Անգլիական մանկական գրականությունից
Ըստ Հենրիկ Սևանի փոխադրության
Էլեկտրոնային հասցե` http://www.akumb.am/archive/index.php/t-14510.html
Քամի
Քամի՛, քամի՛, այ՛ քամի,
Քեզ անձրևը ի՞նչ կանի:
Կանաչ դաշտում դու խաղա,
Աղացն ալյուր թող աղա,
Որ ալյուրից սպիտակ
Տատը թխի կարկանդակ:
Կատուն
Շունը տունն է հավաքում,
Այծը՝ սրինգ նվագում,
Փոքրիկ մեղուն ծառի տակ
Նորոգում է հին փեթակ,
Կատուն՝ թողած բան ու գործ,
Շտապում էր խոհանոց:
Գառնուկը
Ա՛յ իմ գառնուկ,
Խելոք ու հեզ,
Խելոք ու հեզ,Դու քանի՞ պարկ
Բուրդ կտաս մեզ
Բուրդ կտաս մեզ:
– Ձեզ բուրդ կտամ՝
Ինչքան կուզեք,
Ինչքան կուզեք,
Բայց թե հիմա
Ինձ մի՛ խուզեք:
Ինձ մի՛ խուզեք
Հսկան
Մի հսկա Կար մեր գյուղում,
Շատ էր սիրում կերուխում:
Ախ, անիծվեր այդ օրը,
Կրակն ընկել էր փորը,
Կուլ էր տվել մեր հսկան
Մի չաղլիկ մուկ ճստճստան,
Մուկն էլ կերավ ու խմեց
Կուշտ փորի մեջ քեֆ արեց:
Հսկան ցավից մղկտաց
Ծեր բժշկի մոտ գնաց:
– Մի տրտնջա այդքան խիստ, –
Ասաց բժիշկը հանգիստ, –
Թե որ կուլ տաս մի կատու՝
Կառողջանաս իսկույն դու:
Փոքրիկ զրույց
Տիկին բադը փողոցում
Մայր հավի հետ էր խոսում,
Հազար ու մի հարցի շուրջ
Խոսում էին նրանք լուրջ:
Նրանց խոսքից հասկացա
Միայն կո՛-կո ու ղա՜-ղա՜:
Մածունը
Մի օր մածուն տարա շուկա,
Օրը պարզ էր, արև,
Ինձ մոտեցավ մի պառավ կին,
Ասաց՝ բարև՛, բարև՛:
Ես ասացի՝ բարև՛, բարև՛,
Նա էլ ասաց՝ բարև՛,
Ես ասացի՝ բարև՛, բարև՛,
Նա էլ ասաց՝ բարև՛:
Թթվեց մածունն ամանի մեջ,
Կորավ լույս ու արև,
Բայց դեռ իրար ասում էինք՝
Բարև՛, բարև՛, բարև՛:
Կարծիք գրել