Կարևոր թեմա, որ անտեսվում է…

 

20160405_093758

Գուցե թեման ոմանց անկարևոր թվա, ինձ համար այն շատ է կարևոր, որովհետև իմ պարտքը  երեխային պաշտպանելն է: Կարծում եմ՝ շատերը համամիտ կլինեն ինձ հետ, չեն լինի՝ իրենց գործն է. ես իմ բաժին երկինքն եմ պահում… որպես մայր, տատ, ուսուցիչ…
Խաղաղության երկար ճանապարհն էլ սկսվում առաջին քայլից…

 

Մի քիչ ուշացել եմ…
Անգամ պատերազմն իր բարոյականությունն ունի:
Ֆեյսբուք մտնելուց առաջ երկու վախ, չէ՝ սարսափ եմ ունենում՝ միայն զոհի մասին հաղորդում չլինի և նողկալի տեսարաններ չլինեն մարտի դաշտից: Անգամ դժվար է ասել՝ որն է ավելի  սարսափելի: ՀՀ քաղաքացիների մի մասը կորցրել է չափի զգացումը, գազանացել է: Տեսեք՝ ինչ է գրում կինը սադիստական նկարի տակ, որտեղ երիտասարդ տղաների (կարևոր չէ՝ ինչ ազգի) դիակներ են լցված իրար վրա. «Կյանքումս տեսած ամենահաճելի ու սիրուն տեսարանն էր: Մի այլ կերպ լուսավորվեց օրս էսօր: Հաճելի ա, հաճելի ա: Մեռնեմ  ձեր ջանին, մեր քաջեր, հազար սրանց նմաններին սատկացնեք ու իրանց մատաղ անեք ձեր ոտքերի տակ»:
Սարսափելի է: Շատ բան կարելի է գրել սրան ի պատասխան, բայց ուզում եմ խոսել ԵՐԵԽԱՆԵՐԻ իրավունքից, նրանց պաշտպանելու մեր ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ, մարդկային արժեքներից…
Ո՞վ է ձեզ իրավունք տվել «փչացնելու» երեխաներին, էս ի՜նչ վայրենի հրճվանք է: Էս ինչ սադիզմ է… Եթե 18+ գրեցիք, երեխաները չե՞ն տեսնելու այս այլանդակությունը: Եվ գիտե՞ք վտանգավորը որն է. ոչ մի մանկավարժ, բժիշկ, հոգեբան չի անհանգստանում, ձայն չի հանում, չի ընդվզում, անգամ մայրերը լռում են:  Բա ո՛րն է ձեր գործը, եթե ոչ երեխային պաշտպանելը:
Ես ԱՐԳԵԼՈՒՄ եմ նման կադրեր տեղադրել, արգելում եմ վնասել երեխաների առողջությունը, հոգեբանությունը, մտածողությունը: Այսպես հայրենասեր չեն դառնում, գազանանում են:
Ձեր սադիզմը ձեզ պահեք, եփեք ձեր մեջ ինչքան ուզում եք, դուրս մի՛ հանեք, հարգեք նորմալ մարդկանց ու ԵՐԵԽԱՆԵՐԻ իրավունքները: Ես ամաչում եմ լռող մանկավարժների փոխարեն…  ներողություն եմ խնդրում երեխաներից, որ ստիպում ենք նրանց նման կադրեր տեսնել. չեմ ուզում ասել՝ դիտել՝ հույս ունենալով, որ նրանք էլ, ինչպես և ես, չեն բացել նյութը:
Խաղաղություն ենք ուզում, բայց ճանապարհներ չենք ուզում անգամ փնտրել, բայց պատերազմի բեռն էլի թողնում ենք եկող սերնդի ուսերին՝ անհույս, որովհետև թշնամի ենք մեծացնում:
Ես չեմ ասում՝ փառք քեզ, զինվոր: Ես այդ իրավունքը չեմ վաստակել, ես ասում եմ.
_Խաղաղություն ձեզ, զինվոր ու երեխա:

Աիդա Պետրոսյան

 

Կարծիք գրել