Երանի նրան, ով փոքրերից սովորելու հնարավորություն ունի
Քոլեջում գործս ավարտեցի: Սոված ուշքս գնում է: Ուր գնա՜մ, ուր չգնա՜մ: Արի գնամ ընկերներիս մոտ՝ Նոր դպրոց, մանավանդ որ ոտքերս ինձ չեն էլ հարցնում, հենց Նոր դպրոց էլ տանում են: Է՛, Նոր դպրոցում բոլորն են իմ ընկերները: Տեսնեմ՝ ում մոտ կգնամ: Ո՛չ էս, ո՛չ էն, ուղիղ գնացի նախակրթարան, այս անգամ՝ Արմինե-Նելիի, և նրանց սաների խումբ: Շնորհակալ եմ ոտքերիս. Գիտեն՝ ուր տանեն: Սեղանի շուրջ Նելին, Արմինեն, Գևորգը, Ինեսան, Աննան և մյուսները հաց են ուտում ու զրուցում: Չգիտեմ՝ ինչի մասին. ի՜նչ հավեսով էին զրուցում ու ուտում: Չերկարացնեմ: Ինձ էլ ուտելիքից բաժին հանեցին: Լավ էր, սովից փրկեցին: Կերանք, զրուցեցիննք, կշտացանք: Ու… Ու սկսվեց եռուզեռը՝ ամեն մեկն իր ափսեն տարավ, դրեց լվացարանի մեջ, մաքրեց սեղանը: Իսկական մեղվանոց:
՚՚՚Հայկը ափսեն ձեռքին ընկավ:
_Վե՛րջ, հիմա ափսեն կկոտրի, իրեն կվնասի,-մտածեցի ես: Մտածեցի ու սխալվեցի: Հայկը այնքան ճիշտ ու փափուկ ընկավ, որ ոչ իրեն բան եղավ, ո՛չ ափսեին:
_Ջա՜ն, -մտածեցի-ա՛յ այսպես պետք է ընկնել:
Լվացվում են, մտնում զուգարան, անկողինը պատրատում քնելու: Սաներից մեկը օրորոցային միացրեց, մեկն արդեն նստած տեղում ննջում էր:
Ոչ խառնաշփոթ, ոչ բան, ամեն մեկն իր անելիքն էր անում: Չէ՛, մեծերի նման…
Սարգիսը մոտեցավ.
_Ընկե՛ր Նելի, այսօր մայրիկս նեղ շալվար ա հագցրել, չեմ կարողանում հանել:
_Չես կարողանո՞ւմ, թե՞ ալարում ես մի քիչ չարչարվել:
Սարգիսը զվարճալի մռութը ծռմռեց, խորամանկ ծիծաղեց, մի քիչ էլ չարչարվեց ու շալվարը հանեց (շաղգամը հողից հանեց):
Արմինեին մոտեցավ Աննան.
_Ընկե՛ր Արմինե, ես չիշիկ արել եմ, ձեռքերս լվացել եմ, անկողինս պատրաստել եմ, գնամ քնեմ:
Չհարցրեց, հաստատեց իր ասելիքը, առանց պատասխանի սպասելու՝ գնաց քնելու:
Քիչ հետո բոլորը հայտնվեցին իրենց անկողիններում: Ես ու Նելին հետևում էինք, իսկ երեխեքն արդեն քնած էին: Այ քեզ մեծ մարդիկ: Ի՛նչ մեծ ու փոքր, մեծ ու փոքրս որն է. ա՛յ քեզ մարդի՜կ:
Շնորհակալ եմ իմ ընկերներին, որ ինձ սոված չթողեցին, իրենց համեղ կերակուրից ինձ էլ բաժին հանեցին ու ինքնուրույնության դասեր տվեցին:
Մեդիայի ճանապարհին մտածում էի՝ երևի մեծապարտեզ պետք է բացել, որ ապրեն սրանց հետ, սրանցից ապրել սովորեն: Ծիծաղելի՞ է: Չէ՜:
Հ.Գ. Հա՜, մոռացա: Դուրս էի գալիս, դեռ երկու տարեկան չդարձած Կառլենը ասպետավարի մոտեցավ դռանը, բացեց դուռը, սպասեց՝ մինչև ես դուրս եկա, ծածկեց դուռը և գնաց քնելու:
_Քեզ բարի քուն:
Այսպիսի բաներ:
Աիդա Պետրոսյան
Կարծիք գրել