Տնտեսագիտություն փոքրերի համար
Վեցերորդ պատմություն
Ինչու Միշայի խանութում ոչ միայն մորին է ավելանում, այլև` գինը
Այն մասին, թե էրՄիշան ինչպես էր սեփական օրինակով սովորում գինն այնպես նշանակել, որ և՛ վաճառողը գոհ լինի, և՛գնորդը
Հիշո՞ւմ եք նախորդ պատմությունները: Եթե՝ ոչ, հիշեք:
Ամռան վերջում Միշան բոլորովին սպառվել էր: Չէ՞ որ բացի առևտրից նա ստիպված էր լինում խանութը նորոգել, որջը մաքրել, ցուցանակները ձևավորել, ապրանք հայթայթել: Մի անգամ Միշան հազիվ ժամանակ գտավ, նստեց և սկսեց մտորել, թե ինչ անի, որ ավելի լավ բաժանի իր ժամանակը, որպեսզի ավելի շատ բան հասցնի և քիչ հոգնի: Առաջին բանը, որ մտքին եկավ՝ այդքան հեռու չգնալ մորու համար, այլ փորձել այն աճեցնել որջի կողքին:
Աշուն էր: Մորու թփեր տնկելու Ճիշտ ժամանակն էր: Միշան գորշուկ Անդրյուշայից պարտքով դրամ վերցրեց, բահ և եղան գնեց, թփեր տնկեց: Հետո պարարտանյութեր գնեց, հողը սնուցեց, որ մորին ավելի լավ աճի:
Հաջորդ գարնանը, երբ եկավ մորու ծաղկելու ժամանակը, Միշան Գորշուկից կրկին գումար խնդրեց, կոնֆետ գնեց և գնաց մեղուների մոտ՝ խնդրելու, որ նրանք իր թփերին ավելի հաճախ նստեն, ավելի լավ փոշոտեն ծաղիկները:
Մորին սկսեց հասնել, եկան թռչունները՝ կտցահարելու ամենախոշոր և համեղ պտուղները: Միշան նորից ստիպված պարտքով գումար վերցրեց, որ խրտվիլակ գնի և քշի համառ թռչուններին: Վերջապես Միշան հավաքեց ամբողջ մորին՝ մոտ 10 կիլոգրամ, և սկսեց մտածել, թե ինչ գնով վաճառի այն: Մորին խոշոր է, կարմիր, բոլորին դուր կգա: Միշան հիշում է, թե ինչպես նախորդ անգամ բարձր գին դրեց, հաճախորդներն էլ չգնեցին իր մորին: Այդ պատճառով Միշան որոշեց ավելի ցածր գին սահմանել՝ 1 կիլոգրամի համար 100 անտառային դրամ:
Միշան արագ վաճառեց մորին, 1000 անտառային դրամ ստացավ դրա դիմաց, ու հիմա նստել ուրախանում է: Հանկարծ դռան թակոց է լսվում՝ տուկ-տուկ-տուկ: Նայում է՝ ախր սա Գորշուկն է: Եկել է պարտքը վերցնելու: Այստեղ Միշան հիշեց իր պարտքերի և ծախսերի մասին: Բահը և եղանը՝ 300 դրամ, պարարտանյութերը՝ 100 դրամ, կոնֆետները՝ 550, խրտվիլակը՝ 160 դրամ: Ստացվում է 1100 դրամ պարտք: Իսկ նա մորու համար ընդամենը 1000 դրամ է վաստակել: Անգամ պարտքերը չի կարողանա տալ: Միշան տխրեց, վիրավորանքից թաթը կծեց:
Կարևորը՝ ոչ մի կերպ չէր կարողանում հասկանալ, թե ինչպես ստացվեց. մորին աճեցրե՞ց՝ աճեցրեց, վաճառե՞ց՝ վաճառեց, իսկ արդյունքում ոչ միայն ոչինչ չստացավ, այլև Գորշուկին պարտք մնաց:
Միշան որոշեց իմաստուն բուին հարցնել, թե ինչու այդպես ստացվեց: Իմաստուն բուն լսեց ամբողջ պատմությունը, ծիծաղեց: Նրա համար ամեն բան պարզ էր. Միշան մորու համար սխալ գին էր որոշել: Պետք էր նախ հաշվել բոլոր ծախսերը, հետո ավելացնել այնքան գումար, որքան ուզում ես ստանալ քո աշխատանքի դիմաց, հետո միայն գին որոշել: Եվ իհարկե ապրանքի պահանջարկը հաշվի առնել: Ինչ արած, «դար ապրի՛ր, դար սովորի՛ր»:
Իմաստուն Բուի խնդրագիրքը
- Ո՞ր մրգերն են թանկ, իսկ որոնք՝ էժան Հայաստանում՝ խնձորնե՞րը, թե՞ անանասները: Իսկ Աֆրիկայո՞ւմ: Եվ ինչո՞ւ:
- Մրգառատ գյուղում բոլորը պաղպաղակ են սիրում: Իսկ ի՞նչ ես կարծում, պաղպաղակի պահանջարկը երբ մեծ կլինի՝ ձմռա՞նը, թե՞ ամռանը:
- Շուկայում ո՞ր խնձորներն ավելի թանկ արժեն՝ թարմ խնձորնե՞րը, թե՞ մի փոքր վնասվածները: Եվ ինչո՞ւ:
- Եթե ծառի գինը բարձրանա, ի՞նչ կլինեն սարյակների բներ:
- Քո կարծիքով ինչեր են պետք մորի աճեցնելու համար:
Թարգմանություն ռուսերենից
Դիանա Գևորգյան Գեղարվեստի կրտսեր դպրոցի դասվար
Կարծիք գրել