Երեք տարեկանում երեխան քսան կաթնատամ է ունենում: Կաթնատամները երեխայի առողջության համար նույնքան կարևոր են, որքան հիմնական ատամները: Եթե կաթնատամը ժամանակից շուտ է ընկնում, հարևան ատամները կարող են թեքվել և հետագայում խանգարել հիմնական ատամի աճին: Երբ ատամները թեքվում են, խախտվում է կանոնավոր ատամնադրվածքը և հետագայում մասնագետի միջամտության կարիք է զգացվում:
Շատ կարևոր է կաթնատամների խնամքը: Եթե ատամները ճիշտ չեն մաքրվում, դրանց վրա սննդի մնացորդի, մանրէների և թքի նստածք է հայտնվում: Երբ մանրէները ռեակցիայի մեջ են մտնում սննդի մնացորդների հետ, բերանի մեջ թթուներ են առաջանում: Թթուն քայքայում է ատամների էմալը, առաջանում են փոքր անցքեր, որից ատամը սկսում է փչանալ: Ատամի մածուկներից շատերը ֆտոր են պարունակում, իսկ որոշ վայրերում խմելու ջրի մեջ ֆտոր են ավելացնում: Ֆտոր պարունակող մածուկներ օգտագործելուց առաջ պետք է խորհրդակցել ատամնաբույժի կամ մանկաբույժի հետ, քանի որ ֆտորի ավելցուկից ատամի էմալի վրա բծեր են առաջանում: Կան մանկական ատամնամածուկներ` ֆտորի քիչ պարունակությամբ. Չէ՞ որ երեխաները մածուկի բավական մեծ քանակություն կուլ տալու սովորություն ունեն: Բժիշկը խորհուրդ կտա, թե որ մածուկն է հարմար Ձեր երեխայի համար:
Մաքրում ենք ատամները
Առաջին կաթնատամները ծկլթելուց հետո պետք է երեխային վարժեցնել ատամները լվանալուն: Երբ երեխան շատ փոքր է, նրան նստեցրեք Ձեր ծնկին, այնպես, որ նա գլխով հենվի Ձեր կրծքին, կամ կանգնեք երեխայի թիկունքում, որպեսզի նա մի քիչ թեքի գլուխը: Երեխայի ատամները մաքրեք փափուկ խոզանակով, ատամի մածուկից պետք է շատ քիչ վերցնել ` ոլոռի չափ: Շարժումները պետք է շրջանաձև լինեն, ատամները պետք է մաքրել և ներսի, և դրսի կողմից: Բերանը կարելի է չողողել ջրով, այլ պարզապես խնդրել փոքրիկին, որ թքի:
Եթե երեխան չի թողնում ատամները մաքրել, Ձեր մատի վրա մի կտոր շղարշ (марля) փաթաթեք, մի քիչ մածուկ քսեք և մաքրեք փոքրիկի ատամները: Ատամները մաքրելու գործում գործում երեխաները «վարպետանում» են ավելի ուշ՝ 3-4 տարեկանում:
Ատամներ՝ կարելի է – չի կարելի
- Փոքրիկի ատամները պետք է օրական երկու անգամ մաքրել` առավոտյան և քնելուց առաջ:
- Երեխայի ատամները լվանալուց և երեխային պառկեցնելուց հետո նրան ուտելու կամ խմելու ոչ մի բան մի տվեք, հատկապես՝ քաղցրավենիք կամ քաղցր ըմպելիք:
- Քաղցրավենիքի պիտակներն ուշադիր կարդացեք:
- Քաղցր ուտելուց հետո երեխայի բերանը ողողեք կամ ջուր տվեք՝ խմի:
- Խորհուրդ չի տրվում երեխային ծծակ տալ, հատկապես` ծծակը թաթախել քաղցր օշարակի մեջ:
- Երեխային շշով քաղցր ըմպելիք տալն անթույլատրելի է:
- Երկու տարեկանում երեխան առաջին անգամ պետք է այցելի ատամնաբույժին:
Ատամները վնասող 5 պատճառ.
- օտարածին մարմինները
- ատամի խոզանակի կողմից պատճառվող վնասը. Պետք է ընտրել որքան հնարավոր է փափուկ խոզանակ
- ծորակի ջուր. խորհուրդ է տրվում եռացրած-սառեցրած կամ սառեցրած-հալեցրած ջուր օգտագործել
- դիետիկ գազավորված ըմպելիքներ
- դեղահաբեր:
Օգտագործված աղբյուրներ՝ «Մանկական ստոմատոլոգիա » ուսումնական ձեռնարկ
կրթահամալիրի առոջագետ Քրիստինե Սահակյանց
Կարծիք գրել