Ռոդարիական ստուգատես

 

Ջանի Ռոդարի

Ալիսա-գլորիկը

Հիմա ես քեզ կպատմեմ Ալիսա-Գլորիկի մասին: Ինչո՞ւ են նրան   «Գլորիկ»  ասում: Որովհետև նա շարունակ գլորվում- ընկնում է, շարունակ ու ամեն տեղ: Մի անգամ պապիկը փնտրում է նրան, որ պարտեզ տանի.

_Ալիսա՜… , որտե՞ղ ես:

_Այստեղ եմ, պապի՜կ:

_Ո՞րտեղ՝ այստեղ:

_ Եսիմ…:  Զարթուցիչի մեջ:

Այո՛, պատկերացնո՞ւմ ես, զարթուցիչի մեջ էր…Նա ուզել է իմանալ, թե ի՞նչն է այնտեղ շարունակ տկտկում: Այնքա՜ն է ուզել, այնքան, որ բացել  է ժամացույցի ետևի դռնակը և մի ակնթարթում ընկել անիվների ու զսպանակների մեջ:  Հիմա նա ստիպված է շարունակ ցատկոտել անիվի մի ատամից մյուսը, որ  ընկնի խելացի պտուտակների տակ, որոնք հա պտտվում են և կրկնում.«Թի՛կ-թա՛կ, թի՛կ-թա՛կ…»:

Մի անգամ էլ պապիկը կանչում է նրան նախաճաշի.

_Ալիսա՜… Որտե՞ղ ես:

_Այստեղ եմ, պապի՜կ:

_Ո՞րտեղ՝ այստեղ:

_Դե այստե՛ղ էլի, հենց կողքիդ՝ շշի մեջ…:

_Ինչպե՞ս  ընկար այդտեղ:

_Ես շատ ծարավեցի, հետո, երբ ուզեցի շշից ջուր խմել, հանկարծ՝ թրը՛մփ… Եվ ընկա մեջը…

Այո՛, նա ընկել էր ջրով լցված շշի մեջ և հիմա   շարունակ ոտքերն է շարժում ու թիավարում է ձեռքերով, որպեսզի չխեղդվի: Դեռ լավ է, որ ամռանը, երբ նրան տարել էին Սպերլոնգ: Հենց այդ Սպերլոնգում էլ  ա Ալիսան  սովորել էր գորտի նման լող տալ:

_Մի քիչ դիմացիր, հիմա ես քեզ կհանեմ:

Պապիկը շշի մեջ բարակ թոկ իջեցրեց: Ալիսան ճարպկորեն բարձրացավ այդ պարանով և դուրս եկավ շշից:  Հենց այդ ժամանակ էլ նա հասկացավ, թե որքան օգտակար է մարմնամարզությամբ պարապելը:

Մի անգամ էլ Ալիսան կորավ: Ե՛վ պապիկն էր նրան փնտրում, և՛ տատիկն էր նրան փնտրում, և՛ հարևանուհին էր փնտրում, այն հարևանուհին, որ ամեն օր գալիս էր նրանց տուն՝պապիկի լրագիրը կարդալու և այդպիսով քառասուն լիրա տնտեսելու:

_Տեր Աստված, այ քեզ դժբախտություն,-շշնջում էր սարսափահար տատիկը: -Ի՞նչ պիտի անենք, եթե չգտնենք նրան մինչև հոր ու մոր վերադարձը:

_Ալիսա՜… Ալիսա՜… Որտե՞ղ ես… Ալիսա՜…:  Բայց այս անգամ Ալիսան չէր պատասխանում և չէր էլ կարող պատասխանել: Խոհանոցով ճանապարհորդելիս  նա իր հետաքրքրասեր քիթը խոթեց այն արկղի մեջ, որտեղ պահում էին սփռոցներն ու անձեռոցիկները: Ուզեց նայել արկղի մեջ, և, իհարկե, գլորվեց ներս: Գլորվեց ու… քնեց փափուկ սփռոցների մեջ:  Ինչ-որ մեկը անցնելիս դարակը ետ հրեց: Հա՜,  ո՞ւմ մտքով կանցներ, որԱլիսան այնտեղ է: Երբ նա արթնացավ, տեսավ, որ շուրջը մութ-մութ է: Ալիսան  բոլորովին էլ չվախեցավ. Մի անգամ նա գլորվել էր լվացարանի խողովակը, ա՛յ, այնտեղ շատ ավելի մութ էր… «Շուտով երևի ընթրիքի համար սեղան կգցեն, կուզենան սփռոցը հանել ու կգտնեն ինձ»: Բայց ինչպե՞ս կարող էր մեկնումեկը մտածել ընթրիքի մասին, երբ Ալիսան կորել էր: Դե իհարկե՝ ոչ-ոք էլ  չհիշեց ընթրիքի մասին: Երեկոյան, երբ վերադարձան Ալիսայի հայրիկն ու մայրիկը, նրանք բարկացան տատիկի ու պապիկի վրա:

_Այդպե՞ս եք դուք երեխա խնամում:

_Մեր երեխաները լվացարանների մեջ չէին գլորվում,-արդարացան պապիկն ու տատիկը:-Մեր ժամանակներում երեխաները շա՜տ-շատ մահճակալից էին ցած ընկնում, բայց դրանից   առանձին վնաս չէր լինում, միայն ճակատներին մի փոքրիկ ուռուցք էր գոյանում:  Խեղճ Ալիսան սպասելուց ձանձրացավ, նա մի կողմ քաշեց սփռոցներն ու անձեռոցիկները, հասավ դարակի հատակին և ամբողջ ուժով սկսեց ոտքերով դոփել հատակը: «Թը՛խկ… թը՛խկ… թը՛խկ…»

_Սսս…,-ասաց հայրիկը,-ոնց որ թե ինչ-որ տեղ թակում են:

Ալիսան սկսեց ավելի ուժեղ թակել՝ թ՛խկ… թը՛խկ… թը՛խկ…:

Դու  պետք է տեսնեիր, թե ինչպես էին նրան գրկում ու համբուրում, երբ գտան դարակում…:  Իսկ Ալիսա՞ն… Նա օգտվեց առիթից և գլորվեց հայրիկի բաճկոնի գրպանը:   Երբ նրան հանում էին այնտեղից, նա ամբողջությամբ ներկված էր թանաքով, որովհետև խելքին փչել էր խաղալ հայրիկի ինքնահոսով:

 

 

 

 

Կարծիք գրել