Տես, աշխարհ, նորածին Նանեն բլոգ ունի: Բարի է:

Երանի քեզ, Նանե, որ Արամ հայր և Արմինե մայր ունես… ու մի մե՜ծ աշխարհ:

Թե ինչու որոշեցի հենց սեպտեմբերի 30-ին ծնվել
Նանե Արամյան . 3 օրական                     

Ուրեմն ես ինձ համար հանգիստ ապահով գտնվում էի մայրիկիս փորիկի մեջ, ու հեչ էլ չէի շտապում միջավայրի փոփոխություն իրականացնելուն: Այնտեղ այնքան լավ էր, այնքան ջերմ, ուտել-խմելն անվճար, տրանսպորտը նույնպես: Այդ շրջանում մենակ մի տարօրինակ օրինաչափություն էի նկատել` օրական մի քանի անգամ (հիմնականում առավոտյան ու երեկոյան) մի ոչ այնքան նուրբ ձայնով ինձ ուղղված բաներ էի լսում: Ճիշտ է, այդ բառերը «բալիկերեն» չէին, բայց տոնից հասկանում էի, որ լավ բան է ասում: Այդ պատճառով էլ ես միշտ արձագանքում էի ներսից այդ ձայնին ձեռքերով և ոտքերով հարվածներ տեղալով: Հետաքրքիր է, բայց կարծես, թե ես էլ իմ մտքինն էի իրեն կարողանում հասկացնել: Հիշում եմ միայն իր ասածներից մի բառ, որը նա առնվազն 10 000 000 անգամ ասած կլինի` «պապա»: Հետաքրքրության համար իրեն հենց այդպես էլ կանվանեմ:
Սակայն մի օր էս մայրիկս ու պապան որոշեցին ֆիլմ նայել: Իհարկե ես էլ էի ուզում նայել, բայց ստիպված էի բավարարվել միայն ֆիլմի ձայնը և պապայի սրամտությունները լսելով: Անկեղծ ասած այդքանն էլ բավարար էր, որ հասկանաի որ շատ տխուր ֆիլմ է: Որոշեցի այդ տխուր տրամադրությունը ցրելու համար սովորությանս համաձայն մի երկու հարվածներ հասցնել մայրիկիս, որպեսզի ուշադրությունը շեղվի ինձ վրա: Չգիտեմ ինչը սխալ արեցի, բայց հերիք չէ ֆիլմն անջատեց, նաև իմ չարության համար ինձ իմ տաքուկ և կենցաղային ամենալավ պայմաններիվ համալրված միջավայրից տեղափոխեցին ավելի մեծ, անծանոթ և բազմաթիվ մարտահրավերներով լեցուն միջավայր:
Ուրեմն, ինչպես վերջերս բազմաթիվ սոցիալական միջոցառումներում են ասում, ես ընդունում եմ մարտահրավերն ու մարտահրավեր եմ նետում բոլոր ալարկոտ երիտասարդներին` պահանջելով ինձ շոտափույթ ընկերներ, եղբայրներ ու քույրեր պարգևել….

Կարծիք գրել