Դոլի ճայը
Իմ կարծիքով ճայերը հրաշալի թռչուններ են: Ես ճայեր շատ եմ սիրում: Երբ նրանք թռչում են ծովի վրայով, ես չեմ կարողանում աչքս կտրել, շունչս ուղղակի կտրվում է, ձեռքերս իրենք իրենց բարձրանում են: Եկավ ժամանակը, ու Դոլին ամուսնացավ, մի հարմար բույն սարքեց և թուխս նստեց չորս սպիտակ ձվիկների վրա: Նա շատ ուշադիր և հոգատար մայր էր: Որ ձվիկներին մենակ չթողնի, շատ ուշ-ուշ էր ծով գնում: Մի կում ջուր էր խմում, մի երկու ձուկ բռնում ու շուտ տուն գալիս` իր աննմանների մոտ: Օրերից մի օր… Դոլին շատ սոված էր: Նա ձվերը խոտով ու բմբուլներով ծածկեց և ցած թռավ: Դոլին շատ լավ էր զգում` ծովը` տա~ք, ձկները` լի~քը, թռիր` ինչքան ուզում ես: Դոլին մի քիչ ուշացավ: Բայց հո չէ՞ր կարող երկար մնալ, հիշեց իր փոքրիկներին, բացեց թևերը և թռավ ուղիղ իր բույնը: Ա~յ քեզ սարսափելի բան. ձվերից մեկը ջարդված էր: Խոտն ու բմբուլները թափված էին այս ու այն կողմ, ձվի կճեպներն էլ այնտեղ չէին, որտեղ չորրորդ ձուն էր: Խե~ղճ, խեղճ Դոլի, գլուխը կորցրել էր: Բայց հավաքեց իրեն, գցվեց բնի մեջ, իսկ այնտե~ղ…այնտեղ , նրա ոտքերի տակ, մեկը ծվծվում էր` ծի~վ- ծի~վ: Դոլին նայեց, տեսավ մի զզվելի արարած` մի պստիկ թաց պարկ և կտուց:
_ Դու ո՞վ ես:
Զվելի արարածը աչքերը չռել էր Դոլիի վրա: Նա հավաքեց հոնքերը, մտածեց, մտածեց ու ասաց.
_Էնքան էլ չգիտեմ: Իսկ ու ո՞վ ես:
_Այս բնի տերն եմ, – ասաց Դոլին և կտուցը սրած հարձակվեց զզվելի արարծի վրա,- դու ես ձուն ջարդել:
Զվելին նայեց ձվի կճեպներին, բերանը լայն բացեց, գլուխը թափ տվեց և ընկավ չգիտես ուր: Մի քիչ հետո երևաց մի աչքը, հետո` մյուս աչքը: Հետո երևաց բերանը.
_Հա~, – ասաց փոքրիկ զզվելին,- ես եմ:
__Անպե’տք մարդասպան, ինչո՞ւ իմ ձուն…, – Դոլին լաց եղավ:
Զզվելին հոնքերը կիտեց. Կարո±ղ է բարկացավ, կամ էլ բա~ն չհասկացավ` ինչ են ուզում իրենից:
_Հիմա բոլոր ճայերին կկանչեմ, քեզ կտուցներով ցույց կտանք, դու ինչո՞ւ ես իմ ձագուկին ջարդել:
_Ախր ես դրա միջից եմ, է’,-կմկմաց զզվելին, – ես ինքս եմ այնտեղից… նա ինքն իրեն…
_Ի՞նչ, որտեղի՞ց ես…
_Ա’յ , այս սպիտակի միջից…ինքն իրեն…
_Ո՞նց ինքն իրեն…
_Հա~, ես նրա մեջ էի նստած,-լաց եղավ անծանոթը:
Դոլին նայեց նրան, հետո կճեպին, նորից` նրան.
_Դու ներսո՞ւմ էիր…Ուրեմն դու իմ ձա~գն ես:
Վերջապես Դոլին գլխի ընկավ: Դե ասեք` էդպես լինո՞ւմ է: Ինչ իմանաս, մեն-մենակ նստում ես քո սպիտակ ձվերի վրա, մեկ էլ տեսնում ես` դրանք մեկը ջարդել է: Բայց լսեք` հետո ինչ եղավ:
_Պստլիկս, քեզ այստեղ նստել չի կարելի, դու դեռ շատ փոքր ես, մտի’ր ձվի մեջ:
_Ինչո՞ւ,- գլխիկը թափահարեց փոքրիկը:
_Դու դեռ այնքան մեծ չես, որ օդի մեջ զբոսնես: Տե’ս,- ցույց տվեց մնացած երեք ձվերը,- դու էլ պիտի այսպես մնաս, արի, փոքրի’կս, մտի’ր ձվի մեջ:
Դոլին փոքրիկին մի կերպ խցկեց ձվի մի կեսի մեջ, մյուս կեսը դրեց ճտի գլխին ու նստեց վրան:
_Հը’, հարմա՞ր է:
_Ը~ը~, էնքան էլ չէ: Երկա՞ր պիտի այսպես մնամ:
_Մինչև մեծանաս: Նստի’ր, փոքրի’կս, դուրս չգաս;
Անցավ մի ժամ: Դոլին քնեց: Պստիկը լսեց նրա ֆսֆսոցի ձայնը, ծեծեց կողքի ձուն ու փսփսաց.
_Առաջի’ն, Առաջի’ն, ես Չորրորդն եմ, արթնացի’ր:
_Ես քնած չեմ, փողոցում ի՞նչ կա – չկա:
_Ոչ մի լավ բան, բարկացան վրաս ու ետ խցկեցին:
_Հա~… Իսկ այնտեղ ի՞նչ կա:
_Այնտեղ ծովն է: Միայն տեսնես, ոնց որ նկար լինի:
_Լսի’ր, ես էլ եմ ուզում,- հուզվեց Առաջինը:
_Ես էլ, ես էլ,_ծվծվացին Երկրորդն ու Երրորդը:
_Պստիկնե’ր, ի՞նչ եք անում,_արթնացավ Դոլին :
_Մենք էլ պստիկներ չենք,-կանչեցին չորսով: Հո’պ, ու դուրս թռան ձվերից:
Հեքիաթների բժիշկը
Լինում է չի լնում մի բժիշկ: Էս բժիշկը հեքիաթների բժիշկ է լինում: Աշխարհում էլ լիքը հեքիաթներ կան, ու էս հեքիաթները մեկ-մեկ էլ հիվանդանում են, չէ՞: Հիվանդանում են ու գալիս էս բժշկի մոտ: Սա էլ մի լավ ուսումնասիրում է սրանց ու բուժում: Մի օր էս բժիշկը իր սենյակում մի հի~ն գիրք էր կարդում: Մեկ էլ լսում է` դռան ետևում մեկը լաց է լինում: Դուռը բացում է, տեսնում` մի փոքրիկ հեքիաթ: Բժիշկը սրան սենյակ է տանում, նստեցնում աթոռին, համով թեյ տալիս: Հեքիաթը մի քիչ հանգստանում է: Երբ հանգստանում է, բժիշկը հարցնում է.
_Պատմեք, տեսնեմ` ինչ է եղել:
_Ինձ ոչ ոք չի սիրում, – քիչ է մնում լաց լինի հեքիաթը:
Բժիշկն ասում է.
_Պատմե՛ք Ձեր պատմությունը:
Հեքիաթը արագ-արագ վրա է տալիս. _Լինումէչիլինումմիաղջիկումիմայրիկմիանգամմայրիկըկանչումէ…
_Ի՞նչ ես վրա տալիս, բան չեմ հասկանում, դանդաղ պատմիր:
Ու հեքիաթիկը պատմում է.
_Մի աղջիկ ու մի մայր են լինում: Մի անգամ մայրը կանչում է աղջկան և անտառ ուղարկում: Աղջիկը գնում է անտառ ու մոլորվում: Մայրը սպասում է, սպասում, հետո ինքն իրեն մտածում է. «Լավ ազատվեցի նրանից»:
Էս մայրն էլ է անտառ գնում ու մոլորվում: Հետո նրանց ոչ ոք չի տեսնում:
Հեքիաթիկը նորից լաց է լինում:
_Ա՛յ խեղճ հեքիաթիկ, ախր դու վերջ չունես: Քեզ մինչև վերջ չեն հորինել: Պատմիր, տեսնեմ` հետո ի՞նչ եղավ:
_Չգիտեմ, – քիթը քաշում է հեքիաթիկը:
_Լա՛վ, արի միասին մտածենք: Գնում է աղջիկը անտառով, հա՞:
_Հա:
_Եվ տեսնում է…
_Մի տուն:
_Նա մոտենո՞ւմ է այդ տանը:
_Այո, մոտենում է տանը, նայում պատուհանից: Ներսում իր մայրն էր նստած: _Ճի~շտ է, իր մայրն էր:
_ Եվ մի ծեր կնոջ հետ թեյ էր խմում: Դա էլ Ջադու պառավն էր: Եվ Ջադու պառավն ասում էր. «Նա ոչ մի տեղ էլ չի գնա: Ես կարապներ ունեմ, ես կուղարկեմ նրանց, և նրանք կհասնեն…»: Աղջիկը հասկանում է, որ Ջադու պառավն իր մասին է խոսում: _Եվ ի՞նչ է անում աղջիկը:
_Նա վերցնում է դանակը, որ մայրիկն իրեն սունկ հավաքելու համար էր տվել, պտտեցնում է ու ուղիղ Ջադու պառավի վրա: Դանակը կպչում է նրա դեմքին, պառավը պտտվում է, ընկնում վառարանը, վառվում:
_Ըհը~, – ասում է բժիշկը:
_Այդ ժամանակ մայրիկի կախարդանքն անցնում է. ախր այդ Ջադու պառավն էր նրան չար դարձրել: Մայր ու աղջիկ տուն են գնում: Դրանից հետո ամեն ինչ լավ է լինում:
_Ապրե~ս, -ասում է բժիշկը,-քո պատմությունն էլ ավարտվեց:
_Հա՛,-գլխով է անում հեքիաթիկը: Նա նստել էր բազմոցին, թշիկներին արցունքի կաթիլներ էին փայլում, բայց նա ժպտում էր: Կարծես մի քիչ էլ մեծացել էր:
_Դու լավ հեքիաթ ես,-ասում է բժիշկը:
Կարծիք գրել