Քոլեջիստները բարեկամացել են Սեբաստացիկների հետ…
Կարինե Հովհաննիսյան
Այսօր առավոտյան կրկինՆոր դպրոցի 6 տարեկանների խմբում էինք: Մեզ հետ էր նաև տիկին Աիդան: Լուսինեն, Հասմիկը և նրանց սաները մեզ ուրախ ընդունեցին: Մենք երկու հրաշալի խաղ էինք տարել: Ջա՜ն խաղ: Ախր խաղ չէր է՜, իսկական հաճույք…
Նախ սաները Բարի Լույսը իրար փոխանցել սովորեցին: Նրանք իրենց փոքրիկ թաթիկներով, մենք՝ մեր ձեռքերով Բարի Լույս տվեցինք-առանք՝ զգույշ, որ հանկարծ այդ Բարին չչարանա: Բոլորս իմացանք, որ մեր բռերի մեջ լիքը բարիներ կան, դրանք շատանում են, երբ մի քիչ ընկերոջդ կամ ուրիշ մեկին ես տալիս, միասին պարզեցինք, որ ամեն առավոտ բարին իջնում է, որ մենք տալու բան ունենանք:
Հետո սկսվեց երկրորդ խաղը, մի խումբը նստեց շրջանաձև, մյուսները կանգնեցին նստածների գլխավերևում: Կանգնածներից յուրաքանչյուրը մտաբերում էր, թե ինչ հաճելի խոսք է ասում մայրիկը կամ հայրիկը իրեն և դա շշնջում էր նստածներից յուրաքանչյուրին՝ արևս, կյանքս, մեռնեմ ջանիդ, սիրունս, համովս, ջիգյարս, քախցրս, ահա այն անուշ խոսքերը, որ մեր մայրիկներն են շշնջում՝ լցրեց մեր այսօրը: Ինձ վրա զգացի, թե ինչ դրական լիցքերով սկսվեց օրս: Հրաշալի առավոտ էր: Շնորհակալությու՜ն:
Կարծիք գրել