Սեբաստացի ծնողների պատումները

Այս գրառման մեջ հավաքելու եմ մեր ծնողների փոքրիկ պատումները իրենց սեբաստացի փոքրիկների մասին։

Նրանք են մեր մանկավարժության տարածողները և ցանկացած կարծիք՝ լինի դրական, թե՛ բացասական, շատ կարևոր է մեր համար։

Ներկայացնում է Քոլեջի նախակրթարանի դաստիարակ՝ Էլյա Գրիգորյանը:

 

Ամեն առավոտ պարտեզ եմ գնում աղջկաս՝ Անահիտի հետ։ Անհամբեր Անուլը մտնում է պարտեզ ու սկսվում է ակտիվ օրը։ Նա ուրախ է ու երջանիկ, որովհետև ունի իրենից ակտիվ ըներներ ու ընկերուհիներ։ Անուլս ծնված օրից սեբաստացի է։ Դեռ 40 օրը չէր լրացել՝ միասին գնացինք դպրոց֊պարտեզ եղբոր ետևից, այնտեղ մեզ դիմավորեց ընկեր Տաթևն ու վստահ ասաց, որ Անուլն էլ է սեբաստացի լինելու։ Ու այդ օրվանից նա ոչ մի պահ հետ չի մնացել կրթահամալիրի կյանքից. ծառատունկ ու վարդատունկ, ղափամա ու հարիսա, բարձունքի հաղթահարում ու ճամփորդություն։

Հայարփիի՝ Մոնիկայի մայրիկի պատումը։

Մոնիկան մեծ սիրով է հաճախում մակապարտեզ: Այնտեղ նա ձեռք է բերել ընկերներ, նույնիսկ խոսելիս, եթե ուզում է դժգոհություն արտահայտել, ասում է “Ես քո ընկերը չեմ”: Շատ է սիրում Լանային, Նարեկին, Անուլին ու ընկեր Էլյային: Սկզբնական շրջանում ոչինչ չէր պատմում մակապարտեզից, հիմա հաճախ է խոսում ընկերներից, ավելի շփվող է, մարդամոտ: Երբեմն նույնիսկ նմանակում է Լանայի խոսքերն ու շարժուձևը: Նախքան մանկապարտեզն ավելի փակ էր, ինձնից չէր հեռանում, վատ էր սնվում…
Ինձ շատ դուր է գալիս այն, որ համարյա ամբողջ օրը ծնողը սեփական աչքով, լուսանկարների և տեսագրությունների միջոցով, հետևում է երեխայի առօրյային: Շատ կարևոր է նաև սպորտային միջոցառումներին հատկացվող մեծ ուշադրությունը: Մեր մանկապարտեզը տարբերվում է մնացած բոլորից՝ բոլոր դրական առումներով:
Կարճ ասած՝ մենք սիրում ենք մեր պարտեզը, մեր ընկեր Էլյային՝ դրական ու բարի:

Արմինեի՝ Նատալիի մայրիկի պատումը

Մեր մանկապարտեզն իսկապես գտածո է երեխաների համար։ Երեխաներին անմիջականություն, անկաշկանդ լինել, մտածել և գործել ինքնուրույն, իրենցից փոքրերի հանդեպ ուշադրություն և խնամք։ Օրվա մեծ մասն անցկացնում են մանկապարտեզում և այն միայն դրական է ազդում։

Միայն կուզեի, որ մանկապարտեզում լիներ պարի և լեզուների դասեր, եթե հնարավոր լիներ համատեղել երեխաների գրաֆիկի հետ։

Էմմայի՝ Մհերի մայրիկի պատումը

Մանկան աշխարհը մեծագույն առեղծված է՝ անարատ գրավիչ։ Մինչև հինգ տարեկան դառնալը երեխան հասունացման անսահմանություն է կտրում֊անցնում։ Կա՞ ավելի քաղցր բան, քան անմեղ քունը, ավելի առինքնող, քան նրա անմեղ հարցասիրությունը։ Մհերս երկու տարեկանից հաճախում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի պարտեզը։ Այդ վայրը նրա համար առանձնահատուկ է։ Նա սիրով ու կարոտով է շտապում պարտեզ։ Տոնական օրերին տոնական տրամադրությունը համընդհանուր է։ Քոլեջ պարտեզի բակը բացօթյա մեղվափեթակ է հիշեցնում՝ լցված բզզացող փոքրիկ սաների պարսով։ Մհերը սովորում է երգել, պարել, արտասանել։ Նա լավ սովորելու խոստումներ է տալիս։

Հարցին, թե ինչը կուզեր փոխեր կամ ինչ որ բան ավելացներ, Մհերի մայրիկը պատասխանեց. «Ամեն ինչ լավ է, Մհերս պարտեզից շատ ուրախ ու բարձր տրամադրությամբ է տուն գալիս»:

Սյուզի՝ Սոֆիի մայրիկ

Սյուզին իր ֆեյսբուքյան էջում քոլեջ֊պարտեզի բակն էր նկարել և գրառում արել. «Մարդ հաճույք է ստանում կրթահամալիրի մթնոլորտից»։ Կարծում եմ, ավելացնելու էլ ոչինչ չկա։

 

 

 

Լուսինեի՝ Մոնթեի մայրիկի պատումը

«Մեր խմբում միշտ ջերմ է ու արևոտ, անկախ դրսի եղանակից, տրամադրությունը բալիկների միշտ բարձր է ու զվարթ, սնվում են առողջ, օրվա մեծ մասը լինում են դրսում, մեծանում են ազատ և անկաշկանդ, սովորում են լինել ինքնուրույն, երգում են, պարում, սպորտով զբաղվում,իսկ երբ հագեցած առօրյայից հոգնած պարկում են քնելու, շվիի նուրբ հնչյունների ներքո անուշ քուն են մտնում:»

Շարունակելի…

Կարծիք գրել