Խաղադարան 3

Խաղ-ներկայացումներ գրական ստեղծագործություններով

 Մեղուն

Խաղացողները բաժանվում են 2 խմբի` մեղուներ և ծաղիկներ:

Խմբերի բաժանվելու համար առաջարկում ենք այս ձևը:

Երկու երեխա իրարից 3-4մ. հեռու են կանգնում: Նրանցից մեկը, ոտնաթաթերը իրար դիմաց դնելով, իրար կպցնելով, 3 ոտնաթաթ առաջ է գալիս: Նույնն անում է մյուսը: Այսպես երեք-երեք ոտնաթաթ առաջ են գալիս, մինչև թաթերը  «հանդիպում» են: Սովորաբար վերջինին  տարածությունը պակասում է, և նա մեկ-երկու թաթ է քայլում: Հենց նա էլ առաջինն է իր ընկերներից մեկին ընտրում իր թիմի անդամ: Հետո մյուսն է մեկին ընտրում: Եվ այսպես հաջորդաբար, մինչև բոլորը կընտրվեն:

Մեղուները աչքերը փակում են, իբր դեռ քնած են: Ծաղիկները թաքնվում են տարբեր տեղերում:

Դաստիարակն սկսում է մեղուներին կանչելով արթնացնել.

_Պըզզա՜ն, պըզզա՜ն, պըզպըզա՜ն,

Պստի՛կ մեղու` տըզտըզա՜ն:

Մեղուներն արթնանում են, ճմլկոտվում, ձգվում և արտասանում.

_Դաշտ ու հովիտ կշրջենք,

Բարձր սարեր կթռչենք:

Սուսան,  սմբուլ կծծենք,

Ու ոտներով թավամազ

Փոշի առած` տուն կգանք:

Խաղավարն ասում է.

_ Ծաղիկները թաքնվել են, նրանց փոշին ինչպե±ս կհավաքեք:

Մեղուների խումբ`

Բը՜զզ,  ծաղիկ-ծաղիկ, որտե՞ղ ես:

Ձայն չկա:

Խումբ`

_  Ծափ-ծաղիկներ, ծալ-ծաղիկներ,

Կարմիր թերթով ալ ծաղիկներ,

Որտե՞ղ եք:

Սա ասելուց հետո մեղուները փնտրում են ծաղիկներին, ով ծաղիկ է գտնում, բերում է խմբասենյակի կենտրոնում գծած մեծ օղակի մեջ կամ պայմանավորված այլ տեղ: Երբ բոլոր ծաղիկները գտնված են լինում, դերերը փոխվում են

Երեխաները կարող են նաև նոր կանոններ ավելացնել:

  Փիսոն

Խաղացողները կանգնում են շրջանաձև: Կենտրոն է գալիս փիսոն: 4-5 երեխա կանգնում է շրջանից դուրս` որպես արձագանք: Բոլորը կքանստում են: Արտասանելիս ոտքի են կանգնում, կրկին կքանստում: Երբ խաղը յուրացնում են, ստացվում է բանաստեղծությանն համապատասխան  ռիթմիկ շարժում:  Սկզբում դաստիարակն է փիսո լինում, որ երեխաները բանաստեղծությունն անգիր սովորեն:

Խումբ` _Փիսոն, փիսոն, մլավան,

(փիսոն մլավում է):

Արձագանք` _Մլավա՜ն,  վա՜ն, վա՜ն, վա՜ն:

Խումբ`  _ Թավրիզ թողեց, փախավ Վան:

(փիսոն վազվզելով պտտվում է շրջանում):

Արձագանք` _Վա՜ն, վա՜ն, վա՜ն:

Խումբ` _Լեզուն թաթխան, երկար պոչ:

(ցույց են տալիս)

Արձագանք` _Պո՜չ, պո՜չ, պո՜չ:

Փիսո` _Ինչ  ուզեցի, ասին` ո’չ

(լաց է լինում):

Խումբ` _Ինչ որ ուզեց, ասին` ո’չ:

Արձագանք` _Ո’չ, ո’չ, ո’չ:

Խումբ` _Փիսոն գնաց գողեգող

(փիսոն քայլում է գողեգող, երեխաներն էլ շշուկով են արտասանում):

Արձագանք` _Գո~ղ, գո~ղ, գո~ղ:

Խումբ` _Փո~րը` դատարկ, սիրտը` դող;

(փիսոն ցույց է տալիս փորն ու սրտի դողը):

Արձագանք` _Դո՜ղ, դո՜ղ, դո՜ղ:

Խումբ `_Դունչը մեկնեց կովկիթին

(կատուն ուրախ-ուրախ դունչը   բարձրացնում է վեր):

Արձագանք` _Թի՜ն, թի՜ն, թի՜ն:

Խումբ (մոտենում են փիսոյին և ձեռքով դիպչում փիսոյի ճակատին):

Փիսո`(լացակումած) _Շերեփն իջավ ճակատիս:

Արձագանք ` _Վա՜յ,  վա՜յ,  վա՜յ,

Շերեփն իջավ ճակատին,

տի~ն, տի~ն, տի~ն:

Խումբ `_Վա~յ,  վա~յ,  վա~յ,

Շերեփն իջավ ճակատին,

տի՜ն, տի՜ն, տի՜ն:

Այս հնարքով կարելի է ցանկացած ոտանավոր խաղալ:

Խաղացողների թիվը՝ 20, որոնք  բաժանվում են 7 և 13 հոգիանոց խմբերի: 7 խաղացողները շրջան են կազմում, դառնում են թակարդ: Մնացածները շրջանից դուրս են մնում. նրանք մկներ են:

Մկները,  իրար գլխի հավաքված, ծափ տալով,  արտասանում են.

_Ծափիկ-ծափիկ, ծափ նաներով,

Փլավ կուենք պուտուկներով,

Գդալ չկա, շերեփ չկա,

Մենք էլ կուտենք մատիկներով:

Թակարդը պատասխանում է.

Ծափիկ-ծափիկ, ծափ նաներով,

Փլավ կուտե՞ք  պուտուկներով

Փլավ չկա, մեծ թակարդ կա,

Դուք ի՞նչ կուտեք մատիկներով:

Սա ասելուց հետո շրջանի երեխաները, առանց իրար ձեռք թողնելու,  ձեռքերը վերեև են բարձրացնում՝ դռներն են բացում:  Մկները վազվզելով մտնում են թակարդի մեջ, դուրս  գալիս:   Խաղավարի ազդանշանից հետո (խփում է դափին), շրջանի երեխաները ձեռքերն իջեցնում են, թակարդը փակվում է: Այն մկները, որոնք չեն հասցնի թակարդից դուրս գալ, բռնված են համարվում և միանում են շրջանին, դառնում են թակարդի մաս:   Երբ թակարդը   մեծանում է  (13-14 երեխա), խաղացողները տեղերով փոխվում են:

Աքաղաղն ու կտուրը

Երկու երեխա կանգնում են իրար  դիմաց, ձեռքերը վեր են բարձրացնում  և կտուրի ձև ստանում: Մի տղա փորի վրա  պառկում է  ՙկտուրի՚ տակ: Երեխաներից մեկն էլ աքլոր է դառնում: Մնացածը հավ մայրիկներ և աքլորիկներ են դառնում և կանգնում կտրի երկու կողմերում: Բոլորն ունենում են համապատասխան գլխարկներ:

Աքաղաղը հիանում է ինքն իրենով, ձգվում-փքվում:  Տղան ՙկտուրի՚ տակից նայում է աքաղաղինգ

Տղա՝  _Մի աքաղաղ`

Կարմրապեծիկ,

Իր ոտքերը`

Երկա~ր ու ձիգ:  ( ցույց է տալիս աքլորին):

Աքաղաղ` (խիստ հպարտ)

_Ես` աքաղաղ կարմրապեծիկ,

Իմ ոտքերը`

Երկա~ր ու ձիգ:

Աքլորներն ու հավերը ցույց են տալիս աքլորին և կրկնում.

Աքլորներ ու հավեր`

_Դու`  աքաղաղ`

Կարմրապեծիկ,

Քո ոտքերը`

Երկա~ր ու ձիգ:

Տղա ` _Կտրին տալով`

Վեր-վեր ձգվեց

Ու զարմանքով

Ի՞նչ հարց տվեց:

Հավիկ մայրիկներ (դիմում են աքլորներին)

_Ու զարմանքով

Ի՞նչ հարց տվեց:

Աքաղաղներ (դիմում են հավերին)

_Ու զարմանքով

Ի՞նչ հարց տվեց:

Աքաղաղ` _ էս ո՞նց է որ

Ես զոռ տալիս,

Էս կտուրը

(կտուրը շարժվում է )

Էս կտուրը

Փուլ չի գալիս:

Ու կտուրը փուլ է գալիս, բոլորը փռվում են հատակին:

 Առավոտը գյուղում

Արեգակը դուրս է եկել                   Ձորում առուն քչքչում է

Պսպղալով,                             Վշվշալով,

Շողքը երդից ներս է ընկել             Ծույլ տղայի քունն է տարել

Շողշողալով,                           Խռմփալով,

Ծիտը ծառին կչկչում է                  Տրեխները շունն է տարել

Ծլվլալով,                                Մռմռալով:

Խաղավարն արտասանում է 1-ին քառատողը.

Արեգակը դուրս է եկել

Պսպղալով,

Շողքը երդից ներս է ընկել

Շողշողալով…

Բացատրում է` ինչ է երդիկը, միասին պարզում է, թե շողը ինչպես ներս կմտնի  երդիկից:

Այդպես` մնացած 2 քառատողերն էլ են լսում:

Հետո խաղացողները  բաժանվում են 4 խմբի` ձայն տվողներ, հարցնողներ, հաստատողներ և ուրախացողներ:

Խաղավարը միանում է ձայն տվողների խմբին, որ երկտողերը հուշի:

Ձայն տվողների խումբը ձայն է տալիս.

_ Արեգակը դո՜ւրս է եկել

Պսպղալով:

Հարցնողների խումբը հարցնում է.

_ Արեգակը դո՞ւրս է եկել

Պսպղալով:

Հաստատողները հաստատում – պատասխանում են.

_ Արեգակը դո’ւրս է եկել

Պսպղալով:

Ուրախացողների խումբը ուրախացած, ոգևորված, թռվռալով բացականչում է.

_ Արեգակը դո՜ւրս է եկել

Պսպղալով:

Հետո սկսում ենք 2-րդ քառատողով խաղալ:

Եվ այսպես մինչև ոտանավորի ավարտը:

Խաղի զարգացում.

Այսպես`

Ձայն տվողներն ասում են.

_Ա՜յ մարդիկ,

Արեգակը դուրս է եկել

Պսպղալով,

Տեսեք, է՛,

Շողքը երդից նե՜րս է ընկել

Շողշողալով:

Հասրցնողները.

_Ճի՞շտ, շողքը երդից նե՞րս է ընկել

Շողշողալով:

Հաստատողներ.

Ճիշտ է, ճիշտ է,

Արեգակը դուրս է եկել

Պսպղալով,

Ճիշտ է, ճիշտ է,

Շողքը երդից նե~րս է ընկել

Շողշողալով:

Վերջում արդեն   երաժշտություն են հորինում ոտանավորի համար և երգում:

  Պոչատ աղվեսը

Մինչև խաղալը երեխաները ստվարաթղթից կամ այլ նյութերից պատրաստում են խաղի առարկաները` պոչ, կաթի սափոր կամ ժամանակակից կաթի տարա, սափոր, ուլունք, խոտ, հոսող ջուր, ձու, կուտ:

Խաղացողները բաժանվում են 2 խմբի:  Խմբերում դերաբաժանում են կատարում` տատ, աղվես, կով, արտ, աղբյուր, աղջիկ, չարչի, հավ, կալվոր: Երկու խմբերում էլ յուրաքանչյուր հերոս վերցնում է համապատասխան առարկա` տատը` պոչ, աղբյուրը` ջուր, արտը խոտ…: Երկու խմբերը իրար զուգահեռ են կանգնում: Թիմերի  անդամները  կանգնում են մի գծով` իրարից  մոտ մեկ մետր հեռավորության վրա, կերպարները խառն են կանգնում` ոչ հեքիաթի հերթականությամբ:  Խաղն սկսվում է հեքիաթի վերջից: Խաղավարի հրահանգով թիմերի աղվեսներից յուրաքանչյուրը   իր թիմի կալվորից վերցնում է կուտը, տալիս  հավին, հավից ձուն վերցնում է, տալիս  չարչուն, չարչուց ուլունքը տալիս է աղջկան, այսպես, մինչև տատից պոչը  վերցնում է, գալիս կանգնում  խաղավարի մոտ: Հաղթում է այն թիմը, որի աղվեսն առաջինն է հասնում խաղավարին:

Խաղը զարգացվում է

  •    Հերոսները հերթով միանում են աղվեսին և գնացքի վագոնների նման ուղեկցում նրան: Այսպես` կալվորը կուտը տալիս է աղվեսին և գնում նրա ետևից` բռնելով նրա զգեստի ծայրից, հավը ձուն է տալիս աղվեսին և  բռնում  կալվորի զգեստի ծայրից, չարչին ուլունքն է տալիս և բռնում հավի զգեստից: Վերջում գնացք է ստացվում և գնացքն է կանգնում խաղավարի մոտ:
  •     Սկզբում թիմերը առանձին-առանձին են կանգնում: Հետո կարող են խառը կանգնել, աղվեսը պիտի ընտրի և  խաղա իր թիմի հերոսների հետ:
  •     Խաղը սկսում են սկզբից: Աղվեսը մոտենում է տատին, պոչն ուզում է, տատն ուղարկում է կովի մոտ, կովը արտի մոտ…, մինչև հասնում է կալվորին, այնուհետև խաղը շարունակվում է նախկին  ձևով:

 Ծիտը

Նախապես պատրաստում են անհրաժեշտ առարկաները` յուրաքանչյուրից 2-ականգ Դրանք կարող են պայմանական նշաններով լինել` փուշ, լոշիկ, թոնիր, գոգնոց, գառ, կաթի աման, սրինգ, քար, հովվի թիկնոց, հարս, փեսա, հարսանքավորներ,  փոքր գորգ` վրան նստելու համար, սազ, ճյուղեր: Խաղացողները բաժանվում են երկու խմբի, յուրաքանչյուրում` տատ, հովիվ, հարսանիք, աշուղ, ծիտ, ծառ: Իրենց պատրաստած իրերը լցնում են արկղերի մեջ: Տատը, հովիվը, հարսանիքը, աշուղը, ծառը կանգնում են իրարից 1-1,5 մետր հեռու:

Ծիտը  արկղից վերցնում է առարկան և վազելով տանում տալիս է համապատասխան հերոսին: Հաղթում է այն թիմը, որի ծիտը առաջինն է բաժանում բոլոր առարկաները:

Այլ տարբերակ` Ծիտը վերցնում է առարկան, համապատասխան հերոսը վազելով գալիս է, վերցնում իր առարկան և գնում կանգնում իր տեղում:

 Ճամփորդները

Խմբից շուն և աքլոր են ընտրում: Մնացածները աչքները կապում են և ձևացնում, իբր որսորդներ են: Շունն ու աքլորը կանգնում են կենտրոնում` իրարից  2-3 մետր հեռուգ մյուս մասնակիցները չպիտի իմանան նրանց կանգնած տեղերը: Հնչում է երաժշտությունը: Որսորդները փակ աչքերով սկսում են սենյակով մեկ պտտվել: Ով դիպչում է շանը կամ աքլորին, նա խաղից դուրս է գալիս:

Խաղը զարգացվում է`

Խաղից դուրս մնացողը բացում է աջքերը և աղվեսից փախչում, աղվեսն էլ  բռնում է նրան, իր բույնը տանում:

Կերպարային խաղ

 

 Խաղ 4 փուլ  

Բոլոր երեխաներն էլ հայրիկի ու մայրիկի կոշիկները հագնել սիրում  են:   Որ նրանց պես լինեն, որ ավելի բաձրահասակ լինեն  որ  պարզապես ուրիշ լինեն: Վերազգեստավորման խաղը, բացի իր խորհրդանշականությունից, դրանից բխող գրոտեսկային էֆեկտի շնորհիվ միշտ զվարճալի է: Սա  թատրոն է, միշտ հետաքրքիր է ուրիշի զգեստներ հագնելը,  ինչ-որ դեր խաղալը, ոչ քո կյանքով ապրելը, օտար շարժուձևեր կրկնելը:    Ջ. Ռոդարի

Անհրաժեշտ պարագաներ

Պահարան  «Հայրիկ-մայրիկ»  որտեղ հավաքված են երեխաների հայրերի, մայրերի հին հագուստները, կոշիկները, հողաթափերը, որոնք նախապես ախտահանված են:

1-ին փուլ

Երեխաները հագնում են իրենց ուզած հագուստները,  դաստիարակն էլ է զգեստափոխվում, բոլորը դառնում  են «մեծ մայրիկներ կամ հայրիկներ» զրուցում են, թե ինչ են անում ամբողջ օրը, տոն օրերին ինչ են անում, ինչպես են անցկացնում իրենց ՙերեխաների՚ ծննդյան օրերը, ինչ հոգսեր ունեն, ինչն է իրենց բարկացնում, ինչի համար են ուրախանում:  Զրույցից հետո խաղում են «Այլևս չեմ անի» խաղը:

_ Եթե ես իմ հայրիկը լինեի, այսօրվանից այլևս  չէի…

2-փուլ

Երեխաները հագնում են հայրիկի կամ մայրիկի հագուստը, դարձյալ դառնում են ՙմեծ հայրիկ կամ մայրիկ՚: 2-4հոգանոց խմբեր են կազմում և որոշում  ներկայացնել ընտանեկան որևէ իրավիճակ: Դաստիարակը սկզբում  կարող է առաջարկել, թե ինչ տեսարան ներկայացնի խումբը, որպեսզի երեխաները խաղի մեջ մտնեն:

Այսպես` մի խումբը կարող է ներկայացնել,  թե հայրիկն ու մայրիկն ինչպես են ամանորյա սեղան պատրաստում, ինչ են խոսում այդ ընդացքում, ով ինչով է զբաղվում:

Մյուս խումբը կարող է ներկայացնել հայրիկին ու մայրիկին խանութում երեխայի  ծննդյան օրվա նվերը գնելիս:

Մնացած երեխաները դառնում են  հանդիսատեսներ: Երբ բոլոր խմբերը խաղում են իրենց խաղը,  հագուստները չեն փոխում, մնում են հայրիկ-մայրիկ:  Դաստիարակը աննկատ դուրս էգալիս խաղից, կողքից դիտարկում է երեխաների խաղը: Ամբողջ  օրը երեխաները հայրիկ – մայրիկ են մնում, այդ  օրվա ողջ գործունեության ընթացքում իրենց պահում են  դերին համապատասխան`ամեն ինչ անում են ՙհայրիկավարի կամ մայրիկավարի. կերպարանափոխությունը տևում է ամբողջ օրը: Օրվա վերջում երեխաներն ու դաստիարակը որոշում են օրվա անունը, հագնում  իրենց հագուստները և տուն գնում:

3-փուլ

Այս  փուլը պետք  է  խաղալ  հաջորդ  օրը, երբ նախորդ  օրվա  տպավորությունները  դեռ  թարմ  են:  Երեխան  վերցնում  է ծնողի որևէ  հագուստ,  հագնում  է  կամ հագցնում  ձեռքին, դառնում է ՙայդ իրը՚: Երեխաները  խմբեր  են  կազմում  և  խաղում: Մեկը  հողաթափ   լինում  և  իրեն  պահում  է  հողաթափի  նման, մեկ  ուրիշը  գլխարկ  կարող  է դառնալ: Ուսուցիչը խաղին  չի  միջամտում: Երեխաները  խաղում  են  այնպես,  ինչպես  տուն-տունիկ   կամ  իրենց  ծանոթ  այլ  խաղ  կխաղային:

«Գլխարկն» ու «հողաթափը» կարող  են  պարզապես  զրուցել, որևէ  գործ  անել, «պատմություն  խաղալ» իրենց կամ իրենց տիրոջ մասին պատմել: Կարևորն  այն  է, որ  երեխաները  խաղի  մեջ  լինեն  և  կերպավորեն  իրենց  ընտրած  իրը:

4-փուլ

Երբ  երեխաները  կսովորեն  իրենց  ընտրած  իրին, ՙկմտերմանան՚ դրա  հետ, կյուրացնեն,  իրենցը  կդարձնեն  այդ  իրը,  հեքիաթ  կհորինեն  դրա  շուրջ: Հեքիաթն  հորինում  են  խմբով`  մեկը  մյուսին  շարունակելով, լրացնելով:

Ասենք` «Ծակ  ձեռնոցն  ու  մաշված  հողաթափը՚» «Գլխարկն  ու  բարձրակրունկ  կոշիկը», կամ  «Իմ  հայրիկի  կոշիկն  ու  մայրիկի  գոգնոցը»:

 Բակային, ազգային, շարժուն խաղեր

Ափ ու պտղունց

Իրար դիմաց նստելով` խաղացողները մրցում են հետևյալ ձևով: Խաղացողը բաց է անում ձախ ափը և աջ ձեռքի մատները պտղունց անելով`  հենում է ձախ ափամիջին: Հետո բացում է աջ ափը և ձախն է պտղունց անում ու հպում աջ ափամիջին անսխալ կարգով: Գործողությունը կատարվում է ակնթարթային արագությամբ մերթ մեկ, մերթ մյուս խաղացողի կողմից:

Ափ ու բռունցք

Մրցողները ձախ ձեռքը բռունցք են անում և դեպի վեր պարզած   պահում: Աջ ձեռքը բաց վիճակում,  մատերը վեր պարզած, հենում են /թեթև խփում/  ձախի  բռունցքին: Ապա արագ փակելով աջ ափը, բաց են անում ձախ ձեռքը և խփում աջ բռունցքին:

Մատնամիջի կամ միջնամատի

Մեկը ձախ ձեռքը ամփոփում է աջ ձեռքի մեջ այնպես, որ մատների ծայրերն են երևում /մատները խաչվում են/, և ցույց տալով խաչված ձեռքերը` խաղակցին հարցնում էգ

_Միջնամատիկ ո±ր մատիկ:

_Ա’ռ մատիկ միջնամատիկ,- ասում է խաղակիցը և ցույց տալիս միջնամատը:

Խաղացողը հարցնում էգ

_ Մատնեմատիկ ո±ր մատիկ:

Խաղակիցը, մատը դնելով մատնեմատի վրա, պատասխանում էգ

-Ա’ռ մատիկ մատնեմատիկ:

Այսպես խաղում են այնքան, մինչև նշում են բոլոր մատերը:

 Ծափոցիկ

Երկու խաղացող իրար դիմաց են նստում, ձեռքերը ծնկներին են խփում և համաչափ շարժումով  բարձրացնելով մինչև կուրծքը, ծափ են տալիս և ապա դեմ-դեմի ափերն իրար են խփում, ապա աջ ձեռքերն են իրար խփում, հետո ձախերը,  այնուհետև դարձյալ ծափ տալով ծնկներին են խփում ու նորից սկսում: Այս գործողությունը նախ չափավոր և ուշադրությամբ են կատարում, ապա աստիճանաբար արագացնելով` այնքան շուտ-շուտ են ծափ տալիս,  կարծես  լարված մեքենայից պատրաստված երկու զույգ ձեռքեր են, որ ծափ-ծափի, ափ-ափի, աջ-աջի, ձախ-ձախի զարմանալի ճշտությամբ բախվում են իրար:

Ընթացքում արտասանում են որևէ խաղիկ:

Թզուկներ և հսկաներ

Խաղացողները կանգնում են շրջանով: Երբ խաղավարն  ասում է` հսկաներ և ձեռքը վեր բարձրացնում,  բոլորը բարձրանում են ոտնաթաթերին, իսկ եթե ասում է` թզուկներ և ձեռքերը ներքև իջեցնում, կքանստում են: Խաղավարը խաղի ընթացքում ձեռքերի սխալ շարժումով շփոթեցնում է երեխաներին, պետք է ուշադիր լինեն, ով շփոթվում է, խաղից դուրս է գալիս:

 Զիլինա 

Երեխաները կլոր շրջան են կազմում, իրար ձեռք բռնած` սկսում են պտտվել: Պտտվելու ընթացքում երգում են «Զիլինա-զիլինա, հո՛պ զիլինա, զիլինա»Երբ լսում են «հոպ -զիլինան» պետք է միանգամից բոլորը կքանստեն` առանց ձեռքերը բաց թողնելու: Այն երեխան, ով չի հասցնում կքանստել, անցնում, նստում է շրջանի մեջտեղում, իսկ մյուսները շարունակում են խաղը, մինչև շրջանում կմնա երեք երեխա:

 Թաշկինակ

Երեխաները շրջանաձև կքանստում են:  Նրանցից մեկը վերցնում է թաշկինակն ու սկսում է արագ քայլել շրջանով: Մի քանի պտույտ քայլելուց հետո  թաշկինակն աննկատելիորեն գցում է երեխաներից մեկի ետևը: Ում ետևում գտնվում է թաշկինակը, պետք է արագ վերցնի այն, վազի գցողի ետևից և բռնի թաշկինակ գցողին, իսկ գցողը պետք է հասցնի կքանստել այն տեղում, որտեղ նստած էր թաշկինակ վերցնողը: Եթե մինչ այդ նա բռնվում է, համարվում է պարտված, բռնողը դառնում է թաշկինակ գցող:

 Մուկն ու կատուն 

Խաղում են 20-25 հոգով: Երեխաներից մեկը ընտրվում է մուկ, մյուսը` կատու: Երեխաները ձեռք-ձեռքի բռնած շրջան են կազմում, մուկը վազում է շրջանի շուրջը` կատվից փախչելով: Երեխաները օգնում են մկնիկին, որպեսզի մտնի շրջանի մեջ, որ կատուն չկարողանա բռնել նրան:  Երբ բռնում է, ուրիշ զույգ է դառնում մուկ ու կատու:

Մուկկատու

Երեխաները ձեռք-ձեռքի տված շրջան են կազմում` նախապես մեկին` մուկ, մյուսին կատու նշանակելով: Մուկը դրսից որևէ թևամիջով ներս է մտնում և կատվին խաբս տալով` դուրս է գալիս մեկ ուրիշ տեղով, իսկ կատուն հետապնդում է նրան և նույն տեղերով մտնելով ու դուրս գալով` աշխատում է բռնել նրան և դերը նրա հետ փոխել: Բայց երբ մկանը շուտ բռնելու տենչով կատուն ոչ թե նախորդի անցած ճանապարհով էր անցնում, այլ ուրիշ թևամիջով, այն ժամանակ նրան փոխարինում էր շրջանում կանգնած մեկը` խաղը նույնությամբ շարունակելով:

 Գայլն ու ոչխարը 

Խաղացողներից մեկը դառնում է ոչխար, մյուսը` գայլ: Մնացածները ձեռք-ձեռքի բռնած շրջան են կազմում են, իրենց մեջ են առնում ոչխարին և աշխատում նրան պաշտպանել գայլի հետապնդումներից: Գայլը, մնալով դրսում, հարձակումներ էր գործում շրջափակ կազմողների վրա` ջանալով խզել ձեռքերի շղթան և ներս մտնել ոչխարին բռնելու: Երբ գայլին հաջողվում էր շրջափակը որևէ տեղում կտրել, այդ ժամանակ ոչխարին փախցնում են շրջափակից դուրս և գայլին են բռնում ՙփարախի մեջ՚` հնարավորություն չտալով հասնել ոչխարի ետևից: Եթե գայլին հաջողվում էր ներսից կտրել ներքևի շղթան և դուրս գալ, ոչխարին դարձյալ ներս էին առնում և այսպես շարունակվում էր այնքան ժամանակ, մինչև որ գայլին հաջողվում էր բռնել ոչխարին, որից հետո ոչխարը դառնում էր գայլ, մի ուրիշ խաղացող` ոչխար:

 Գա՛յլ, թող գիշերենք  քեզ մոտ 

Խաղում են 10-15 հոգով: Երեխաներից մեկը դառնում է գայլ, իսկ մնացածը` նապաստակներ: Անկյունում  դրվում է գայլի տնակը կամ որևէ երկրաչափական պատկեր է գծվում /շրջան, ուղղանկյուն…/` որպես գայլի տուն: Նապաստակները մոտենում են տնակին ու ասում գ

_Գա’յլ,  թող գիշերենք քեզ մոտ:

Գայլը գլուխը թեքում է մի կողմ և բարձրաձայն  մտածումգ ՙԼավ,  կթողնեմ, բայց գիշերը կուտեմ՚: Երեխաները մտնում են գայլի տնակը: Խաղավարն  ասում էգ

_Երեկո է, ուշ երեկո: Մոտենում է գիշերը: Արդեն գիշեր է:

Վերջին բառի հետ երեխաները պետք է փախչեն գայլուկից: Գայլը առաջինը ում բռնեց,  նա է գայլ դառնում:

 Գործնագործ 

Երեխաները բաժանվում են երկու հավասար խմբերի (կարող են լինել աղջիկների և տղաների կամ խառը խմբեր): Մի խումբը դառնում է խփողների խումբ, մյուսը` խաղացողների: Խփողները կանգնում են իրարից մի քանի մետր հեռավորության վրա, խաղացողները մտնում են մեջ ու սկսում են խաղալ: Խփողները հերթով փորձում են գնդակով խփել խաղացողներին: Ամեն անգամ, գնդակը մեկին կպչելուն պես, խաղացողը պետք է դուրս գա խաղից:

Երբ խաղի մեջ մնում է մի մասնակից և կարողանում է մինչև տաս հաշիվը խաղալ, բոլոր խաղացողները մտնում են` խաղը շարունակելու, իսկ եթե մինչև տաս հաշիվը չի կարողանում ազատել, իրենք դառնում են խփողներ, իսկ  խփողները` խաղացողներ:

  Աղջիկ փախցնոցի

Երեխաները զույգերով իրար ետևից կանգնում են` զույգերի ձեռքերն վերև պահած` ափերն իրար մեջ: Նրանցից մեկը, ով զույգ չունի, գալիս է առաջ ու, նրանց արանքով անցնելով, բռնում է որևէ մեկի ձեռքից, երկուսով գնում են, կանգնում վերջում, իսկ այն մասնակիցը, ում զույգին  տանում են, գալիս է առաջ ու կատարում նույն գործողությունը: 

Վերևի՞նը, թե՞ ներքևինը

Խաղը խաղում են 30 հոգանոց խմբով: Խաղում են  բակում կամ դաշտում: Բաժանվում են 2 հավասար մասի, երբեմն նույնիսկ չպահպանելով շարքը` նստում են իրար դիմաց: Յուրաքանչյուր կողմ ունենում է որոշ քանակութամբ մանր քար կամ լոբի: Խաղը սկսողը բռունցքներից մեկում մի լոբի կամ քար է պահում և բռունցքներն իրար վրա դնելով` դիմացինին ասում է.

_Վերևի՞նը, թե՞ ներքևինը:

Մյուս խումբը, միասին որոշելով, առաջարկում է բաց անել իրենց ուզած բռունցքը: Պահված լոբին գտնելու դեպքում խմբերի դերերը փոխվում է: Գտնողները ՙհակառակորդնորից՚ նրանց թվով լոբի են ստանում, իսկ չգտնելու դեպքում` իրենք են նրանց նույնքան լոբի տալիս:

Հաղթում է այն խումբը, որը շատ լոբի է հավաքում:

 Ալիսպալիս

Երկու և ավելի աղջիկներ մի խումբ են կազմումգ նրանցից մեկը (վիճակահանությամբ են որոշում, թե` ով)  մի փոքր հեռանում է և երեսը մի կողմ արած, սպասում է հրավերի: Խմբից մեկն էլ իր ափի մեջ պահում է նախապես պայմանավորված որևէ պարագա ` մատնոց, թել,  չիր և այլն: Որպեսզի իրը պահելը խմբից հեռացողին անհայտ մնա, բոլորը միասին բռները սեղմում, դնում էին գետնին:

Խմբից հեռացողն այդ ժամանակ մոտենում է և իր ձեռքը հերթով դնելով ընկերների ձեռքերի վրա` հետևյալ ոտանավորից յուրաքանչյուր ձեռքի համար մի բառ էր արտասանում .

_Ալիս, ալիս,

Մելի յարիս,

Ժամտան դուռը բաց:

Ըստում, ընդում

Մարե տնդում,

Վեր տամ ըստում,

Գտնեմ ընդում:

Եթե ոտանավորի վերջին բառն ընկնի առարկան պահողի ձեռքի վրա,  իրը կմնա գտնողին, իսկ եթե չգտնի, ինքը կտա որևէ առարկա:

Կաղին խաղալ

Խաղում էին  մի խումբ երեխաներով:

Բռի մեջ տեղավորում էին կաղիները, ցույց էին տալիս դիմացինին և հարցնում` զույգ է, թե կենտ: Դիմացինը ճիշտ գուշակելիս ստանում և սխալվելիս նույնքան կաղին էր տալիս պահողին: Իբրև գուշակման նշան էին համարում պահողի ձեռքի երեսի ակոսները, որոնք գոյանում էին բռամիջի կաղիններից:

 Աղվեսուկ 

Խաղացողները ձեռք ձեռքի տված և ոտքերը լայն բաց արած` շրջանաձև կանգնում են: Շրջանից դուրս մնում է երկու հոգի, որոնցից մեկը ստանձնում է  բարակի և մյուսը` աղվեսի դերը: Վերջինս հալածվում է բարակից և ծեծվելու վտանգից խուսափելու նպատակով աղվեսային պտույտներ գործելով` շրջան կազմածներից մեկի ոտքերի արանքով մտնում է շրջանի մեջ: Եթե բարակը բռնում է աղվեսին, նրա դերը ստանձնում է շրջան կազմողներից մեկը:

 Խաշիլ ճաշ 

Երեխաները 10 և ավելի հոգով կիսաշրջան են կազմում, որոնցից առաջինը մայր է կոչվում:  Մեկը թռչուն է դառնում, նստում կիսաշրջանի մեջտեղը, հող կամ ավազ է լցնում դիմացը դրված ամանի մեջ: Կիսաշրջանը մոր առաջնորդությամբ պտտվում է նրա շուրջը: Մայրը թռչունին հարցնում է

_Ա~յ թռչուն, էդ ի՞նչ ես եփում:

_Խաշիլ-փափա,_ պատասխանում է թռչունը:

_Ու±մ համար:

_Իմ ճտերի:

_Կտա՞ս իմ ճտերին:

_Չեմ տա, ինչո՞ւ տամ, թե քաջ են, թող իրենք վերցնեն:

Այս խոսքի վրա մայրը կամ ճտերից մեկը աշխատում է թռչնին հրել և անպայման վայր գցել, ամանը փախցնել: Հաջողվելու դեպքում հրողն ու թռչունը դերերը փոխում են, իսկ եթե ոչ` շարունակում են խաղալ այնքան ժամանակ, մինչև որ հաջողում են:

 Ծուղրուղու 

Խումբը  շրջանաձև պպզում է, իսկ մեկը` մի թաշկինակը ձեռքին, կանգնում է շրջանի մեջտեղը: Վերջինս կոչվում է շուն, իսկ մյուսները` աքաղաղներ: Աքաղաղները այս ու այն կողմից կանգնում,  «ծուղրուղու» են կանչում և իսկույն պպզում: Շունն աշխատում է ձեռքի թաշկինակով խփել աքաղաղին կանգնած ժամանակ: Եթե հաջողվեց, ինքը կդառնա աքաղաղ, իսկ աքաղաղը` շուն:

Պուճաղպուճաղ

Խաղում են 5 հոգով: 4 մասնակիցներ  գրավում է սենյակի անկյունները, իսկ 5-րդը սենյակի կենտրոնում պուտ   է դառնում: Շարժման նշանը տալուն պես անկյունների 4 հոգին անմիջապես տեղափոխություն են անում, իսկ պուտ եղողը ձգտում էր օգտվել տեղաշարժից և գրավել այն անկյունը, որին աշխատում է հասնել դանդաղաշարժ մեկը, և վերջինիս հետ փոխում է իր դերը:

Պուտպուտ

Խաղացողները շրջանաձև պպզում են:  Յուրաքանչյուրի գլխավերևում  կանգնում է մի խաղացող: Պպզողները կոչվում են պուտ,  նրանց երբեմն փոխարինում են փոքր-ինչ մեծ քարեր: Կանգնողներից միայն մեկը պուտ չի ունենում և կոչվում է շուն: Շունը մոտենում է մի պուտի և հարցնում կանգնողինգ

_Ի՞նչ ուտենք:

_Չիր ու չամիչ:

_Որտեղի՞ց ուտենք:

_Գողանանք` ուտենք:

-Ծափ տանք, վազենք, – ասում է շունը:

Եվ երկուսն էլ ծափ են տալիս ու հակառակ կողմերով վազում: Եթե շունը, շրջան անելով, մյուս վազողից շուտ հասավ նրա պուտին, ինքն է լինում նրա տերը, իսկ մյուսը դառնում է շուն և գնում է միևնույն հարցումը տալիս հարևան պուտին: Իսկ եթե շունը չհասավ, դարձյալ մնում է շուն, և գնում է, նույն հարցն առաջարկում մյուս պուտին: Վազելիս եթե մեկը շրջանի միջով անցնի, նրան պատժում են:

 Ես բարձր եմ, դու` ցածր 

Խաղում են 2-ական հոգով` մեծ մասամբ հոգնած մեջքերը հանգստացնելու համար: Խաղացողները կանգնում են մեջքերն իրար կպցրած և երկուսի թևերը մեկը մյուսին շղթայած: Այդ դրությամբ մեկընդմեջ կռանալով`  մյուսին առնում է իր շալակը: Շալակողի հարցումով նրանց միջև տեղի է ունենում հետևյալ խոսակցությունը:

_Տակդ ի՞նչ կա:

_Վերմակ, ներքնակ:

Ապա շալակողն էր հարցնում:

_Վրեդ ի՞նչ կա:

_Աստղ ու լուսնյակ:

Խաղացողները կարող են կամաց-կամաց արագացնել  այդ գործողությունը:

 Աչքկապուկ 

7-20  խաղացողներ իրենցից մեկի աչքերը կապում են և շրջապատելով սկսում կսմթել: Կապվածը ձգտում էր նրանցից մեկին բռնել և իր դերը նրա հետ փոխել:

 Զանգակի խաղ 

Ծառից կամ գետնում ամրացրած փայտից երկու պարան են կապում, խաղացողներից երկուսի աչքերը փակում թաշկինակով ու պարանները տալիս ձեռքերը: Դրանցից մեկի ձեռքում զանգակիկ է լինում, որը սկսում է կամաց-կամաց ծնգծնգացնելով վազել, իսկ մյուսը նրա ետևից է ընկնում, որ լախտով խփի:

Այս խաղը միշտ ծիծաղելի է լինում, որովհետև խաղացողները չտեսնելով` ակամա միմյանցով են ընկնում, կամ թե  լախտավորը, կարծելով, որ զանգակավորը հասել է, լախտը վրա է բերում, բայց բոլորովին  հակառակ կողմն ու դատարկ  օդին է խփում:

Ճլոթ

Վիճակով մեկը կանգնւմ է պատի առջև, ձեռքերը մեջքին տանում, միացնում: Մեկը դառնում է Պապ: Նա թաշկինակով կամ ձեռքով ծածկում է սրա աչքերը: Մյուս խաղացողները  ետևից մեկ-մեկ մոտենում են և խփում նրա ձեռքերին:

Պապը հարցնում էգ

_Ո՞վ է խփողը:

Եթե գուշակում է, խփողը կանգնում է նրա տեղը:

Կարմիր կոճակ

Երեխաները նստում են աթոռներին, ձեռքերը մեկնում են առաջ` ափերն իրար կպցրած: Խաղավարը իր ափի մեջ թաքցնում է կարմիր կոճակը, մոտենում է յուրաքանչյուր երեխայի ու նրա ափի մեջ մտցնելով իր ձեռքերը`  կոճակը թաքուն գցում է երեխաներից մեկի ձեռքերի մեջ: Ընթացքում կարող է որևէ խաղերգ արտասանել: Վերջացնելուց հետո ասում էգ

_ Կարմի՛ր կոճակ, դո՛ւրս արի:

Կոճակ ստացած երեխան պետք է արագ դուրս թռչի, որ իրեն չհասցնեն բռնել: Եթե նրա կողքի կանգնած երեխան կամ մեկ ուրիշը կարողանում է բռնել նրան, դառնում է խաղավար:

 Համրախաղ 

Մանուկները մի քանի հոգով մի մայր են ընտրում, որը նախապես գծված շրջանի մեջ տեղավորվելով, մոտենում է շուրջը կանգնած խաղացողներից մեկին, զանազան ծիծաղաշարժ շարժումներ անում, կանչում է որևէ թռչունի նման ու հրամայում այդ երեխային կրկնել իր արածները հարևանի հետ` առանց ծիծաղելու: Եթե հանձնառուն չի կարողանում ծիծաղը պահել կամ ճշտորեն կրկնել իր ցույց տվածը, բոլորը նրան թեթևակի խուտուտ  են տալիս, իսկ եթե կարողանում է, մտնում է շրջան և շարունակում խաղը:

 Զանգակի խաղ 

Ծառից կամ գետնում ամրացրած փայտից երկու պարան են կապում, խաղացողներից երկուսի աչքերը փակում թաշկինակով ու պարանները տալիս ձեռքերը: Դրանցից մեկի ձեռքում զանգակիկ է լինում, որը սկսում է կամաց-կամաց ծնգծնգացնելով վազել, իսկ մյուսը նրա ետևից է ընկնում, որ լախտով խփի:

Այս խաղը միշտ ծիծաղելի է լինում, որովհետև խաղացողները չտեսնելով` ակամա միմյանցով են ընկնում, կամ թե  լախտավորը, կարծելով, որ զանգակավորը հասել է, լախտը վրա է բերում, բայց բոլորովին  հակառակ կողմն ու դատարկ  օդին է խփում:

 Դաշտի չոբան 

Խաղին մասնակցում է 5-10 երեխա: Երկու ընտրվածներից մեկը հովիվ, մյուսը` գայլ է կոչվում: Գառները  բռնում են իրար փեշից և, երբ գայլը նրանց է մոտենում, գառան պես մայում են: Գայլը նրանց մոտենալիս ասում էգ

_Սարի գել եմ, կտանեմ:

_Դաշտի չոբան եմ, չեմ տա,_պատասխանում է չոբանը:

Գայլը հերթով փախցնում է գառներին, տանում իր բույնը: Հովիվն աշխատում է չթողնել:  Երբ բոլորին փախցնում է, հերթը  հասնում է նաև չոբանին, որին տանելուց հետո խաղը նորոգվում է` գայլի ու չոբանի դերերն ուրիշներին տալով:

 Ոչխարոչխար 

Տղաներից մեկը դառնում է հովիվ, երկուսըª շներ, մեկըª գայլ, իսկ մյուս երեխաները՝  ոչխար, այծ ու գառ: Իրարից 50-80 քայլ հեռավորության վրա ոչխարների համար մակաղատեղ / գիշերը հավաքվելու տեղ/ և գայլի համար՝  բույն են գծում: Երևակայում են, թե մութը վրա է տալիս: Հովիվն արոտից ոչխարը մակաղատեղ է բերում: Բոլորը պառկում և քնած ձևանում: Գայլը գաղտագողի գալիս ու հանդարտիկ մտնում է մակաղատեղը և բռնում որևէ ոչխարի, որը պարտավոր է հնազանդորեն հետևել իրեն: Այդ ժամանակ ոչխարի քնած հոտը խրտնում, դես ու դեն է փախչում, որից հովիվն ու շներն արթնանում են: Հովիվը շներին հո¯յ, հո¯յ, հո¯յ բացականչությամբ հորդորում է գայլին բռնել և ոչխարն ազատել, իսկ գայլը ձգտում է րոպե առաջ ոչխարին հասցնել իր բույնը: Երբ շները գայլին հասնում ու բռնում են մինչև բույնը հասնելը, ոչխարն ազատում են, հակառակ դեպքում ոչխարը մնում է նրա մոտ:

Խաղը այդպես պարբերաբար կրկնվում է, մինչև որ գայլը բռնվում է, կամ ընդհակառակը, ոչխարն է սպառվում:

 Գելգել

Երեխաներն իրենց գլխարկները ոչխար են համարում և շարքով, իրարից երկու քայլ հեռու, գետնին դնում: Գլխարկատերերը՝ որպես շներ, նստում են քիչ հեռու`գլխարկ – ոչխարների ետևը և հսկում ընդհանուրին: Նրանցից մեկը դառնում է հովիվ£ Ոչխարներից 30-40 քայլ հեռու գայլն է տեղավորվում իր բնով: Նա տոտիկ-տոտիկ գալիս, մոտենում է ոչխարին, մեկ-մեկ վերցնում, հոտոտում է, ապա միամտացնելով շներին՝  ուզում է խաբել – փախցնել ՙգլխարկ – ոչխարը: Շներն իսկույն վեր են ցատկում: Գայլը, եթե վստահ չի լինում, թե կարող է ոչխար փախցնել, իսկույն գլխարկը վայր է դնում, որ շները նստեն: Ապա անցնում է հաջորդ  «ոչխարը» հոտոտում է, կամ տեղն է դնում, կամ նորից է փորձում և հարմար վայրկյանին փախցնում մի ոչխար: Հովիվն անմիջապես աղմուկը գցում է, շներին հրահրում և վերջիններիս հետ հետապնդում գայլին:

Եթե գայլին կեսճանապարհին բռնում են, ոչխարը ետ են առնում, և նրան ՙծեծում՚, եթե գայլին հաջողվում է բռնվելուց խուսափել և ՙոչխարը՚ բույնը հասցնել, սրա տեր շանը ևս տեղափոխում է իր բույնը: Աստիճանաբար բոլորին այս ձևով իր բույնը տանելու դեպքում  գայլը հաղթող է համարվում, և նրա դերը հովվի հետ փոխելովª խաղը նորից են սկսում:

 Գդակ թռցնել 

Խաղում են 8-10 հոգիանոց երկու խմբով: Խմբերը կանգնում են 50 քայլ իրարից հեռու սահմանների վրա: Վիճակահանությամբ խաղն սկսող խմբից մի հոգի գալիս է մյուս խմբից մեկի գլխարկը հանկարծ թռցնում ու փախչում՝ հասնելու իր խմբին: Գլխարկատերը պետք է հասնի և նրան ձեռքով դիպչի մինչև տեղ հասնելը: Այդ գործողությամբ գլխարկն ազատում է և խաղը շահում: Հակառակ դեպքում ինքը գերվում է, իսկ խումբը տանուլ է տալիս:  Խաղը վերսկսում է շահող խումբը:

Խաղը շարունակում են, մինչև խմբերից մեկը գերի մյուսի բոլոր անդամներին:

 Թաթիկլաթիկ 

Խաղացողները բաժանվում են 2 խմբի: Խաղում են ընդարձակ և հարթ վայրում: Խաղահրապարակի կեսից անցնում է մի սահմանագիծ, որի երկու կողմերում՝ իրարից որոշակի հեռավորության վրա, կանգնում են խաղացողները: Սահմանի մի կողմից մի երեխա  (մարտիկ) է դուրս գալիս և առանց սահմանագիծը անցնելու՝  գծի երկարությամբ իր խմբի կողքին վազում և աշխատում է մյուս խմբի երեխաներից մեկի շորին՝ լաթիկին, իր ձեռքով (թաթիկով) կպչել: Խաղացողը, հակառակորդի շորին ձեռք տալով, նրան շարքից հանում է և քարացնում:

Մյուս կողմի մասնակիցները, հետևելով նույն կանոններին, առանց խախտում անելու, փորձում են բռնել մյուս կողմում խաղացողի թաթիկը և տանում իրենց կողմն ու քարացնում: Հետո մյուսն է դուրս գալիս և շարունակում խաղը: Երբ ամեն կողմից մի հոգի է մնում, այդ երկու խաղացողները գալիս են կենտրոն և իրար զուգահեռ երեք գիծ գծում: Մեջտեղի գիծն ազատ է մնումգ խաղացողները իրենց ոտնածայրերը եզերքի երկու զուգահեռներին հասցնում, ապա աջ թաթիկներն իրար տալով՝ սկսում են միմյանց քաշել: Մրցակցին իր սահմանի մեջ քաշել կարողացողի խումբը հաղթող է ճանաչվում:

Արդարմեղավոր

Խաղացողներից մեկը գայլերի առաջնորդ (պետ) է ընտրվում, մյուսը՝ գառների: Կարող են խմբերին տարբեր անուններ դնել` կրակ ու ջուր, ոտք ու ձեռք… Երրորդ մասնակիցը դառնում է անուն դնող, որը մյուս բոլոր խաղացողներին անուններ է դնումª քնած մոծակ, կորած մրջյունգգգ : Անուններ դնելուց հետո  անուն դնողը գնում նստում է գայլերի և գառների առաջնորդների մեջտեղում, որոնք, հերթով նրա ՙդուռը՚ ծեծելով, սկսում են հետևյալ երկխոսությունըգ

_Չը՛խկ-չը՛խկ:

_Ո°վ է:

_Գայլն եմ:

_Ի՞նչ ես ուզում:

_Ես քնած մոծակ եմ ուզում…:

Տրված անվան տերն անմիջապես գալիս է և նստում  գայլերի ետևը: Ապա գառների պետն է դուռը ծեծում և հարցնումգ

_Չը՛խկ-չը՛խկ:

_Ո°վ է:

_Գառն եմ:

_Ի՞նչ ես ուզում:

_Ես ուզում եմ գգգկոտրած խաղալիք:

_Չկա:

_Ես ուզում եմ կորած մրջյուն…:

Կանչվածը գալիս, նստում է գառների պետի ետևը: Եվ այսպես պետերը երկխոսությունը կրկնում են մինչև վերջին անվանատերը, որից հետո 2 խմբի բաժանված մասնակիցները, իրար մեջք բռնած, շղթա են կազմում, սկսում են խմբերով իրար քաշել: Որ խմբին որ հաջողվում  է շղթան կտրել և մասնակցին քաշել իր կողմ, այդ խումբը ճանաչվում է հաղթող:

 Հինգ այծատեր 

Խաղում է 5-10 երեխա:

Նրանք, առանց իրար ձեռք բռնելու, շրջան են կազմում: Մեկը ձևանում է 1, երկրորդըª 3, երրորդըª 5 այծի տեր, ապա հաջորդաբարª 7, 10, 15: Նրանցից յուրաքանչյուրը պետք է հիշի իր այծերի թիվը: Խաղն սկսելիս խաղակիցներից մեկը հայտարարում էգ

_Գյուղին հարկ է եկել, ո՞վ պիտի տա:

_Թող երեք այծատերը տա,- պատասխանում է  մյուսը:

_Հաշվիր գյուղի վրա, թող գյուղը տա, երեք այծատերն ինչու± տա,_վրա է տալիս երեք այծատերը:

_Գյուղն ինչո՞ւ տա, թող 5 այծատերը տա,_ասում է հաջորդը:

5 այծատերը անմիջապես վրա է բերում.

_Ինչու՞ 5 այծատերը, թող 15 այծատերը տա:

Խաղն այսպես շարունակվում է այնքան, մինչև մեկը շփոթվում է: Պարտվողը  խաղից դուրս է գալիս կամ որևպատիժ՚ է ստանում:

Մանկական զինվորական խաղ

Խաղում  են  5-6 տարեկան երեխաները 6 հոգով£ Փորում են մի փոքրիկ փոս և նրանից չորսից-հինգ ոտնաչափ հեռու գծում մի գիծ: Վերցնում են 5 փոքր կլոր քար: Խաղացողները հերթով կանգնում են գծի վրա և հինգ քարն էլ միասին գցում փոսը:

Ում նետած քարերից ոչ մեկը չի ընկնում փոսիկի մեջ, դառնում է հրամանատարի ձի: Ով գցում է քարերից մեկը, դառնում է թագավորի ձի: Երկու քար գցողը՝ վեզիրի ձի, երեքը՝ վեզիր, չորսը՝ թագավոր, հինգը՝ հրամանատար: Եթե փոսի մեջ երկու հոգի միևնույն քանակի քարեր են գցում, ապա նրանք հերթով պետք է գցեն, որպեսզի նշված դերը ստանա նա, ով դրա համար պահանջված քանակի քարեր կգցի կամ ձեռք կբերի այլ պաշտոն:

Դերաբաժանումն ավարտվում է: Ձիերը շալակում են տերերին: Հրամանատարը հրամայում է ձիերինª տանել այսինչ տեղը և նորից բերել այստեղ, ըստ որում հրամանատարից է կախված տարածության շատ կամ քիչ լինելը: Երբ հրամանը կատարվում է, խաղը վերսկսում է հրամանատարի նոր նետումով: Եթե նրան հաջողվում է մնալ հրամանատար, նա նախկին ձիերին ՙշալակեցեք՚ հրամանն է տալիս: Ձիերը շալակում են նույն տերերին և կատարում հրամանատարի նոր հրամանը:

Երբ հերթական նետման ժամանակ հրամանատարը վրիպում է, և նրան մեկ այլ դեր է բաժին ընկնում, նոր դերաբաժանում է կատարվում նախկին սկզբունքով, բոլորը նորից են ընտրվում £

Խաղը սկսվում է նոր հրամանատարի կարգադրությամբ:

 Գող և փաշա

Վիճակահանությամբ մեկը փաշա է դառնում, երկու-երեքը` թիկնապահ, մեկը` շուն, մի քանիսը`գող: Թիկնապահներն ու շան պաշտոնը վարողը նստում են փաշայի շուրջը: Նրանցից քիչ հեռու մեծ շրջան են գծում, որի մեջ գողերն են թաքնվում, դա գողերի տունն է: Փաշայի խումբը կեղծ քուն է մտնում: Քիչ հեռվում թաքնված «գողերը՚»գալիս են  նրանց մոտ, նախապես դրված իրերը հափշտակում, փախչում: Շունն անմիջապես սկսում է հա՜ֆ, հա՜ֆ, հա՜ֆ հաչել և արթնացնել քնածներին: Եթե արթնացած թիկնապահներն արագ հետապնդում, բռնում են գողերին և բերում փաշայի մոտ, փաշան սրանց զանազան ՙպատիժներ՚ է սահմանում, որը կիրառելուց հետո խաղը նույնությամբ կրկնվում է: Եթե մինչև  «տուն» հասնելը թիկնապահները չեն կարողանում գողերին բռնել, դերերը փոխվում են:

 Յոթ քար 

Խաղում են 10-20 մասնակից  բակում, դաշտերում: Համեմատաբար տափակ 7 քարեր իրար մոտ են դնում: Բաժանվում են երկու խմբի և վիճակահանությամբ որոշում՝ որ խումբն է քարերը հավաքում: Մյուս խումբը գնդակով հետապնդում է և աշխատում թույլ չտալ, որ քարերը դնեն իրար վրա:  Եթե խաղի ընթացքում փախչող խմբի անդամներից մեկը կամ մի քանիսը չեն խփվում, այլ խույս տալով գնդակից՝ շրջանցում են և կարողանում են ցրված յոթ քարը շարել միմյանց վրա ու հաշվել մինչև 7 թիվը, փախչողները շահում են մեկ փալան: Երբ հետապնդվողը նետած գնդակը բռնում է օդի մեջ՝ նախքան դրա՝ գետնին դիպչելը, ապա այս դեպքում գնդակ բռնող խումբը շահում է մեկ փալան:

 5 քար 

Խաղում են 10 հոգով:

Քաշում են մի գիծ, որի երկարությամբ յուրաքանչյուր խաղացող իր համար մի փոս է փորում: Խաղացողներից մեկը կանգնում է փոսերի շարքի մի ծայրին, և մի ուրիշըª հակառակ ծայրին: Կանգնողներից մեկը փոքր գնդակը գլորում է փոսերի շարքի երկարությամբ£ Երբ գնդակն  ընկնում է որևէ փոսի մեջ, սրա տերը վազում, վերցնում է գնդակը և փորձում դրանով խփել որևէ մեկին£ Եթե կպչում է, ապա խփվողի փոսի մեջ մի քար են գցում: Հենց որ խաղացողներից որևէ մեկի փոսում հավաքվում է 5 քար, նրա աչքերը կապում են ևգնդակը տանում են որևէ տեղ պահում: Երբ գնդակը պահված է,  նրա աչքերը բացում են և խաղացողներից մեկը մոտենում է նրան ու մեջքին խփելով ասում.

_Գռտու-գռտու, ձագերդ գտի՛:

Խփում ու այդ բառերը կրկնում են այնքան ժամանակ, մինչև որ 5 քարատերը  գտնում է գնդակը: Երբ գնդակը գտնվում է, խաղը համարվում է վերջացած, և խաղացողները նույն կարգով խաղը սկսում են նորից:

 

Կարծիք գրել