Շատախոս կոշիկը

 

dsc00100Հիմնական դպրոց

 Աստղիկ Ալեքսանյան երկրորդ դասարան
Կար-չկար մի շատախոս կոշիկ կար: Նա, ով հագնում էր այդ կոշիկը, դառնում էր շատախոս, հոգնեցնում մարդկանց: Այդ քաղաքում ապրում էր մի խելացի երիտասարդ: Նա լսում է, որ թագավորը հրաման է արձակել` ով կխոսեցնի իր լռակյաց դստերը, աղջկան կամուսնացնի նրա հետ: Երիտասարդը, կոշիկը ձեռքին բռնած, ներկայանում է պալատ և առաջարկում հագցնել կոշիկը արքայադստերը:  Ինքնամփոփ արքայադուստրը վեածվում է շատախոս աղջկա: Թագավորը աշխարհով մեկ է լինում և կատարում է խոստումը:

Մարգարյան Սեդա-երրորդ դասարան
Կար-չկար մի շատախոս կոշիկ կար, նա ամբողջ օրը խոսում էր: Մի օր էլ նա ուզեց խաղալ կոշիկի խոզանակի, կոշիկ մաքրող նյութի և լաթի հետ: Կոշիկն ասաց.
-Բարև, ի’մ ընկերներ, կարո՞ղ եք հարցնել ձեր մայրիկներին և   գալ մեր տուն խաղալու:
-Այո’, կգանք,- ասացին նրանք:
Անցավ մի ժամանակ, ու խոզանակը, կոշիկ մաքրող նյութը և  լաթը սկսեցին բողոքել.
-Դու ամբողջ օրը խոսում ես և այսպես մեզ գժվեցնում ես:
-Բայց ես շատ չեմ խոսում,-վշտացավ կոշիկը:
– Շատ ես խոսում,-միաբերան ասացին ընկերները:
– Լավ, ի’մ ընկերներ, ես խոստանում եմ այլևս շատախոս չլինել:
Նրանք սկսեցին խաղալ, և կոշիկը, չնայած որ շատ դժվար էր, պահեց իր խոստումը: Կոշիկ մաքրող նյութը, լաթը և խոզանակը շատ գոհ էին, և ուրախ-ուրախ վերադարձան տուն:
Այսպես հեքիաթն ավարտվեց, և կոշիկը` շատախոս կոշիկը, դարձավ քչախոս կոշիկ:

Հայկ Սարգսյան երկրորդ դասարան
ար-չկար մի շատախոս կոշիկ կար: Էս շատախոս կոշիկը շատ էր սիրում զբոսնել և այստեղ-այնտեղ խոսել ու խոսել։ Նա շատ ընկերներ ուներ՝ չաչանակ հողը, վազվզան քարը, պինդ ասֆալտն ու աշխատասեր մրջյունները։ Նրանք ամեն տեղ միասին էին լինում, իրենք էլ չէին հասկանում, թե ինչպես։ Բայց ժամանակի ընթացքում էս շատախոս կոշիկի բերանը շատ քայլելուց մաշվեց ու կամաց- կամաց ցանցի վերածվեց։ Շատախոս կոշիկը սկսեց դժվարությամբ խոսել և շարժվել, բայց նրա լավ ընկերները նրան մենակ չթողեցին։ Չաչանակ հողը գլորվելով նրան տարավ մի տաքուկ անկյուն, վազվզան քարը այդ անկյունը քարերով պատեց, պինդ ասֆալտը նրա համար հատակ դարձավ, իսկ աշխատասեր մրջյունները բնակվեցին նրա անկյունում, որպեսզի կերակրեն նրան։ Ճիշտ է, շատախոս կոշիկն արդեն այդքան էլ շատախոս չէր, բայց նա շատ հետաքրքիր երեկոներ էր անցկացնում իր տանը, երբ ամբողջ օրը վազելուց, քայլելուց և գործից հոգնած, նրա ընկերները վերադառնում էին իրենց անկյուն և ուրախ ու հետաքրքիր պատմություններով լցնում այդ հողե, քարե, ասֆալտե անկյունը, որտեղ ապրում էին նախկին շատախոս կոշիկն ու միշտ աշխատասեր մրջյունները։

Գաբոյան Կորյուն առաջին դասարան
Կար-չկար, մի շատախոս կոշիկ կար։ Աջ ու ձախ նա անընդհատ պատմում էր այն ճանապարհների մասին, որտեղով անցնում էր։ Բայց շատախոս լինելուց բացի նա նաև մի քիչ գլուխգովան էր։ Միայն գեղեցիկ ճանապարհների մասին էր պատմում։
Մի օր էլ քարերը որոշեցին պատժել նրան, քանի որ իրենց մասին նա չէր պատմում երբեք։ Քարքարոտ մի ճանապարհի վրա կոշիկի թաթը սոսնձից պոկվեց։ Հերիք չի որ շատախոսությունից բերանը հազիվ էր հասցնում փակել, հիմա արդեն դա էլ չէր կարողանում։ Հենց լռում էր, բաց բերանը փոշի ու կեղտ էր լցվում։ Կոշիկը հասկացավ, որ պետք է բերանը փակ պահի ու չխոսա, որ մաքուր մնա։ Նա դադարեց խոսել։ Հիմա միայն անհրաժեշտության դեպքում էր ինչ-որ բաներ ասում։ Մի քանի օր շատախոս կոշիկը պարապ մնաց, ոչ մի ճանապարհ չգնաց, մինչև նրա տերը որոշեց նրան տանել «բժշկի»՝ կոշկակարի մոտ։
Կոշկակարը խնամքով մաքրեց կոշիկը, սոսնձեց այն ու գերազանց վիճակում վերադարձրեց տիրոջը։ Կոշկի տերը ուրախ-ուրախ հագավ իր փայլփլուն կոշիկները և ճանապարհ ընկավ։
Այս անգամ արդեն ամբողջ ճանապարհին կոշիկը միայն քթի տակ ճռճռում էր։  Ու արդեն, երբ տուն հասան, կոշիկը սկսեց պատմել ոչ միայն սիրուն ու մաքուր ճանապարհների, այլ նաև քարքարոտ ու փոշոտ ճամփաների մասին։

Իրինա Գյուջինյան
Կար-չկար, մի շատախոս կոշիկ կար։ Նա ապրում էր անտառում ու ամբողջ օրը ծառերի հետ խոսում էր ու խոսում։ Ոչ մեկին հագիստ չէր տալիս։ Պարզվում է, որ կոշիկը ճղված էր։ Մի օր էլ ծառերը որոշեցին պատժել շատախոսին։ Քնած ժամանակ կապեցին նրա լեզուն ծտի ոտքից։ Ծիտը թռավ ու տարավ կոշկակարի մոտ, որ կարկատի նրան։
Դրանից հետո կոշիկը այլևս շատախոսություն չարեց։

Մարկ Սինհա երկրորդ դասարան
Կար-չկար, մի շատախոս կոշիկ կար։ Էս շատախոս կոշիկն այնքան էր խոսում, որ տերը որոշեց կտրել նրա բերանը։ Բերանը կտրելուց հետո նա սկսեց ականջներով խոսել։ Դրանք կտրելուց հետո, սկսեց քթով խոսել։ Տերն հուսահատված նրան նետեց ծովը։ Մի քանի օր անց այս մարդը գնում է ծով լողալու։ Լողալիս նա խեղդվում էր։ Հանկարծ ինչ-որ մեկը դուրս է հրում նրան ջրից ու փրկում։ Տերն աչքերը բացում է և տեսնում, որ իր փրկիչն իր շատախոս կոշիկն է։
-Այ քեզ հրաշք, իմ շատախոս կոշիկ,-ասում է տերը։-Դու կարող ես ողջ օրը խոսել, բայց ես երբեք քեզանից չեմ հրաժարվի։
Տերը դարձել էր բոլորի ծիծաղի առարկան՝ փողոցում շրջում էր ծակ քիթ ու բերան ունեցող կոշիկով։ Իսկ կոշիկը անընդհատ ծիծաղում ու հիշեցնում էր տիրոջ վատ արարքի մասին․
– Լավ է, հիմա ամաչիր, ինչ էիր ինձ ծովը նետում, հա՜, հա՜, հա՜,։

Գեղարվեստի դպրոց

Լիաննա Պետրոսյան –երրորդ դասարան

Կար-չկա մի շատախոս կոշիկ կար: Նա հին ու մաշված կոշիկ էր և արդեն հասակն առել էր: Շատ տարբեր տերեր էր ունեցել այդ կոշիկը, տարբեր մարդկանց ձեռքի տակով էր անցել: Այս կյանքում հասցրել էր տեսնել վիշտ ու ուրախություն, այդ պատճառով շատ էր սիրում խոսել, պատմել իր կյանքի մասին: Նրա առաջին տերը տեսավ նրան, երբ նրան բերեցին հարևան փողոցի բարձրակարգ կոշկեղենի առաջին խանութը: Այդ կոշիկը համապատասխանում էր նորաձևության վերջին ճիչին, և շատերն էին երազում նրան տիրանալ: Խանութ մտավ քաղաքապետը և, առանց վարանելու, գնեց այդ կոշիկը: Կոշիկը տիրոջ հետ լինում էր շատ կարևոր միջոցառումների, հանդիպում բազմաթիվ պաշտոնյաների և քաղաքական գործիչների: Նա այնքան տարբեր խոսակցություններ էր լսում, որ չէր կարող ուղղակի չարտայատվել, իր կարծիքը չասել: Տերը սաստում էր նրան, սակայն ամեն ինչ անօգուտ էր: Ամեն երեկո նա ձանձրացնում էր տիրոջն իր խոսակցություններով: Կարճ ժամանակ անց նա հոգնեց այդ կոշիկից և տարավ, դրեց աղբամանի մոտ: Աղբամանի մոտով անցնող առաջին աղքատ մարդը նկատեց կոշիկը և վերցրեց այն: Մի քանի շաբաթ անց նա կորցրեց իր արժեքավոր ձեռքբերումը` մոռանալով կոշիկով պայուսակը այգու նստարանին: Նույն օրը կոշիկը հայտնվեց նոր տիրոջ մոտ: Սակայն այս տիրոջ մոտ ևս նա երկար չմնաց: Մեկ այլ թափառական վերցրեց նրան ու տարավ: Վերջիվերջո կոշիկը մնաց այս թափառականի մոտ, որը խնամեց նրան և պահեց մինչև իր կյանքի վերջը: Միայն կոշիկի վերջին տերն էր հասկանում նրան,և նրանք կարող էին ժամերով, օրերով զրուցել ինչ -որ թեմայով: Այսպես անցավ կոշիկի կյանքը: Մի օր էլ նա խոստովանեց տիրոջը, որ երևի թե այդքան չէր սիրի զրույց անել, եթե չիմանար աշխարհի ամենագեղեցիկ լեզուն` հայերենը:

Տարոն Անտոնյան երրորդ դասարան
Կար-չկար մի շատախոս կոշիկ կար։ Այդ շատախոս կոշիկը շատ էր սիրում շատ-շատ խոսել։ Մի օր նա այնքան խոսեց, որ մարդը չուզեց նրան հագնել և զարմացած ասաց․
– Բավակա՛ն է խոսես։
Իսկ կոշիկը պատասխանեց․
– Ես շատ եմ սիրում խոսել։
– Իսկ ինչու՞ ես այդքան շատ սիրում խոսել,- հարցրեց մարդը։
– Ես խոսում եմ, որովհետև եթե ես չխոսեմ, իմ մյուս կոշիկ ընկերները ինձ հետ չեն խոսի և ես շատ կտխրեմ։
Մարդը մտածեց և ասաց․
– Շնորհակալություն, որ ասացիր, որ ընկերներ ունես։ Իսկ ես ցանկանում էի ամեն ինչ իմանալ, երբ փոքր էի։
Այդ օրվանից մարդն ու կոշիկը դարձան ընկերներ և անընդհատ խոսում էին իրար հետ։

Զոյա Զոլյան-երրորդ դասարան
Կար-չկար մի շատախոս կոշիկ կտար: Ուր որ գնար, տիրոջը կանգնեցնում էր ու սկսում էր խոսել բոլոր անցորդների հետ: Մի օր կոշիկի տերը որոշում է մի նոր զույգ կոշիկ գնել և ազատվել այդ շատախոսից: Հաջորդ օրը Տիգրանը գնում է շուկա և գնում է մի զույգ նոր և գեղեցիկ կոշիկ: Ճանապարհին քայլելով, նրան թվում էր, որ այս կոշիկներն էլ պիտի կանգ առնեն և զրուցեն անցորդների հետ, սակայն այդպիսի բան չպատահեց: Տանը մենակ մնալով` Տիգրանը հասկացավ, որ շատ է կարոտել իր շատախոս կոշիկը, քանի որ նրանք միասին լավ ժամանակ էին անցկացնում, ուրախ և երջանիկ էին միասնի: Այդ պահին Տիգրանը որոշեց ետ բերել իր լավ ընկերոջը, հագավ իր շատախոս կոշիկը և դուրս եկավ զբոսնելու:

 

 

Կարծիք գրել