Դիմում եմ քեզ, որ սիրում ես կարդալ, ուզում ես պատմել քո կարդացածի մասին: Արի «Պարտեզ» ամսագրի «Ամառային ընթերցարան» բաժնում միասին ներկայացնենք հետաքրքիր ստեղծագործություններ (հատկապես մինչ այժմ չթարգմանված մանկական օտարալեզու ստեղծագործություններ), հետաքրքիր պատմություններ ամեն ինչի մասին:
Քեզ դուր եկած ստեղծագործությունը, պատմությունը կամ դրա հղումը կարող ես ուղարկել [email protected] հասցեին՝ նշելով
հեղինակը
ո՞ւմ մասին է ստեղծագործությունը (պատմությունը)
ինչի՞ մասին է ստեղծագործությունը (պատմությունը)
ինչո՞ւ եմ խորհուրդ տալիս կարդալ:
Այս անգամ ներկայացնում ենք «Մանուշակագույն փիսոն» հեքիաթը:
հեղինակը՝ Դ. Սոկոլով
Ստեղծագործությունը (պատմությունը) տարօրինակ մի փիսոյի մասին է, որին ոչ ոք չի հասկանում, բայց բոլորը փորձում են դաստիարակել:
Ստեղծագործությունը (պատմությունը) բարության, ընկերության, անսովոր լինելու, ուրիշներին հասկանալու մասին է:
Ինչո՞ւ եմ խորհուրդ տալիս կարդալ՝ որ մի՜ քիչ սովորենք մեր կողքի մարդկանց գույները տեսնել:
Նաև ավելացրել եմ կրթահամալիրի 5-12 տարեկանների մտքերն ու ստեղծագործությունները, որ «ծնվել են» հեքիաթը լսելուց հետո:
Մանուշակագույն փիսոն
Մանուշակագույն փիսոն միայն Լուսնի լույսի տակ էր թաթերը լվանում:
|
«Փիսոն» 5-6 տարեկանների խմբում
_Ես մանուշակագույն լիքը շոր ունեմ, կտամ փիսոյին:
_Իմ մաման ամեն առավոտ ասում ա` լվացվի, ես ջղայնանում եմ, բայց լվացվում եմ:
_Ես արևի լույսի տակ եմ լվացվում, ճիշտն էդ ա:
_Ո՞վ ասեց: Լուսնի լույսի տակ ավելի հետաքրքիր է:
_Ի՞նչ գիտես, դու հո մանուշակագույն փիսո չես:
_Գիտեմ… (նեղացած):
_Վարազն ու ագռավը լավը չէին, լուսինն էր լավը, որ օգնեց փիսոյին:
_ Որ փիսոն գիշերն էր լվացվում, ավելի հետաքրքիր էր:
_Ես էլ փիոյի տեղը գիշերը կլվացվեի: Մամաս ասում ա, որ լավ չի, որ բոլորի նման ես անում ամեն ինչ:
_Ամենավատը վարազն էր, նախանձ էր: Իրեն չեն թողել գիշերը արթուն մնա, ինքն էլ փիսոյի վրա է նախանձը թափում:
Ես այսպես եմ կարծում… 9-12 տարեկաններ
Փիսոն ինձ շատ դուր եկավ, որովհետև ինքը հասկացավ, որ միայն Լուսնի լույսի տակ չեն լվացվում, կարելի է նաև տաք Արևի լույսի տակ լվացվել:
Փիսոն հետաքրքիր էր, որովհետև մուկ չէր բռնում, ուտում, այլ Լուսնի լույսի տակ լվացվում էր:
Փիսոն շա~ա~տ սիրուն էր, որովհետև մանուշակագույնն իրեն շ ա~ա~տ էր սազում: Իսկ վարազն ու ագռավը խոզ էին, որովհետև վատ բաներ էին ասում: Նրանք մանուշակագույն չեն լինի: Մանուշակագույն փիսոն բարի էր, որովհետև համ կարողանում էր օճառով լվացվել, համ էլ լվացվում էր ոչ թե բոլորի նման` Արևի լույսի տակ, այլ` Լուսնի: Դրա համար էլ մանուշակագույն էր:
Մանուշակագույն փիսոն բարի էր, որովհետև Արևին ասաց.
–Ինչ փափուկ ես դու ու տաք:
Ես էլ եմ ամեն օր լվացվում, բայց մանուշակագույն չեմ: Երևի հենց Լուսնի լույսի տակ լվացվեմ, ես էլ կդառնամ փիսոյի նման մանուշակագույն:
Փիսոյի Կատու – մաման կապույտ գույնի էր, դրա համար էլ Փիսոն մանուշակագույն էր:
Ո’չ, Փիսոն մանուշակագույն չէր, ուղղակի որ գիշերներն էր լվացվում, դրա համար գիշերվա գույնը կպել էր իրեն: Ցերեկներն էլ, հենց Արևը դուրս էր գալիս, հերթով ծիածանի բոլոր գույներով փոխվում էր: Աչքերը ցավում էին արդեն շատ գույներից, դրա համար էլ գիշերներն էր լվացվում ու հանգստանում:
Իմ կարծիքով մանուշակագույն փիսոն շատ ամաչկոտ էր: Դրանից էլ առաջացել էր նրա անհասկանալի վարվելաձևը: Նա իր գործերն անում էր միայն գիշերը ու չէր էլ ճանաչում արևին:
Չար մտքերը մարդկանց վնաս են տալիս: Որքան կարելի է, պետք է բարի, դրական մտքեր տալ, բաժանել:
Լավ էր, որ իսոն մյուսների նման չէր: Մյուսները դրանից բարկանում էին: Բայց դա իրենց գործն էր: Ես կարծում եմ, որ փիսոն մանուշակագույն պիտի մնար:
_Փիսոյի մայրը շատ էր անհանգստանում բալիկի համար: Ճիշտ է, վարազը խիստ խորհուրդ տվեց` ականջները ոլորել, բայց երբեմն պետք է խիստ լինել: Դա իմ փորձից եմ ասում. երբ չեմ լսել մեծերին, փոշմանել եմ:
Ագռավը զուր տեղը վիրավորեց փիսոյին: Մի՞թե սխալվել, նշանակում է հիմար լինել:
Փիսոն ամաչկոտ էր կամ ուրիշ բան: Նրան օգնել էր պետք, և լուսինը ճիշտ օգնեց, ոչ թե վիրավորեց:
«Մանուշակագույն փիսոյից» ծնված այլ փիսոներ
Մանուշակագույն փիսոն
Փիսոն կապույտ էր, բայց այնքան էր սալոր կերել , որ դարձել էր մանուշակագույն: Նա լողանում էր մանուշակի ջրով, նրա օճառը մանուշակի ծաղիկներից էր: Նա ութ ձագուկ ուներ:
Նրա ձագուկները տարբեր գույների էին: Իսկ իր երգած երգերը ծաղիկներից էին: Ես կուզենայի լինել այնտեղ, որտեղ ապրում է մանուշակագույն փիսոն:
Մի մանուշակագույն փիսո
Մի մանուշակագույն փիսո կար: Այդ փիսոն շատ ծույլ էր, նա շատ էր սիրում անձրևով լողանալ, նրա ձագուկները իր պես մանուշակագույն էին: Այդ փիսոն միայն առավոտյան էր քնում, իսկ գիշերները արթուն էր մնում, որպեսզի նայեր լուսնից ընկնող թեյնիկին: Թեյնիկի մեջ հետաքրքիր հեքիաթներ կային: Թեյնիկի մեջ մի արկղ կար, իսկ արկղի մեջ` մի մեծ պատմություն, որը շատ էր դուր գալիս փիսոյին: Փիսոն մի գիրք ուներ, որի մեջ գրված էր այդ արկղի պատմությունը: Այդ գիրքը փիսոն միշտ կարդում էր: Պատմությունը հայրիկի և մայրիկի մասին էր: Ու գիտեք` փիսոն Աթոռ անունով քույր ուներ:
Ալարկոտ մանուշակագույն փիսոն
Մանուշակագույն փիսոյի մայրիկը ասաց, որ գնա դասերը սովորի: Բայց, քանի որ նա շատ ծույլ էր, ոչ մի բան չէր անում: Եվ մի օր էլ նա հոգնած տուն եկավ, մայրիկը կանչեց փիսիկին, բայց նա քնած էր, որովհետև նա ալարում էր ալարել: Քանի որ շատ – շատ ծույլ էր, նա անընդհատ ուզում էր փուչիկի մեջ մնալ: Բայց մի օր փուչիկը պայթեց, այդ փուչիկից վայր ընկավ: Եվ մի օր էլ փիսոյի ընկերները նրան բակում խաղալու կանչեցին: Փիսոն ասաց, որ հոգնած է և չի ուզում խաղալ: Ընկերները ծիծաղեցին: Փիսոն հետո հասկացավ, որ ամեն ինչ սխալ է արել, որ անհրաժեշտ է դասատու դառնալ և բոլորին ալարկոտություն սովորեցնել:
Կարմիր փիսոն
Կարմիր փիսոն խաղում էր ծտի հետ: Մի արևոտ օր ծիտը հարցրեց փիսիկին.
-Հետաքրքիր է, դու ինչո՞ւ ես կարմիր:
– Ես էլ չգիտեմ: Ես սիրում եմ արևի շողերի տակ լվացվել:
-Լա’վ, ասաց ծիտն ու շարունակեց կիսատ թողած գործը. ընկերների հետ քուջուջ էր անում, հետն էլ ուրախ ծվլվլում էր: Երևի ծիտը ընկերներին պատմում էր իր ոտքը մտած փուշիկի մասին:
Փիսոն փորձեց հասկանալ, թե ինչու է ինքը կարմիր, ախր մայրիկը ոչինչ չէր ասել այդ մասին:
Մեկ էլ երկնքում շողշողաց վառվռուն արևը ու իր կարմիր շողերից մի քանիսը գցեց փիսոյի վրա: Փիսոն հասկացավ, որ արևն է իրեն կարմիր դարձնում: Շնչակտուր վազեց ծիտի մոտ, ուրախ-ուրախ պատմեց այդ մասին ու սկսեց մի լա~վ լվացվել:
Կարծիք գրել