Եթե դու չես խաղում…ո՜նց ես խաղալու…

Դաստիարակների մասնագիտական զարգացման կազմակերպում դաստիարակների միջոցով` «Շրխկան» համույթ-լաբորատորիա

Դասվար-դաստիարակների զարգացման, վերապատրաստման, ինքնադրսևորման միջավայր
Նախակրթարանի սաների զարգացման կազմակերպման ձև

«Շրխկանը» «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի նախադպրոցական կրթության դաստիարակներ-դասվարների մասնագիտական զարգացման երաժշտական գործունեության միջավայրն է: Կարելի է տեսական երկար-բարակ տեքստեր գրել, գիտական-մանկավարժական տեսություններ զարգացնել, կարդալ, քննարկել… ինչ կուզեք: Բայց գործը գործով է գործ դառնում, փորձով է զարգանում: «Շրխկան»-ով կարևորում ենք երկու բան՝

  • դասավանդողի վերապատրաստում-ինքնակրթություն հենց իր գործունեության միջոցով ու արդյունքում.
  • սաների ամբողջական (անառարկայական) գործունեության կազմակերպիչ դաստիարակի պատրաստում:

Դասավանդողի վերապատրաստման սեմինարը լաբորատորիա է, որտեղ ինքը՝ դասավանդողն է կատարողը, դիտող-դիտարկողը, փորձ փոխանցողը, արդյունք ստեղծողը, քննարկողը, կիրառողը, ներկայացնողը: Եղավ «Շրխկան» համույթ-լաբորատորիա: Համույթ-լաբորատորիա-փորձարան: Բացի այն, որ պարզապես սիրելի է շատերիս… Թեև սիրես-չսիրես, մեկ է, այստեղ երեխա ես դառնում, դառնում ես ազատ ու անկանխատեսելի: Սա մե՜ծ խաղ է, որ խաղում են մեծերը, հետո իրենց ներսի խաղով գնում են խումբ կամ դասարան ու շարունակում խաղը փոքրերի հետ:
Մեծ խաղը մեկն է, որ ամեն մեկն ի՛ր ձևով է խաղում, այստեղ խաղում են խմբով, խմբի հետ կամ` այսպես: Մեկ-մեկ էլ մենակ… ինչպես կուզի: Սա էլ եղավ «Շրխկան»-ը դասարանում կամ խմբում: Բա չխոսկանների համա՜ր…

«Շրխկան»-ը`

  • երաժշտական համույթ է
  • դասավանդողների միջոցով, մասնակցությամբ դասավանդողների վերապատրաստման լաբորատորիա է
  • գործունեության միջավայր է, որտեղ կրթական ծրագիր է մշակվում, իրականացվում
  • … մեթոդական լաբորատորիա, որտեղ շատ բան մանկավարի է արվում:

Թե չէ՝ ի՜նչ ծրագիր մանուկների համար:

Սեպտեմբերից մայիս «Շրխկան»-ը պատրաստել է 6 ամբողջական համար, որից մեկը Կոմիտասի մշակած 8 պարերից մեկն է: Որպես երաժշտական գործիք օգտագործում է շրխկացող, ծնգացող-ծլնգացող, չխչխկացող ցանկացած առարկա՝ փայտ, քար, երաժշտական գործիքներ, մանկական խաղալիքներ… բնաձայնություն, ծափեր, դոփեր:
Լաբորատորիան միայն ծափ-ծլնգոցը չէ, այստեղ համատեղ, խորհրդակցական սկզբունքով նախագծվում-մշակվում են նախակրթարանում իրականացվող բոլոր նախագծերը` ամսիկներ, հունվար  Մի հատված մեծ խաղից բանավոր հաշիվ, մարզական պարտեզ` գաղափար` Շրխկանից… 

Պատրաստի համարը խաղով է, երգով, խոսքով… ինչով խելքներս փչի կամ ինչը ինչի հետ կապվեց:
Հայաստանում դժվար թե գտնվի նման ոճով, ժանրով, մեթոդներով արտահայատչամիջոցներով ներկայացող համույթ՝ 2-60 տարեկան մասնակիցներով:

Դաստիարակը մասնակից և սեմինարավար

Դասավանդողների միջոցով, մասնակցությամբ դասավանդողների վերապատրաստման լաբորատորիա է, համագործակցություն, փորձը, հմտությունը, շնորհը տալու-առնելու, փոխանցելու լաբորատորիա, ունակությունների ցուցադրման և զարգացման միջավայր: Դաստիարակները ծրագրի համատեղ մշակողներ և իրականացնողներ են:
Համագործակցող, համախոհ գործընկերների խումբ, սրանից լավ թի՞մ… Սրանից լավ համույթ–լաբորատորիա՞: Համույթ-լաբորատորիան հստակեցնում է իր գործունեության խնդիրները, ընտրում է ստեղծագործությունը կամ ստեղծագործությունները, մշակում՝ դարձնելով այն ելույթի և ուսումնական նյութ:

Թարս ու շիտակ
Դե թող դաստիարակները հորինեն, խաղան, օգտագործեն իրենց փորձը, լսեն ընկերներին, ներկայացնեն իրենց արածն ու չարածը, թող խոսեն ստացվածի ու չստացվածի մասին: Կենդանի, իրական քննարկում՝ փորձով ու անփորձությամբ: Բոլորն իրար լրացնելով, առաջարկները զարգացնելով ավելի ունակ են դառնում, ավելի ազատ ու ստեղծագործ, մեթոդապես ավելի հմուտ:
Ուսումնական նյութը սովորելիս, բեմադրելիս, խաղալիս նրանք հենց տեղում, հանպատրաստից խաղ են հորինում, իմացած խաղերն են օգտագործում, անհրաժեշտության դեպքում միացնում-ձևափոխում են:

Հաճախ խաղը գալիս է խմբից, սաներից:

Լինում է, որ խոսքը, գործը կիսատ են մնում, հնարք են գտել, բայց ժամանակ չկա, որ մի լավ (մշակել բառը չի կպչում) տան ու առնեն: Փառք մեդիային: Մեկ էլ շատ ուշ ժամի Ինգան գրում է.
– Երեխեք, գտել եմ, եկեք քարկտիկ խաղանք:
Նելին էլ, թե՝
– Խաղի նկարահանումն ինձ վրա:
Երկու օր հետո քարկտիկը հայտնվում է կայքում:
Քարկտիկ էր, թե պնդուկակտիկ, կարևոր չէ, կարևորն այն է, որ սաներն էլ սկսեցին խաղալ. Մի քիչ հաջող, մի քիչ անհաջող:

Բա շուտասելուկնե՜րը… Էլի այդ աննամուս ժամանակը չհերիքեց, ու մեդիայի «զրույցներից գլխի ընկանք», որ շուտասելուկ է պետք: Ով հուշեց, ով է հիշում: Ու դպրոց-պարտեզը լցվեց շուտասելուկներով՝ հին ու նոր հորինած, դրանք էլ միացան խաղին, երգին:

Խաղալաբորատորիա... Համույթի մասնակիցները աշխատում են՝ հաշվի առնելով իրենց սաների կարողությունները, ունեցած հմտությունները, նկատի են ունենում նրանց զարգացումը, տարիքային առանձնահատկությունները, խումբ-դասարանի յուրահատկությունները. ինչ է տանելու իր հետ դպրոց-պարտեզ…
Կարող է նույնիսկ նորաստեղծ խաղ-պարն էլ հետո խումբ-դասարան չգնալ, մեկ է, դաստիարակի մեջ զարթնած մանկությունն հաստատ գնում է: Ձեռք բերած փորձն ու հմտությունը, մտածողությունը, ներքին զգացողությունները խմբում լուսավոր, ստեղծագործական, զվարճալի, հրճվալի միջավայր են դառնում:
Մարդը վարժվում է համագործակցելուն, կենտրոնում չլինելուն, խմբով աշխատելուն, խմբի անդամներից մեկը լինելուն:
Քանի ազգային-բակային խաղ մտավ խումբ՝ Մամի-մամի, Խաշիլ փափա

Համույթը ինքնադրսևորման, ինքնաբացահայտման ձև թե՞ տարածք

Անտաղանդ մարդ չկա, չէ՞: Տաղանդներն են տարբեր: Մեկ էլ տեղ է պետք տաղանդդ ցույց տալու:
Արտիստ դաստիարակ: Ամեն մեկն իր շնորհն է դրսևորում, փնտրում-գտնում ի՛ր անելիքը: Ասվածն անկարևոր չհամարեք: Գուցե ամենակարևորն է:
Չկայացած, չդրսևորված մարդ, այն էլ՝ դաստիարակ: Պատկերացնում եք, չէ՞:
Համույթի առաջին և վերջին պարապմունքներից երևում է խմբի ակտիվության զարգացումը: Սկզբում թելադրողը, որոշողները երաժիշտներն էին: Բայց դե դաստիարակը դաստիարակ չի, եթե պասիվ կատարող է: Հայտնագործելու հրճվանք, ստեղծագործելու վայելք… մարդիկ ասելիք ու անելիք ունեն, որոնք գնալով ավելի հստակ ու սիրելի են դառնում:

Բերված օրինակներում ներառված է սաների գործունեության մի քանի ձև, որոնց նախագծերը և իրականացումը կապ ունեն համույթ-լաբորատորիայի հետ:
Էլ ինչ սովորական, ի՜նչ կրկնություն, ի՜նչ հնացած:
Խաղը դառնում է ընդհանուր ու գալիս Մարմարյա սրահ:
Շրխկո՜ց, տզզո՜ց, բզզո՜ց…
Փորձ, նոր բան հորինելու-բստրելու ունակության ձևավորում-զարգացում: Առանց սրա խումբ կամ դասարան մտնելու իրավունքը կամ անհրաժեշտությունը ո՞րն է: Թե՞ թվում է՝ ունեցածը բավական է, զարագացնելը ավելորդ:
Եթե դու չես խաղում, ո՜նց ես խաղացնելու: Եթե մեջդ ամուր քնած է մանկությունը, ինչ ես անելու մանկան հետ. ձանձրալի պարապմունք՝ սեղանի կողքի աթոռին գամված:
Խումբ-համույթը սովորում է պատուհանից մտնել:

Դպրոց-պարտեզը համույթ- լաբորատորիա
«Շրխկան»-ի ելույթներում, սաների գործունեության ժամանակ՝ միանում են խոսքը, խաղը, երաժշտությունը, շարժումը, գործիքը, մարմինը, անգամ գիրն ու նկարը. երգին հասնելու, երգի տարածման կոմիտասյան սկզբունք: Սաներն իրենց ներքին ռիթմով, զգացողությամբ մարմնի իրական շարժումով դառնում են պարող-պարի ստեղծող: Մեծական պարն հետո է գալու՝ թեթև, աննկատ: Ռիթմ- երգ- հարմոնիա: «Տանողը» սաներն են դաստիարակի հետ:
Խմբերում, դասարաններում եղած շրխկաններին ավելացել են նորերը, դարձել բազմազան, շրխկանը դարձել է առօրյա, ամենօրյա. լուրջ բաները՝ ծափ-ծլնգոցով:
Ամբողջական խաղ … ծանոթ երգն են երգում ու խաղում, մեկ էլ … մարզանքը վերածվեց խոսքի:
Մարմնի շարժումը միանում է երգին: Կոմիտասն այդպես է պատկերացնում պարի ծնունդը: Երգն էլ ծնվում է ասիկից, խաղիկից… այդպես է հասկանում Կոմիտասը, այդպես են նայում «Շրխկան»-ում:
Խումբը փորձում է չկրկնել արդեն եղածը, արածը, երգին ուղեկցող պարզունակ շարժումները, փորձում է երգն ու խոսքը ավելի ակտիվ, շարժուն, բազմագույն դարձնել:
Երգը երբեմն ռիթմիկ արտասանություն է դառնում, երբեմն՝ որոշ հատվածներ միայն շարժումով են ներկայացվում, ձայնն է դառնում երաժշտական գործիք:
Սա նաև ճանապարհ է դեպի ծես: Ինչ ճանապարհ. իսկական ծես է, նոր, թարմ, կենդանի՝ ծեսի ծես:
Տիկնիկն անգամ մտավ խաղի մեջ՝ տիկնիկային պար-խաղ-ներկայացում:
Շրխկո՜ց, տզզո՜ց, բզզո՜ց…
Համույթ, որ զարգանում է, ստեղծագործում, հնարավորություն ունի նոր ոճ ստեղծելու, նորովի մեկնաբանելու, խաղն ու երգը,  հեքիաթն ու ռիթմը միացնելու և  ուրախ, փոքր ներկայացնումներ մշակելու:
Վայելեք՝
Գնացեք տեսեք 
Խաղողը քաղինք
Տիկինիկային
Կոմիտասի մշակած Շորոր

Կարկաչա
Մուտք՝ պատուհանից
Տիզ-տիզ, ակլատիզ

Էլ ինչ է պետք 2-6 տարեկանին...
Աղմուկից երաժշտություն
Շուտասելուկ
Այ քեզ նվագախումբ
Աղմուկից երաժշտություն
Ընտանիքում
 

Աիդա Պետրոսյան

 

 

Կարծիք գրել