Այսօր՝ նոյեմբերի 1-ին, «Բլեյան ցանց» կրթական ծրագրով «Թթուդրիկ-լավաշթխիկ» նախագծով Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի «Արմինե Կարապետիի» անվան մանկապարտեզում էինք՝ մեզ շատ ջերմ և սեբաստացիական շունչը կրող ու տարածող միջավայրում։ Իսկ որտեղ մենք, այնտեղ հուր ու կրակ, իսկ երբ կրակին միանում է նաև Սասունիկի համայնքը, տեղի է ունենում բնության զարթոնք։
Երբ մեր խենթություններին համայնքը փորձում է կամաց-կամաց մոտենալ, ներառվել, հասկանում են, որ դա է այլընտրանքային կրթության լավագույն բանաձևը՝ պարգևը: Մեզ անհրաժեշտ չեն սեղան, աթոռ, պահարան, նկարազարդ պատեր. ընդամենը մի մեծ, թեկուզև ամայի, բաց տարածք, որտեղ կարող ես ճախրել, արարել, երևակայել, մտքիդ թռիչքը պարփակված չէ չորս պատերի մեջ: Անկաշկանդ սկսում ես խաղալ, ստեղծագործել այսինքն՝ ապրել կյանքով, կյանքով սովորել՝ ինքնակրթվել: Կյանքով ուսուցում՝ սա անընդհատ է, սանի համար հայտնագործությունների անվերջ շղթա է, որով ապրում է իմացումի անծայրածիր հրճվանք: Շնորհակա՜լ եմ, Սասունիկի մանկավարժական համայնք, որ ընդունում և փորձում եք նույն ոգով ստեղծագործել և ապրել։
Երբ 68 տարեկան տատիկը անձնական մեծ դժբախտությունից հետո հաց չէր թխել 5 տարի, այս խենթ միջավայրում ոչ միայն թխեց, այլև երգեց, ասմունքեց, հիշեց իր մանկության խաղերը. էլ ինչ է պետք, իհարկե, միայն ժպտալ, հիանալ: Անտանելի ծանր ցավը սրտում՝ մանկացավ և մի պահ մոռացավ հոգսերը՝ ոգևորված հարցնելով, թե որ հեռուստաընկերությունից ենք, լիքը ասելիք ու պատմելիք ունի: Թեկուզ 30րոպեով վերապրեց իր գունեղ մանկության հուշերը։ Շնորհակա՛լ ենք, տա՜տ ջան, էներգիայով լի մայրիկ, որ խեղդել էր ազատությունը տարիներով իր ներսում, ակամայից մատնվեց։ Թո՛ւյլ տվեք, որ նրանք լինեն երեխաներ, որովհետև նրանք էլ երբեք չեն կարողանա վերադառնալ դեպի մանկություն: Մի՛ խանգարեք երեխային՝ երեխա լինել: Սիրե՛ք ձեր երեխաներին և վայելեք նրանց ազատությունը, թողեք, որ նրանք սխալվեն, հետո օգնեք նրանց՝ հասկանալու՝ որտեղ սխալվեցին: Նրանց ասեք. «Սխալվի՛ր, դրա մեջ ոչ մի վատ բան չկա: Սխալվելը սովորելու հնարավորություն է տալիս, բայց նույն սխալը մի՛ կրկնիր նորից ու նորից, որովհետև դա հիմարացնում է»:Օշո
Նախապես պայմանավորվել և առցանց քննարկում էինք անցկացնել մանկապարտեզի տնօրեն տիկին Ռուզաննայի և իր անձնակազմի հետ նախագծի շուրջ, որոշել էինք վերածել նախագծի, հրապարակել բլոգներում, քննարկել դաստիարակների հետ ։ Առցանց աշխատանքը տվեց այսպիսի արդյունք: Կեցցե՛ք աղջիկներ և, իհարկե, շնորհակալ եմ տիկին Ռուզաննային՝ կազմակերպված և ջերմ ընդունելության համար։ Կշարունակենք հետագա նախագծերը և ծրագրերը՝ ներառելով նաև Սասունիկի ողջ համայնքը։
Ահա այսպիսին են սեբաստացիները՝ ինքնաբուխ, ազատ, չթելադրող, չպարտադրող, խենթ երևակայությամբ, ինչին միանում է ստեղծականությունը։
Համագործակցելով այլ դաստիարակների, երաժշտության ուսուցիչների, տեխնոլոգների, ծնողների, համայնքի, մարզի հետ՝ փոխայցելություններով տարածում և սիրելի ենք դարձնում այն, ինչն ազգային է, հայեցի և շիտակ:
Շնորհակալ եմ…
Հետագա պայմանավորվածություններ և նախագծեր՝
- Մասնակցություն կրթահամալիրի տոնին
- Ամանորի ծես
- Երգչախմբի ձևավորում
Իսկ այստեղ ներկայացնում եմ դաստիարակների պատում-տեսանյութերը
- Տաթև Սահակյան
- Արմինե Խաչատրյան
- Էմմա Տերտերյան
- Անի Գրիգորյան
- Սաթեն Գևորգյան
- Սոնա Կարապետյան
- Մարգարիտա Հեքիմյան
- Ուղիղ եթերներ . 1, 2, 3, 4, 5,
Կարծիք գրել