Զատկե զատիկ է…

IMG_0660Զատկական ասիկներ-ասույթներ 

Կարմիր արև քեզ, ախպեր,
Աստծու բարև քեզ, ախպեր:

Կարմիր եզին օղն ու կոճակ,
Կարմիր հավկիթս դուրս բերեք,
Ճերմակ հավկիթս ներս տարեք:

Զատկեզատի~կ է, նավակատի~կ է, չամչեհատի~կ է:

Կարմիր ձու տուր, կարմիր օր տամ:

_ Մարիամ խաթուն, Մարիամ խաթուն,
Իջի  մեր տուն, իջի  մեր տուն,
Ես քեզ կտամ նուշի կթուն:

Զատիկ, զատիկ, նավակատիկ, արի նստի մեր տան մոտիկ:

Տի~զ- տի~զ, Ակլատիզ,
Մազդ բիզ-բիզ, Ակլատիզ,
Պասը գնաց, Զատիկն եկավ,
Այծն էլ խոտը կերել է:

Ակլատիզը փետելով զատիկը շուտ չես բերի:

Էլ պաս չկա, բան չկա, ի~նչ պիտի անես հիմա, ա՛յ թոռոմած կծու սոխ, քեզնից  վախեցող չկա:

Ծերացել ես, ծե~ր_ծե~ր, մնացել ես դու անտեր,
Փետուր չունես, պոչ ունես, պոչդ առ ու հեռացիր:

Դռան առաջ հերկեցինք,
Զատկի ձվեր ներկեցինք,
Դրկցին ողջույն տվեցինք:
Լուսնյակն անուշ, հովն անուշ,
Հում կաթի պաղ սերն անուշ:

Մարիա՛մ խաթուն, Մարիա՛մ խաթուն,
Իջի մեր տուն, իջի մեր տուն,
Ես քեզ կտամ նուշի կթոն /միջուկ/:

Զատկեզատի~կ է, նավակատի~կ է, չամչեհատի~կ է:
Ունեցողի համար ամեն օր Զատիկ է:
Զատիկն առանց ձվի չի լինի:
Հավը կուտե հատիկ-հատիկ, ծով ձմեռեն կելնի Զատիկ:
Ակլատիզը փետելով զատիկը շուտ չես բերի:

Տիկին-տիկին, տիկնակոթ,
Տիկինը գնաց բանջարի,
Բանջար չկար, խոտ կար,
Խոտի տակին ծիտ կար:
Ծտի տակին ձու կար,
Քեռիս փայտը կտրատեց,
Քեռակինս ձուն խաշեց,
Մոտեցա մինը վերցնեմ,
Շերեփը գլխիս քաշեց:

Հոռոմ-Հոռոմ կանչեցին,
Հոռոմի ձին թամբեցին,
Հոռոմը գնաց բանջարի,
Բանջար չկար, խոտ կար,
Խոտի տակին ծիտ կար,
Ծիտը թռավ դուս,
Ասաց՝ Հոռոմ, աչքդ լուս:

Զատկական հանելուկներ

1     .Ուլուլիկ, պուլուլիկ,

Մեջը դեղին ուլունք:

2.    Տուն ունեմ, դուռ չունի,

Դուրսն արծաթ, մեջը ոսկի:

3 . Այսօր կլոր մարմար քար,
Վաղը թռչի վեր ու վար:

4 . Շնչավորից անշունչ ելավ,
Անշունչից շնչավոր:

5. Կարաս ունեմ մի պուճուր,
Մեջը՝ երկու գույնի ջուր:

 

Մի կարծիք Զատկե զատիկ է… հրապարակմանը

Կարծիք գրել