Անահիտ Ասատրյանի Մարկ որդին սովորում է Հիմնական դպրոցի 3-րդ դասարանում, Մանե դուստրը` 2-րդ, 2 տարեկան Ֆլորան հաճախում է նախակրթարան` Գոհար Սմբատյանի և Լիլիթ Հովհաննիսյանի խումբ:
Անահիտը ներկայացնում է առցանց ուսուցման իր դիտարկումները:
Առցանց ուսուցում. ծնողական հայացք
Արդեն հինգ տարի է, ինչ համագործակցում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամաիրի հետ որպես ծնող: Վաղուց ծանոթ եմ կրթահամալիրում իրականացվող կրթության որակին ինչպես նախակրթարանում, այնպես էլ՝ դպրոցում: Այն, որ կրթահամալիրում գործում է առցանց ուսուցում, ինձ համար նորություն չէր, և հետևաբար, երբ ուսուցիչները հայտնեցին առցանց դասերի մասին, շատ հանգիստ ընդունեցի: Սկզբում մտածում էի, որ լավ է, երեխաները չեն մոռանա անցածը, կապի մեջ կլինեն ուսուցիչների հետ, բայց այն, ինչ կատարվեց «խոզի գրիպի երեք շաբաթվա ընթացքում», անկեղծ ասած, անցավ իմ երևակայության սահմանները: Թեև այս տարիների ընթացքում մշտապես հետևել եմ կայքին, բայց այսպիսի աժիոտաժ, իրարանցում, այդպիսի ակտիվություն երբեք չեմ պատկերացրել: Ամեն ժամը մեկ մի նոր, հետաքրքիր, ուրախ ֆիլմ կամ նյութ էր հայտնվում կայքում, որոնց հաջորդում էին մեկնաբանությունները, նկատառումները, նկարագրություններ: Չափազանցրած չեմ լինի, եթե ասեմ, որ այդ ակտիվությունն վարակիչ էր, մեր ընտանիք էր մտել, ոգևորել մեզ: Ամեն նոր նյութ նայելուց հետո տղաս՝ Մարկը (Հիմնական դպրոց 3-րդ դասարան), զանգահարում էր քույրիկին՝ Մանեին ( Հիմնական դպրոց, 2-րդ դասարան) և նրա հետ քննարկում տվյալ ֆիլմը կամ նյութը, նրանք սկսում էին միասին մտածել իրենց հերթական, նոր նյութի , ֆիլմի մասին, իրար խորհուրդներ էին տալիս, հետո սկսվում էր մրցակցությունը, թե ով քանի՞ նյութ ունի արդեն, ու՞մ նյութն է ավելի շուտ հայտնվում կայքում և այդպես շարունակ: Երեխաների ոգևորությունն աննկարագրելի էր: Իսկական ընտանեկան կրթություն՝ երեխաներս իրար էին փոխանցում իրենց իմացածն ու կարողացածը, սովորեցնում էին մեզ՝ մեծերիս, անհրաժեշտության դեպքում մենք էլ նրանց էինք օգնում: Կրթական միջավայրը տեղափոխվել էր մեր բնակարան, համակարգողն էլ կրթահամալիրի դասավանդողներն էին: Մեծ ուրախությամբ պետք է նշեմ, որ այս ամենից անմասն չէր մնում աղջիկս՝ 2 տարեկան Ֆլորան (Հիմնական դպրոց, նախակրթարան): Նրա իսկ անմիջական ակտիվության արդյունքում հետաքրքիր նյութեր ծնվեցին: Նախակրթարանի կազմակերպած առցանց դասերի ընթացքում, երբ նյութեր էինք նկարահանում, Ֆլորան ցույց էր տալիս այն ամենը, ինչ սովորել էր, ցուցադրում էր իր հմտություններն ու կարողությունները, նա անգամ գիտեր, թե երբ է տեսախցիկը միացված, երբ պետք է խոսել, ինչպես պետք է ողջունել: Հատկապես ուզում եմ նշել երգի առցանց դասին նրա ակտիվ մասնակցությունը, որն անգամ ինձ զարմացրեց:Այս ամենը 2 տարեկան երեխային սովորեցնելը բնականաբար մեծ ջանքեր է խլել մեր շատ սիրելի դաստիարակներց, ինչի համար մեծապես շնորհակալ եմ նրանցից:
Առցանց դասերի կազմակերպումը ժամանակին էր և տեղին, դրանք ազատեցին երեխաներին հարկադրված արձակուրդից, լցրին նրանց առօրյան:
Այդ օրերին ես ևս մեկ անգամ համոզվեցի, որ չեմ սխալվել, երբ երեխաներիս համար կրթօջախ եմ ընտրել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը:
Մենք Սեբաստացի ենք:
Հիմնական դպրոցի ծնող Անահիտ Ասատրյան
Կարծիք գրել