Ներկայացնում ենք Նոր դպրոցի նախակրթարանի ծնողի` Հռիփսիմե Քոչարյանի հոդված-մտորումները հաջողակ երեխա մեծացնելու մասին:
Երեխան ունի իր առանձահատուկ տեսնելու, մտածելու և զգալու ունակությունները: Չկա ավելի հիմար բան, քան փորձել փոխարինել դրանք մեր ունակություններով:
Ժ. Ժ. Ռուսո
Բոլոր ծնողներն էլ ցանկանում են, որ իրենց երեխաները լինեն երջանիկ և հաջողակ: Այդպիսին լինելու համար նյութականը միայն բավարար չէ: Երջանիկ, անհոգ, գունեղ, ուրախ մանկության համար անհրաժեշտ է նաև, որ երեխան ապրի լիարժեք ընտանիքում, որտեղ սեր և համերաշխություն է տիրում: Փորձենք մեր երեխաներին մեծ սեր տալ և որքան կարող ենք շատ ժամանակ հատկացնել նրանց: Մենք դեռ անպայման կանդրադառնանք այս թեմային:
Սակայն, այսօրվա մեր թեման ոչ պակաս կարևոր է:
Ինչպե՞ս օգնենք մեր երեխաներին, որ կարողանան հաջողություններ գրանցել իրենց կյանքում:
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ճիշտ դաստիարակության հստակ բանաձև չկա, սակայն կան մի շարք գործոններ, որոնք կարող են խթանել մեր երեխաներին հաջողակ լինելը կրթության, գործի, անձի ձևավորման մեջ: Եվ զարմանալի չէ, որ ծնողի դերը շատ մեծ է երեխայի երջանիկ և հաջողակ լինելու գործում:
Ինչպես ասում է անհայտ մի հեղինակ. «Բոլոր երեխաները նվերներ են. պարզապես ոմանք իրենց փաթեթավումը բացում են ավելի ուշ, քան մյուսները»:
Մենք կարող ենք լինել փաթեթավորումը բացող բանալին, օգնել կամ խանգարել երեխաներին բացելու և ներկայացնելու իրենց ստեղծարար և արարող «ես»-ը:
Ահա թե ինչպիսի խթաններ են հարկավոր մեզ, որ կարողանանք օգնել մեր երեխաներին գտնելու իրենց իսկ ճանապարհն այս կյանքում:
- Պետք է թույլ տալ, որ երեխաները բացահայտեն սեփական հետաքրքրությունները:
Մենք կարող ենք պարզապես կողքից ուսումնասիրել և առավել լավ կհասկանանք, թե ինչպե՞ս է երեխան անց կացնում իր ազատ ժամանակը, որո՞նք են նրա հետաքրքրությունները: Այսպիսով՝ կարող ենք ուղղորդել նրան այս հարցում, բայց ոչ` պարտադրել: - Պետք է թույլ տալ երեխաներին որքան հնարավոր է շատ փորձ ձեռք բերել:
Այդպես կարելի է հասկանալ, թե ինչից են նրանք ոգեշնչվում, եւ շատ հնարավոր է, որ այդ ոգեշնչումն էլ հենց իրենց տաղանդն է: - Թույլ տանք երեխաներին սխալվել:
Եթե երեխան անի միայն այն, ինչ շատ լավ է անում, նշանակում է՝ մենք հնարավորություն չենք տալիս մեր երեխաներին զարգանալ, առաջ գնալ և համարձակ լինել: - Հարցեր տանք մեր երեխաներին:
Հարցեր տալով՝ մենք օգնում ենք, որ երեխաներն իրենց համար բացեն բառերի կախարդական աշխարհը: Կարող ենք հարցնել, թե ինչո՞ւ է ձյուն գալիս, ի՞նչ դրական կողմեր ունի եւ ի՞նչ բացասական՝ այդպիսով ստեղծելով հետաքրքրություն: Կարող ենք նաեւ միասին գտնել մեր իսկ հարցերի պատասխանները: - Թույլ տանք, որ երեխաները լինեն որքան հնարավոր է ինքնուրույն:
Այն երեխաները, ում ծնողները որոշում են կայացնում իրենց փոխարեն, մեծանալով կրկին սպասում են, որ իրենց ասեն, թե ինչպես պիտի շարժվեն, ինչ եւ երբ պիտի անեն: Փոխանակ երեխային սեփականություն համարելու՝ կարող ենք հետաքրքրվել իրենց կարծիքներով ամենատարբեր թեմաների շուրջ: - Սովորեցնենք երեխաներին լինել պատասխանատու:
Պետք է կարողանանք թույլ տալ մեր երեխաներին պատասխան տալ իրենց բառերի, վարքի համար: - Սովորեցնենք հավասարակշռություն:
Խոսենք երեխաների հետ, «դատապարտենք» նրանց սխալներն առանց վիրավորանքի և ավելորդ էմոցիաների: Թույլ տանք, որ իրենք բացատրեն, թե ո՞րն է ճիշտ, և ո՞րը՝ սխալ տարբեր իրավիճակներում հայտնվելիս:
- Սեր սերմանենք գրքի հանդեպ:
Կարդացող մարդիկ սովորաբար ավելի խելացի են, քան նրանք, ովքեր իրենց ժամանակն անց են կացնում հեռուստացույցի կամ ինտերնետային խաղերի դիմաց: Սկզբի համար կարևոր է, որ երեխան բարձրաձայն կարողանա կարդալ: - Պլանավորենք ընտանեկան նախագծեր:
Այսպես կարելի է զարգացնել երեխայի ստեղծագործ միտքը, նոր տաղանդներ բացահայտել և թիմային աշխատանքի ունակություն սերմանել: - Շատ կարեւոր է այլ երեխաների հետ շփումները:
Որպես կանոն՝ հաջողակ մարդիկ շփվող են լինում: Առանց ճիշտ և վստահ հաղորդակցության՝ հնարավոր չէ ունենալ լավ աշխատանք, կարիերա, գտնել լավ ընկերներ, ստեղծել սեփական գործ և կառուցել անձնական կյանք: - Սովորեցնենք մտածել սահմաններից դուրս:
Քաջալերե՛ք սահմաններից դուրս մտածելակերպը: Պետք է բացառել «անհնար է», «մի՛ մտածիր այն, ինչ դեռ չկա» արտահայտությունները: Հակառակը. պետք է պարբերաբար ասենք մեր երեխաներին, թե ի՞նչ կլիներ, եթե սա չլիներ կամ սրա փոխարեն այլ բան լիներ, կամ ի՞նչ կառաջարկեիր: - Սովորեցնենք ճիշտ վերաբերվել պարտություններին:
Կյանքում անխուսափելի են անկումները: Որպեսզի անհաջողությունները չկլանեն մեր երեխաներին, կարևոր է մանկուց օգնել նրանց ճիշտ վերաբերվել դրանց: Ճիշտ վերաբերմունք նշանակում է՝
- անկումները ողբերգություն չդարձնել,
- վերլուծել իրավիճակը,
- իրավիճակից դուրս գալու ելքեր գտնել,
- կարողանալ գիտակցել, որ հաջորդ անգամ ավելի շատ ջանք ներդնելով՝ ավելի մեծ արդյունքի կարող է հասնել:
- Ինքնավստահություն ներշնչենք և ձևավորենք ադեկվատ ինքնագնահատական:
Գնահատականը, որ շրջապատում տալիս են երեխային, հավասար է սեփական ինքնագնահատականին: Երեխաներին գնահատելիս կարևոր է բացատրել նրանց, թե ինչու՞ եք այդպես կարծում: Ն. Հիլն ասել է, որ ամեն ինչ սերտորեն կապված է երեխայի նկատմամբ հավատի, վստահության հետ: Ոմանք հավատում են իրենց երեխաներին, սակայն մեծամասնությունը՝ ոչ: Երեխաները դա բոլորից լավ են զգում: Նրանք զգում են, որ մեր սեը բավական խորը չէ: Եթե սիրենք մեր երեխաներին, ապա կվստահենք և կհավատանք նրանց, ուստի շատ կարևոր է, որ խոսենք երեխաների հետ ամեն ինչի մասին: - Հետևենք, որ երեխաները լինեն անկեղծ, արժանապատիվ և կենսուրախ: Սիրենք և հարգենք երեխաներին
Այսպիսի առակ.
Ճանապարհորդն իր ճանապարհին հանդիպում է քարերով աշխատող երկու մարդու, որոնցից մեկը դժբախտ ևս հոգնած տեսք ունի, իսկ մյուսը՝ երջանիկ, կենսուրախ:
– Ի՞նչ ես անում,-հարցնում է ճանապարհորդը առաջինին:
– Քար եմ կրում, օրվա հացի փող աշխատում,- քթի տաք մռթմռթում է առաջինը:
– Իսկ դու ի՞նչ ես անում:
– Օ~, եկեղեցի եմ կառուցում,- հպարտ պատասխանում է երջանիկը:
Արժանապատվություն կարելի է դաստիարակել՝ միայն երեխային հարգելով: Ոչ մի դեպքում չի կարելի նվաստացնել կամ ֆիզիկական պատժի ենթարկել: Միայն ընտանիքում, սիրող հարազաների միջավայրում երեխան կարող է ձեռք բերել սեփական արժանապատվության զգացումը, գիտակցել, որ իրեն հարգում են, հաշվի նստում իր հետ եւ հավատում իրեն: Այդպես հետագայում ինչպիսի իրավիճակում էլ որ հայտնվի երեխան, կարող է ինքնուրույն և արժանապատվորեն դուրս գալ:
Ինչ ցանես, այն կհնձես:
Ցանի՛ր միտք, կքաղես գործողություն :
Ցանի՛ր գործողություն, կքաղես սովորութուն:
Ցանի՛ր սովորություն, կքաղես բնավորություն:
Ցանի՛ր բնավորություն, կքաղես ճակատագիր…
Շարունակելի
Կարծիք գրել