի մեջ ասեղ գտնելը հեշտ բան չէ շատերի համար, բայց ոչ՝ փղի»:
Նա ձգեց կնճիթը, փչեց, խոտը ցրվեց դես ու դեն, իսկ ասեղը մնաց.  չէ՞ որ ասեղը խոտից ծանր է:
-Այ ապրես դու, - ասում է  ծեր կինը փղին և շոկոլադե բլիթ տալիս նրան: Երբ ծեր կինը գնում է, Մոլսը հարմար տեղավորվում է  գիհիի տակ, սկսում խոտ ծամել, մեջքը քորել ծառի բնին: Հետո լսում է քաղաքային նորությունները, որ քամին է  բերում:

Կարծիք գրել