Հ. Թումանյան Հեքիաթներ

dsc07828Հովհաննես Թումանյան
Հեքիաթներ

Ուլիկը
Խոր անտառում մի այծ է լինում։ Ունենում է մի գեղեցիկ ուլ։
Ուլին ամեն օր թողնում է տանը, ինքը գնում է արոտ անելու։ Արածում է և իրիկունը կուրծքը լիքը տուն է գալիս։ Տուն է գալիս, դուռը զարկում ու մկկում, կանչում.
_Սևուկ ուլիկ,
Սիրուն բալիկ,
Ման եմ եկել սարե սար,
Կաթն եմ արել քեզ համար,
Դռնակը բա՛ց, ներս գամ ես,
Անուշ-անուշ ծիծ տամ քեզ.
Սևուկ ուլիկ, սիրուն բալիկ։
Ուլիկն իսկույն վեր է թռչում, դուռը բաց անում։ Մայրը ծիծ է տալիս նրան ու կրկին գնում արոտ։

Էս բոլորը թաքուն տեսնում է գայլը։ Մի իրիկուն այծից առաջ գալիս է, դուռը զարկում ու իր հաստ ձայնով կանչում.
_Սևուկ ուլիկ,
Սիրուն բալիկ,
Ման եմ եկել սարե սար,
Կաթն եմ արել քեզ համար,
Դռնակը բա՛ց, ներս գամ ես,
Անուշ-անուշ ծիծ տամ քեզ.
Սևուկ ուլիկ, Սիրուն բալիկ։
Ուլիկը լսում է, լսում ու պատասխանում,
_Էդ ո՞վ ես դու. չեմ ճանաչում։ Իմ մայրը էդպես չի կանչում։ Նա քաղցր ու բարակ ձայն ունի։ Քո ձայնը կոշտ է ու կոպիտ։ Դուռը բաց չե՛մ անի… Գնա՛… Չեմ ուզում քեզ…
Ու գայլը հեռանում է, գնում։

Գալիս է մայրը, դուռը ծեծում.
_Սևուկ ուլիկ,
Սիրուն բալիկ,
Ման եմ եկել սարե սար,
Կաթն եմ արել քեզ համար,
Դռնակը բա՛ց, ներս գամ ես,
Անուշ-անուշ ծիծ տամ քեզ.
Սևուկ ուլիկ, սիրուն բալիկ։
Ուլիկը դուռը բաց է անում, ծիծ է ուտում ու մորը պատմում.
_Գիտե՞ս, մայրի՛կ, ինչ եղավ։ Մի քիչ առաջ մինը եկավ, դուռը զարկեց ու կանչում էր.
Սևուկ ուլիկ,
Սիրուն բալիկ։
Ասում էր՝ դուռը բա՛ց արա։ Էնպե՜ս հաստ ձայն ուներ։ Էնպես վախեցա, էնպես վախեցա … Դուռը բաց չարի, ասի՝ չեմ ուզում, գնա՛…
_ Պա՛, – Էդ գայլն է եղել, եկել է, որ քեզ ուտի։ Մյուս անգամ էլ որ գա, բաց չանես, ասա՝ գնա՛, թե չէ իմ մայրը քեզ կսպանի իր սուր պոզերով։
Ծիտը
Լինում է, չի լինում մի ծիտ: Մի անգամ էս ծտի ոտը փուշ է մտնում: Դես է թռչում, դեն է թռչում, տեսնում է` մի պառավ փետի է ման գալի, թոնիր վառի, հաց թխի: Ասում է.
_ Նանի ջան, նանի, ոտիս փուշը հանի, թոնիրդ վառի, ես էլ գնամ քուջուջ անեմ, գլուխս պահեմ:
Պառավը փուշը հանում է, թոնիրը վառում: Ծիտը գնում է, ետ գալի, թե` փուշը ետ տուր ինձ: Պառավն ասում է.
_Փուշը թոնիրն եմ գցել:
Ծիտը կանգնում է, թե`
_ Իմ փուշը տուր, թե չէ` դես թռչեմ, դեն թռչեմ, լոշիկդ առնեմ, դուրս թռչեմ:
Պառավը մի լոշ է տալի: Ծիտը լոշը առնում է թռչում: Գնում է տեսնում` մի հովիվ անհաց կաթն է ուտում: Ասում է.

_ Հովիվ ախպեր, կաթն ինչու± ես անհաց ուտում: Ա ՛յ, լոշը ա °ռ, կաթնի մեջ բրդի, կե ՛ր, ես էլ գնամ քուջուջ անեմ, գլուխս պահեմ:
Գնում է, ետ գալի, թե` լոշս տուր: Հովիվն ասում է.
_ Կերա:
_Չէ ՜,- ասում է,- իմ լոշը տուր, թե չէ դես թռչեմ, դեն թռչեմ, գառնիկդ առնեմ, դուրս թռչեմ:
Հովիվը ճարահատած մի գառն է տալի: Առնում է, թռչում: Գնում է տեսնում է` մի տեղ հարսանիք են անում, մսացու չունեն, որ մորթեն: Ասում է.
_Ի՞նչ եք մոլորել: Ա °յ, իմ գառն առեք, մորթեցեք, քեֆ արեք… Ես էլ գնամ քուջուջ անեմ, գլուխս պահեմ:
Գնում է, ետ գալի, թե` իմ գառը տվեք: Ասում են.
_Մորթել ենք, կերել, ո՞րտեղից տանք:
Սա կանգնում է, թե` չէ, իմ գառը տալիս եք` տվեք, թե չէ` դես թռչեմ, դեն թռչեմ, հարսին առնեմ, դուրս թռչեմ:
Ու հարսին առնում է թռչում: Գնում է, գնում. գնում է, տեսնում` մի աշուղ մի ճամփով գնում է: Ասում է .
_Աշուղ ախպեր, առ էս հարսին, պահի  քեզ մոտ: Ես էլ գնամ քուջուջ անեմ, գլուխս պահեմ: Գնում է, ետ գալի, աշուղի առաջը կտրում, թե` իմ հարսը ինձ տուր: Աշուղն ասում է.
_Հարսը գնաց իրենց տուն:
Սա թե` չէ ՛, իմ հարսը տուր , թե չէ` դես թռչեմ, դեն թռչեմ, սազիկդ առնեմ, դուրս թռչեմ: Աշուղը սազը տալիս է իրեն: Սազն առնում է, ուսին գցում, թռչում, մի տեղ նստում է, սկսում է ածել ու ճտվտալով երգել.
Ծընգլը, մընգլը,
Փուշիկ տվի, լոշիկ առա,
Լոշիկ տվի, գառնիկ առա,
Գառնիկ տվի, հարսիկ առա,
Հարսիկ տվի, սազիկ առա,
Սազիկ առա, աշուղ դառա,
Ծընգլը, մընգլը,
Ծի՜վ, ծի՜վ:
Մին էլ հանկարծ սազը վեր ընկավ ջարդվեց, ծիտը թռավ գնա ՜ց, հեքիաթն էլ վերջացա ՜վ:

Ճամփորդները
Աքլորը մի օր կտուրը բարձրացավ, որ աշխարհք տեսնի։ Վիզը ձգեց, երկարացրեց, բայց բան չտեսավ, դիմացի սարը խանգարում էր։
_ Քուչի ախպեր, կարելի է դու գիտենաս, էն սարի ետևն ի՞նչ կա,- հարցրեց վերևից բակում պառկած շանը։
_ Ես էլ չգիտեմ,- պատասխանեց Քուչին։
_Հապա մինչև ե՞րբ պետք է այսպես մնանք, արի՛ գնանք մի տեսնենք՝ աշխարհումս ինչ կա, ինչ չկա։
Շունն էլ ձամաձայնեց։ Խոսքը մին արին ու փախան։
Գնացին, գնացին, իրիկունը հասան մի անտաո։ Գիշերը մնացին էնտեղ։ Շունը պառկեց մի թփի տակ, իսկ աքլորը բարձրացավ մոտիկ ծառին, քնեցին։
Լուսադեմին աքլորը կանչեց՝ ծուղրուղո՜ւ։
Մի աղվես լսեց աքլորի ձայնը։
_ Վա՜հ, սա ո՞րտեղից դուրս եկավ, ա՜յ լավ նախաճաշիկ,- մտածեց աղվեսն ու վազեց։
_ Բարի՛ լույս, սանամեր աքլոր։ Ի՞նչ ես շինում էս կողմերը։
_ Գնում ենք աշխարհ տեսնելու,- պատասխանեց աքլորը։
_ Օ՜, ինչ լավ բան եք մտածել,-խոսեց աղվեսը։-Քանի ժամանակ է ես էլ մի կարգին ընկերի եմ ման գալի։ Ինչ լավ էր՝ պատահեցինք։ Դե՜, ցած արի, որ չուշանանք։
_ Ես համաձայն եմ,- ասավ աքլորը.- տես, թե ընկերս էլ համաձայն է, ցած գամ՝ գնանք։
_Ո՞րտեղ է ընկերդ։
_ Էն թփի տակին։
«Սրա ընկերն էլ երևի իր նման մի աքլոր կլինի, էս էլ իմ ճաշը»,- մտածեց աղվեսը ու վազեց թփի կողմը։ Հանկարծ որ շունը դուրս եկավ, աղվեսը, պո՜ւկ, փախավ, ո՜նց փախավ։
_ Կա՛ց, աղվե՛ս ախպեր, մի՛ վռազի, մենք էլ ենք գալի, էդպես ընկեր չի լինի,- ծառի գլխից ձայն էր տալիս աքլորը։

Անհաղթ աքլորը
Լինում է, չի լինում՝ մի աքլոր է լինում։
Էս աքլորը քուջուջ անելիս մի ոսկի է գտնում։
Կտուրն է բարձրանում, ձեն է տալի.
_ Ծուղրուղո՜ւ, փող եմ գտե՜լ…
Թագավորը լսում է, իր նազիր-վեզիրին հրամայում է՝ գնան խլեն բերեն։
Նազիր-վեզիրը գնում են՝ խլում բերում։ Աքլորը կանչում է.
_Ծուղրուղո ՜ւ, թագավորն ինձանով ապրե՜ց…
Թագավորը ոսկին ետ տալիս է իր նազիր-վեզիրին, ասում է.
_ Ետ տարեք իրեն տվեք, թե չէ աշխարհքովը մին կխայտառակի մեզ էդ անպիտանը…
Նազիր-վեզիրը ոսկին տանում են ետ տալիս աքլորին։ Աքլորն էլ կտուրն է բարձրանում.
_ Ծուղրուղո ՜ւ, թագավորն ինձանից վախե՜ց… Թագավորը բարկանում է, իր նազիր-վեզիրին հրամայում է
_ Գնացե՛ք,-ասում է,- բռնեցեք էդ սրիկային, գլուխը կտրեցեք, եփեցեք, բերեք ուտեմ, պրծնեմ դրանից։
Նազիր-վեզիրը գնում են աքլորին բռնում, որ տանեն։ Տանելիս կանչում է.
_ Ծուղրուղո՜ւ, թագավորն ինձ հյուր է կանչե՛լ…
Տանում են մորթում, պղինձն են կոխում, որ եփեն, ձեն է տալի.
_ Ծուղրուղո՜ւ, թագավորն ինձ տաք-տաք բաղնիք է ղրկե՜լ…
Եփում են բերում թագավորի առաջն են դնում, կանչում է.
_ Թագավորի հետ սեղան եմ նստե՜լ, ծուղրուղո՜ւ…
Թագավորը շտապով վերցնում է կուլ տալի։ Կոկորդով գնալիս կանչում է.
_Նեղ-նեղ փողոցներով անց եմ կենում, ծուղրուղո՜ւ…
Թագավորը որ տեսնում է՝ կուլ տվեց, էլ չի ձենը կտրում, իր նազիր-վեզիրին հրամայում է թուրները հանած պատրաստ կենան, որ մին էլ ձեն ածի՝ զարկեն։
Նազիր-վեզիրը թրերը հանած՝ պատրաստ կանգնում են մինը էս կողմը, մյուսը էն։
Աքլորը որ թագավորի փորն է հասնում, ձեն է տալի.
_ Լույս աշխարհքումն էի, մութ տեղն եմ ընկել, ծուղրուղո՜ւ…
_ Զարկե՛ք…-հրամայում է թագավորը։ Նազիր-վեզիրը զարկում են, տալիս են թագավորի փորը պատռում։
Աքլորը դուրս է պրծնում, փախչում է, կտեր ծերին կանգնում ձեն տալի.
_ Ծուղրուղո՜ւ…

Պոչատ աղվեսը
Լինում է, չի լինում՝ մի պառավ։ Էս պառավն իր էծը կթում է, կաթը վեր է դնում, գնում է ցախ ու փետ բերի, որ կրակ անի, կաթն եփի;
Մի աղվես գալիս է, գլուխը կոխում կաթնի ամանը, կաթն ուտում.
Պառավը վրա է հասնում, ցաքատով տալիս է, աղվեսի պոչը կտրում։
Պոչատ աղվեսը փախչում է, գնում է մի քարի վրա կանգնում է ու էսպես խնդրում.
_ Նանի, նանի, պոչս տուր, կցեմ-կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։
Պառավն ասում է.
_ Դե գնա իմ կաթը բեր։
Աղվեսը գնում է կովի մոտ։
_ Կովիկ, կովիկ, կա՛թ տուր ինձ, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ-կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։
Կովն ասում է.
_ Դե գնա ինձ համար խոտ բեր։
Աղվեսը գնում է արտի մոտ։
_ Արտիկ, արտիկ, խոտ տուր ինձ, խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ-կցմ
Արտն ասում է.
_ Դե գնա ինձ համար ջուր բեր։
Աղվեսը գնում է աղբյուրի մոտ։
_ Աղբյուր, աղբյուր, ջո՛ւր տուր ինձ, ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա, խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ-կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։
Աղբյուրն ասում է.
_ Դե գնա կուժ բեր։
_ Աղջի՛կ, աղջիկ, կուժդ տուր, կուժը տանեմ աղբյուրին տամ, աղբյուրը ինձ ջուր տա, ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա, խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ-կցմցեմ, գնամ ընկերներ՛իս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։
Աղջիկն ասում է.
_ Դե գնա ուլունք բեր ինձ համար։
Աղվեսը գնում է չարչու մոտ։
_ Չարչի, չարչի, ուլո՛ւնք տուր, ուլունքը տանեմ աղջկան տամ, աղջիկը ինձ կուժ տա, կուժը տանեմ աղբյուրին տամ, աղբյուրը ինձ ջուր տա, ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա, խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ-կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։
Չարչին ասում է.
_ Հավիկ, հավիկ, ձու-ձու տուր, ձու-ձուն տանեմ չարչուն տամ, չարչին ինձ ուլունք տա, ուլունքը տանեմ աղջկան տամ, աղջիկն ինձ կուժ տա. կուժը տանեմ աղբյուրին տամ, աղբյուրը ինձ շուր տա. ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա. խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա. կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ-կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։
Հավն ասում է.
_ Դե գնա ինձ համար կուտ բեր։
Աղվեսը գնում է կալվորի մոտ։
_Կալվոր, կալվոր, կո՛ւտ տուր ինձ, կուտը տանեմ հավին տամ. հավը ինձ ձու տա, ձուն տանեմ չարչուն տամ, չարչին ինձ ուլունք տա, ուլունքը տանեմ աղջկան տամ, աղջիկն ինձ կուժ տա, կուժը տանեմ աղբյուրին տամ, աղբյուրը ինձ ջուր տա, ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա, խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա. կցեմ-կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։
Կալվորի մեղքը գալիս է. մի բուռ կուտ է տալիս։ Աղվեսը կուտը տանում է հավին, հավը ձու է տալի, ձուն տանում է չարչուն, չարչին ուլունք է տալի, ուլունքը տանում է աղջկան, աղջիկը կուժ է տալի, կուժը տանում է աղբյուրին, աղբյուրը ջուր է տալի, ջուրը տանում է արտին, արտը խոտ է տալի, խոտը տանում է կովին, կովը կաթ է տալի, կաթը տանում է տալի պառավին, պառավը պոչը տալիս է իրեն, կցում է, կցմցո՛ւմ, վազում է գնում, իր ընկերներին հասնում։

 Սուտասանը
Լինում է, չի լինում մի թագավոր։ Էս թագավորը իր երկրումը հայտնում է.
«Ով էնպես սուտ ասի, որ ես ասեմ՝ սուտ է, իմ թագավորթյան կեսը կտամ նրան»։
Գալիս է մի հովիվ։ Ասում է.
_ Թագավորն ապրած կենա, իմ հերը մի դագանակ ուներ, որ էստեղից մեկնում էր, երկնքում աստղերը խառնում։
_ Կպատահի,- պատասխանում է թագավորը։- Իմ պապն էլ մի չիբուխ ուներ, մի ծերը բերանին էր դնում, մյուս ծերը մեկնում, արեգակիցը վառում։
Ստախոսը գլուխը քորելով դուրս է գնում։
Գալիս է մի դերձակ։ Ասում է.
_Ներողությո՛ւն, թագավո՛ր, ես վաղ պիտի գայի, ուշացա։ Երեկ շատ անձրև եկավ, կայծակները տրաքեցին, երկինքը պատռվեց, գնացել էի կարկատելու։
_ Հա՜, լավ ես արել,- ասում է թագավորը,- բայց լավ չէիր կարկատել. էս առավոտ մի քիչ անձրև թափվեց։
Սա էլ է դուրս գնում։
Ներս է մտնում մի աղքատ գյուղացի, կոտը կռնատակին։
_ Դո՞ւ ինչ ես ուզում, ա՛յ մարդ,-հարցնում է թագավորը։
_Ինձ մի կոտ ոսկի ես պարտ, եկել եմ տանեմ։
_ Սի կոտ ոսկի՞,- զարմանում է թագավորը։- Սո՛ւտ ես ասում, ես քեզ ոսկի չեմ պարտ։
_ Թե որ սուտ եմ ասում, թագավորությանդ կեսը տուր։
_ Չէ՛, չէ՛, ճշմարիտ ես ասում,- խոսքը փոխում է թագավորը։
_ Ճշմարիտ եմ ասում՝ մի կոտ ոսկին տուր։
Սուտլիկ որսկանը

Հորս կնունքով, մորս ծնունդով, վեր կացանք մի օր հինգ ու վեց ոոգով, թրով-թվանքով որսի գնացինք։ Հադին էր, Հյուդին էր, Չատին էր, Մատին էր, հերս էր, ես էի, գնացինք որսի…

Սարեր, ձորեր դուզ գնացինք, որտեղ որս կար՝ սուս ու փուս գնացինք, որտեղ ահ էր՝ կուզ ու կուզ գնացինք…

Գնացի՜նք, գնացի՜նք, շատ թե քիչ, մին էլ տեսնենք երեք լիճ. երկուսը ցամաք, մնի մեջ էլ ըսկի ջուր չկա։ Մին էլ, ըհը, մտիկ տանք, որ էս անջուր լճում լողում են, ճչում երեք հատ սպիտակ բադ, երկուսը սատկած են, մինն էլ կենդանի չի։
_Հադի՛, տո՛ւր հա, տո՛ւր։
Թե՝ թվանք չունեմ։
_Հյուդի՛, տո՛ւր հա, տո՛ւր։
_ Ես էլ չունեմ։
_ Չատի… Մատի…
_Մենք էլ չունենք։
_ Բա ի՞նչ անենք…
Հորս ձեռին կարճ ու երկար, հաստ ու բարակ մի փետ կար. երեսն առավ, նշան դրեց, մին էլ տրա՜ք, որ կրակեց… Նա կրակեց, ես զարկեցի, որ զարկեցի՝ փռվեց էսպես՝ ամեն թևը հինգ գազ ու կես…
_ Հադի, դանա՜կ…
Թե՝ դանակ չունեմ։
_ Հյուդի, դու…
_ Ես էլ չունեմ։
_ Չատի՞, Մատի՞…
_Մենք էլ չունենք…
Հերս էլ ունի, բերան չունի։
Էս անբերան դանակը քաշեցինք։ Հադին մորթեց, չկարաց. Հյուդին մորթեց, չկարաց, Չատին չկարաց, Մատին չկարաց, հերս էլ չկարաց, ե՛ս քաշեցի մորթեցի։
Մորթեցի, վեր գցեցի, բադ մի ասիլ՝ մի գոմեշ ասա։ Հադին շալակեց, չկարաց, Հյուղին շալակեց, չկարաց, Չատին չկարաց, Մատին չկարաց, հերս էլ չկարաց, ե՛ս շալակեցի։ Շալակեցի, գնացինք։
Գնացինք, գնացինք, հասանք մի տեղ, մին էլ տեսնենք երեք գեղ, երկուսի տեղն իսկի չի երևում, մնումն էլ իսկի շենլիկ չկա։ Էս անշեն գեղում դես ման եկանք, դեն ման եկանք, մի տուն գտանք, մեջը երեք պառավ, երկուսը մեռած, մինի բերանումն էլ շունչ չկա։
_ Տղերք, ասինք, եկեք բադով փլավ անենք։
Էս անշունչ պառավը գնաց դես ման եկավ, դեն ման եկավ, կես բրինձ գտավ, երեք պղինձ, երկուսը ծակ, մինն էլ իսկի տակ չունի։ Ջուրը լցրինք էս անտակ պղինձը, մեջը ածինք բադն ու բրինձը, անկրակ եփեցինք։ Եփեց, եփեց, միսն ու բրինձը գնացին, մնաց ջուրը։
Որսից եկած սոված մարդի՜կ, վրա եկանք, կերա՜նք, կերա՜նք, ոչ աչքներս բան տեսավ, ոչ բերաններս բան մտավ։

Բարեկենդանը
Ժամանակով մի մարդ ու մի կնիկ են լինում։ Էս մարդ ու կնիկը իրար հավանելիս չեն լինում։ Մարդը կնկանն է ասում հիմար, կնիկը մարդուն, ու միշտ կռվելիս են լինում։ Մի օր էլ մարդը մի քանի փութ եղ ու բրինձ է առնում, տալիս մշակի շալակը, տանում տուն։ Կինը բարկանում է.
_ Ա՛յ, որ ասում եմ հիմար ես, չես հավատում, էսքան եղն ու բրինձը միանգամից ինչի՞ համար ես առել բերել, հորդ քե՞լեխն ես տալիս, թե տղիդ հարսանիքն ես անում։
_Ի՞նչ քելեխ, ի՞նչ հարսանիք, այ կնիկ, ի՛նչ ես խոսում, տար պահի, բարեկենդանի համար է։
Կինը հանգստանում է, տանում է պահում։
Անց է կենում միառժամանակ, էս կնիկը սպասում է, սպասում է, բարեկենդանը գալիս չի։ Մի օր էլ շեմքումը նստած է լինում, տեսնում է մի մարդ վռազ-վռազ փողոցով անց է կենում։ Ձեռը դնում է ճակատին ու ձեն տալի.
_ Ա՛խպեր, ա՛խպեր, հալա մի կանգնի։
Տղեն կանգնում է։
_ Ա´խպեր, բարեկենդանը դու հո չե՞ս։
Անցվորականը նկատում է, որ էս կնկա ծալը պակաս է, ասում է՝ հա՛ ասեմ, տեսնեմ ինչ է դուրս գալի։
_ Հա, ես եմ բարեկենդանը, քույրիկ ջան, ի՞նչ ես ասում։
_Էն եմ ասում, որ մենք քո ծառան հո չենք, որ քո եղն ու բրինձը պահենք։ Ինչ որ պահեցինք, հերիք չէ՞… չես ամաչո՞ւմ… Ընչի՞ չես գալի քո ապրանքը տանում…
_Դե էլ ի՜նչ ես նեղանում, քույրիկ ջան, ես էլ հենց դրա համար եմ եկել, ձեր տունն էի ման գալի, չէի գտնում։
_ Դե արի տար։
Էս մարդը ներս է մտնում, սրանց եղն ու բրինձը շալակում ու կրունկը դեսն է անում, երեսը դեպի իրենց գյուղը։
Մարդը գալիս է տուն, կնիկն ասում է.
_ Հա , էն բարեկենդանն եկավ, իր բաները իրեն սևցրի տարավ։
_ Ի՞նչ բարեկենդան… ի՞նչ բաներ…
_Ա՛յ էն եղն ու բրինձը… Մին էլ տեսնեմ՝ վերևից գալիս է. մեր տունն էր ման գալի, կանչեցի, մի լավ էլ խայտառակ արի, շալակը տվի տարավ։
_ Վայ քու անխելք տունը քանդվի, որ ասում եմ հիմար ես՝ հիմար ես էլի… Ո՞ր կողմը գնաց։
_Այ էն կողմը։Էս մարդը ձի է նստում, ընկնում բարեկենդանի ետևից։
Ճանապարհին բարեկենդանը ետ է մտիկ անում, տեսնում է՝ մի ձիավոր քշած գալիս է։ Գլխի է ընկնում, որ սա էն կնկա մարդը պետք է լինի։
Գալիս է հասնում իրեն։
_ Բարի օր, ախպերացու։
_Աստծու բարին։
_ Հո էս ճամփովը մարդ չի անցկացա՞վ։
_Անցկացավ:
_Ի՞նչ ուներ շալակին։
__Եղ ու բրինձ։
_ Հա, հենց էդ եմ ասում։ Ի՞նչքան ժամանակ կլինի։
_Բավականին ժամանակ կլինի։
_Որ ձին քշեմ՝ կհասնե՞մ։
_Ո՞րտեղից կհասնես, դու ձիով, նա ոտով։ Մինչև քու ձին չորս ոտը կփոխի՝ մի՜ն, երկո՜ւ, երե՜ք, չո՜րս, նա երկու ոտով մե´կ-երկո´ւ, մե´կ-երկո´ւ, մե´կ-երկո´ւ, շուտ-շուտ կգնա, անց կկենա։
_Բա ի՞նչպես անեմ։
_Ինչպես պետք է անես, ուզում ես, ձիդ թող ինձ մոտ, դու էլ նրա պես ոտով վազի, գուցե հասնես։
_Հա՜, էդ լավ ես ասում։
Վեր է գալիս, ձին թողնում սրա մոտ ու ոտով ճանապարհ ընկնում։ Սա հեռանում է թե չէ, բարեկենդանը շալակը բարձում է ձիուն, ճամփեն ծռում, քշում։
Էս մարդը ոտով գնում է, գնում, տեսնում է չհասավ, ետ է դառնում։ Ետ է դառնում, տեսնում՝ ձին էլ չկա։ Գալիս է տուն։ Նորից սկսում են կռվել, մարդը եղ ու բրնձի համար, կնիկը ձիու։
Մինչև օրս էլ էս մարդ ու կնիկը կռվում են դեռ։ Սա նրան է ասում հիմար, նա սրան, իսկ բարեկենդանը լսում է ու ծիծաղում։

Ոսկու կարասը

Ես մեր ծերերից եմ լսել, մեր ծերերը իրենց պապերից, նրանց պապերն էլ իրենց մեծերից, թե մի ժամանակ մի աղքատ հողագործ է լինում, ունենում է մի օրավար հող ու մի լուծ եզ։
Ձմեռը էս աղքատ հողագործի եզները սատկում են։ Գարունքը, վար ու ցանքի ժամանակը որ գալիս է, եզ չի ունենում թե վարի, հողը վարձով տալիս է իր հարևանին։
Էս հարևանը վարելու ժամանակ խոփը մի տեղ դեմ է ընկնում, դուրս է գալի մի կարաս, մեջը լիքը ոսկի։ Եզները լծած թողնում է, վազում է գյուղը հողատիրոջ մոտ։
_Հեյ, աչքդ լուս,- ասում է­­- քու հողումը մի կարաս ոսկի դուրս եկավ, արի տար։
_Չէ՛, ախպե՛ր, էդ իմը չի,-պատասխանում է հողատերը։-Հողի վարձը դու տվել ես, դու վարում ես, էն հողումն ինչ էլ դուրս գա, քունն է. ոսկի է դուրս եկել, թող ոսկի լինի, էլի քունն է։
Սկսում են վիճել, սա ասում է՝ քունն է, նա, թե չէ՝ քունը։ Վեճը տաքանում է, իրար ծեծում են։ Գնում են թագավորի մոտ գանգատ։
Թագավորը մի կարաս ոսկու անունը լսում է թե չէ՝ աչքերը չորս է բաց անում։ Ասում է.
_ Ոչ քունն է, ոչ դրանը, իմ հողումը կարասով ոսկի է դուրս եկել՝ իմն է։
Իր մարդկանցով գնում է, որ հանի բերի։ Գնում է կարասի բերանը բաց անել է տալի, տեսնում՝ ի՞նչ ոսկի, կարասը լիքը օձ… Զարհուրած ու կատաղած ետ է գալի։ հրամայում է պատժեն անգետ ռանչպարներին, որ համարձակվել են իրեն խաբել։- Մեզ ինչո՞ւ ես սպանում, լավ չես տեսել, օձ չկա էնտեղ, ոսկի է, ոսկի…
Թագավորը նոր մարդիկ է ուղարկում, որ գնան ստուգեն։ Մարդիկ գնում են, ետ գալի, թե՝ ճշմարիտ, ոսկի է։
_ Վա՜հ,- զարմանում է թագավորը։ Ասում է.- Երևի լավ չտեսա, կամ տեսածս էն կարասը չէր։
Վեր է կենում մին էլ գնում։
Կարասը բաց է անում, դարձյալ մեջը լիքը օձ։
Էս ի՛նչ հրաշք է, ի՛նչ միտք ունի, չեն հասկանում։
Թագավորը հրամայում է, հավաքում է իր երկրի իմաստուններին։
_Բացատրեցեք,- ասում է,-ո՛վ իմաստուններ, ի՞նչ հրաշք է սա։ Էս հողագործներն իրենց հոդում կարասով ոսկի են գտել։ Ես եմ գնում՝ կարասը լիքն օձ է դառնում, սրանք են գնում՝ ոսկի։ Էս ի՞նչ կնշանակի։
_ Դրա բացատրությունն էս է, թագավոր, եթե չես բարկանալ,- ասում են իմաստունները։- Կարասով ոսկին աղքատ հողագործներին պարգև է ղրկած իրենց ազնվության ու արդար աշխատանքի համար։ Երբ որ նրանք են գնում, իրենց արդար վարձին են գնում ու միշտ էլ ոսկի գտնում, իսկ երբ որ դու ես գնում, գնում ես ուրիշի բախտը հափշտակես, նրա համար էլ ոսկու տեղ օձ ես գտնում։
Թագավորը ցնցվում է. խոսք չի գտնում պատասխանելու։
_Լա՛վ,- ասում է,- դե հիմի էն որոշեցեք, թե էդ երկուսից ո՞րին է պատկանում գտած ոսկին։
_ Իհարկե հողատիրոջը,- ձայն է տալի վարող գյուղացին։
_Չէ, վարողինն է,- մեջ է մտնում հողատերը։ Ու նորից սկսում են կռվել։
_Լա՛վ, լա՛վ, կացե՛ք,- կանգնեցնում են իմաստունները,- ի՞նչ ունեք դուք՝ տղա կամ աղջիկ։
Դուրս է գալի, որ մեկը մի տղա ունի, մյուսը մի աղջիկ։ Իմաստունները վճռում են, որ սրանք գնան իրենց աղջիկն ու տղեն իրար հետ պսակեն, էն գտած ոսկին էլ տան նրանց։ Էստեղ համաձայնում են բարի մարդիկը, ուրախանում են, ու կռիվը վերջանում է, սկսում է հարսանիքը։ Օխտն օր, օխտը գիշեր հարսանիք են անում, կարասով ոսկին էլ, որ պարգև էր ղրկած իրենց ազնվության ու արդար աշխատանքի համար, տալիս են իրենց զավակներին։
Բարին էստեղ, չարն էն ագահ թագավորի մոտ։
Կացին ախպեր

Մի մարդ գնաց հեռու երկիր աշխատանք անելու։ Ընկավ մի գյուղ։ Տեսավ՝ այս գյուղի մարդիկ ձեռով են փայտ կոտրատում։
_ Ախպե՛ր, ասավ, ինչո՞ւ եք ձեռով փայտ անում, մի՞թե կացին չունեք։
_սԿացինն ի՞նչ բան է,- հարցրին գյուղացիք։
Մարդը իր կացինը գոտկից հանեց փայտը ջարդեց, մանրեց, դարսեց մյուս կողմը։ Գյուղացիք այս որ տեսան, վազեցին գյուղամեջ, ձայն տվին իրար.
_Տո՛, եկե ք, տեսե՛ք, կացին ախպերը ինչ արավ։ Գյուղացիք հավաքվեցին կացնի տիրոջ գլխին, խնդրեցին, աղաչեցին, շատ ապրանք տվին ու կացինը ձեռիցն առան։
Կացինը առան, որ հերթով կոտրեին իրենց փայտը։
Առաջին օրը տանուտերը տարավ։ Կացինը վրա բերավ թե չէ՝ ոտը կտրեց։ Գոռալով ընկավ գյուղամեջ։
_ Տո՛, եկե՛ք, եկե՛ք, կացին ախպերը կատաղել է, ոտս կծեց։ Գյուղացիք եկան, հավաքվեցին, փայտերն առան, սկսեցին կացնին ծեծել։ Ծեծեցին, տեսան՝ բան չդառավ, փայտերը կիտեցին վրան, կրակեցին։
Բոցը բարձրացավ, չորս կողմը բռնեց։ Երբ կրակն իջավ, եկան բաց արին, տեսան՝ կացինը կարմրել է։ Գոռացին.
_Վա՜յ, տղե՛ք, կացին ախպերը բարկացել է, տեսե՛ք՝ ոնց է կարմրել, որտեղ որ է, մեր գլխին մի փորձանք կբերի։ Ի՞նչ անենք։
Մտածեցին, մտածեցին, ու վճռեցին տանեն բանտը գցեն:
Տարան գցեցին տանուտերի մարագը։ Մարագը լիքը դարման էր. գցեցին թե չէ՝ կրակն առավ, բոցը երկինք բարձրացավ։
Գյուղացիք սարսափած վագեցին տիրոջ ետևից թե՝ «Ե՛կ, աստծու սիրուն, կացին ախպորը բան հասկացրու»։

Կիկոսի մահը
Մի աղքատ մարդ ու կնիկ են լինում, ունենում են երեք աղջիկ։
Մի օր հերը աշխատելիս է լինում, ծարավում է, մեծ աղջկանը ջուրն է ղրկում։ Էս աղջիկը կուժն առնում է գնում աղբյուրը։ Աղբրի գլխին մի բարձր ծառ է լինում։ Էս ծառը որ տեսնում է՝ իրեն-իրեն միտք է անում.
_ Հիմի որ ես մարդի գնամ ու մի որդի ունենամ, անունն էլ դնենք Կիկոս. Կիկոսը գա էս ծառին բարձրանա ու վեր ընկնի, քարովը դիպչի մեռնի…
Վա՛յ, Կիկոս ջան, վա՜յ…
Տեղն ու տեղը ծառի տակին նստում է, սկսում է սուգ անել.
Գընացի մարդի,
Ունեցա որդի,
Գըդակը պոպոզ,
Անունը Կիկոս.
Վեր ելավ ծառին,
Ցած ընկավ քարին…
Վա՜յ Կիկոս ջան,
Վա՜յ որդի ջան…
Մերն սպասում է, սպասում, տեսնում է չեկավ, միջնեկ աղջկանն է ղրկում։ Ասում է.
_ Գնա՛ մի տե՛ս, քույրդ ընչի՛ ուշացավ։
Միջնեկ աղջիկն է գնում։
Մեծ քույրը սրան որ հեռվից տեսնում է՝ ձենն ավելի է բարձրացնում։
_Արի՛, արի՛, անբախտ մորքուր, տես քո Կիկոսն ինչ եղավ։
_ Ի՞նչ Կիկոս։
_Բա չես ասիլ՝
Գընացի մարդի,
Ունեցա որդի,
Գըդակը պոպոզ,
Անունը Կիկոս.
Վեր ելավ ծառին,
Ցած ընկավ քարին…
Վա՜յ Կիկոս ջան,
Վա՜յ որդի ջան…
— Վա՜յ Կիկոս ջան, վա՜յ,— գոռում է միջնեկ քույրը, նստում է մեծ քրոջ կողքին ու սկսում են միասին սուգ անել։
Մերն սպասում է, սպասում, տեսնում է չեկան, պստիկ աղջկանն է ղրկում։ Ասում է.
— Աղջի՛, մի գնա տես քույրերդ ի՞նչ եղան։ Գնացին, ետ չեկան։
Հիմի պստիկ աղջիկն է գնում։ Գնում է տեսնում՝ երկու քույրերն էլ աղբրի գլխին նստած լաց են լինում։
— Քա՛, ընչի՞ եք լաց ըլում։
Մեծ քույրը թե՝ բա չես ասիլ՝
Գընացի մարդի,
Ունեցա որդի,
Գըդակը պոպոզ,
Անունը Կիկոս.
Վեր ելավ ծառին,
Ցած ընկավ քարին…
Վա՜յ Կիկոս ջան,
Վա՜յ որդի ջան…
_ Վա՜յ քու մորքուրին, Կիկոս ջան, վա՜յ;— սա էլ է գլխին տալիս ու մյուսների կողքին նստում, ձեն-ձենի տալիս։
Մերն սպասում է, սպասում, տեսնում է աղջիկները չեկան, ինքն է գնում։
Հեռվից իրենց մորը տեսնում են թե չէ՝ երեք աղջիկն էլ կանչում են.
_ Արի , արի՛, անբախտ տատի, տե՛ս թոռանդ գլուխն ինչ է եկել։
– Ի՞նչ թոռ, ա՛յ աղջկերք, ի՞նչ է պատահել։
Մեծ աղջիկը թե՝ բա չես ասիլ, ա՛յ մեր՝
Գընացի մարդի,
Ունեցա որդի,
Գըդակը պոպոզ,
Անունը Կիկոս.
Վեր ելավ ծառին,
Ցած ընկավ քարին…
Վա՜յ Կիկոս ջան,
Վա՜յ որդի ջան…
­­­_ Վա՜յ, քոռանան քու տատի աչքերը, Կիկոս ջան,— մերն էլ ծնկանը զարկում է, նստում է աղջիկների կողքին, սկսում է նրանց հետ սուգ անել։
Մարդը տեսնում է՝ կնիկն էլ գնաց աղջիկների ետևից ու սա էլ չեկավ։ Ասում է՝ մի գնամ տեսնեմ էս ինչ պատահեց, որ սրանք իրար ետևից գնացին մնացին աղբրումը։
Վեր է կենում գնում։
Կնիկն ու աղջկերքը հենց սրա գլուխը հեռվից տեսնում են թե չէ, ձեն են տալի.
_ Արի , արի՛, անբախտ պապի, արի տես քու Կիկոսի գլուխն ի՞նչ է եկել… վա՜յ քու Կիկոսին…
_ Ի՞նչ Կիկոս, ի՞նչ եք ասում,— զարմանում է մարդը։
Մեծ աղջիկը թե՝ բա չես ասիլ, ա՛յ հեր՝
Գընացի մարդի,
Ունեցա որդի,
Գըդակը պոպոզ,
Անունը Կիկոս.
Վեր ելավ ծառին,
Ցած ընկավ քարին…
Վա՜յ Կիկոս ջան,
Վա՜յ որդի ջան…
_ Վա՜յ, Կիկոս ջա՜ն,­- ծնկներին տալիս են ու սուգ են անում մեր ու ադջկերք։
Սրանց միջի խելոքը հերն է լինում։ Ասում է.
_ Ա՛յ հիմարներ, ի՞նչ եք նստել էստեղ ու սուգ եք անում։ Ինչքան էլ սուգ անեք, ինչքան էլ լաց ըլեք, հո Կիկոսն էլ կենդանանալու չի։ Վեր կացեք, եկեք գնանք մեր տունը, մարդ կանչենք, ժամ ու պատարագ անենք, Կիկոսի քելեխը տանք, լացով ի՞նչ պետք է անենք։ Աշխարհքի կարգ է, ինչպես եկել է, էնպես էլ պետք է գնա։
Դու մի՛ ասիլ՝ սրանց ունեցած-չունեցած չորսոտանին մի եզն է լինում, ունեցած փոշին էլ մի քթոց ալյուր։
Գալիս են էս եզը մորթում, էս մի քթոց ալյուրն էլ հաց թխում, ժողովուրդ են կանչում, ժամ ու պատարագ են անում, Կիկոսի քելեխն ուտեցնում, որ նոր հանգստանում են։

Անխելք մարդը
Ժամանակով մի աղքատ մարդ կար. որքան աշխատում էր, որքան չարչարվում էր, դարձյալ միևնույն աղքատն էր մնում։
Հուսահատված մի օր նա վեր կացավ, թե՝ պետք է գնամ գտնեմ աստծուն, տեսնեմ ես երբ պետք է պրծնեմ այս աղքատությունից ու ինձ համար մի բան խնդրեմ։
Ճանապարհին մի գայլ պատահեց.
_Առաջ բարի, մարդ-ախպեր, ո՞ւր ես գնում- հարցրեց գայլը։
_Գնում եմ աստծու մոտ,- պատասխանեց աղքատը,-դարդ ունեմ ասելու»։
_Դե որ գնաս աստծու մոտ,- խնդրեց գայլը,-ասա մի սոված գայլ կա, գիշեր-ցերեկ ման է գալիս սար ու ձոր, ուտելու բան չի գտնում, ասա՛ մինչև ե՞րբ պետք է սոված մնա. որ ստեղծել ես՝ ինչո՞ւ չես կերակուր հասցնում։
_ Լա՛վ,- ասաց մարդն ու շարունակեց ճանապարհը։ Շատ գնաց թե քիչ, պատահեց մի սիրուն սոջկա։
_ Ո՞ւր ես գնում, ախպեր,- հարցրեց աղջիկը։
_Գնում եմ աստծու մոտ։
_ Երբ որ աստծուն տեսնես,- աղաչեց սիրուն աղջիկը,— ասա այսպիսի մի աղջիկ կա՝ ջահել, առողջ, հարուստ, բայց չի կարողանում ուրախանալ, բախտավոր զգալ իրան, ի՞նչ պիտի լինի նրա ճարը։
_Կասեմ,-խոստացավ ճամփորդն ու գնաց, պատահեց մի ծառի, որ թեև ջրափին էր կանգնած, բայց չոր էր։
_Ո՞ւր ես գնում, ա՛յ ճամփորդ,- հարցրեց չոր ծառը։ – Գնում եմ աստծու մոտ։
— Դե կանգնի՛ր, մի երկու խոսք էլ ես ապսպրեմ,- խնդրեց չոր ծառը,— աստծուն, կասես, այս ի՞նչ բան է, բուսել եմ այս պարզ ջրի ափին, բայց ամառ-ձմեռ չոր եմ մնում, ե՞րբ պետք է ես էլ կանաչեմ։
Այս էլ լսեց աղքատն ու շարունակեց ճանապարհը։
Այնքան գնաց մինչև, գտավ աստծուն։ Մի բարձր ժայռի տակ, մեջքը ժայռին դեմ տված, ալևոր մարդու կերպարանքով նստած էր աստվածը։
_Բարի օր,- ասաց աղքատն ու կանգնեց աստծու առաջին։
_ Բարով եկար,- պատասխանեց աստված,- ի՞նչ ես ուզում։
_Էն եմ ուզում, որ ամեն մարդի էլ հավասար աչքով մտիկ անես, մեկին ավար չանես, մյուսին խավար, ես այնքան եմ տանջվում, աշխատում եմ, էլ չեմ կարողանում կուշտ փորով հաց գտնեմ, իսկ շատերը, որ իմ կեսի չափ էլ չեն աշխատում, հարուստ ու հանգիստ ապրում են»։
_ Դե գնա, հիմի կհարստանաս, քո բախտը տվեցի, գնա վայելի՛ր,-ասաց աստված։
_Էլ բան ունեմ ասելու, տե՛ր,-ասաց աղքատն ու պատմեց սոված գայլի, սիրուն աղջկա ու չոր ծառի ապսպրանքը։
Աստված բոլորի պատասխանը տվեց, և աղքատը շնորհակալություն արավ ու հեռացավ։
Վերադարձին պատահեց չոր ծառին։
_ Ինձ համար ի՞նչ ասաց աստված — հարցրեց չոր ծառը։ «Ասաց, քո տակին ոսկի կա. մինչև այդ ոսկին չհանեն, որ արմատներդ հողին հասնի, դու չես կանաչիլ»,— պատմեց մարդը։
_Էլ ո՞ւր ես գնում, արի՛ ոսկին հանիր էլի, համ քեզ օգուտ կլինի, համ ինձ, դու կհարստանաս, ես էլ կկանաչեմ։
_Չէ՛, ես ժամանակ չունեմ, շտապում եմ,- պատասխանեց աղքատը,-աստված ինձ բախտ տվեց, ես շուտով պետք է գնամ իմ բախտը գտնեմ, վայելեմ,-ասաց ու գնաց։
Հետո սիրուն աղջիկը պատահեց ու ճամփորդի առաջը կտրեց.
_ Ի՞նչ լուր բերիր ինձ համար։
_Աստված ասաց՝ դու պիտի քեզ համար մի մտերիմ կյանքի ընկեր գտնես, այն ժամանակ էլ տխուր չես լինիլ, ուրախ ու երջանիկ կլինես»։
_Դե որ այդպես է, արի՛ դու եղիր իմ կյանքի մտերիմ ընկերը,- թախանձեց աղջիկը ճամփորդին։
_Չէ՛, ես քեզ ընկերակցելու ժամանակ չունեմ, աստված ինձ բախտ է տվել, պետք է գնամ իմ բախտը գտնեմ, վայելեմ»,— ասաց աղքատն ու հեռացավ։
Ճանապարհին սպասում էր սոված գայլը, հեռվից հենց որ տեսավ ճամփորդին, վազեց առաջը կտրեց։
_ Հը, աստված ի՞նչ ասաց։
_Ախպեր, աստծու մոտ գնալիս քեզանից հետո մի սիրուն աղջիկ ու մի չոր ծառ էլ պատահեցին, աղջիկն ապսպրեց, թե ինչու ինքը չի կարողանում ուրախանալ, ծառն էլ թե՝ ինչո՞ւ է գարուն, ամառ չոր։ Աստծուն պատմեցի, ասաց՝ աղջկանն ասա իրան համար մի կյանքի ընկեր գտնի՝ կբախտավորվի, ծառին էլ ասա, քո տակին ոսկի կա, պետք է այդ ոսկին հանեն, արմատներդ հողին հասնեն, որ կանաչես։ Եկա իրանց պատմեցի աստծու խոսքերը, ծառն ասաց, դե արի, հանիր ոսկին տար, աղջիկն էլ թե՝ ես հենց քեզ եմ ընտրում ինձ ընկեր։ Ասացի, չէ՛, ախպեր, չեմ կարող, աստված ինձ բախտ է տվել, պետք է գնամ իմ բախտը գտնեմ, վայելեմ»։
_Իսկ ինձ համար ի՞նչ ասաց աստված,-հարցրեց սոված գայլը։
_Քեզ համար էլ ասաց՝ սոված ման կգաս՝ մինչև մի անխելք մարդ կգտնես, կուտես, կկշտանաս։
_Էլ քեզանից անխելք մարդ ո՞րտեղից գտնեմ, որ ուտեմ,-ասաց գայլն ու կերավ անխելք աղքատին։

 Խելոքն ու հիմարը
Երկու ախպեր են լինում, մինը խելոք, մյուսը հիմար։ Խելոք ախպերը միշտ բանեցնում ու չարչարում է հիմարին։ Էնքան չարչարում է, որ հիմարը հուսահատվում է, մի օր էլ կանգնում է, թե՝
_Ախպեր, էլ չեմ ուզում քեզ հետ կենամ, բաժանվում եմ. իմ բաժինը տուր, գնամ ջոկ ապրեմ։
_Լա՛վ,- ասում է խելոքը.-էսօր էլ դու ապրանքը ջուրը տար, ես կերը տամ. երբ ջրից բերես, ո՛ր ապրանքը գոմը մտնի, ինձ, որը դուրս մնա՝ քեզ։
Ժամանակն էլ լինում է ձմեռ։
Հիմարը համաձայնում է։ Ապրանքը ջուրն է տանում ետ բերում։ Ձմեովա ցուրտ օր, մրսած անասուններ, հենց տաք գոմի դուռն են հասնում թե չէ՝ իրար ետևից ներս են թափում։ Դռանը մնում է մի հիվանդ քոսոտ մոզի՝ գերաններին քոր անելիս։ Էն է մնում հիմարին։
Էս հիմարը թոկը վիզն է կապում, իր մոզին տանում ծախելու։
_ Ա՛ մոզի, արի, հե՜յ,-կանչելով գնում է։
Մի հին ավերակի մոտից անցնելիս էլ որ ձեն է տալի՝ ա՛ մոզի, արի, հեյ… ավերակի արձագանքը կրկնում է.
_Հե՜յ… հիմարը կանգնում է։
_ Ինձ հետ ես խոսում, հա՞…
Ավերակը ձայն է տալիս.
_ Հա՜…
_Մոզին ուզում ե՞ս։
_Ե՜ս…
_Քա՞նի մանեթ կտաս։
_Տա՜ս…
_Հիմի կտա՞ս, թե չէ։
_ Չէ՜…
_ Դե էգուց կգամ, որտեղից որ է՝ ճարի՜։
_Արի՜…
Հիմարը համաձայնում է ու մոզին ծախված համարելով՝ ավերակի դռանը կապում է, շվշվացնելով վերադառնում տուն։
Մյուս օրը առավոտը վաղ վեր է կենում գնում փողերն առնելու։ Դու մի՛ ասիլ՝ գիշերը գայլերը մոզին կերել են։ Գնում է տեսնում՝ ոսկորները դես ու դեն ցրված ավերակի առջև։
_ Հը՜,- ասում է,- մորթել ես կերել, հա՜։
_ Հա՜…
_Չաղ է՞ր, թե չէ։
_ Չէ՜։
Հիմարը էստեղ վախենում է, կարծում է ավերակի մտքումը կա, որ իր փողը չտա։
_ Էդ իմ բանը չի,-ասում է,-առել ես պրծել, ես իմ փողի տերն եմ, բեր իմ փողը՝ տասը մանեթ դեղին ոսկի՜…
_Սկի՜ …
Էս էլ որ լսում է հիմարը, բարկանում է, ձեռի փետը ետ է տանում, տուր թե կտաս, ավերակի խարխուլ պատերին։ Մին, երկու զարկում է. պատերից մի քանի քար են վեր ընկնում։ Դու մի ասիլ՝ հնուց էդ պատում գանձ է եղել պահած։ Քարերը որ վեր են ընկնում՝ ոսկին թափում է հանկարծ առաջը՝ լցվում։
_ Այ էդպես… բայց էսքանն ի՞նչ եմ անում, տասը մանեթ ես պարտ, իմ տասը մանեթը տուր, մնացածը քու փողն է, ընչի՞ս է պետք…
Մի ոսկի է վերցնում, գալի տուն։
_Հը՜, մոզիդ ծախեցի՞ր,- ծիծաղելով հարցնում է խելոք ախպերը։
_ Ծախեցի։
_ Ո՞ւմ վրա։
_Ավերակի։
_Փողը տվա՞վ:
_Իհարկե տվավ։ Դեռ չէր ուզում տա, ամա ձեռիս փետովը որ մի քանի հասցրի, ինչ ուներ՝ առաջիս փռեց։ Իմ տասը մանեթը վեր կալա, մնացածն իրենն էր, հենց թողեցի էնպես փռված։
Ասում է ու ոսկին հանում ցույց տալիս։
_ Էդ ո՞րտեղ է,- աչքերը չորս է անում խելոք ախպերը։
— է´հ, ցույց չեմ տալ, դու աչքածակ ես, էնքան կհավաքես, շալակս կտաս, որ մեջքս կկոտրի։
Խելոքը երդվում է, որ մենակ ինքը կշալակի, միայն թե տեղը ցույց տա։
_Բեր,- ասում է,-ձեռինդ էլ ինձ տուր, մնացածի տեղն էլ ցույց տուր, որ ես տեսնեմ տկլոր ես, քեզ համար նոր շորեր առնեմ։
Հիմարը նոր շորերի անունը որ լսում է՝ ձեռինն էլ է տալիս ախպորը, տանում է մնացածի տեղն էլ ցույց տալի։ Խելոքը ոսկին հավաքում է, բերում տուն, հարստանում, բայց ախպոր համար նոր շորեր չի առնում։
Էս հիմարը ասում է, ասում է, որ տեսնում է չի լինում, գնում է դատավորի մոտ գանգատ։
_Պարոն դատավոր,-ասում է,- ես մի մոզի ունեի, տարա ավերակի վրա ծախեցի…
­_ Հերիք է, հերիք,- ընդհատում է դատավորը.-էս հիմարը ո՞րտեղից եկավ, ո՜նց թե մոզին ավերակի վրա ծախեցի…-վրեն ծիծաղում է ու դուրս անում։
Գնում է ուրիշներին գանգատվում, նրանք էլ էն վրեն ծիծաղում։
Ու ասում են, մինչև էսօր էլ խեղճ հիմարը կիսամերկ ման է գալի, պատահողին գանգատվում, բայց ոչ ոք չի հավատում, ամենքն էլ ծիծաղում են վրեն, իսկ խելոք ախպերն էլ ծիծաղում է ամենքի հետ։

 

 

Կարծիք գրել