Ղազարոս Աղայան

Պարտեզը մեդիաընթերցարան բաժնում ներկայացնում է՝ Աղայանի ստեղծագործություններից:

Ամենաուժեղը
Գնացի ջաղաց: Ջաղացպանն ինձ ուղարկեց փայտի: Ման եկա, ման եկա,  փնտրեցի, փայտ չգտա: Վերջը գտա մի քոթուկ
/կոճղ/: Խփեցի, խփեցի, շատ խփեցի ոտքով ու քարով, դուրս չեկավ տեղիցը: Ասացի.
-Ա՛յ քոթուկ, ի՞նչ քաջ ես:
Ասաց.
– Թե որ քաջ եմ, ինչո՞ւ է կացինն ինձ կտրում:-Ա՛յ կացին, ի՞նչ քաջ ես:
Ասաց.
– Թե որ քաջ եմ, ինչո՞ւ է դարբինն ինձ ծեծում:-Ա՛յ դարբին, ի՞նչ քաջ ես:
Ասաց.
– Թե որ քաջ եմ, ինչո՞ւ է երկինքն ինձ տանում:-Ա՛յ երկինք, ի՞նչ քաջ ես:
Ասաց.
– Թե որ քաջ եմ, ինչո՞ւ է ամպը երեսս ծածկում:
-Ա՛յ, ամպ, ի՞նչ քաջ ես:
Ասաց.
– Թե որ քաջ եմ, անձրևն ինչո՞ւ է մեջիցս վայր թափվում:
-Ա՛յ անձրև, ի՞նչ քաջ ես:
Ասաց.
– Թե որ քաջ եմ, ինչո՞ւ եմ գետնին թափվում:
-Ա՛յ գետին, ի՞նչ քաջ ես:
Ասաց.
– Թե որ քաջ եմ, ինչո՞ւ է ինձ վրա խոտ բուսնում:
-Ա՛յ խոտ, ի՞նչ քաջ ես:
Ասաց.
– Թե որ քաջ եմ, տավարն ինչո՞ւ է ինձ արածում:
-Ա՛յ տավար, ի՞նչ քաջ ես:
Ասաց.
– Թե որ քաջ եմ, ինչո՞ւ է գայլն ինձ ուտում:
-Ա՛յ գայլ, ի՞նչ քաջ ես:
Ասաց.
– Թե որ քաջ եմ, շունն ինչո՞ւ է փախցնում ինձ:
-Ա՛յ շուն, ի՞նչ քաջ ես:
Ասաց.
– Թե որ քաջ եմ, ինչո՞ւ է ծեծում ինձ պառավը:
-Ա՛յ պառավ, ի՞նչ քաջ ես:
Ասաց.
– Թե որ քաջ եմ, ինչո՞ւ ինձնից չի վախենում մուկը:
-Ա՛յ մուկ, ի՞նչ քաջ ես:
Ասաց.
– Թե որ քաջ եմ, ինչո՞ւ է բռնում ինձ կատուն:
-Ա՛յ կատու, ի՞նչ քաջ ես:
Ասաց.
– Այո, քաջ եմ, և այս մեծ տան պահողն եմ, մկներին մահ տվողն եմ,  սուփրի ծայրին նստողն եմ, մեր շան աչքի գրողն եմ:

Կատու 
Կատուն եկավ,
Փիսի՜կ, փիսի՜կ,
Հազար նազով,
Ինչպես հարսիկ,
Դունչը սրբեց
Թաթիկներով,
Մազը սանդրեց
Չանչիկներով.
– Կատու, կատու,
Ե՞ր ես տրտում.
Թե՞ մկներն են
Հիմա արթուն:
Կատուն ասեց.
_ Միաո՜, միաո՜.
Այսինքն թե՝
_ Այո՛, այո՛:  

Հովվի անկողինը 
Սարի լանջն է մահճակալ,
Չեչոտ քարը գլխակալ.
Մի հին կարպետ ուսերին,-
Այս է հովվի անկողին:

Երբ անձերվ է կաթկտում,
Եվ կարպետը՝ թըխկթըխկում,
Հովիվն անուշ քնի մեջ
Քաղցր երազ է տեսնում,
Եվ խնդում, ծիծաղում.
ՈՒխա՜յ, ուխա՜ջ, սիրու՛ն հովիվ,
Քունդ անու՜շ…

 

Աքաղաղ
Աքաղաղը կանչում է՝
Ծուղրուղու՜,
Պառավ նանը զարթնում է,
Տա-տա-տա՜…
Պա-պա-պա՜…
Աքլա՛ր, ինչու՞ կանչեցիր,
Ինչու՞ նանին զարթնեցրիր.
Ա՜խ դու-դու՜,
Ա՜յ ջու-ջու՜:
Ա՜յ նանի, ջան նանի,
Մեզ մի վեր կացընի,
Թող մի քիչ էլ մնանք,
Քնից լավ կշտանանք:

Աքլարը շուտ է կանչում,
Աքլարը քեզ է խաբում,
Աքլա՛ր, ինչու՞ կանչեցիր,
Ինչու՞ նանին զարթեցրիր.
Ա՜խ դու-դու՜,
Ա՜յ ջու-ջու՜:

Ատամը փոխած 
Ատամ, ատամ,
Իմ կաթնատամ,
Գնա՜ս բարով
Հարյուր տարով…
Իսկ դու արի՛,
Գալըդ բարի՜,
Իմ նո՛ր ատամ.
Ես քեզ կըտամ
Հարյուր տարի
Հազար բարի-
Էլ ղավուրմա՜,
Էլ բաստուրմա՜,
Չամչով փլա՜վ,
Հնդու խուրմա,
Տանձ ու խնձոր
Մի՜շտ, ամեն օ՜ր
Փըստա՜, բադա՜մ,
Էլ ո՜ր մեկի
ԱՆունը տամ,
Ոսկի՜ ատամ: 

Ծիտը և բազեն
Ծիտը ծառին ծլվըլում է.
– Ծի՜վ, ծի՜վ, ծի՜վ.
Բազեն գլխին պտըտվում է.
– Վու՜յ, վու՜յ, վու՜յ…
Ծիտը լռեց, ծիտը վախեց.
– Վա՜ջ, վա՜ջ, վա՜ջ…
Բազե, թը՜ռռ, բազե թը՜ռռ.
– Հա՜ջ, հա՜ջ, հա՜յ…
Բազեն թռավ,
Բազեն փախավ,
Ի՜նչ լավ էլավ. – Հե՛ – հե՛ – հե՛…

Ծիտի՛կ միտիկ, պի՛ծիկ միծիկ,
Պըտպըտուրի՛կ, չըլպըտուրիկ,
Դու լա՛վ պրծար չար բազեի
Սուր ճանկերից, հա՜ – հա՜ – հա՜… 

Նոր տարի
Եկար տարով,
Երթաս բարով.
Եկեք, երեխե՛ք, եկեք,
Ձեռք ձեռքի տանք, պար բռնենք.
Այսօր տարին նորոգվեց,
Նոր օր, նոր ժամ մեզ բերեց,
Հինն անցավ,
Նորն եկավ
Բարո՜վ, բարո՜վ, բարո՜վ.
Մայրիկն այսօր մեզ տըվեց
Մեղր ու չամիչ ու ասաց.
– Քաղցր ու անույշ պառավեք,
Ալևորիք և տեսնեք
Շա՜տ տարի,
Շա՜տ բարի,
Բարո՜վ, բարո՜վ, բարո՜վ.
Շնորհավո՜ր Նո՛ր տարի,
Քո գալուստըդ շնորհավոր,
Դու մեզ համար այս տարի
Բարի եղիր ամեն օր,
Մունչ կաս,
ՈՒ կերթաս
Բարո՜վ, բարո՜վ, բարո՜վ:

Առավոտը գյուղում
Արեգակը դուրս է եկել
Պսպըղալով.
Շողքը հերթից ներս է ընկել
Շողշողալով.
Ծիտը ծառին կըչկըչում է
Ծըլվըլալով.
Ձորումն առուն քչքչում է
Վըշվըշալով.
Ծույլ տղայի քունն է տարել
Խռըմփալով.
Տրեխները շունն է տարել
Մըռմըռալով:

Հոնի կորիզը
Տարեմուտի երեկոյին
Մայրըս թխեց կարկանդակ,
Մեջը դրավ հոնի կորիզ,
Իբրև բախտի նշանակ:
Կորիզն,- ասաց, – ում որ ընկնի,
Դովլաթավոր կըդառնա,
Ու՛ր որ գնա, ի՛նչ գործ բռնե,
Փառք ու պատիվ կըստանա :
Կարկանդակը բաժանեցինք,
Կորիզն ընկավ ինձ բաժին,
Եղբայրներս սրտնեղելով՝
Նախանձեցին իմ բախտին:
«Կույր է բախտը, սուտ չէ ասած»,
Մեծ եղբայրս փնթփընթաց,
«Մի՞թե սա է ամեիս մեջ
Աշխատավոր, բանիմաց…»
Մեկելներն հավանեցին
Մեծ եղբորս ասածին. –
«Իրա՛վ,  իրա՛վ, չէր արժանի»,
Միաբերան ձայնեցին…
Մայրըս ասաց. «Խելոք կացեք,
Ահա կգա Նոր-Տարին,
Նա որ տեսնե ձեզ կռվելիս՝
Պարգև չի տալ ոչ մեկին:
Բայց որ տեսնե դուք սիրով եք
Եվ խռով չեք իրանցից,
Այնուհետև ինչ որ ուզեք,
Չի խնայիլ ձեզանից»:
Այս ասելով՝ նա մեզ տըվավ
Տեսակ- տեսակ մրգեղեն,
Չիր ու չամիչ, տանձ ու խնձոր
Եվ զանազան քաղցրեղեն:
Քաղցր կերանք ու քաղցրացաբք
Եվ խնդացինք շատ ու շատ,
Չարազ արինք նուռ, սերկևիլ,
ՈՒնաբ, սալոր, թուզ, փշատ:
Հոնի կորիզն” այնուհետև
Բոլորովին մոռացանք,
Եվ շատ սիրով իրար գրկած,
Պառկոտեցինք, քնեցանք…

Հիշողություն
Ծիծեռնակը բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
Մեկ անգամ էր նա բույն շինել
Եվ շատ անգամ կարկատել,
Բայց այս անգամ վերադարդզին
Բույնն ավերակ էր գտել:
Այժմ նորից բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
Նա հիշում էր անցած տարին
Իր սնուցած ձագերին,
Որոնց ճամփին հափշտակեց
Արյունարբու թշնամին:
Բայց նա կրկին բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:

Արեգակ
Արև՛, արև՛, ե՜կ, ե՜կ,
Զիզի քարին վե՜ր եկ.
Սև-սև ամպեր հեռացեք,
Արևին ճամփա տըվեք:
Թողեք տող գա նա մե՜զ մոտ,
Դրա լույսին ենք կարոտ.
Կարմի՛ր արև ե՜կ, ե՜կ,
Նախշուն քարին վեր եկ:
Արևը հաղթեց ամպերին,
Շողքը ձգեց սարերին,
Զիզի քարը տե՜ս, տե՜ս
Պըսպղում է ոսկու պես:
Սիրուն արև, մի՜շտ եկ,
Զիզի քարին վե՜ր եկ:

Լուսնահաչ
_ Հայրի՛կ, ինչու՞ մեր Բողարը

Միշտ հաչում է լուսնի վրան.
Մի՞թե պայծառ լուսնյակը
Մեկ վնա՞ս է տալիս նրան:
_ “ Ո՛չ, որդյակ իմ, ոչ թե վնաս
Այլ լույս, միայն լույս է տալիս,
Իսկ շանն՝ իբրև գայլի ցեղի,
Լույսը գիշերը դուր չի գալիս:
Բայց լուսինը խոմ չգիտե՞,
Որ իր վրան հաչողներ կան, –
Նա լուռ ու մունջ՝ բակ բոլորած՝
Շարունակում է իր ճամփան:
Մենք էլ, որդյա՛կ, լուսնի նման
Պետք է լույս տանք մութ աշխարհին,
Եվ համարենք, թե չենք լսում
Մեզ վրա զուր հաչողներին”:

Մանուշակ
Ասա ինձ, մանուշակ,
Ինչու՞ ես այդպես վաղ
Դուրս եկել մեն-մենակ.
Դեռևս չի բացվել
Ոչ մի տեղ քեզ նման
Հոտավետ մի ծաղիկ:

_ Ես չունիմ մյուսների
Գեղեցիկ հասակը,
Ոչ նրանց հագուստը՝
Զարդարուն ու շքեղ,
Դուք ինձ չեք նկատիլ,
Եթե ես երևամ
Նրանց հետ միատեղ:

 Սերմնացան
Ահա եկան աշնանանյին թուխպ օրեր,
Մաղմղում են մանրահատիկ կաթիլներ.
Ծառերն իրանց տերևներից մերկացան,
Կռունկները շարան-շարան անց կացան:

Սևացել է դաշտը անթիվ ցելերով,
Բայց մի կողմից դեռ վարում են արորով,
Սերմնացանը գոգնոցն առած սերմնացուն,
Սերմ ե ձըգում աղաչելով աստծուն.

“Ո՜վ տեր աստված, դու՛ իմ ցանքը պահպանես,
Առատ անձրև, կարմիր արև չըխնայես.
Մեկ բուռն ահա ես տալիս եմ մկներին,
Այս մեկ բուռն էլ ագռավներին, ծտերին:

Բայց մարախը գոհ չի մնալ մի բռնով,
Երկու կտամ, թող կշտանա սրանով.
Մեկ բան էլ կա, որ անունը չեմ տալիս,
Այն դու գիտես… վերևից ե նա գալիս:

Դու սրանցից արտըս պահիր անվնաս,
Ես տերտերից չեմ խնայիլ կալամաս.
Վանականներ, գործակալներ ինչքան գան,
Բոլորեքյանք առատ բաժին կստանան:

Կերթամ Մարաս խունկ ու մոմով, մատաղով
Միայն արտըս դու պահպանիր ապահով:
Էլ ի՞նչ ասեմ, աստված, ինքըդ լավ գիտես,
Թե ինչ պարտքի, պատուհասի մեջ եմ ես.

Գող-ավազակ մի կողմից են կողոպտում,
Պարտատերըս մյուս կողմից է ինձ խեղդում:
Դրանց ձեռքից, եթե մի բան է մնում,
Այն էլ գայլի կամ ցավի է զոհ դառնում.

Մի տուն լիքը երեխեքս մերկ, քաղցած,
Տարին առատ, բայց ես չունիմ կորեկ հաց.
Հույսըս ահա վոտքիդ տակին փռած է,
Քո սուրբ աջը սըրա վըրա տարածե”:

 Ամիսներ և չորս եղանակ
Մարտը տալիս է ձնծաղիկ,
Ապրիլը՝ կապույտ մանուշակ,
Մայիսին բացվում է վարդը,
Սոխակը երգում անուշակ։
Հունիսը մեզ խոտ է տալիս,
Իսկ հուլիսը առատ ցորեն,
Օգոստոսը տանձ ու խնձոր
Եվ ուրիշ շատ հասուն մրգեր։

Սեպտեմբերը մեզ տալիս է
Խաղողի բոլոր տեսակը.
Հոկտեմբերը՝ կարմիր գինի,
Նոյեմբերը՝ բողկն ու տակը։

Դեկտեմբերին ձյուն է գալիս,
Հունվարին ծածկվում սար ու ձոր,
Փետրվարին սկսվում է
Փոփոխակի ցուրտ ու տաք օր։

Ահա այսպես բոլոր տարին
Թավալվում է չորս շրջանում,
Այս պատճառով չորս ժամանակ,
Չորս եղանակ է մեզ բերում։

 Արև
Արև՛, արև՛, դու մեզնից
Երբ հեռացար դեպ հարավ,
Ձմեռն եկավ և ամեն ինչ
Հափշտակեց ու տարավ։

Աստված սիրես, էլ մի՛ գնար,
Մի՛ թողնիր մեզ քեզ կարոտ,
Քեզ կըպատվենք, քեզ կըգովենք
Միշտ՝ իրիկուն, առավոտ։

Որքան գոհ ենք, որ դու բերիր
Գարնան անուշ եղանակ,
Ա՜խ, երանի գարուն լինի
Տարին բոլոր ժամանակ։

Տես թե ինչպե՜ս փթըթել են
Ծառ ու ծաղիկ, կանաչ խոտ,
Տես թե ինչպես տարածվել է
Ամենայն տեղ անուշ հոտ։

Քեզ են գովում թռչնիկները
Իրանց քաղցր դայլայլով,
Հովիվը իր մեղմ սրինգով,
Հողատն անուշ հոլովով։

Չէ՛, արև ջան, էլ չըգնաս,
Էլ չըթողնես մեզ կարոտ,
Գնա քնի՛ր գիշերները,
Առավոտը եկ մեզ մոտ։

 Ճախարակ
Մանի՛ր, մանիր, ի՛մ ճախարակ,
Մանիր սպիտակ մալանչներմ
Մանիր թելեր հաստ ու բարակ,
Որ ես հոգամ իմ ցավեր։
Ձեթ եմ ածել ականջներըդ,
Նոր շինել եմ շրտըվիկ,
Դե՜հ, սու՛տ շարժիր լայն թևերդ,
Ոստեր շինիր սըրուլիկ։
Մանի՛ր, մանիր, ի՛մ ճախարակ,
Լիսեռնիկդ պտըտիր,
Մանիր թելեր հաստ ու բարակ,
Իլիկիդ վըրա փաթաթիր։
Տիգրանիկըս գուլպա չունի,
Հանդ է գնում ոտաբաց,
Գաբրիելըս չուխա չունի,
Միշտ անում է սուգ ու լաց։
Մանի՛ր, մանիր, ի՛մ ճախարակ,
Մանիր սպիտակ փաթիլներ,
Մանիր թելեր հաստ ու բարակ,
Որ ես հոգամ իմ ցավեր։
Չըվալ չունինք, չութա չունինք,
Ո՛չ սամոտե, ո՛չ պարան,
Այսպես աղքատ դեռ եղած չենք,
Կտրվել է ամեն բան։
Դեռ հարս էի, որ գործեցի
Քանի կարպետ, խալիչա,
Բայց դրանից շուտ զրկվեցի,
Հիմա չունիմ մի քեչա։
Կարմիր օրըս, երբ սևացավ,
Եվ պարտք մնաց՝ տեև քիչ,
Պարտատիրոջ սիրտն էլ սևցավ ―
Եկավ տարավ ամեն ինչ։
Մանի՛ր, մանիր, ի՛մ ճախարակ,
Մանիր սպիտակ քուլաներ,
Մանիր թելեր հաստ ու բարակ,
Որ ես հոգամ իմ ցավեր։

Սագ
Սագիկ-սագին, իմ սիրունիկ,
Ես քեզ կտամ քաղցր կուտիկ,
Որ դու ուտես , շուտ մեծանաս,
ՈՒրախ ապրես, զվարճանաս:

Երբ մեծանաս, մեծ սագ դառնաս,
Ես կխնդրեմ իմ մայրիկին,
Որ նա ժողվե քո փետուրներ
Եվ ինձ համար շինե բարձեր:

 Պառավի հորթը
Ձյուն է գալիս փաթիլ-փաթիլ,
Հետն էլ անձրև կաթիլ- կաթիլ.
Այս միջոցին մի պառավ կին
Հորթ էր փնտրում դաշտի միջին:

Կովը եկավ տավարիցը,
Կուրծ ու ծըծեր կաթով լիքը.
_Հորթուկս ու՜ր է,- նա բառաչեց,
Խեղճ պառավին լացացըրեց:

Մինչդեռ այսպես պառավ ու կով
Ողբում էին լաց ու կոծով,
Հանկարծ լսվեց մի բարակ ձայն,
Կովն իմացավ, որ հորթն է այն:

Կովը վազեց բառաչելով,
Պառավը ետքից տընքտընքալով,
Կորած հորթը մորը գտավ,
Լիքը ծըծերը բերանն առավ:

Ծըծեց բոլոր կաթն ու տկզեց,
Տանտիկնոջը բան չըտողեց.
Բայց պառավը այս անգամին
Սիրով ներեց չար հորթուկին:

Մանուշակ
Ասա ինձ, մանուշակ,
Ինչու՞ ես այդպես վաղ
Դուրս եկել մեն-մենակ.
Դեռևս չի բացվել
Ոչ մի տեղ քեզ նման
Հոտավետ մի ծաղիկ:

_ Ես չունիմ մյուսների
Գեղեցիկ հասակը,
Ոչ նրանց հագուստը՝
Զարդարուն ու շքեղ,
Դուք ինձ չեք նկատիլ,
Եթե ես երևամ
Նրանց հետ միատեղ:

 Հովվի սրինգը
Հովիվը սարին՝
Ոչխարը առաջին՝
Ոչ շուն և ոչ զենք
Չունի նա կշտին:

Եվ ահա եկան
Օրը ցերեկով
Սոված գայլերը՝
Ամբողջ ոհմակով:

Հովիվն ի՞նչ աներ,
Ինչպե՞ս ազատեր,
Իր ամբողջ հոտը,
Իրան էլ հետը:

Նա ճարը կտրած՝
Սրինգը հանեց
Եվ աղիողորմ
Մի երգ նվագեց:

Եվ ինչպե՝ս քնքուշ,
Ինչպե՜ս մեղմանուշ,-
Բոլոր գայլերը
Կտրեցին ապուշ…

Եվ լսում էին
Սարա’ծ, քարացած,
Սրնգի ձայնից
Թովված ու դյութված:

Բայց ի՞նչ էր երգում
Հովիվն այնպես լու՜րջ,
Որպես մի հարա՜չ,
Որպես մի մրմու՜նջ:

Նըրա նվագը՝
Զիլ ու քաղցրաձայն՝
Մի աղերսանք էր,
Մի գոչ օգնության:

Սրինգն ածելիս՝
Նա ձայն էր տալիս
Իր կտրիճներին՝
Զոալում շներին. –

Ա, Չաբա՜ր,
Ա, Ղաթա՜ր
Եկե՜ք, հա՛, եկե՜ք,
Ա՛, Քյասա՜ր,
Ա՛, Բասա՜ր,
Հասե՜ք, հե՜յ, հասե՜ք…

Հանկարծ թնդում է
Յուրթն ամեն տեղից.
Ի՜նչ հարայ-հրո՜ց,
Ի՛նչ ո՜ղբ, ի՜նչ ոռնո՜ց…

Շները թև առած՝
Ինչպե՜ս են թռչում,
Հասնում են հովվին
Մի ակնթարթում…

Այսպես մի հովիվ,
Սրնգի շնորհիվ՝,
Փրկում է հոտը,
Չար գազաններից՝
Սոված գայլերից…

Երջանիկ խրճիթը
Զմրուխտյա գետակի վրա մի խեղճ ջրաղաց կար:
Ջրաղացի դռան առջև, կանաչ ուռենու տակ, թիկն էր տվել ջրաղացպանը և չիբուխը գոհ ծխում. կողկին նստել էր կինը, իսկ նրանց աչքերի առջև մի սիրուն մանուկ, նրանց երեխան, խաղ էր անում:
Մեղմիկ սոսոփում էր ուռենին, և ջրաղացն անուշ մտմտալով, ասես հին օրերից մի հին հեքիաթ էր պատմում:
Ինչպես եղավ, մի օր այդ սիրուն մանուկը վազելով թիթեռնիկի հետևից, հեռացավ ջրաղացից, ընկավ մացառների մեջ, անցավ ձորակից ձորակ, կորցրեց ջրաղացի շավիղը ու գնաց, գնաց, հասավ մեծ ճանապարհին, նստեց եզերքին ու լաց եղավ:
Անցավ մի քարավան. մի ուղևոր տեսավ լացող մանուկին, խղճաց, վեր առավ և իր հետ տարավ:
Տարավ իր տունը, և որովհետև զավակ չուներ, որդեգրեց նրան:
Մանուկը մեծացավ, դարձավ մի շնորհալի երիտասարդ:
Ամենքը սիրում էին նրան և ուրախանում նրա վրա, բայց նա տխուր էր, միշտ տխուր:
Երբ երեկոները մենակ նստում էր իրենց շքեղ պատշկամբում, որի շուրջը բացվում էր պարտեզը հովասուն ծառերով և կարկաչյուն շատրվաններով՝ նրա հոգին սլանում էր մի ուրիշ վայր, որ հեռավոր երազի պես մեկ երևու էր, մեկ չքանում…Երևում էր մի խեղճ ջրաղաց զմրուխտյա գետակի վրա, որ օր ու գիշեր մանկության պես սիրում մի հին հեքիաթ էր պատմում, տեսնում էր երկու հարազատ դեմքեր՝ նստած կանաչ ուռենու տակ. մեկը մտքի մեջ ընկած չիբուխ՝ է ծխում, միուսը արցունքոտ աչքերեվ նայում է հեռուն:
-Ինչ՞ու ես տխուր, իմ որդի, -ասում էր հարուստ հայրը նրան.-ինչդ է պակաս, թե սեր ունիս մի աղջկա, հայտնիր, թե չէ, ինչ կա…
Եվ խնջույք էր սարքել բարի հայրը որդու ուրախացնելու համար. դահլիճները լուսավորված էին ջահերով. նազելի աղջիկները պատել էին երտասարդի շուրջը, ասում ու ծիծաղում:
Եվ երիտասարդը մի օր զգուշ դուս ելավ դալիճներից, անհայտացավ խավարի մեջ ու էլ չվերադարձավ:
Նա գնաց, շրջեց, թափառեց շատ ու շատ տեղեր, հարցուփորձ արավ և մի օր ըերջալույսի շողերի տակ տեսավ զմրուխտյա գետակի վրա մի խեղճ ջրաղաց: Տեսավ՝ ջրաղացին կռնակը տվել է մի հին խրճիթ, որի բուխարիկից մարմանդ ծուխ է ելնում:
Մոտեցավ խրճիթին, կամացուկ նայեց լուսամուտից ներս. նստել էր մի ալևոր մարդ և մտախոհ չիբուխ էր ծխում. մի երերուն պառավ ցամաքած ձեռքերով սեղան էր փռում:
Երբ նրանք հացի նստան, պառավը վերցրեց մի կտոր հաց ու ասավ.
-Այս էլ որդուս բաժինը:
-Ա~յ կնիկ, այս քանի տարի է, միշ էլ որդուս բաժինն ես պահում ու առավոտ անծանոթ անցորդներին տալիս…
Հե~յ մեր որդին էլ չի գա:
-Ա~յ մարդ, աստված գիտե, մեր որդին հիմի ու պատի տակ կուչ է եկել. ուրիշի մոր ձեռքին է նայում, կարելի է այն մոր տղան էլ հեռու տեղ է, ու ես նրան իմ որդուս բաժինն եմ տալիս. ինչ իմանաս, կարելի է նայել իմ որդուս իրենի բաժին է տալիս…
Այդ միջոցին ներս ընկավ որդին, գրկեց մորն ու հորը, համբուրեց և լացեց:
Ա~ ա~ , մեր որդին,-բացականչեցին ծերունիները և գրկերի մեջ առան իրենց կորած, կարոտացած որդուն և լաց եղան:
Օջախի մեջ կարմիր կրակը ուրախ-ուրախ թևին է տալիս, պայծառ ու տաք ժպիտով լցնում է երջանիկ խրճիթը: Ջրաղացը անուշ-անուշ մտմտալով, մանուկ օրերից մի հեքիաթ է պատմում՝ մանկության պես սիրուն մանկության պես ոսկի… 

 Կենդանիների վեճը
Եզը, կովը և շունը վիճում էին միմյանց հետ և ամեն մեկը պնդում էր, թե՝ մեր տերը ամենից շատ ինձ է սիրում:-Իհարկե նա ինձ ամենքիցդ շատ է սիրում,- ասում է եզը և գիտե՞ք ինչու համար: Նրա համար, որ ես եմ նրա արորն ու տափանը քաշում, ես եմ նրա համար անտառից փայտ բերում: Նա ինձ է լծում սայլին և իր ցորենը տանում ջաղաց, այնտեղ ալյուր շինում. հետո էլի ես եմ տանում քաղաք, ուր նա ծախում է այդ ալյուրը և իր տան համար առևտուր անում,երեխանց համար հագնելիք առնում: Ուրեմն, դուք ի՞նչ եք կարծում, ես որ չլինեի, նա ինչպե՞ս կարող էր ապրել:
-Այդ ճշմարիտ ես ասում,- ասաց կովը:- Բայց մեր տերն ինձ ամենքիցդ ավելի է սիրում, այդ նրա համար է, որ նա իմանում է, թե քեզ նման աշխատասեր ու ժրաջան եզնուկին ես եմ պահել մեծացրել:
Այս մեկ: Մեկ էլ որ՝ նրա գերդաստանը իմ կաթով եմ պահում: Այն մածունն ու կարագը, այն սերն ու կաթը, այն եղն ու պանիրը, այն տաք-տաք թանե սպասը, որ ամեն օր խպշտում են, ո՞ւմ տվածն է: Տեսնո՞ւմ եք ուրեմն, որ եթե ես չլինեմ, բոլորը քաղցած կկոտորվեն:
-Դու էլ ես ճշմարիտ ասում, սիրուն կովիկ,- սկսեց շունը:- Ո՞վ կարող է ուրանալ քո լավությունը: Շատ անգամ ես ինքս էլ եմ մասնակից լինում քո տված անուշ թանին: Մեր տանտիկինը ամեն խնոցի հարելիս թանիցն ինձ բաժին է տալիս: Ով որ քո լավությունն ուրանա, երկու աչքով կուրանա: Ես շատ երախտագետ եմ, ոչ ոքի լավությունը չեմ կարող ուրանալ: Բայց գիտեք ինչ կա: Դուք մի նեղանաք, որ մեր տերն ինձ ամենքիցդ էլ շատ է սիրում. դրա համար մեծ պատճառ կա և ահա ասեմ, թե ինչ է դրա պատճառը…
Եվ շունն սկսեց մեկ-մեկ հաշվել, թե ինքն ինչ ու ինչ է անում: Ասած է, շունը որ հաչել սկսի, էլ չի դադարիլ: Այնքան հաչեց եզան ու կովի հետ, որ տերն իմացավ, գնաց նրանց մոտ, շան լեզվիցն ազատեց, ասելով. «Թող տուր դրանց, Բողար, դու չգիտե՞ս, որ ամենքդ էլ ինձ հարկավոր եք, ոչ մեկդ մյուսի արածը չեք կարող անել. այդ պատճառով էլ ես ամենքիդ էլ սիրում եմ, դուք էլ սիրեցեք միմյանց»:

Եզը, կովը և շունը վիճում էին միմյանց հետ և ամեն մեկը պնդում էր, թե՝ մեր տերը ամենից շատ ինձ է սիրում:-Իհարկե նա ինձ ամենքիցդ շատ է սիրում,- ասում է եզը և գիտե՞ք ինչու համար: Նրա համար, որ ես եմ նրա արորն ու տափանը քաշում, ես եմ նրա համար անտառից փայտ բերում: Նա ինձ է լծում սայլին և իր ցորենը տանում ջաղաց, այնտեղ ալյուր շինում. հետո էլի ես եմ տանում քաղաք, ուր նա ծախում է այդ ալյուրը և իր տան համար առևտուր անում,երեխանց համար հագնելիք առնում: Ուրեմն, դուք ի՞նչ եք կարծում, ես որ չլինեի, նա ինչպե՞ս կարող էր ապրել:
-Այդ ճշմարիտ ես ասում,- ասաց կովը:- Բայց մեր տերն ինձ ամենքիցդ ավելի է սիրում, այդ նրա համար է, որ նա իմանում է, թե քեզ նման աշխատասեր ու ժրաջան եզնուկին ես եմ պահել մեծացրել:
Այս մեկ: Մեկ էլ որ՝ նրա գերդաստանը իմ կաթով եմ պահում: Այն մածունն ու կարագը, այն սերն ու կաթը, այն եղն ու պանիրը, այն տաք-տաք թանե սպասը, որ ամեն օր խպշտում են, ո՞ւմ տվածն է: Տեսնո՞ւմ եք ուրեմն, որ եթե ես չլինեմ, բոլորը քաղցած կկոտորվեն:
-Դու էլ ես ճշմարիտ ասում, սիրուն կովիկ,- սկսեց շունը:- Ո՞վ կարող է ուրանալ քո լավությունը: Շատ անգամ ես ինքս էլ եմ մասնակից լինում քո տված անուշ թանին: Մեր տանտիկինը ամեն խնոցի հարելիս թանիցն ինձ բաժին է տալիս: Ով որ քո լավությունն ուրանա, երկու աչքով կուրանա: Ես շատ երախտագետ եմ, ոչ ոքի լավությունը չեմ կարող ուրանալ: Բայց գիտեք ինչ կա: Դուք մի նեղանաք, որ մեր տերն ինձ ամենքիցդ էլ շատ է սիրում. դրա համար մեծ պատճառ կա և ահա ասեմ, թե ինչ է դրա պատճառը…
Եվ շունն սկսեց մեկ-մեկ հաշվել, թե ինքն ինչ ու ինչ է անում: Ասած է, շունը որ հաչել սկսի, էլ չի դադարիլ: Այնքան հաչեց եզան ու կովի հետ, որ տերն իմացավ, գնաց նրանց մոտ, շան լեզվիցն ազատեց, ասելով. «Թող տուր դրանց, Բողար, դու չգիտե՞ս, որ ամենքդ էլ ինձ հարկավոր եք, ոչ մեկդ մյուսի արածը չեք կարող անել. այդ պատճառով էլ ես ամենքիդ էլ սիրում եմ, դուք էլ սիրեցեք միմյանց»:

Վաճառականի խիղճը
Լինում է, չի լինում՝ մի գյուղացի։ Այս գյուղացին մի օր վերցնում է իր մինուճար որդուն և տանում քաղաք՝ մի վաճառականի, մի սովդաքարի[1] մոտ աշակերտ տալու։ Երկար ման գալուց հետո մտնում է մի հարուստ վաճառականի խանութ և ասում.
― Պարո՛ն վաճառական, իմ որդուս աշակերտ չե՞ք վերցնի։
― Կվերցնեմ,― պատասխանում է վաճառականը։
― Քանի՞ տարով կվերցնեք։
― Տասը տարով։
― Տասը տարին մի մարդու կյանք է, ես արդեն ուժասպառ եմ եղել, ուզում եմ մի քանի տարուց հետո իմ որդու պտուղը ուտեմ, եթե կարելի է՝ երեք տարով վերցրեք։
― Ոչ, որ այդպես է՝ ութ տարով կվերցնեմ։
Վերջը հինգ տարով համաձայնում են, իսկ ռոճիկի մասին երկար խոսելուց հետո գյուղացին թողնում է վաճառականի խղճին, թե որքան որ կցանկանա վճարել հինգ տարուց հետո։
Անցնում է երկու-երեք տարի․ գյուղացու որդին շատ հմուտ գործակատար է դուրս գալիս՝ այնպես, որ բոլոր հարևանները շատ նախանձում են, որ այդ վաճառականն այսպիսի ճարպիկ գործակատար ունի, շատ են ցանկանում, որ այդ գյուղացու որդուն տանեն իրանց մոտ, չի հաջողվում, որդին ասում է, թե՝ իմ հոր խոսքը պետք է սրբությամբ կատարեմ, չնայած որ գրավոր պայման էլ չունին, որդին ազնիվ խոսքը գրավոր պայմանից ավելի է գերադասում։
Հինգ տարին որ լրանում է՝ գյուղից, մայրիկից նամակ է ստանում, թե. «Հայրդ մերձիմահ հիվանդ է, քո հաշիվներդ տիրոջդ հետ վերջացրու և եկ։ Փողի համար որքան որ կտա՝ չհակաճառես, որովհետև հայրդ քո վարձի համար թողել է տիրոջդ խղճին, որքան կտա՝ կվերցնես, շատ թե քիչ»։
Որդին շատ է տխրում այդ նամակի վրա և երկար մտածելուց հետո գնում է տիրոջ մոտ և ասում. «Մայրիկիցս նամակ եմ ստացել, թե՝ հայրդ մերձիմահ հիվանդ է, հաշիվներդ վերջացրու և ե՛կ»։

Վաճառականն առանց երկար մտածելու ասում է՝ գնա՛, ազատ ես։

Գործակատարը վրդովվում է, թե՝ պարո՛ն, բա ես հինգ տարի ծառայել եմ քեզ, թե ինչպես եմ ծառայել քեզ, այդ Աստված գիտե, վերև՝ Աստված, ներքև՝ դուք, հայրս մերձիմահ հիվանդ է, մեռնում է, իմ հաշիվս տվե՛ք գնամ։

– Ի՜նչ հաշիվ, ի՜նչ Աստված, քեզ ուտացրել, խմացրել և փեշակ եմ սովորեցրել, էլ ի՞նչ ես ուզում, քեզ ոչ մի կոպեկ չեմ տալ, որտեղ ուզում ես գնա։

Այդ ժամանակներում այդ քաղաքում մի այսպիսի սովորություն է լինում։ Եթե մեկը մեռնելիս է լինում, բարեկամներին ոչ թե մեռելի տերն է հայտնելիս լինում, թե՝ այսինչ մարդը մեռել է, պետք է թաղեն, այլ՝ ծխատեր քահանային հայտնելիս են լինում, թե՝ այսինչ մարդը մեռել է, պետք է հայտնի բարեկամներին, համքարներին[2], և ամեն մի ծախս պետք է քահանան անի և վերջումը հաշիվ ներկայացնի։

Գյուղացու որդին տեսնում է, որ իր տերը խիղճ չունի և իր խոսքի տերը չէ, մտածում է, թե՝ երբ որ մի մարդ խիղճ չունի, նա մեռածի հաշվում է, և ինքը կարող է գնալ քահանային հայտնել, թե՝ իր տերը մեռած է։

Մյուս առավոտը գործակատարը վաղ գնում է եկեղեցի։ Առավոտյան ժամերգությունը վերջանալուց հետո դիմում է քահանային, թե՝ տերս վախճանվել է, պետք է բարեկամներին, համքարներին հայտնեք և թաղման ծախսերի պատրաստությունները տեսնեք։

Քահանան հայտնում է վաճառականի բոլոր բարեկամներին և համքարներին, որ երեկոյան գան վաճառականի տունը՝ հոգեհանգստին ներկա լինելու։

Երեկոյան քահանան տիրացուի հետ գնում է վաճառականի տունը և ի՜նչ է տեսնում՝ վաճառականը պատշգամբում նստած թեյ է խմում։

– Օրհնյա՛լ տեր, էս ո՞ր խաչից էր, որ դուք մեզ մոտ եք եկել, չէ՞ որ դուք տարեկան երկու անգամ եք գալիս։

– Աստված օրհնեսցե, որդի՛, անցնում էի ձեր տան մոտով, ուզեցի ձեզ այցելել և ձեր առողջությունը հարցնել։

Վերջապես խոսում են դեսից-դենից և տեսնում են՝ բակի մեջը վեց հոգի եկան և, տեսնելով վաճառականին քահանայի հետ խոսելիս, ետ են դառնում դեպի փողոց, հինգ րոպեից հետո գալիս են տասներկու հոգի և, տեսնելով վաճառականին և քահանային, դարձյալ փողոց են գնում։ Տասը րոպեից հետո գալիս են տասնըութ հոգի և կրկին ետ են դառնում։ Տասնըհինգ րոպեից հետո գալիս են քսանըչորս հոգի և դարձյալ ետ են դառնում։
Այս վաճառականը քիչ է մնում թե խելագարվի։

― Սա ի՞նչ բան է.― կանչում է ծառային, թե՝ գնա այն մարդկանցից մի քանիսին կանչիր։ Գալիս են հինգ-վեց հոգի։

― Ինչի՞ համար եք եկել և գնում։

― Մեզ ասացին, որ դուք մեռել եք, եկել ենք հոգոցի[3] վրա։

Քահանան տեղը կանգնում է և ասում.

― Ես էլ հենց դրա համար եմ եկել։

Մյուս օրը վաճառականը գնում է թագավորի մոտ ու հայտնում գործի եղելությունը և ասում, որ իր գործակատարն ուզում էր իրան սաղ-սաղ թաղել, խնդրում է մի դատաստան։

Կանչում են գործակատարին։

Գալիս է գործակատարը։

Գործակատարը պատմում է գործի ամբողջ պատմությունը, թե ինչպես իր հայրը իրան աշակերտ է տվել վաճառականի մոտ և վարձատրության մասին թողել է վաճառականի խղճին։

Թագավորին պատմում է տղան, թե՝ քանի որ էս տերը խիղճ չունի, ինձ համար մեռածի հաշվում է, և ես դիմեցի այդ միջոցին։

Կանչում է թագավորը դահիճներին, թե՝ այս տղային տարեք կախեցեք։

Դահիճները տանում են կախելու։

Թագավորը հարցնում է վաճառականին, թե՝ էլ ուրիշ ասելու ոչինչ չունե՞ս։

― Ոչինչ չունեմ, թող տանեն կախելու, դա ուզում էր ինձ կենդանի թաղել,― ասում է վաճառականը։

Երկրորդ անգամ հարցնում է թագավորը վաճառականին, թե՝ էլ ուրիշ ասելու կամ գանգատ չունե՞ս։

― Ո՛չ, ոչինչ չունեմ ասելու, թող տանեն կախելու։

Երրորդ անգամ հարցնում է թագավորը և միևնույն պատասխանն է ստանում, թե՝ թող կախեն։

Թագավորը մարդ է ուղարկում դահիճների մոտ, թե՝ ե՛տ բերեք տղային, մի՛ք կախիլ։

Թագավորը հրամայում է դահիճներին, թե՝ վաճառականի՛ն տարեք կախելու։

Դահիճները տանում են վաճառականին կախելու։

Թագավորը հարցնում է տղային, թե՝ էլ ուրիշ ասելու կամ գանգատ չունե՞ս տիրոջդ վրա։

Տղան ձայն չի հանում։

Երկրորդ անգամ ասում է տղային, բայց դարձյալ պատասխան չկա։

Երրորդ անգամ հարցնում է տղային, թե՝ պատասխա՛ն տուր, խո էլ ոչինչ չունե՞ս ասելու։

Տղան լացակումած ասում է.

― Տե՛ր արքա, ես խղճում եմ նրա զավակներին, ես մտնում եմ նրանց դրության մեջ։ Նրա որդիքը պետք է լացեն, որ իրանց հորը կենդանի թաղում են։ Ես ոչ մի պահանջ չունեմ նրանից և հրաժարվում եմ մի որևէ վարձատրությունից։

Թագավորը կանչում է դահիճներին, թե՝ թողե՛ք վաճառականին, էլ մի՛ կախեք։

Թագավորը կանչել է տալիս քաղաքի հայտնի վաճառականներին և հայտնում, թե այս վաճառականը որքան որ կարողություն ունի՝ կիսեցեք և կեսը տվեք իր գործակատարին։

Այդպիսով, վաճառականի կարողության կեսը տալիս են իր գործակատարին և վերջ տալիս վաճառականի գանգատին։

 

  1. Սովդաքար – վաճառական
  2. Համքար – արհեստակից
  3. Հոգոց – հոգեհանգստյան արարողություն

 

Կարծիք գրել

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code