Այս շաբաթվա իմ հայտնագործությունը դա էր…
Այս տարի մեր ուսման կազմակերպումը փոխվել է՝ լսարանը փոխել ենք նախակրթարանի խմբասենյակով, դասախոսներին էլ փոխարինել են դաստիարակները: Փոխվել է նաև դիպլոմային աշխատանքի ձևը և բովանդակությունը: Մենք որպես դիպլոմային նախագիծ ներկայացնելու ենք ամբողջ տարվա մեր աշխատանքը՝ թիմային աշխատանք: Դրա համար մեզ առաջարկվել է նախագիծ, որը պատրաստելու ենք ուսումնական ողջ տարվա ընթացքում: Նախակրթարաններում աշխատելու ենք նախագծերով, որ կազմելու ենք խմբի դաստիարակի հետ: Օրվա վերջում ներկայացնելու ենք մեր օրվա աշխատանքները մեր բլոգներում, շաբաթվա վերջում՝ օրագիր:
Քանի, որ այս շաբաթ մեր ուսումնական տարվա առաջին շաբաթն էր, մի տեսակ անսովոր, բայց հաճելի զգացումներով գալիս էի դասի, ոչ թե ուսուցիչներիս մոտ, այլ մանկապարտեզ: Ես և Սոնան կազմել էինք առաջին շաբաթվա նախագիծը: Շատ հետաքրքիր, ուրախ անցավ իմ շաբաթը: Կենտրոնացել էինք առավոտյան ծեսի մշակման վրա՝ առավոտն սկսում ենք այգում, նախավարժանքը խաղ ու վազվզոց է, գնացք ու կենդանիների խաղ ու թռվռոց, միասին ջրում ենք պարտեզի բույսերը, մաքրում խմբասենյակի փոշիները և այլն…: Անգամ հասցրեցինք լոգոպեդի հետ աշխատել: Ընկեր Լիլիթի հետ աղվեսով փազլ արեցինք, լողացինք…
Ես առաջին անգամ տեսա, թե ինչպես է սանի գործունեությունը կազմակերպվում սանի թելադրանքով, սանի գործունեությամբ, հաշվի առնելով նրա գործողությունները: Այս շաբաթվա իմ հայտնագործությունը դա էր: Ուսման ընթացքում լսել էի, չէի պատկերացնում, նույնիսկ չէի հավատում: Տեսա:
Ինչ աշխատանքներ որ կատարել եմ երեխաների հետ այս շաբաթ, դրել եմ իմ բլոգում:
Կարծիք գրել