Ատամներ՝ սպասված և անսպասելի

Երիտասարդ մայրիկները, չնայած անքուն գիշերների հեռանկարին, հիմնականում անհամբերությամբ են սպասում երեխայի առաջին ատամի ծկլթելուն: Եվ այդ սպասումն ուղեկցվում է նաև վախերով. «Մեր երեխայի  հասակակիցների ատամներն արդեն դուրս են եկել, իսկ մերը` ոչ, գուցե ինչ-որ լուրջ պատճառ կա՞»:

Չարժե այդքան անհանգստանալ, քանի որ դա երեխայի զարգացման  ցուցանիշ չէ, ամեն ինչ կախված է մի շարք պատճառներից: Ատամը կարող է դուրս գալ ինչպես 3 ամսականում, այնպես էլ մեկ տարեկանում: Այս ժամկետները նորմալ են համարվում: Մանկաբուժությանը հայտնի են «ատամնավոր»  նորածինների դեպքեր: Ավելի հասունանալով` այդ երեխաներն իրենց հասակակիցներին չեն գերազանցում զարգացման մակարդակով: Բնությունն իր անելիքը գիտի, ու ոչ ոք անատամ չի մնա: Իսկ եթե ձեր երեխայի ատամներն ուշ են դուրս եկել, ուրեմն հնարավոր է, որ հետագայում ամեն ինչ շատ արագ կատարվի:

Բոլոր փորձառու մայրիկները գիտեն, թե որքան է տանջվում նորածինն ատամ հանելիս. փսլնքոտություն, ուռած ու քոր եկող լնդեր, հարբուխ, անհանգիստ քուն: Ատամների դուրս գալը լուծի  ու ջերմության պատճառ չի կարող դառնալ, սակայն երեխայի իմունիտետն է թուլանում, ու ատամ հանելն ուղեկցվում է նման երևույթներով:

Երեխաներն այս շրջանում շատ հեղուկի պահանջ ունեն, ինչի արդյունքը կարող է լուծ թվալ: Բացի այդ՝ երեխան քորից կրծում է ամեն ինչ, երբեմն ոչ այնքան  մաքուր իրեր, ինչը նույնպես կարող է լուծի պատճառ դառնալ:  Երբեմն նշված բոլոր ախտանշաններն ու վարքագիծն առկա են, սակայն ատամներ չկան ու չկան: Արժե հիշեցնել, թե սովորաբար ինչ հերթականությամբ ու երբ են դուրս գալիս ատամները.

6-8 ամսականում ծկլթում են ներքևի 2 կտրիչները,

8-10 ամսականում` վերևի 2 կտրիչները,

10-11 ամսականում` ևս 2 կտրիչ,

11-12-ում` 2 ներքևի կտրիչ:

Մեկ տարեկանում արդեն երեխան սովորաբար 6-8 ատամ է ունենում: Իսկ երբ լրանա նրա 2 տարին, արդեն դժվարությամբ կպատկերացնեք, թե ինչպիսին էր նա առանց ատամների, քանի որ նա արդեն 20 ատամ կունենա:

  Ինչպես են ատամները ծկլթում

Շատ երեխաների մոտ արդեն 3-4 ամսական հասակում այտուցվում  են լնդերը, ուժեղանում է թքահոսքը, նրանք ձեռքն ընկած ամեն ինչ դեպի բերան են տանում:  Երեխան կարող է դառնալ նաև անհանգիստ, կամակորություն անել: Սրանք ատամների ծկթլելու առաջին  նախանշաններն են, բայց բուն ատամ հանելուն դեռ շատ ժամանակ կա:

Եթե երեխայի ատամները մի քանի ամսով ուշ են ծկթլում, օրինակ` փոքրիկն արդեն 10-11 ամսական  է, բայց դեռ  ատամների դուրս գալու որևէ նախանշան չկա, հարկավոր է բժշկի դիմել:  Հնարավոր է, որ երեխայի մոտ ռախիտ կամ այլ պաթոլոգիա կա, որը բժշկական միջամտության կարիք ունի:

Ցանկալի չէ նաև դեպքը, երբ ատամները սովորականից շուտ են աճում: Որոշ մայրիկներ անգամ գլուխ են գովում, որ երեխան արդեն 3-4 ամսական հասակում ատամ է հանել: Սակայն ժամանակից շուտ դուրս եկած ատամները փխրուն են ու շուտ կմաշվեն կոշտ սննդի անցնելուց հետո:

Ի՞նչ է զգում երեխան այս ժամանակ: Պատասխանը մեկն է` անտանելի քոր լնդերում:  Նա ամեն վայրկյան ցանկանում է քորել բերանի խոռոչը:

Երեխային օգնելու համար կարող եք նրան «ատամների  մերսում կատարել. մաքուր լվացեք ձեռքերը, ցուցամատին փաթաթեք ստերիլ թանզիվ, թրջեք այն եռացրած-սառեցրած ջրով և զգույշ, կլոր շարժումներով տրորեք լնդերի ելունդները:

Ընդհանրապես, ամեն սառը բան թեթևացում է բերում: Երեխայի համար գնեք մի քանի ծկլթիչներ. այժմ դեղատներում վաճառում են ռետինե կամ սիլիկոնե օղակների տեսքով ծկլթիչներ, որոնք լցված են ջրով:

Խաղալիքը երեխային տալուց առաջ մինչև 30 րոպե կարելի է սառնարանում  դնել (բայց ոչ սառցարանում):

Գիշերը երեխայի լնդներին կարելի է հատուկ ցավազրկող գել քսել: Դրանք, որպես կանոն, անվտանգ են ու պարունակում են փոքրիկի համար թույլատրելի չափաքանակով  ցավազրկողներ: Երեխայի ծնոտը այդ գելից չի անզգայանա, եթե   մայրիկը  հանկարծ չափից շատ գել չքսի: Իսկ հանգիստ քունը, որ այդպիսով կպարգևեք ձեզ և ձեր փոքրիկին, առողջության համար նույնպես ավելորդ չի լինի:

Կարևոր է նաև, որ այս շրջանում երեխայի նկատմամբ շատ ուշադիր լինեք, հոգատարությունը և սերը  երբեմն լավագույն ցավազրկողներն են:

Մի քանի այլ խորհուրդ,ներ,  թե ինչպես կարելի է մեղմացնել ցավը ատամների ծկթելու ժամանակ.

  • Երեխային  հաճախ տվեք կեղևազատված խնձոր, տանձ, գազար, կաղամբի թերթիկ: Եւ ատամների համար է օգտակար, և կլրացվի օրգանիզմի վիտամինների պաշարը:
  • Գիշերը երեխային  կարող եք ձեր կողքին քնեցնել. նա իրեն ավելի հարմարավետ կզգա մայրիկի կողքին, դուք էլ ավելի հանգիստ կլինեք:
  • Եթե եղանակը թույլ է տալիս, երեխային մաքուր օդում քնեցրեք:
  • Մեկ տարեկանին մոտ հասակում հատուկ ատամի խոզանակ գնեք ու սկիզբ դրեք երեխայի ատամների հիգիենային: Եռացրած ջրով, առանց մածուկի, լվացեք ատամները առավոտյան և երեկոյան:
  • Բժշկի հետ խորհրդակցելով` երեխային  տվեք  C և D վիտամիններ, որոնք կամրացնեն ատամները: Երեխայի սնունդն էլ պետք է հարուստ լինի կալցիումով:

Երեխային որքան հնարավոր է ուշ  տվեք կոնֆետ և այլ քաղցրեղեն. դրանցում պարունակվող շաքարը և կրախմալը կործանարար են երեխաների ատամների համար:

Իսկ արդեն մեկ տարեկան հասակում կատարեք առաջին այցը ատամնաբույժին. Վերջինս կկանխատեսի բերանի խոռոչի հնարավոր հիվանդությունները (օրինակ, կարիեսը) և կանխարգելիչ միջոցառումների համար համապատասխան խորհուրդներ կտա:

 

Առողջագետ Քրիստինե Սահակյանց

Կարծիք գրել