Նամակներ՝ ինձ

 

IMG_7976

Սրանք իրական նամակներ են, բառ անգամ չի փոխված:

Հետաքրքիր է՝  ինչ կգրեն մեր սովորողներն իրենց ապագային:

 Այս նամակը կկարդաս, երբ երեխաներ կունենաս:
Խնդրում եմ, երեխաներիդ երբեք ծեծով չպատժես, նրանց երկրորդ հնարավորություն տուր, այդ ժամանակ ամեն ինչ լավ կլինի: Շատ փափուկ էլ չլինես, դա էլ լավ բան չէ: Երեխաներիդ միշտ թող ինքնուրույն   լինեն, հենց այնքան, որքան իրենք կուզեն: Պատժելու համար նրանց մի՛ զրկիր ամենակարևոր և թանկագին բաներից. նրանց համար դա սխալ դաստիարակություն է: Մի բան էլ՝ երեխաներիցդ պահանջիր միայն այն, ինչ նրանք կարող են անել, ոչ թե այն, ինչ քեզ է պետք: Աշխատիր չչարանալ նրանց վատ վարքի պատճառով, սկզբից հասկացի՛ր  և գտի՛ր պատճառը  և  ամեն ինչ մի՛ գցիր այն բանի վրա, ինչը քեզ դուր չի գալիս: Չէ՞ որ պատճառը կարող ես դու լինել: Միշտ աշխատիր հասկանալ երեխաներիդ, թե չէ նրանք էլ քեզ չեն հասկանա: Երբեք մի՛ հրամայիր նրանց ինչ-որ բան անել, լավ խորհրդատու եղի՛ր:   (12տարեկան )

Հիշիր՝ դու երեխաներիդ պիտի պարգևես ամենալավ պահերն ու զգացմունքները, պաշտպանես նրանց վատ շրջապատից, գաղափարներից, մտքերից և արարքներից: Դու նրան ինչպես դաստիարակես, նա այնպիսի մարդ կդառնա:  Երեխայի ներկայությամբ չի կարելի վիճել, չէ՞ որ նա դեռ մոր արգանդում սկսում է զգալ: Թող նա սիրված լինի քո ընտանիքում:  (12 տարեկան)

Որպես ապագա հայր՝ ես   չեմ ուզում, որ դու բարկանաս, գոռաս քո երեխայի վրա, ուզում եմ, որ լավ, բարի հայր լինես: Ուզում եմ, չհեռանաս, չլքես երեխայիդ, երբ նրա համար դժվար ժամանակներ կլինեն, ճիշտ վարվես, խելացի և բարի որոշումներ ընդունես: Սիրես կնոջդ և երեխաներիդ, որ դու լավ և սիրող ընտանիք ունենաս:    (13 տարեկան)

Լսի՛ր ինձ, իմ ապագա շարունակություն, և իմացի՛ր, որ ես միշտ քեզ սիրելու եմ և երբեք քեզ սպանող բաներ չեմ անի, քեզ գնահատելու եմ և հասկանալու եմ, իմ փոքրիկ հրաշք և չքնաղ արև, որի առաջ դռները միշտ կրնկի վրա բաց են լինելու:

Ես սիրում եմ իմ ընտանիքը և հարազատներին, բայց իմ ապագա երեխաներին ավելի եմ սիրելու: Նրանց համար տոներ եմ կազմակերպելու, ամեն ինչ սովորեցնելու եմ և հոգիս եմ տալու, սիրտս և սերս: Եվ իմացի՛ր, իմ ապագա սերունդ, ես միշտ քո կողքին եմ լինելու,  քո օգնականն եմ լինելու:  (12 տարեկան)

Երբեք իմ ընտանիքին մի՛ խաբիր: Ես ատում բոլոր մարդկանց այս հակահատկությունը: Ընտանիքիդ հետ միշտ բարի եղի՛ր: Ամենաշատ ժամանակը երեխայիդ հետ անցկացրո՛ւ: Ախր քո երեխայի մանկությունը միայն մի անգամ է լինելու:  Հիշի՛ր, երբեք ձայնդ չբարձրացնես ընտանիքիդ վրա, զսպի՛ր քեզ, հանգիստ խոսիր, որ ոչ մեկին չվիրավորես ու չվնասես:  Ոչ մի դեպքում չմտածես բաժանվելու մասին:  Չէ՞ որ դու գիտես, թե ինչ է զգում երեխան այդ դեպքում, դու ինքդ ես դա զգացել… (15 տարեկան)

Ամենակարևորը՝ պահպանի՛ր քո երեխային, նրա հետ բարի և քնքուշ եղի՛ր: Ամեն ինչում օգնի՛ր նրան: Նրա հետ նոր բարձունքներ գրավի՛ր՝ օգնելով նրան կատարելագործվել  և ճանաչել ինքն իրեն:   Նրա հետ անկեղծ եղի՛ր: (14 տարեկան)

Ուշադիր լսի՛ր քո երեխային, որ նա քեզ վստահի: Բացատրի՛ր նրան՝ ինչն է լավ, ինչը՝ վատ: Որպեսզի նա կյանքում հասնի իր նպատակներին, աշխատի՛ր  աջակցել նրան նրա հետագա բոլոր որոշումներում: Մ՛ի խնայիր սերդ նրա նկատմամաբ, աշխատիր նրա հետ ամենաշատն ապրել: Սովորեցրո՛ւ նրան ինքնուրույն լինել, չէ՞ որ դու չես կարող ամբողջ կյանքում նրա կողքին լինել: Այնպես արա, որ երեխան հպարտանա իր մորով: Հետևի՛ր, որ երեխադ վատ շրջապատ չընկնի, որ նրանք չկործանեն նրա հոգին: (15 տարեկան)

Հիշի՛ր, երեխաները միշտ քնքշանքի և սիրո կարիք ունեն: Առանց դրանց նրանք պարզապես չեն ապրի: Նրանք անպայման ուշադրության կարիք ունեն, նույնիսկ մոր արգանդում: Նրանք ամեն ինչ շատ խորն են ընկալում: Երբեք ցույց մի տուր, որ երեխայիցդ ընդհանրապես դժգոհ ես, այլ՝ նրա որոշ արարքներից: Մի բան էլ՝ պետք է միշտ ոգևորել նրա համար, որ նա   գոյություն ունի: Պարզապես պետք է սիրել նրան այն բանի համար, որ նա կա:      (12 տարեկան)

 

 

Կարծիք գրել