5 տարեկանների անցումը առաջին դասարան

Կրթահամալիրի կրտսեր դպրոց-պարտեզում նախապատրաստական ուսուցման ծրագրի սանի անցումը 1-ին դասարան և ծրագիրը չստացած սովորողի ընդունելության կարգ

 2012-2013  ուսումնական տարի

 Իրավական հիմքը, նպատակը      Կրթահամալիրի կրտսեր դպրոց-պարտեզում նախապատրաստական ուսուցման ծրագիրը չանցած սովորողի ընդունելության կարգի (այսուհետ` կարգ) ընդունումը նախատեսված է օտար լեզուների ու մեդիահմտությունների խորացված ուսուցման 1-6-րդ դասարանների ուսումնական պլանով (այսուհետ` ուսումնական պլան) և  5 տարեկանների նախապատրաստական ուսուցման  ծրագրով: Կարգի հիմքում Հանրակրթության մասին օրենքով որոշված իրավունքն է` «Սովորողների ուսումնական առաջադիմության ընթացիկ և ամփոփիչ (կիսամյակային և տարեկան) գնահատումը, դրանց ձևերի, մեթոդների, հաճախականության, առաջադրանքների բովանդակության ընտրությունը կատարում է ուսումնական հաստատությունը` հանրակրթության պետական չափորոշչին և այլ նորմատիվ իրավական ակտերին համապատասխան» ( հոդված 15):

Կարգը կոչված է հանրակրթության 1-ին աստիճանում (1-4-րդ դասարաներ) ապահովելու Հանրակրթության մասին ՀՀ  օրենքով սահմանված պետական քաղաքականության սկզբունքները, այն է` «Հանրակրթության բնագավառում պետությունը երաշխավորում է հանրակրթության հավասար հնարավորությունները, մատչելիությունը, շարունակականությունը, հաջորդականությունը եւ համապատասխանությունը սովորողների զարգացման մակարդակին, առանձնահատկություններին ու պատրաստվածության աստիճանին»:

Կազմակերպումը   Ծրագրի սաները 2006թ. ծնված երեխաներն են: 2013թ. փետրվարի 1-ից, ըստ ծնողի հետ կնքված պայմանագրի, դասվարի երաշխավորությամբ նրանք համարվում են 1-ին դասարանի սովորողներ:  1-ին դասարանի  են անցնում այն սաները, որոնք մասնակցել են նախապատրաստական խմբի գործունեությանը, ունեն 5  տարեկանների մեկամյա ուսուցման խմբի ծրագրի պահանջներին համապատասխան հմտություններ և կարողություններ, ֆիզիկական զարգացման և հոգեբանական  խնդիրներ չունեն («Սանի դիտարկման թերթիկ», «Սանի աճի և զարգացման բնութագիր»): Դասարանը  կրտսեր դպրոցի քառամյա ծրագիրը յուրացնում է 3 տարում:Ծրագրի իրականացման 1-ին տարվա ավարտին սանը փոխադրվում է հաջորդ փուլ (2-րդ դասարան):   

Դասարանի համալրումը   2007թ. ծնված   երեխայի ծնողը, ով ընտրել է կրթահամալիրում իրականացվող կրթական ծրագիրը,  կարող է դիմել դպրոց-պարտեզում նախապատրաստական ուսուցում չստացած երեխային տվյալ դասարան ընդունելու մասին:  Դիմումով հիմնավորվում է երեխայի զարգացման  մակարդակի համապատասխանությունը ուսպլանի պահանջներին, դասարանի զարգացման ընդհանուր մակարդակին:       Սանի  զարգացման մակարդակի, առանձնահատկությունների ու պատրաստվածության աստիճանի համապատասխանությունը, ըստ դիմումի,  որոշում են դասվարը  և գնահատման կենտրոնը, որոնք էլ երաշխավորում են սանին տվյալ դասարան ընդունել: Դրա  հիման վրա դպրոց-պարտեզի ղեկավարը կայացնում է որոշում` անհրաժեշտության դեպքում երեխային ընդգրկելով օտար լեզուների և ՏՀՏ  լրացուցիչ պարապմունքների ծրագրում: Սանի համար նշված դասարանում սահմանվում է մեկ ամիս փորձաշրջան, որի ընթացքում ծնողը ցանկացած պահի իր նախաձեռնությամբ կամ դասվարի (երեխայի զարգացման կենտրոնի մասնագետի) խորհրդով երեխային կարող է տեղափոխել քառամյա ուսուցման առաջին դասարան:

Եթե սանը պատրաստ չի լինում այդ խումբ ընդունվելուն,  ընդգրկվում է «Իմացումի հրճվանք» ծրագրի քառամյա կրթության դասարանում: Այս դասարան են ընդունվում նաև այն երեխաները, որոնց ծնողները, անկախ մասնագետների եզրակացությունից, ընտրում են   քառամյա ուսուցման ծրագիր:

 

 

Կարծիք գրել